մերկ մարմինները ռեալիստական բնապատկերին: Իր դարաշրջանի դեմոկրատական իդեալներին հավատարիմ՝ Կուրբեն շեշտել է սոցիալական մոտիվները՝ մերձենալով գրոտեսկին (1863 թ.-ի հակակղերական սյուժեներով գծանկարներ): Արվեստի հասարակական հնչեղությունը կարևորվել է «Հանդիպում» («Բա՛րև ձեզ, պարոն Կուրբե», 1854 թ., Ֆաբրի թանգարան, Մոնպելիե) և «Արվեստանոց» (1855 թ., Լուվր, Փարիզ) այլաբանական կոմպոզիցիաներում, որոնցում իրեն պատկերել է իր պերսոնաժների ու բարեկամների միջավայրում՝ տեսական ելույթներ ունենալիս («Ռեալիզմ» դեկլարացիան, 1855 թ., «Ճառ՝ նկարիչների համագումարում», 1861 թ., Անտվերպեն): 1860-ական թթ. աշխատելով բնության գրկում՝ Կուրբեի երփնագիրը դարձել է լուսառատ: Նրա բնանկարներին և նատյուրմորտներին բնորոշ են առարկայական հստակությունը և դիտողականությունը («Ձմեռային բնանկար», 1867 թ., Լուվր, «Մրգեր», 1871 թ., Տանհաուզերի պատկերասրահ, Նյու Յորք): Ուշ շրջանի աշխատանքներում ի հայտ են եկել տարփամոլության և սալոնայնության նշաններ: 1871 թ.-ի Փարիզի կոմունայի ակտիվ մասնակից Կուրբեն մեղադրվել է Վանդոմյան սյունը տապալելու համար, հետապնդվել է և վտարանդվել Շվեյցարիա: Կուրբեի ազդեցությունը նկատելի է Ստեփան Աղաջանյանի արվեստում: Կուրբեի «Աղջկա դիմանկար»-ը Հայաստանի պետական պատկերասրահին է նվիրաբերել ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Ե. Քոչարը:
Պատկերազարդումը տես 32-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրականություն՝ Тихомирова А., Гюстав Курбе, М., 1965; Гюстав Курбе, Письма, документы, воспоминанаия современников, М., 1970.
ԿՈՒՐԳԱՆ, քաղաք, ՌՍՖՍՀ Կուրգանի մարզի կենտրոնը, Տոբոլ գետի ափին: Երկաթուղային հանգույց է: 310 հազ. բնակիչ (1979 թ.): Կա մեքենաշինություն, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն: Ունի մեքենաշինական, գյուղատնտեսական, մանկավարժական ինստիտուտներ, մեքենաշինական, շինարարական, գյուղատնտեսական տեխնիկումներ, բժշկական, երաժշտական և կուլտուր–լուսավորական ուսումնարաններ, դրամատիկական և տիկնիկային թատրոն, հայրենագիտական թանգարան: Հիմնադրվել է 17-րդ դ. կեսին:
ԿՈՒՐԳԱՆԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Առանձնացվել է Չելյաբինսկի մարզից 1943 թ.-ի փետրվարի 6-ին: Տարածությունը 71 հազ. կմ² է, բնակչությունը՝ 1080 հազ (1979 թ.): Բաժանվում է 23 շրջանի, ունի 9 քաղաք, 6 քտա: Կենտրոնը՝ Կուրգան: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1959 թ.-ի հոկտեմբերի 30-ին):
Բնությունը: Կուրգանի մարզը գտնվում է Արևմտա–Սիբիրական հարթավայրի հարավ–արևմուտքում, Տոբոլ գետի միջին հոսանքի ավազանում: Մակերեույթը համարյա տափարակ է, արևմուտքում և հարավ–արևմուտքում թեթևակի բարձրացումներով և լայն հովիտներով: Կլիման խիստ ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 18°C է, հուլիսինը՝ 19°C, տարեկան տեղումները՝ 400 մմ: Գլխավոր գետը Տոբոլն է՝ իր վտակներով: Լճերի մեծ մասը քաղցրահամ է: Գերակշռում են սևահողերը, կան աղուտներ: Բուսածածկույթին բնորոշ են կեչու պուրակներն ու միջանտառակները՝ խոտածածկ բացատներով, հյուսիսում՝ ճահճաբույսերը: Կենդանիներից հանդիպում են որմզդեղն, այծյամ, գայլ, աղվես, նապաստակ, սկյուռ ևն, թռչուններից՝ սագ, բադ, սպիտակ կաքավ, հավաբազե, ջրավազաններում՝ կլիմայավարժեցված մշկամուկ: Կուրգանի մարզը հարուստ է փայտանյութով (պաշարները 106 մլն մ³) և տորֆով (41 մլն տ):
-
Կուրգանի մարզ
Բնակչության 90% -ից ավելին ռուսներ են: Բնակվում են նաև թաթարներ, ուկրաինացիներ, բաշկիրներ, ղազախներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 14,9 մարդ է: Քաղաքներն են Կուրգանը, Շադրինսկը, Դալմատովոն, Կատայսկը, Կուրտամիշը, Մակուշինոն և այլն:
Տնտեսությունը: Առաջատար են մեքենաշինության, սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Զարգացած է գյուղատնտեսությունը, քիմիական մեքենաշինությունը, ավտոբուսների, պոլիգրաֆ, ճանապարհաշինական սարքավորումների արտադրությունը: Կա շինանյութերի արտադրություն: Էներգետիկան խարսխված է բերովի ածխի և հեղուկ վառելանյութի վրա (խոշորը Կուրգանի ՋԷԿ–ն է):
Գյուղատնտեսությունն ունի մսակաթնատու անասնապահական և հացահատիկային ուղղություն: Գյուղատնտեսական հողահանդակներն զբաղեցնում են Կուրգանւ մարզի տարածքի 63%-ը: 1972 թ.-ին ցանքատարածությունները 2741 հազ. հա էին: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ, գազանաբուծությամբ և որսորդությամբ: Երկաթուղիների երկարությունը 750 կմ է: Զարգացած է նաև ավտո– և ավիատրանսպորտը: Կուրգանի մարզի տարածքով անցնում են նավթամուղներ:
1971–1972 թթ. ուս. տարում Կուրգանի մարզում կար 1285 հանրակրթական դպրոց, 30 պրոֆտեխնիկական ուսումնարան, 22 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 4 բուհ: 1972 թ.-ին մարզում կար 812 գրադարան, 1026 ակումբ, 1283 կինոկայանք, դրամատիկական և տիկնիկային թատրոն, 120 հիվանդանոց, 1,9 հազ. բժիշկ, մարզային 2 թերթ:
ԿՈՒՐԳԱՆ–ՏՅՈՒԲԵԻ ՄԱՐԶ, Տաջիկական ՍՍՀ կազմում: Առաջին անգամ կազմվել է 1944 թ.-ի հունվարի 7-ին, լուծարքի ենթարկվել՝ 1947 թ.-ի հունվարի 23-ին, վերակազմվել՝ 1977 թ.-ի ապրիլի 4-ին: Գտնվում է Վախշի հովտում (հանրապետության հարավ–արևմուտքում): Տարածությունը 11,44 հազ. կմ² է, բնակչությունը՝ 703 հազ. (1979 թ.): Բաժանվում է 8 շրջանի, կա 2 քաղաք, 13 քաղաքատիպ ավան: Կենտրոնը՝ Կուրգան–Տյուբե:
Բնությունը: Ռելիեֆը լեռնային է՝ կազմված մերձմիջօրեական ուղղությամբ ձգվող լեռնաշղթաներից և լեռներից (Բաբադաղ, Տույունաաու, Ակտաու, Կարատաու, Տերիկլիտաու), ինչպես նաև միջլեռնային իջվածքներից: Բացարձակ բարձրությունը 2100 մ է, դեպի հարավ իջնում է մինչև 300 մ: Օգտակար հանածոներից կան գազ, նավթ, քարաղ, շինանյութեր, դոլոմիտ, կրաքարեր: Խոշոր գետերն են Վախշը և Կաֆիռնիգան: Կլիման չոր մերձարևադարձային է: Հունվարի միջին ջերմաստիճանը –4°Շ–ից 2°C է, հուլիսինը՝ 28-32°C: Տարեկան տեղումները՝ 100-200 մմ: Լանդշաֆտը անապատային, կիսաանապատային է:
Բնակչությունը: Հիմնականում տաջիկներ են (53%-ից ավելին), բնակվում են նաև ուզբեկներ, ռուսներ, գերմանացիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 59,6 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 19,1%: Քաղաքներն են Կուրգան–Տյուբեն և Կալինինաբադը: