հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը: Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ. Հովհաննիսյանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը: 1907 թ.-ին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ («Հանգցրեք ջահերը», «Ետ տար քո խաչը», «Բանվորները» և այլն) նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դ. հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ,
սոցիալական անարդարության, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով: Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը: Ալ. Մյասնիկյանը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի Ադա Նեգրիի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին: Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կնոջ դատի պաշտպանությանը հայ իրականության մեջ («Գեղջկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ…»): Կուրղինյան գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել: Ետհոկտեմբերյան շրջանում, 1917–1922 թթ.-ին, Կուրղինյանը ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ. Ի. Լենինին), «Կարմիրներ» և այլն]: Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս. Շահումյանի անվան) Վլադիկավկազում: 1921 թ.-ին տեղափոխվել է Սովետական Հայաստան:
Կուրղինյանի անունով փողոց, դպրոց, գրադարան կա Լենինականում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: Նրա անունով փողոց և նրբանցք կա Երևանում:
Երկեր՝ Երկ. ժող., Ե., 1947 թ.: Արշալույսի ղողանջներ, Նոր Նախիջևան, 1907 թ.: Հատընտիր, Ե., 1939 թ.: Բանաստեղծություններ, Ե., 1971 թ.:
Գրականություն՝ Ասատրյան Ա., Գրական–քննադատական ակունքներ, Ե., 1951: Ղազարյան Հ., Շուշանիկ Կուրղինյան, Ե., 1955 թ.:
ԿՈՒՐՄԱՆԳԱԶԻ ՍԱՂԻՐԲԱԵՎ (1806-1879 թթ.), ղազախ ժողովրդական երաժիշտ–դոմբրահար, կոմպոզիտոր: Հեղինակ է դոմբրայի համար գրված ժողովրդական ծրագրային
պիեսների (կյույերի)՝ «Կիշկենտայ» («Փոքրիկը»), «Սերպեր» («Պոռթկում»), «Տյուրմեդեն կաշկան» («Փախուստ բանտից») և այլն: Կուրմանգազի Սաղիրբաևի 60-ից ավելի կյույեր ձայնագրվել են սովետական տարիներին, կատարվում են ժողովրդական գործիքներով, սիմֆոնիկ ու ժողովրդական նվագախմբերի, դաշնամուրի, ջութակի երգչախմբի համար արված փոխադրումներով: Նրա ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է թողել ղազախական երաժշտության զարգացման վրա: Կուրմանգազի Սաղիրբաևի անունով են կոչվում ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, Ալմա Աթայի կոնսերվատորիան, երաժշտական դպրոցներ, փողոցներ, Ղազախական ՍՍՀ պետական մրցանակը:
ԿՈՒՐՆԱՏՈՎՍԿԻ Վիկտոր Կոնստանտինովիչ [1868 թ. հունիսի 28 (հուլիսի 10), Ռիգա–1912 թ. սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), Փարիզ], Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ, բոլշևիկ: 1888 թ.-ին հեռանալով նարոդնիկներից՝ ղեկավարել է մարքսիստական խմբակ: 1892 թ.-ին տարագրվել է: Արտասահմանում մասնակցել է «Աշխատանքի ազատագրություն» խմբի աշխատանքներին: 1897 թ.-ին, Ռուսաստան վերադառնալիս, ձերբակալվել և աքսորվել է, 1898 թ.-ին, Մինուսինսկում հանդիպել է Վ. Ի. Լենինին, ստորագրել նրա գրած «Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատների բողոքը» (1899 թ.): 1900 թ.-ի աշնանից կուսակցական աշխատանք է կատարել Թբիլիսիում: 1901 թ.-ին կրկին աքսորվել է: 1905 թ.-ին փախել է Չիտա, ղեկավարել Չիտայի բանվորների զինված ապստամբությունը, որի պարտությունից հետո դատապարտվել է ցմահ տաժանակրության: 1906 թ.-ին փախել է Ճապոնիա, ապա անցել Ավստրալիա: 1910 թ.-ին ծանր հիվանդ Կուրնատովսկին տեղափոխվել է Փարիզ, ուր և մահացել է:
ԿՈՒՐՈՍԱՎԱ Ակիրա (1910 թ. մարտի 23, Տոկիո–1998 թ. սեպտեմբերի 6, Տոկիո), ճապոնացի կինոռեժիսրր: 1928–1935 թթ–ին սովորել է Արվեստի ակադեմիայում (Տոկիո): Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1943 թ.-ից: Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա «Ռասյոմոն» կինոնկարը (1950 թ., ըստ Ռ. Ակուտագավայի պատմվածքի): Կուրոսավայի կինոնկարներից են՝ «Ապուշ» (1951 թ., ըստ Դոստոևսկու), «Ապրել» (1952 թ.), «Յոթ սամուրայներ» (1954 թ.), «Խարդավանքների դղյակը» (1957 թ., ըստ Շեքսպիրի «Մակբեթ»-ի), «Հատակում» (1957 թ., ըստ Գորկու), «Թիկնապահ» (1961 թ.), «Կարմիր մորուք» (1965 թ., ըստ Ս. Յամամոտոյի): Ձևով կատարյալ՝ իր խոր հոգեբանական ֆիլմերում Կուրոսավան հաստատում է մարդասիրական բարձր գաղափարներ, հանդես գալիս սոցիալական անարդարության և պատերազմի դեմ: Կինոարվեստի արտահայտչամիջոցները նորարարությամբ օգտագործող և հարստացնող նրա ստեղծագործությունը նոր փուլ էր ճապոնական կինոյի զարգացման մեջ:
ԿՈՒՐՈՍԻՈ(ճապոներեն՝ կուրո–սև, սիո–հոսանք), Կուրո–Սիվո, Ճապոնական հոսանք, օվկիանոսային տաք հոսանք Խաղաղ օվկիանոսի հյուսիս–արևմուտքում, Ճապոնիայի հարավային և արևելյան ափերի մոտ: Առաջանում է Արևելա–Չինական ծովի հյուսիսային մասի և նրան հարող օվկիանոսի մակարդակների տարբերության հետևանքով: Որոշ գիտնականների կարծիքով Հյուսիսային պասսատային հոսանքի շարունակությունն է: Ռյուկյու կղզիների մոտ բաժանվում է 2 ճյուղի՝ արևմտյանը մտնում է Արևելա–Չինական ծով, Ցուսիմայի նեղուցով անցնում Ճապոնական ծով, արևելյան ճյուղը ճապոնական կղզիների արևելյան ափերով անցնում է հյուսիս–արևելք և հյուսիսային լայնության 40°-ի տակ հանդիպում Կուրիլյան սառը հոսանքին, որտեղից արևելյանը կոչվում է Հյուսիս–Խաղաղօվկիանոսյան հոսանք: Սիոնոմիսակի հրվանդանից հարավ Կուրոսիոյի լայնությունը մոտ 170 կմ է, հոսանքի շերտի հաստությունը՝ մինչև 700 մ, հզորությունը՝ 37,9 մլն մ³/վրկ արագությունը՝ 6 կմ/ժ: Հյուսիսային լայնության 35°-ից Կուրոսիոյի հաստությունը նվազում է մինչև 200 մ, արագությունը՝ 1–2 կմ/ժ: Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 28°С-ից (հարավում) 25°C (հյուսիսում) է, փետրվարին՝ 18°С-ից 12°C:
ԿՈՒՐՈՐՏ, բուժավայր (գերմաներեն Kurort, բառացի՝ բուժավայր), վայր, որն օժտված է բնական բուժիչ միջոցներով (հանքային ջրեր, բուժիչ ցեխեր, բարենպաստ կլիմա, օդ, ծովային լոգանք) և ունի անհրաժեշտ պայմաններ վերջիններս բուժիչ և կանխարգելիչ նպատակով օգտագործելու համար: Կուրորտի տերիտորիայում բուժական հիմնարկի հիմնական տեսակը առողջարանն է (սանատորիա): Տես նաև Կուրորտաբանություն:
ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կուրորտոլոգիա, բժշկագիտության մասնաճյուղ, ուսումնասիրում է բնական գործոնների բուժիչ հատկությունները, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, օգտագործումը բուժկանխարգելիչ նպատակով և մշակում առողջարանա–բուժավայրային հիմնարկների սոցիալ–հիգիենային պայմանները: Կուրորտոլոգիան ընդգրկում է բալնեոլոգիան, բալնեոթերապիան, բալնեոտեխնիկան, բուժիչ ցեխերի մասին ուսմունքը (ցեխաբուժություն), կուրորտային կլիմայաբանությունը և կլիմայաբուժությունը (օդա–, արևա–, ծովա–բուժություն), բուժավայրերի պլանավորման, կառուցման և կազմակերպման հարցերը: Կուրորտաբուժությունը սերտորեն առնչվում է ֆիզիոթերապիայի, ինչպես նաև կլիմայաբանության, ֆիզիոլոգիայի, կլինիկական այլ դիսցիպլինների և հիգիենայի հետ: Կուրորտաբուժությունը ՍՍՀՄ–ում զարգացել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: 1926 թ.-ին, Ն. Ա. Սեմաշկոյի նախաձեռնությամբ, Մոսկվայում հիմնվել է Կուրորտաբանության կենտրոնական ինստիտուտը: 1976 թ.-ին ՍՍՀՄ–ում գործել է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի