Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/36

Այս էջը հաստատված է

1926-1927 թվականներին Սալոնիկում խմբագրել է «Աշխատանք» կոմունիստական թերթը: Ընդհատակում շարել և լույս է ընծայել Վլադիմիր Լենինի ճառը կոմերիտմիության անելիքների մասին, ինչպես նաև «Նոյեմբերի 7–29» գրքույկը: 1927 թվականի վերջերին Հունաստանից եկել է Սովետական Հայաստան՝ սովորելու: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական և օտար լեզուների ինստիտուտները: 1930-1932 թվականներին խմբագրել է «Ավանգարդ» թերթը և «Երիտասարդ բոլշեվիկ» ամսագիրը, 1933 թվականին՝ «Բանվորական Երևան» օրաթերթը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Ղրիմի և Անդրկովկասի զինվորական թերթերի, նաև «Սովետական Հայաստան» օրաթերթի և ՀՀԳ–ի (այժմ՝ Արմենպրես) ռազմաճակատային թղթակիցը: 1962թվականից «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Հրատարակել է «Լեռնաշխարհի դուստրը» (1947), «Հետախույզներ» (1950), «Հայրենի լեգենդներ» (1957), «Երևան» 1960), «Անդալուզյան լեռներում» (1966), «Կոմիտասյան ղողանջներ» (1969), «Լուսաշխարհ հանիմ զիմ գութան» (1974) գրքերը: Կուրտիկյանի «Եղեռնապատում» շարքը 1965 թվականին արժանացել է Թեքեյան մշակութային միության (Բեյրութ) առաջին կարգի մրցանակին:

ԿՈՒՐՏԻՈՍ ՌՈՒՓՈՍ Քվինտոս (Quintus Curtius Rufus) (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), I դարի հռոմեացի պատմիչ: Նրա «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու Պատմությունը» բաղկացած է 10 գրքից: Առաջին երկու գրքերը կորել են, իսկ մեզ հասած 8 գրքերում կան պակասող հատվածներ: Կուրտիոսի շարադրանքը խճողված է հռետորական բնույթի հատվածներով և գլխավորապես նկարագրում է ռազմական դեպքերի ընթացքը: Նկատելի է միտումնավոր վերաբերմունքը Ալեքսանդր Մակեդոնացու նկատմամբ, որի հաջողությունները վերագրում է ոչ այնքան նրա ձիրքին, որքան բախտին: Կուրտիոսի երկում արժեքավոր տեղեկություններ կան մ.թ.ա. IV դարի Հայաստանի մասին:

ԿՈՒՐՑԻՈՒՍ (Curtius) Թեոդոր (1857– 1928), գերմանացի քիմիկոս: Քիլի (1889 թվականից), Բոննի և Հայդելբերգի համալսարանների պրոֆեսոր: 1882 թվականին Կուրցիուսը ստացել է բենզոիլգլիցիլգլիցին՝ սինթետիկ առաջին պեպտիդը: Առաջարկել է էսթերներից պեպտիդների (1883), ազիդներից ամինաթթուների (1902) սինթեզի եղանակներ: 1894 թվականին հայտնագործել է կարբոնաթթուների ազիդների փոխարկումն առաջնային ամինների (տես ուրցիուսի ռեակցիա): Ուսումնասիրելով դիազոէսթերները՝ առաջինն է ստացել (1897–90) հիդրազին, հիդրազիդներ, ազիդներ, ազոտաջրածնական թթու:

ԿՈՒՐՑԻՈՒՍԻ ՌԵԱԿՑԻԱ, կարբոնաթթուների ազիդներից առաջնային ամինների ստացման եղանակը՝


Տաքացնելիս ազիդը (I) քայքայվում է՝ առաջացնելով միջանկյալ մասնիկ՝ նիտրեն կամ ազեն (II): Ազոտի ատոմի մոտ ածխաջրածնային ռադիկալի (R) հետագա տեղափոխությունը (Կուրցիուսի վերախմբավորում) բերում է իզոցիանատի (III): Իզոցիանատները կարող են անջատվել իներտ լուծիչներում ազիդները քայքայելիս: Իզոցիանատի հիդրատացմամբ առաջացած կարբամինաթթվի (IV) հետագա դեկարբօքսիլացմամբ ստացվում է ամին (V): Կուրցոիուսի ռեակցիայի մեխանիզմը նման է Հոֆմանի և Լոսսենի ռեակցիաների մեխանիզմներին: Կուրցոիուսի ռեակցիան կիրառվում է լաբորատոր օրգ. սինթեզում: Ռեակցիան հայտնագործել է գերմանացի քիմիկոս Թեոդոր Կուրցիոսը, 1894 թվականին:

ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ, խիստ գիտական իմաստով՝ երկու աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստ, լույսը մութից տարբերելու անընդունակություն (այսպես կոչված՝ բացարձակ կուրություն, երբ տեսողությունը հավասար է 0-ի): Գործնական և սոցիալական իմաստով կուրությունը լայն հասկացություն է. մարդը համարվում է կույր, եթե կորցնում է շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը և չի կարողանում առանց կողմնակի անձանց օգնության քայլել, թեկուզ լուսազգայությունը պահպանված է և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը: Տարբերում են կուրության հասկացության հետևյալ ձևերը, կենցաղային կուրություն, ընդգրկում է գործնականորեն կույր անձանց՝ տեսողության սրության խիստ նվազմամբ (մինչև 0,02): Արտադրական կուրություն, երբ տեսողությունը թուլանում է այն աստիճան, որ մարդը չի կարող աշխատել ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ: Մասնագիտական կուրություն, երբ տվյալ անհատը չի կարող շարունակել նախկին աշխատանքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (1972) աշխարհում հաշվվում էր 10–15 միլիոն կույր: Կուրությունյան հիմնական պատճառներն են՝ գլաուկոման, տրախոման և աչքի վնասվածքները: Նախահեղափոխական Ռուսաստանում կուրությունը առավելապես առաջանում էր ծաղիկ հիվանդությունից: Տնտեսապես զարգացած երկրներում կուրությունը առաջանում է աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումներից (հատկապես շաքարային հիվանդության դեպքում), զարգացող կարճատեսությունից, աչքի վնասվածքներից: Որոշ երկրներում կուրությունը պայմանավորված է վարակիչ և մակաբուծական հիվանդություններով: Տրախոմայով ախտահարվածների թիվն աշխարհում 500 մի, որից մոտ 2 միլիոն կույր են: ՍՍՀՄ–ում 1968 թվականից տրախոման լրիվ վերացվել է: Ինդուստրիալ երկրներում, ուր հաճախ են լինում արտադրական վնասվածքները, մեծ տոկոս է կազմում տղամարդկանց կուրությունը: Կանխարգելումը պայքար տրավմատիզմի և կուրությունը առաջացնող հիվանդությունների դեմ: ՍՍՀՄ–ում կիրառում են գլաուկոմայի վաղ ախտորոշման մեթոդներ և գլաուկոմայով հիվանդների դիսպանսերային հսկողություն: Աչքի վիրաբուժության ժամանակակից հաջողությունները հնարավորություն են տալիս տեսողությունը որոշ չափով վերականգնել: Կույրերի և թույլ տեսողությամբ երեխաների ուսուցման նպատակով ՍՍՀՄ–ում ստեղծվել են միջնակարգամյա հանրակրթական դպրոցներ: Հրատարակվում են ուսումնական, գեղարվեստական գրքեր և ամսագրեր՝ տպագրված Լ. Բրայլի ռելիեֆակետային համակարգով: Ստեղծված են ձայնագրման հատուկ ստուդիաներ: Կույրերի ընկերության ուսումնա–արտադրական ձեռնարկություններում դեռահաս և հասուն տարիքի կույրերը ստանում են պրոֆեսիոնալ արտադրական կրթություն: 1925 թվականին կազմակերպվել է Կույրերի համառուսաստանյան ընկերություն, նույնանման ընկերություններ են գործում նաև միութենական մյուս հանրապետություններում:

ԿՈՒՐՈՒՑՆԵՐ (հունգ. kurucok, ուշ լատ. cruciati ― խաչակիրներ բառից), հակաֆեոդալական ապստամբությունների մասնակից գյուղացիներ Հունգարիայի թագավորությունում (XVI դ.): Կուրուցներ անվանումն առաջին գործածվել է Դոժի Դյորդի 1514 թվականի ապստամբության օրերին: XVII դարի և XVIII դարի սկզբին կուրուցներ են կոչվել հակահաբսբուրգյան ազատագրական շարժման մասնակից գյուղացիներն ու ազնվականները:

ԿՈՒՐՖՅՈՒՐՍՏ (գերմ. Kürftirst, բառացի՝ ընտրող–իշխան), Հռոմեական սրբազան կայսրությունում իշխաններ, որոնք XIII դարից սկսած իրավունք ունեին ընտրելու թագավորին (կայսրին): Կուրֆյուրստի իրավունքներն ու առանձնաշնորհումներն իրավականորեն ձևակերպվել են Կարլոս IV-ի 1356 թվականի Ոսկե բուլլայով: Կայսրության վերացմամբ (1806) դադարեց կուրֆյուրստի կոլեգիայի գոյությունը: Ձևականորեն կուրֆյուրստի տիտղոսը պահպանեցին Հեսեն կասելի տիրակալները (մինչև 1866):

ԿՈՒՈՒԶԻԿ Տիյտ (Դիտրիխ Ցանովիչ, ծնվել է 29.8.1911, Պյառնու), էստոնացի սովետական երգիչ (բարիտոն): ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1954): 1938 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիան: 1940 թվականին և 1944 թվականից՝ էստոնական օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Լավագույն դերերգերից են Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Ռիգոլետտո (Վերդիի «Ռիգոլետտո»),