Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/37

Այս էջը սրբագրված է

տո»), Ռայու, Ռամբո (է. Կապպի «Ազատության երգիչը», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952,«Վրիժառության կրակներ»): 1947-ից՝ Տալլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր:

ԿՈՒՈՒՍԻՆԵՆ Օտտո Վիլհելմովիչ (4.10.1881, գ. Լաուկա, Ֆինլանդիա –17.5.1964, Մոսկվա), կոմունիստական կուսակցության և սովետական պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1961), ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958): Կոմունիստական կուսակցության անդամ 1904-ից: 1904-ից ղեկավարել է ֆիննական ս–դ. կուսակցության (ՖՍԴԿ) ձախ թևը: 1906–08-ին եղել է ՖՍԴԿ տեսական օրգան «Սոսիալիստինեն այկակաուսլեհտի» («Sosialistinen aikakauslehti»), 1907–16-ին՝ կենտրոնական օրգան «Տյույոմիես» («Tyomies»)-ի խմբագիր, 1909–10-ին՝ ՖՍԴԿ ԳԿ անդամ, 1911–17-ին՝ նախագահ, 1908-1917-ին՝ Ֆինլանդիայի սեյմի դեպուտատ: Մասնակցել է II Ինտերնացիոնալի Կոպենհագենի (1910), Բազելի (1912) կոնգրեսներին: Հանդիպել է Վ. Ի. Լենինի հետ: 1918-ի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմկուսի ստեղծմանը: Կոմինտերնի I, III–VII կոնգրեսների պատգամավոր, III կոնգրեսում (1921) ընտրվել է ԿԻԳԿ անդամ, 1921–39-ին՝ քարտուղար: 1940–58-ին՝ Կարելա–Ֆիննական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ: Եղել է կուսակցության XII–XVII, XIX–XXII համագումարների պատգամավոր, 1941-ից՝ ՍՄԿԿ ԿԿ անդամ: 1952–53-ին և 1957-ից՝ ՍՄԿԿ ԿԿ նախագահության անդամ և ՍՄԿԿ ԿԿ քարտուղար: ՍՍՀՄ I–VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1956–1962-ին՝ ՍՍՀՄ պառլամենտական խմբի, ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ: Միջազգային բանվորական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է: Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով:

ԿՈՒՔԻ, գյուղ Սյունիք նահանգի Շահապունիք գավառում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Շահբուզի շրջանում): Պատմական աղբյուրներում հիշատակվում է XIII դարից: Եղել է Շահապունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոնը (այստեղ գրված բազմաթիվ ձեռագրերից մի քանիսը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են): Կ–ում եղել են Ս. Նշան վանքը (XIII դ.), Ս.Հազարաղբյուրացս, Կաթողիկե, Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին և Ս. Վարդան եկեղեցիները: Պահպանվել են միայն Ս. Նշան վանքի ավերակները, որի եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռաբսիդ, չորս անկյուններում ուղղանկյուն ավանդատներով, գմբեթավոր փոքր կառույց է: Միակ մուտքը արմ–ից է և բացվում է դեպի կից, երկու զույգ որմնամույթերով, թաղածածկ գավիթը (XIV դ.): Արմ. ավանդատների մուտքը գավթից է: Եկեղեցուց հս–արմ. կա մի թաղածածկ շինություն (XIII դ.), որը հավանաբար եղել է վանքի գրատունը:

Գրկ. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, մաս 3, Նյու Յորք, 1942–43: Այվազյան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1978, էջ 69–70: Ա. Այվազյան

ԿՈՒՔՍՀԱՖԵՆ (Cuxhafen), քաղաք և նավահանգիստ Ստորին Սաքսոնիա երկրում (ԳՖՀ), էլբայի գետաբերանի մոտ: 44,6 հզ. բն. (1971): Կա նավաշինություն, մեքենաշինություն, ձկան պահածոների արդյունաբերություն: Երկրի ձկնորսական երկրորդ նավահանգիստն է: Ունի ծովագնացության դպրոց:

ԿՈՒՖՏԻՆ Բորիս Ալեքսեևիչ (1892–1953), սովետական հնագետ և ազգագրագետ, Վրացական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946): 1919-ից՝ Մոսկվայի համալսարանի դասախոս, 1938–53-ին՝ Վրաստանի Պետական թանգարանի աշխատակից: Ուսումնասիրել է ՌՍՖՍՀ և ՈւՍՍՀ ժողովուրդների հնագիտությունն ու ազգագրությունը, իսկ 1933-ից՝ գլխավորապես Վրաստանի հնագիտական հուշարձանները: Պեղումներ է կատարել հիմնականում Թրիալեթում և արդյունքներն ամփոփել «Հնագիտական պեղումները Թրիալեթում (1936–40)» (հ. 1, 1941, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1942) աշխատության մեջ: Կ. Հայկական լեռնաշխարհի և հարևան երկրների մ. թ. ա. III հազարամյակի մշակույթը պայմանականորեն անվանել է «Կուր–Արաքսյան էնեոլիթ» (տես Կուր– Արաքսյան մշակույթ): Գրկ. Памяти Б. А. Куфтина,«Вестник древней истории», 1954, № 2 (ունի աշխատությունների ցանկ):