Հ, հայերեն այբուբենի տասնվեցերորդ տառը: Անունն է հո: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով: Կենտրոնում գտնվում է երկարը, վերին աջ կողմից իջնում է կարճը, իսկ ստորին ձախ կողմից՝ լայնը: Սրանք նուրբերով միանում են երկարին, իսկ վերջինս թեքվում է դեպի աջ՝ տողաշարում զբաղեցնելով քիչ տեղ և դառնալով ավելի հավաք: Դյուրագծության նպատակով կարճը հաճախ բարձրանում է տողագծից վեր և երկարին է միանում իր ստորին ծայրով՝ Հ («Վեհամոր Ավետարան»): Հետագայում լայնը կորցնում է իր նուրբը և միանում երկարին՝ ստորին ծայրից, որպես նրա շարունակություն: Սակայն որոշ գրիչների մոտ լայնն է ընկնում, և նուրբը, իջնելով տողին ուղղահայաց, կազմում է երկարի շարունակությունը՝ Հ: Այնուհետև տառը գործածվում է և՛ Հ, և՛ Հ ձևերով՝ գրչագրում և երկաթագրում, ընդունելով զանազան պեսպիսություններ. Հ, Հ, Հ ևն:
Գրչագիր և երկաթագիր Հ միշտ գրվում է երկու տողերի միջև, միայն ստորին լայնը կամ նուրբը իջնում է տողից ցած, իսկ կարճը, երբ վայրահակ չէ, մնում է տողից վեր: Այդպես են գրվում նաև գլխագիրն ու զարդագիրը:
Բոլորգիր Հ առաջացել է նախնական ձևից՝ Հ, Հ: Բոլորգրից առաջացել է շղագիրը՝ Հ, Հ, ինչպես նաև մեծատառ շղագիրը: Նոտրգրության մեջ օգտագործվում են բոլորգիր և շղագիր տառաձևերը: Վիմագրություններում երբեմն տառը շատ է պարզեցված՝ Հ, Հ նշանագրում է ժամանակակից գրական հայերենի կոկորդային, պարզ, շփական, խուլ, բաղաձայն հնչույթը: Գրաբարում հ հաճախ (մեծ մասամբ բառասկզբում ձայնավորից առաջ) գրվել է յ տառով (յիսուն), իսկ երբեմն, ըստ գրչի նախասիրության, նույն հնչույթը միևնույն բառում արտահայտվել՝ է և՛ հ, և՛ յ տառերով (հովատակ–յովատակ): Ժամանակակից գրական արևմտահայերենը պահել է հ հնչույթի գրության գրաբարյան կանոնները: Բարբառների մեծ մասում հ, որպես կանոն, փոխվում է խ–ի (հաց–խաց): Որպես տասնավորների յոթերորդ տառ Հ նշանակել է յոթանասուն և յոթանասուներորդ, բյուրի նշանով (Հ7)՝ յոթանասուն բյուր (700000): Արաբական թվանշանների ընդունումից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Գլուխ Հ== գլուխ յոթանասուներորդ): U. Մաթևոսյան
ՀԱԱԳԱ (’s-Gravenhage, բառացի՝ կոմսական ցանկապատ), քաղաք Նիդերլանդներում, արքունիքի ու կառավարության նստավայրը: Հարավային Հոլանդիայի վարչական կենտրոնն է: 673 հզ. բն. (արվարձաններով, 1978): Տրանսպորտային հանգույց է: Ջրանցքներով, երկաթուղով և ավտոճանապարհով կապված է Ռոտերդամի, Ամստերդամի և այլ քաղաքների հետ: Տնտ. կարևոր կենտրոն է: Հ–ում են կենտրոնացած առևտրական և արդ. շատ ֆիրմաների վարչություններ, սպասարկման ոլորտի հիմնարկներ, ռադիո– և հեռուստաապարատների, էլեկտրոնային սարքավորումների, հեռախոսային և հեռագրաապարատների արդ. ձեռնարկություններ, էյպենբուրգ արվարձանում՝ ավիացիոն գործարաններ: Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը: Կան գիտական ընկերություններ, գրադարան, գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա, թանգարաններ: Հ. միջազգային դատարանի նստավայրն է:
Պատմական տեղեկանք: Սկզբնաղբյուրներում Հ. առաջին անգամ հիշատակվում է 1097-ին:
XVI դ. վերջից Հ. Հոլանդիայի գլխավոր շտատների նիստերի վայրն էր: XIX դ. սկզբին ստացել է քաղաքի ստատուս: XVII դ. 2-րդ կեսից Հ. միջազգային բազմաթիվ համաժողովների նստավայր է: 1872-ին այստեղ կայացել է I Ինտերնացիոնալի կոնգրեսը: 1940-ից մինչև 1945-ի մայիսը քաղաքը օկուպացրել են գերմանա–ֆաշիստական զորքերը:
ճարտարապետությունը: Հ–ի փողոցների ուղղանկյուն ցանցը լրացվել է առավել ազատ հատակագծված նոր շրջաններով (1908–09, ճարտ. Հ. Պ. Բեռլագե, 1935, ճարտ. Վ. Մ. Դյույոկ), որոնք կառուցապատվել են հիմնականում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հ–ի կենտրոնում են «Ներքին բակ» պալատային անսամբլը (XIII–XVII դդ., գոթական ոճով Ասպետների դահլիճը, մոտ 1280), կլասիցիստական Մաուրիցհյոյս պալատը (1633–35), Սինտ–Յակոբսկերկ