Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/39

Այս էջը հաստատված է

եկեղեցին (XIV–XVI դդ.), Հին ռատուշան (1564–65), Թագավորական գրադարանը (1734–36) նն: XX դ. կառույցներից են՝ Քաղաքապետարանային թանգարանը (1916–35, ճարտ. Հ. Պ. Բեռլագե), «Վոլհարդինգ» (1928, ճարտ. Յա. Բյոյս) և «Շելլ–Նեդերլանդ» (1938–42, ճարտ. Յա. Ցո. Պ. Աուդ) վարչական շենքերը, և ամերիկյան դեսպանատունը (1959, ճարտ–ներ՝ Մ. Բրյոյեր, Ա. էլզաս):

ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ, 1. պատերազմի օրենքների ու սովորույթների մասին միջազգային կոնվենցիաներ՝ ընդունված Հաագայի խաղաղության 1-ին (1899) և 2-րդ (1907) կոնֆերանսներում: Առաջին կոնֆերանսում (27 պետությունների մասնակցությամբ) ընդունվել է երեք կոնվենցիա՝ միջազգային ընդհարումների խաղաղ կարգավորման, ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների, 1864-ի օգոստ. 10-ի Ժնևյան կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու մասին, ինչպես նաև` երեք դեկլարացիա՝ օդապարիկներից կամ նման այլ նոր միջոցներով արկերի և պայթուցիկ նյութերի նետումը 5 տարի ժամկետով արգելելու, խեղդող կամ վնասակար գազեր պարունակող արկեր չկիրառելու և մարդու օրգանիզմում հեշտությամբ շրջվող ու տափակող գնդակներ չկիրառելու մասին: Հատկապես կարևոր նշանակություն ունեցավ միջազգային բախումների խաղաղ լուծման մասին կոնվենցիան: Հաագայի 2-րդ կոնֆերանսում (44 պետությունների մասնակցությամբ) ընդունվել է 13 կոնվենցիա՝ միջազգային ընդհարումները խաղաղ կարգավորելու, ռազմ. գործողություններ սկսելու, ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների, ցամաքային պատերազմի դեպքում չեզոք տերությունների ու անձանց իրավունքների ու պարտավորությունների, պատերազմական գործողությունների սկզբում հակառակորդի առևտրական նավերի դրության, առևտրական նավերը ռազմ. նավերի վերածելու մասին ևն: ՍՍՀՄ ճանաչել է Հ. կ. այնքանով, որքանով չեն հակասում ՄԱԿ–ի կանոնադրությանը: 2. Միջազգային մասնավոր իրավունքի մասին կոնվենցիաներ (1902–1905, 1951, 1956), որոնց գործողությունը, նվազ կարևոր լինելու պատճառով, դադարել է: ՍՍՀՄ–ը այդ կոնվենցիաներին մասնակից չէ:

ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1922, միջազգային ֆինանսա-տնտեսական կոնֆերանս, տեղի է ունեցել Հաագայում (Նիդերլանդներ), հունիսի 15-ից հուլիսի 19-ը, Ջենովայի կոնֆերանսի (տես Ջենովայի կոնֆերանս 1922) որոշմամբ: Մասնակցում էին Ջենովայի կոնֆերանսի մասնակից պետությունները, բացի Գերմանիայից: Սովետական պատվիրակությունը գլխավորում էր Մ. Լիտվինովը: Հ. կ. պետք է քննարկեր սովետական պետությանը ներկայացված կապիտալիստական երկրների պահանջները՝ օտարերկրյա կապիտալիստների սեփականության ազգայնացման և Ռուսաստանի ցարական ու ժամանակավոր կառավարությունների պարտքերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, ինչպես նաև` Սովետական Ռուսաստանին վարկեր տրամադրելու հարցերը: Կապիտալիստական երկրների ներկայացուցիչների ազգայնացված ունեցվածքը նախկին սեփականատերերին վերադարձնելու պահանջին սովետական կառավարությունը պատրաստակամություն հայտնեց օտարերկրյա կապիտալիստներին կոնցեսիաներ տրամադրել իրենց նախկին մի շարք ձեռնարկություններում, սակայն արմ. պատվիրակները մերժեցին: Երկուստեք անհամաձայնության պայմաններում կոնֆերանսն ավարտվեց՝ չկայացնելով որևէ որոշում:

ՀԱԲԱՆԴ , Աբանդ, Խաբանդ, Հանբանդ, Հարբանդ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում: Համապատասխանում է այժմյան Գորիսի շրջանին և հարակից հողատարածքին: Արլ. սահմանն էր Հագարի գետը, հս–ից նույն գետի Աղօղլան վտակի աջափնյա լեռներով սահմանակից էր Աղահեճք գավառին, հվ–ից (Բարկուշատ և Ողջի գետերի ջրբաժան լեռներով)՝ Բաղք–Աճանան և Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառներին, արմ–ից՝ Եղուկքի Տաթև և Որոտան շրջաններին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի գրի առած ավանդության, Սյունյաց նախարարական տոհմի նահապետ Զագիկը Հ–ի մի ձորում կառուցել է Ձագեձոր բերդը, որի անունով կոչվել է նաև ձորը: Այստեղից և Հ–ի երկրորդ՝ Ձագեձոր անունը, որը թուրքերի աղավաղված արտասանությամբ հետագայում, ըստ երևույթին, դարձել է Զագեզոր–Զանգեզուր: Ենթադրվում է նաև, որ Հ. նախկինում կոչվել է Ծակեձոր՝ Հ–ի ձորում (Գորույք–Գորիսից մինչև խնձորեսկ) կառուցած բնակարան-ծակերի (քրատներ) անունով, իսկ Ծակեձորն էլ դարձել է Զագեձոր–Զանգեզուր: Ըստ Սյունյաց նահանգի վանքերի հարկատվական ցուցակի, որը Ստեփանոս Օրբելյանը համարում է հին վավերագիր, Հ. ունեցել է 59 գյուղ, որոնցից հետագայում պահպանված հայտնիներից են Խնձորեսկը, Տեդը, Վաղատուն, Զագեձորը, Գորայքը, Հալե–Հալիսը (Հալիձոր), Խոնածախը, Շնհերը կամ Շնոյ հերքը ևն:

Գրկ. Ստեփանոս Օրբելյան, Պաամութիւն նահանգին Սիսական, Տփղիս, 1910: Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Հակոբյան Թ., Սյունիքի թագավորությունը. պատմա–աշխարհագրական առումով, Ե., 1966:

Բ. Ուլուբաբյան

ՀԱԲԱՆԴ, գավառ անդրկուրյան Աղվանքում: Հիշատակվում է միայն հայկ. «Աշխարհացուց»-ում: Հավանաբար տարածվում էր Ոստան–ի մարզպանից կամ Չողից (հետագա Դարբանդի մարզ) հվ–արմ., հվ–արլ–ից սահմանակցելով Բաղասական կամ Դաշտ–ի բազկան նահանգին, հվ-արմ–ից՝ Գեղավու, թերևս նաև` Շաքե նահանգներին:

ՀԱԲԱՆԴ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Տարածվել է Կարկառ գետի աջափնյակից մինչև Դիզափայտի լեռները և Քիրսի լեռնաշղթայից մինչև Մուխանք դաշտի արմ. եզերքը (համապատասխանում է ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարգի Մարտունու և Հադրութի շրջանների տարածքին): Հ–ի Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Պարթևը (Լուսավորիչը): Ամարասում է ամփոփվել Գրիգորիսի աճյունը, որի վրա V դ. Վաչագան թագավորը կառուցեց Ս. Գրիգորիս մատուռը: Հ. նշանավոր էր Գտիչ կամ Քթիշ բերդավանով (այժմյան Հադրութի շրջանում) և համանուն եպիսկոպոսանիստ վանքով: Գտիչից ոչ հեռու, ներկայիս Դող և Տումի գյուղերի մոտ էր VIII – IX դդ. հայտնի Գորոզ բերդավանը, որի անունով հաճախ հայ քերական–մեկնիչները (Համամ Բագրատունի, Վարդան Արևելցի և ուրիշներ) կոչել են բովանդակ Հ., իսկ «Գորոզու բարբառ» ասելով՝ հասկացել առհասարակ «Արցախի բարբառը»: Ուշ միջնադարում Հ. վարչականորեն բաժանվել է Դիզակի (հվ. մասը) և Վարանդայի (հս. մասը) գավառների՝ համանուն մելիքություններով, որով մոռացվել Է գավառի հնագույն անվանումը:

Բ. Ուլուբաբյան

ՀԱԲԱՆԵՐԱ (իսպ. habanera, < Habana–Հավանա), կուբայական պար և երգ: Առավել հայտնի է «դանսա» անվանումով: Ծագել է եվրոպական կոնտրդանսից (XVII–XVIII դդ. անգլ. ժող. պար, որպես պարահանդեսային տարածվել է Եվրոպայի այլ երկրներում, XIX դ. միաձուլվել կադրիլին): Քրեստոմատիական նմուշը՝ Ս. Իրադյերի «Լա պալոմա» («Աղավնյակ»): Տարածված է Լատինական Ամերիկայում: Հ–ի երաժշտական ձևը օգտագործել են կոմպոզիտորներ ժ. Բիզեն, Կ. Դեբյուսին և ուրիշներ:

ՀԱԲԵԱՍ ԿՈՐՊՈԻՍ ԱԿՏ (Habeas Corpus Act), անգլիական պառլամենտի ընդունած սահմանադրական ակտը (1679), որով դատարանին վերապահվում է օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունք: Հ. կ. ա. դեռևս XII դ. ծագած Habeas Corpus-ի՝ ազատազրկման հիմքը պարզելու համար դատարան դիմելու կալանավորի իրավունքի, ամրապնդումն Է: ԱՄՆ–ում այդ օրենքը կիրառվել է գաղութատիրության շրջանից սկսած և օրենսդրականորեն ամրապնդվել ԱՄՆ–ի 1787-ի և առանձին նահանգների սահմանադրություններով: Այդ երաշխիքի գործողությունը կարող է կասեցնել միայն կոնգրեսը, եթե իրադրությունը պահանջում Է՝ նաև պրեզիդենտը:

ՀԱԲԵԹ, Յաբեթ, Աբեթ (եբր. Jãfet – ընդարձակություն կամ գեղեցկություն, հուն. ’IãjtetdS), ըստ Աստվածաշնչի՝ Նոյի կրտսեր որդին: Հ–ի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը: Արաբ, ավանդազրույցը Հ–ին վերագրում Է 11 որդի, որոնք իբր դարձել են 11 ասիական ժողովրդի ագգահայրեր: Հայկ. ավանդությունը Հ–ի ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում Է հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը: Այդ պատճառով հայ մեկնիչները Հ–ի անունով հայերին անվանում են «Յաբեթեան կամ Յաբեթական տոհմ», «Աբեթածին կամ Աբեթեան ազն»:

ՀԱԲԵՇՆԵՐ, տես Եթովպացիներ:

ՀԱԲԵՇՍՏԱՆ, պետություն Աֆրիկայում, տես Եթովպիա: