Լաբորատորիայում հագեցած ածխաջրածինները ստացվում են օլեֆինների հիդրացմամբ կամ ճարպաթթուների աղերն ալկալիների հեա հալելիս: Կարևոր միջանկյալ հումք են պլաստմասսաների, սինթետիկ կաուչուկների և մանրաթելերի, լվացող նյութերի արտադրության համար: Հագեցած ածխաջրածինները կազմում են հրթիռային և շարժիչային վառելանյութի բաղադրիչ մասը: Օգտագործվում են որպես լուծիչներ, ինչպես նաև սնուցիչ միջավայր՝ նավթից սպիտակուցային նյութերի ստացման միկրոկենսաբանական սինթեզում:
Գրականություն Азингер Ф., Химия и технология парафиновых углеродов, пер. с нем., М., 1959; Лебедев Н.Н., Химия и технология основного огранического и нефтегхимического синтеза, 2 изд., перераб., М., 1975.
ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻ, հագեցնող գոլորշի, հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի: Տվյալ ջերմաստիճանում հագեցած գոլորշու ճնշումն ամենամեծն է: Հագեցած գոլորշի - հեղուկ (կամ պինդ մարմին) համակարգի ծավալի իզոթերմ փոփոխման ժամանակ հագեցած գոլորշու ճնշումն ու խտությունը մնում են անփոփոխ այն բանի շնորհիվ, որ նյութը մի ագրեգատային վիճակից (ֆազից) անցնում է մյուսին: Հեղուկի կախված կաթիլներ չպարունակող հագեցած գոլորշին կոչվում է չոր, իսկ պարունակողը՝ խոնավ: Չոր հագեցած գոլորշու վիճակն անհավասարակշիռ է, քանի որ նրանից ջերմության քանակ խլելու դեպքում այն մասնակիորեն կոնդենսացվում և փոխարկվում է խոնավ գոլորշու, իսկ ջերմության քանակ հաղորդելու դեպքում դառնում է գերտաքացած: Հագեցած գոլորշու ճնշման ջերմաստիճանից կախման կորը միաժամանակ արտահայտում է հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց հագեցած գոլորշու խտությունն աճում է, իսկ հեղուկինը՝ նվազում: Հեղուկ-գոլորշի համակարգում հագեցած գոլորշու ճնշումը կախված է ֆազերի բաժանման սահմանային մակերևույթի ձևից:
ՀԱԳԼՎԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում: 1909 թվականին ուներ 22 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915 թվականին, թուրքական կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ՀԱԳՄԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի Տալվորիկի գավառակում: 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՀԱԳՍՏՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քղի գավառում: 1909-ին ուներ 350 (50 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: Հագստունի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ժամանակ, Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ:
ՀԱԳՎԻ, գյուղ Հայկական ԽՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ-արևմուտք: Միավորված է Օձունի տավարաբուծական-ծխախոտագործական խորհրդային տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժմանկաբարձական կետ: Գյուղում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (XII–XIII դդ.), գերեզմանոց:
ՀԱԳՈՒՍՏ, զգեստ, հանդերձ, ագանելիք, մարդու մարմնի արհեստական ծածկոց: Լայն առումով ընդգըրկում է նաև գլխի ծածկոցները, ոտնամանները, ձեռնոցները և այլն: Առաջացել է բնակարանին զուգընթաց՝ իբրև արտաքին գործոններից պաշտպանվելու հիմնական միջոց: Բուրժուական որոշ գիտնականներ հագուստի առաջացման պատճառները համարում են ամոթի զգացումը, գեղագիտական ազդակները (իբր թե հագուստն առաջացել է զարդարանքներից), կրոնական և մոգական պատկերացումները և այլն: Դեռևս ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնք ծառայել են մորթու մշակմանն ու կտրելուն: Հագուստի համար, բացի մորթուց, օգտագործվել են նաև տերևներ, խոտեր, ծառի կեղև, ձկան կաշի, փոկի և այլ ծովային կենդանիների աղիներ, թռչնի մորթի: Նոր քարի դարում, մանածագործության առաջացմանը զուգահեռ հագուստի համար մարդն օգտագործել է վայրի, այնուհետև՝ կուլտուրական (բամբակ, վուշ և այլն) բուսաթելեր և բրդաթել: Կարված հագուստի նախատիպերը եղել են նախնադարյան մորթե թիկնոցները, ազդրերի ծածկոցները, տրեխները և այլն: Գլխի ծածկոցները, որոնք դեռևս հնում ծառայել են իբրև սոցիալական ծագումն արտահայտող նշաններ (առաջնորդների, քրմերի գլխանոցներ և այլն), ունեցել են կրոնա-մոգական խորհուրդ: Հագուստը սովորաբար հարմարեցվել է աշխարհագրական միջավայրին և տնտեսական գործունեությանը: Հասարակության զարգացման ընթացքում տարբերակվում են տղամարդու և կնոջ, աղջիկների և կանանց հագուստները, առաջանում առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հագուստներ և այլն: Աշխատանքի բաժանման հետևանքով ի հայտ են գալիս մասնագիտական հագուստների զանազան ձևեր: Դեռևս պատմական հնագույն ժամանակաշրջաններում հագուստ արտացոլել է էթնիկական (տոհմային, ցեղային), հետագայում՝ նաև ազգային առանձնահատկությունները: Հագուստի ձևը, նյութը, հարդարանքը, որպես կանոն, դրսևորում են տարբեր դասակարգերի սոցիալ-տնտեսական անհավասարությունը: Բավարարելով հասարակության կենսական պահանջները՝ հագուստը միաժամանակ արտահայտում է նրա գեղագիտական պատկերացումները: Հագուստը ստեղծելիս հաշվի են առնվում մարմնի համաչափությունը, մարդու տարիքը, ինչպես նաև արտաքինի առանձին մանրամասներ (օրինակ, մազերի, աչքերի գույնը և այլն): Լինելով տվյալ դարաշրջանի մարդու գաղափարները մարմնավորող միջոցներից՝ հագուստը պատրաստվում է նույն ժամանակաշրջանի, հիմնական գեղարվեստական ոճին համապատասխան և վերջինիս մասնավոր՝ մոդայիկ դրսևորումներով: Հագուստի՝ գեղարվեստորեն համաձայնեցված և միաոճ բաղադրիչներն ու լրացուցիչ առարկաների ներդաշնակ ամբողջությունը կոչվում է կոստյում: Հագուստի ձևի որոշման հիմնական միջոցը ներդաշնակ ճարտարակերտությունն է: Հագուստի կառուցվածքը որոշելիս կիրառվում են համաչափության կամ անհամաչափության, նրբերանգների կամ ցայտերանգների սկզբունքները: Հագուստի գեղարվեստական միջոցներից են նաև նյութի արտաքին տեսքը, վրայի պատկերները, գույնը, առանձնամասերը (ժապավեն, ժանյակ, կոճակներ, ճարմանդ և այլն):
Հագուստը մարմնի շուրջն ստեղծում է արհեստական միկրոկլիմա, պահպանում հաստատուն ջերմաստիճան (28–32°) և օդի թույլ շարժում, իջեցնում օրգանիզմի ջերմատվությունը, պահպանում էներգետիկական պաշարները, մաշկածածկույթները պաշտպանում մեխանիկական և քիմիական վնասվածքներից, փոշուց, կեղտից, միջատների խայթոցից: Հագուստը պետք է համապատասխանի կլիմայական պայմաններին, մկանային աշխատանքի ինտենսիվությանը, սեռային առանձնահատկություններին, տարիքին, առողջական վիճակին: Վերնազգեստը կառուցվածքով պետք է ապահովի շարժումների առավելագույն ազատություն, թեթև շնչառություն և արյան դյուրին շրջանառություն: Տարվա ցուրտ եղանակին խորհուրդ է տրվում կրել թեթև մեխանիկական ազդակներից, խոնավությունից և երկարատև հագնելուց