Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/412

Այս էջը սրբագրված է

լայն խավերում): Քաղ. հետապնդումների պատճառով տարագրվել է ֆաշիստական Գերմանիայից, ապրել ԱՄՆ–ում (1939-ից) և Շվեյցարիայում (1953-ից), դասավանդել կոլեջներում և համալսարաններում, գործել որպես դիրիժոր, հանդես եկել Եվրոպայի և ԱՄՆ–ի խոշոր փառատոներում: Հ. մշակել է տոնայնությունների ազգակցության ուրույն տեսություն, մասամբ տալով դրա գործնական կիրառումը «Ludus tonalis» («Տոնայնական խաղ») դաշնամուրային պոլիֆոնիկ շարքում: համընդհանուր ճանաչում են գտել նան «Չորս տեմպերամենտ» բալետը լարայինների և մենանվագ դաշնամուրի համար (1940), Մեսսան (1963), Ռեքվիեմը Ու. Ուիթմենի տեքստով (1946), «Կ. Մ. Վեբերի թեմաների սիմֆոնիկ մետամորֆոզը» (1943), կոնցերտները, սոնատները ևն: Գրել է աշխատություններ՝ «Կոմպոզիտորի աշխարհը» (1952), «Կոմպոզիցիայի ձեռնարկ» (հհ. 1–3, 1937– 1970) ևն [առանձին մասեր հատվածաբար հրատարակվել են «Սովետսկայա մուզիկա» («Советская музыка») ամսագրում (1962, № 3, 1963, №№ 4, 5, 1973, № 11)]: Շվեյցարիայի Բլոնե քաղաքում հիմնվել է Հ–ի ժառանգության հավաքման և ուսում– նասիրման կենտրոն («Հ–ի ֆոնդ»):

Գրկ. Левая T.H., Леонтьева O. T., Пayль Хиндемит, M., 1974; Пауль хиндемит, Статьи и материалы (peд. и coct. И. Прудникова). M., 1979; B r i n e r A., Paul Hindemith, Zurich–Mainz, 1971.

Ա. Բոէղաղյան

ՀԻՆԴԵՆԲՌԻՐԳ (Hindenburg) Պաուլ ֆոն (1847-1934), գերմանական ռազմական և պետական գործիչ, գեներալ–ֆելդմարշալ (1914): 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արլ. ռազմաճակատի հրամանատար (1914– 1916), 1916-ի օգոստոսից՝ Գլխավոր շտաբի պետ, փաստորեն, գլխավոր հրամանատար: 1918-ի նոյեմբերյան հեղափոխության ժամանակ աջ ս-դ. պարագլուխների հետ դաշնակցած՝ դաժանորեն ճնշել է հեղափոխական բանվորների ելույթները: 1925-ին ընտրվել է Վայմարյան հանրապետության պրեզիդենտ: Հ–ի քաղաքականությունը նպաստել է գերմ. ռազմ. պոտենցիալի վերականգնմանը: 1932-ին ս–դ. պարագլուխների օգնությամբ վերստին ընտրվել է պրեզիդենտ: 1933-ի հունվ. 30-ին Հ. իշխանությունը հանձնեց ֆաշիստներին՝ հանձնարարելով Հիտլերին կազմել կառավարություն: Երկ. Воспоминания, П., 1922.

ՀԻՆԴԻ, Հնդկաստանի պետական լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ. խմբին: Խոսում է Ուտտար Պրադեշ, Մադհա Պրադեշ, Հարիանա և Բիհար, Ռաջասթան նահանգների ու Դելիի միացյալ տարածքների բնակչության մեծ մասը: Խոսողների թիվը՝ 153,7 մլն (1971): Տրոհված է երկու մեծ բարբառախմբի՝ արմ. Հ. և արլ. Հ.: Հ–ի արմ. բարբառների գրական օգտագործումն սկըսվում է X– XI դարերից: Արլ. Հ–ի ավադհի բարբառով է գրվել Թուլսի դասի «Ռամայանա»-ն: Հ–ի հնչյունական համակարգին բնորոշ է բաղաձայնների հարստությունը, քիմքային և շնչեղ հնչյունների առկայությունը: Ձայնավորները՝ կարճ, երկար և երկբարբառներ, բաժանվում են ռնգայինների և ոչ ռնգայինների: Ձևաբանության մեջ գերակշռում են վերլուծական ձևերը: Ունի 2 սեռ (արական, իգական), 2 թիվ, անվանական 8, դերանվանական 5 հոլով: Բայական համակարգին բնորոշ է ժամանակների և կերպա–ժամանակային ձևերի հարստությունը: Բառապաշարի հարստացման հիմնական աղբյուրը սանսկրիտն է, կան փոխառություններ արաբերենից, պարսկերենից և այլ լեզուներից: Օգտագործում է հնդ. դևանագարի գրատեսակը:

ՀԻՆԴԼՏԱՆ Հովհաննես (1866, Կ. Պոլիս– 16.3.1950, Կ. Պոլիս), մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել է ծնընդավայրի Ներսեսյան-Երմոնյան և Պերպերյան վարժարաններում: Աշխատել է Պեշիկթաշի Մաքրուհյան, Ս. Խաչ վարժարաններում, դասավանդել հայերեն, անգլ., թվաբանություն, աշխարհագրություն, տոմարակալություն: Եղել է Մաքրուհյան, Թարգմանչաց (Օրթա գյուղ), Բերայի թաղային, Ազգային կեդրոնական վարժարանների տնօրենը: Ընտրվել է ուսումնական խորհրդի անդամ և ազգային երեսփոխան, Առաջադիմական միության նախագահ: 1909-ին, Գ. Մալաթյանի հետ Կ. Պոլսում հիմնել է «Նոր դպրոցը»: Ուսումնասիրել է մանկավարժության պատմության ու տեսության հարցերը: Ըստ Հ–ի, դաստիարակության նպատակն ու խնդիրը, ինչպես և ուսուցման մեթոդները փոփոխվում են՝ «ժամանակին, տեղին և միջավայրին համեմատ»: Այս առումով մերժել է ինչպես ժառանգականության տեսության գերագնահատումը, այնպես էլ Ջոն Լոկի՝ երեխայի հոգու «մաքուր տախտակ» լինելու տեսությունը: Գտնում էր, որ բնական նախադրյալների զարգացումը պայմանավորված է կյանքի պայմաններով: Հ. բարձր է գնահատել ռուս և օտար մանկավարժների փորձը և առաջադիմական գաղափարները: Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է համարել ֆիզիկական, մտավոր ու բարոյական դաստիարակությունը, կարևորել է մայրենի լեզվի և գրականության ուսուցումը: Ուսուցման մեջ պաշտպանել է դիդակտիկայի առաջավոր սկզբունքները, մեծ տեղ հատկացրել աշխատանքային դաստիարակության, համատեղ ուսուցման հարցերին: Հ–ի գրչին են պատկանում «Փունջ մանկավարժական բանախոսությանց» հրապարակային դասախոսությունների շարքը (1901), «Ուսուցանելու մեթոդ» կամ «Մեթոդ դիրեկտիվ» (3 մասից, 1908), «Հոգի մը կազմելու համար» (1912), «Անկեղծ էջեր» (4 հատոր, 1913–22, մամուլում տպագրված նրա հոդվածներն ու աշխատությունները), «Դաստիարակին անբաժանելի ընկերը» (1925), «Քսան և հինգ տարվա կյանք մը» (1934), «Ծնողքներուն» վերնագրով 3 գրքույկ (1957–59), ֆրանս. լեզվի մի շարք դասագրքեր ևն: Հ. գրել է նաև մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են 6 գրքով (1949–62), դրանցից առաջինը «Տիտանիկի Փոքր նավաբեկները» (1949) գիրքն է: Կատարել է նաև թարգմանություններ: Աշխատակցել է «ճակատամարտ» (1918–24, ԿՊ), «Հայ պատանի» (1920 –22, ԿՊ), «Հայաստանի կոչնակ» (1920–68, Նյու Ցորք) և այլ պարբերականների:

ՀԻՆԴՈԻԻՋՄ, հ ն դ ու ի զ մ, հ ն դ ու ա կ ա ն ու թ յ ու ն, աշխարհում տարածված կրոններից մեկը: Հինդուիզմի հետևորդների մոտ 95% –ը ապրում է Հնդկաստանում, մնացած մասը՝ Պակիստանում, Բանգլադեշում, Նեապոլում, Շրի Լանկայում (մինչև 1972-ը՝ Ցեյլոն) և այլ երկրներում: Հինդուիզմը Հնդկաստանի սոցիալ–տնտեսական յուրահատկությունների ծնունդն է: Հինդուիզմի սաղմերն առկա են հին արիացիների և բնիկ հնդկական ցեղերի դիցաբանական պատկերացումներում, մասնավորապես, վեդայական կրոնում:Մեր թվարկության I հազարամյակի 1-ին կեսին բրահմայականությունը Հնդկաստանում վերածնվել է Հինդուիզմի ձևով: Հինդուիզմը բազմաստվածային կրոն է, պաշտվում է աստվածային երրորդությունը՝ Բրահման, հատկապես՝ Վիշնուն և Շիվաև: Հինդուիզմի դավանաբանության համար բնորոշ է հոգու վերամարմնավորման (սանսարի) ուսմունքը, ըստ որի, մարդու մահից հետո նրա հոգին մարմնավորվում է բույսի, կենդանու կամ մարդու ձևով: Վերամարմնավորումը կատարվում է կարմայի (հատուցման, փոխհատուցման) օրենքով և համապատասխանում է այն բանին, թե մարդը որքանով է կատարել իր դհարման (պարտքը), այսինքն՝ կրոնական, կաստայական պարտականությունները: Կրոնական բարձրագույն նպատակը համարվում է վերածնության շղթայից ազատվելը (մոկշ): Հինդուիզմում սրբացված են բազմաթիվ լեռներ, գետեր (հատկապես՝ Գանգեսը), բուսականություն (օրինակ, լոտոսը), կենդանիներ (կապիկը, փիղը, օձը, հատկապես՝ կովը): Հինդուիզմում գոյություն ունի երկու հիմնական ուղղություն՝ վիշնուիզմ (Վիշնու աստծու երկրպագուները) և շիվաիզմ (Շիվա աստծու երկրպագուները): Հինդուիզմը հավերժացնում և աստվածացնում է հասարակության ֆեոդալական–կաստայական (տես Կաստաներ) կառուցվածքը և այն պարտադրում է մարդկանց: Հնդուականների սոցիալական կազմակերպման ձևը կաստան է: Հ–ի պաշտամունքի կենտրոնները տաճարներն ու սրբավայրերն են (օրինակ, Գանգեսը), գլխավորապես՝ տեղական զոհարանները: Այդ պատճառով որպես հավատացյալների ղեկավարներ ու դաստիարակներ հանդես են գալիս տաճարային քրմությունը, գյուղական բրահմանները, «իմաստունները», թափառական վանականները: Հ–ի սուրբ գրքերն են Վեդաները, «Մահաբհարաթա» և «Ռամա]անա» էպոսները, Դհարմաշաստրաները և այլն: Հ–ի քննարկած պրոբլեմները դուրս են գալիս