Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/415

Այս էջը սրբագրված է

զը առաջինը 1885-ին փորձարարական հետազոտության ենթարկեց Հ.։ Բիհևիորիզմը Հ. ըստ էության նույնացրեց ուսուցման և հմտությունների ձեռքբերման հետ։ Ա. Բերգսոնը փորձեց հիմնավորել հատուկ «պատկերավոր հիշողության» կամ «ոգու հիշողության» գոյության գաղափարը։ Գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները զարգացրին հիշողության ամբողջականության և ստրուկտուրայնության գաղափարը, ֆրանս. սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին Հ-յան պատմական և սոցիալական պայմանավորվածության վրա։ Սովետական հոգեբանները, հենվելով դիալեկտիկական մատերիալիզմի սկզբունքների վրա, հատուկ ուշադրություն դարձրին Հ-յան օնտոգենետիկական զարգացման օրինաչափություններին (Լ. Ս. Վիգոդսկի, Ա. Ն. Լեոնտև), մատնանշելով, որ մտապահման բարձրագույն ձևերն իրագործվում են արհեստական դրդիչ-միջոցների՝ նշանների օգնությամբ։ Պ. Ի. Զինչենկոն և Ա. Ա. Սմիռնովը Հ-յան պրոցեսներն ու զարգացումը ուսումնասիրեցին մարդու առարկայական գործունեության հետազոտության լայն կոնտեքստում։ Հ-յան հիմնական պրոցեսներն են մտապահումը, պահպանումը և վերարտադրությունը (որի տեսակներն են ճանաչումը, վերհուշը և մտաբերումը): Կամածին Հ. գիտակցորեն որոշակի մնեմիկական (հիշողությանը վերաբերող) խնդրի լուծումն է, իսկ ոչ կամածին մտապահումը և վերարտադրությունը, որպես ոչ ինքնուրույն պրոցեսներ, մտնում են գործունեության կազմի մեջ։ Ըստ մտապահվող բովանդակությունների բնույթի տարբերում են շարժողական (շարժումների և հմտությունների), հուզական, պատկերավոր (մտապատկերների) և բառային-տրամաբանական Հ-ներ, որոնց միջև կան գենետիկական կապեր։ Պատկերավոր Հ-յան տարատեսակները (տեսողական, լսողական ևն) տարբերակում են ըստ մտապատկերների տեսակների։ Պատկերավոր Հ-յան արտակարգ պայծառ դրսևորումների դեպքում առկա է էյդետիզմը։ Հ-յան պրոցեսների վրա խոր ազդեցություն են գործում անձնական դրդապատճառները, անձի հետաքրքրություններն ու մյուս գծերը, որոնք, իրենց հերթին, կրում են Հ-յան անհատական որակների հետադարձ ազդեցությունը։ Նկարագրված են Հ-յան բազմաթիվ որակական (աղավաղումներ և կեղծ հուշեր) և քանակական (հիշողության ուժեղացում կամ թուլացում) խախտումներ։ Հիպոմնեզիան Հ-յան թուլացումն է, հիպերմնեզիան՝ արտակարգ ուժեղացումը (երազներում, զառանցելիս), ամնեզիան՝ նախկինում ընկալածի վերարտադրության անհնարինությունը։ Հ-յան մակարդակները, տեսակներն ու պրոցեսները մարդու հոգեկան կյանքի հիմքն են։ Միմյանց հետ կապելով անցյալը, ներկան ու ապագան՝ Հ. անընդհատություն է հաղորդում մարդու փորձին և ինքնագիտակցությանը, հիմք է հանդիսանում անձի անկրկնելիության և որոշակիության ձևավորման համար։ «Հ.» հասկացությունը օգտագործվում է նաև հաշվիչ մեքենաների մեջ մտնող որոշ սարքերում ինֆորմացիայի կուտակման ֆունկցիան նշանակելիս։ Ա. Նալչաջյան

ՀԻՉՔՈՔ, Հիտչքոք (Hitchcock), Ալֆրեդ (1899-1980), անգլո-ամերիկյան կինոռեժիսոր։ 1920-ից կինոյում հանդես է եկել որպես սցենարիստ, ապա՝ ռեժիսոր։ Հռչակվել է դետեկտիվ ֆիլմերով, ուր ձգտել է գործողությունների հոգեբանական խորը պատճառաբանվածության և, հմտորեն օգտագործելով կադրի կոմպոզիցիան, լուսավորությունը, մոնտաժը, երաժշտությունը, ստեղծել է «Հ-յան» մթնոլորտ։ Հ-ի անգլ. լավագույն ֆիլմերից են՝ «Շանտաժ» (1929), «Մարդ, որ չափազանց շատ գիտեր» (1934), «Լեդին անհետանում է» (1938): 1939-ից աշխատում է Հոլիվուդում։ Նկարահանել է նույն ժանրի ֆիլմեր՝ հոգեվերլուծության ֆրեյդիստական տեսության դրույթներով ընդգծել հաճախ հոգեպես ոչ լիարժեք գործող անձանց հիվանդագին արարքները։ Այս շրջանի առավել հայտնի ֆիլմերից են՝ «Ռեբեկա» (1940), «Կասկած» (1942), «Պարան» (1948), «Սպանության դեպքում հավաքեք «M» (1953), «Գլխապտույտ» (1958), «Պսիխո» (1960), «Թռչուններ» (1963), «Մոլեգնություն» (1972):

ՀԻՊԱԲԻՍԱԼ ԱՊԱՐՆԵՐ, մագմատիկ ապարներ, որոնք առաջանում են փոքր խորություններում և, ըստ տեղադրման պայմանների ու ստրուկտուրայի, միջանկյալ տեղ են գրավում խորքային (աբիսալ) և էֆուզիվ ապարների միջև։ Հ. ա. կազմում են դայքաներ, շերտային ինտրուզիաներ, շտոկեր և այլ փոքր ինտրուզիվ մարմիններ։

ՀԻՊԱՏԻԱ (Ὑπατίᾱ) Ալեքսանդրացի (370-415). կին մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա-նեոպլատոնական։ Դասավանդել է Ալեքսանդրիայի մուսեյոնում։ Աշխատանքները վերաբերում էին մաթեմատիկային, աստղագիտությանը։ Մեկնել է Պլատոնի, Արիստոտելի և հույն այլ փիլիսոփաների ստեղծագործություններ։ Հ-ի երկերը մեզ չեն հասել։ Եպիսկոպոս Կիրիլի սադրանքով Հ-ին տանջամահ է արել մոլեռանդ քրիստոնյաների ամբոխը։

ՀԻՊԱՐԻՈն, (Hipparion) (< հուն, ἱππάριον - ձիուկ), մահացած եռամատ ձի։ Ապրել է ուշ նեոգենի տափաստաններում, որոնց ֆաունան այդ ժամանակվա համար ստացել է հիպարիոնային անունը։ Հ. առաջացել է, հավանաբար, ուշ միոցենում, Ամերիկայում՝ մերիհիպուսից (Meryhippus), հետագայում տարածվելով Եվրասիայում, սկիզբ է դրել ժամանակակից ձիերին։ Լայնորեն տարածված էր պլիոցենում։ Աֆրիկայում ապրել է մինչև չորրորդական ժամանակաշրջան։

ՀԻՊԱՐՔՈՍ (Ἵππαρχος) (մոտ մ. թ. ա. 180–190 Նիկեա մ. թ. ա. 125 Հռոդոս), հույն գիտնական, աստղագիտության հիմնադիրներից։ Կատարել է երկնքի առաջին համակարգված դիտումներն ու հետազոտությունները։ Բացահայտել է Արեգակի և Լուսնի շարժման օրինաչափությունները, որոշել Լուսնի հեռավորությունը Երկրից, կազմել Արեգակի խավարումների ցուցակը և 850 աստղի դիրքերի աստղացուցակը, տվել այդ աստղերի դասակարգումն ըստ տեսանելի 6 մեծությունների (պայծառություններ): Բացահայտել է պրեցեսիայի երևույթը, որոշել աստղային ու արևադարձային տարիների տևողությունները, խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Առաջինն է օգտագործել աշխարհագրական կոորդինատները՝ լայնությունն ու երկայնությունը։ Հ-ի աշխատությունները բնագրով չեն պահպանվել, դրանց մասին հիմնական տեղեկությունները պարունակվում են Պտղոմեոսի «Ալմագեստում»: Բ. Թումանյան

ՀԻՊԵՌԻ գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ 1915-ին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի և վարժարան։ Հ-ի հայ բնակիչները բռնի տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

ՀԻՊԵՐ… (հուն, ὑπερ վրա, վերև), բարդ բառերի սկզբնամաս, ցույց է տալիս վերևում գտնվելը կամ բնականոնին գերազանցելը (օրինակ, հիպերտոնիա, հիպերտրոֆիա) ևն։

ՀԻՊԵՐԲՈԼ տես Չափազանցություն։

ՀԻՊԵՐԲՈԼ մաթեմատիկայում, ուղիղ շրջանային կոնը իր երկու խոռոչով անցնող հարթությամբ հատելուց առաջացած կոր (նկ. 1): Հ. սահմանվում է նաև որպես հարթության բոլոր այն կետերի երկրաչափական տեղ, որոնց՝ հարթության որոշակի F1, F2 կետերից (Հ-ի կիզակետեր) ունեցած հեռավորությունների տարբերությունը հաստատուն է։ Եթե կոորդինատների համակարգը ընտրվի այնպես, ինչպես նկ. 2-ում (OF1=OF2=C), ապա Հ-ի հավասարումը կընդունի x2/a2-y2/b2=1 տեսքը (2a=F1M-F2M, b=l/√c1a2): Հ. երկրորդ կարգի կոր է, կազմված է երկու անվերջ ճյուղից, սիմետրիկ է Օx և Օy առանցքների նկատմամբ, սիմետրիայի կենտրոնն է Օ կետը։{<drawings>}նկ. 1 նկ. 2 A1A2=2a կ B1B2=2b հատվածները համապատասխանաբար կոչվում են Հ-ի իրական և կեղծ առանցքներ։ Հ-ի էքսցենտրիսիտետ է կոչվում l=c/a > 1 թիվը։ x=-a/l, x=a/l հավասարումներով որոշվող 11, 12 ուղիղները կոչվում են Հ-ի դի֊