Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/43

Այս էջը հաստատված է

արխալուղի, կտրվածք չի ունեցել: Երիտասարդ կանայք կապել են արծաթից կամ այլ մետաղից, իսկ տարիքավորները՝ բրդյա կտորներից, աստառով, մեջքին մի քանի անգամ փաթաթելու լայն գոտի: Մինթանի և արխալուղի թևքերը մինչև արմունկները կտրվել են, եզրերը զարդարվել ոսկեգույն կամ արծաթագույն ժապավեններով, կարվել կոճակներ և արծաթե գնդաձև կախիկներ (փչեր): Լոռիում դրանք փոխարինվել են եռանկյունի փողիկներով, Ղազախում՝ արծաթե շղթայակիր տերևիկներով և ուլունքներով: Քաղաքներում (հատկապես՝ Թիֆլիսում) կանայք կրել են մինչև կրունկները ձգվող ամբողջական, կրծքի բացվածքում երևացող կրծկալով շրջազգեստ, որը երկու կողքից և թևքերին ունեցել է ժապավենավոր եզրերով կտրվածքներ: Մետաքսե նեղ գոտին կապից հետո լայնացել է և կախվել մինչև շրջազգեստի եզրը: Գոտին և շրջազգեստի եզրին դրված ժապավենները զարդարվել են գունավոր, արծաթե ու ոսկե թելերից նախշակարերով: Ձմռանը հագել են կարմիր թավիշից, թանկարժեք մորթե օձիքներով, գոտկատեղում՝ փոթավոր մուշտակ: Երիտասարդները նախընտրել են բաց, իսկ մեծերը՝ զուսպ ու մուգ գույների գործվածքներ: Կանայք նախշուն գուլպաների վրա հագել են բարակ, դեպի վեր թեքված քթերով, լեզվակով ու կրունկներով սոլեր, իսկ քաղաքներում՝ նաև կարմիր կամ կանաչ կաշվից, նուրբ տապանով ու բարձր կրունկով երկարաճիտ կոշիկներ: Բայազետի, Ալաշկերտի, Կարինի շրջաններում, Բասենում տղամարդիկ արխալուղը փոխարինել են անթև, մեծ մասը նախշակարված ելակով, որի տակից հագել են օձիքն ու թևքերը նույնպես նախշակար բլուզ, իսկ վրայից՝ մինչև գոտին հասնող, առանց կոճակների բաճկոն: Անդրավարտիքի փողքերը եղել են համեմատաբար նեղ (համշենահայերի մոտ նույնիսկ կպել են սրունքներին): Հ–ի բոլոր մասերը կարվել են միևնույն կտորից, իսկ նախշակարերը կրկնել են ավանդական թեմաներն ու բուսական, երկրաչափական նախշերը: Տարիքավորները, խուսափելով շքեղ նախշակարերից, գոտկատեղում կապել են լայնակի զոլերով կտորներից, աստառած, երկար գոտիներ, որոնց բազմաթիվ ծալքերը ծառայել են որպես գրպաններ: Ձմռանը օգտագործել են ոչխարի մորթուց քուրք և այծի երկարամազ մորթուց անթև բաճկոնակ: Կտորների բարձրորակությամբ և գունագեղությամբ տարբերվել են հատկապես Շատախի, Մոկսի և դրանց կից շրջանների Հ–ները, որոնց նման են եղել Վանի ավազանի, Սասունի և Մուշի Հ–ները: Կանայք բազմանախշ ու գունավոր գուլպաների վրա հագել են բարձր, դեպի վեր թեքված քթերով, լեզվակով ու կրունկներով, կարմիր կամ սև կաշվից սոլեր, ինչպես նաև կարմիր, փափուկ երկարաճիտ կոշիկներ (ջզմա): Հագել են նույնպիսի շապիկ (միայն՝ սպիտակ գույնի) և շրջազգեստ (անթարի), ինչպիսին Արևելյան Հայաստանում, վրայից՝ կրծքի, կողերի ու թևքերի կտրվածքների եզրերը ոսկե ու արծաթե թելերով նախշած մինթանա (չուխա, դալմա, խրխա): Գոգնոցը գրեթե ամենուր համարվել է պարտադիր հագուստամաս: Արևմտյան Հայաստանի Հ–ի նախշակարերն արտահայտել են պտղաբերության գաղափար: Կանացի Հ-ի լրացուցիչ մասն են կազմել վզնոցները, կախովի շղթաները, մարգարտաշար թելիկները, եռանկյունաձև կախիկները, բոժոժիկները, ոտքերի ապարանջանները, ականջի ու քթի գինդերը, մարջանի և փիրուզի համադրությամբ կոճակները են: Գյուղերում թե տղամարդիկ և թե կանայք հագել են թելերից հյուսված, թաղիքե տապանով կոշիկներ, խոնավ վայրերում՝ նաև փայտե նալիկներ կամ հողաթափեր: Աշխատանքային Հ. սովորաբար եղել է էժանագին գործվածքներից: Հայերն այժմ հագնում են հիմնականում եվրոպական տիպի Հ.: Տես նաև Տարազ: Գրկ. Հացունի Վ., Պատմություն հին հայ տարազին, Վնտ., 1923: Горбачева H. П., K вoпpocy o происхождении одежды, «Coветская этнография» 1950, № 3; Mepцелова M.H., История костюма, M.,1972.

ժ. Խաչատրյան, Վ. Աչեքսանյան,
Ֆ. Աղամալյան

ՀԱԴԱՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառում: Առաջին անգամ հիշատակվում է 1720-ական թթ.: 1970-ին ուներ 102 տուն (657 հոգի) հայ բնակիչ: Գյուղում կա եկեղեցի (Ս. Գրիգոր, 1729), որտեղ պահվում են երկու ձեռագիր Ավետարան: Հ. ունի դպրոց, 1950-ից՝ «Րաֆֆի» անունով գրադարան:

ՀԱԴԵՍ, Պլուտոն (″Αιδηζ, ’Ατδηζ, ’Αίδοζ, ’Ατδαζ), հին հունական դիցաբանության մեջ ստորգետնյա աշխարհի և ննջեցյալների թագավորության տիրակալը: Կռոնոսի և Հռեայի որդին, Զևսի, Պոսիդոնի և Դեմետրայի եղբայրը: Եղբայրների միջև տիեզերքի բաժանումից հետո Հ. իբր ստացել է ստորգետնյա աշխարհը, դարձել ընդերքի հարստության, պտդաբերության, բերքի աստված: Հին հույների պատկերմամբ՝ Հ–ի թագավորությունը գտնվում էր աշխարհի արմ. եզրին կամ խոր ընդերքում: Հերմեսը իբր մեռյալների հոգիներն ուղեկցում էր Հ–ի թագավորության դուռը, իսկ Քարոնը նրանց փոխադրում էր Ատիքս գետը (հին հույները թաղման ծեսի ժամանակ ննջեցյալների բերանում դրել են մանր դրամ՝ Քարոնի փոխադրավարձի համար) և ներկայացնում անդրշիրիմյան դատաստանին: Հ–ի թագավորության միջով հոսող Լետա գետի ջրից ըմպելով՝ ննջեցյալը մոռանում էր երկրային կյանքը: Մեղսագործների հոգիները դատապարտված էին տանջանքների: Ամենադաժան պատիժներին արժանանում էին աստվածներին անարգողները: Օրինակ, Տանտալոսը մինչև պարանոցը թաղված էր ջրում՝ հասուն կախանի տակ, բայց ընդմիշտ դատապարտված էր քաղցի ու ծարավի, դանայուհիները անվերջ ջուր էին լցնում անհատակ տակառը, Սիզիփոսը սարի կատարն էր գլորում ծանր քարը: Հ–ի թագավորությունը բնակեցված էր անթիվ դևերով ու հրեշներով: Հ–ի թագավորության տեսությանը աստվածներն արժանացրել են միայն մի քանի մահկանացուների (Որփեոս, Հերկուլես, Ոդիսևս, Ենեաս): Հ-ի մասին հին պատկերացումները մասամբ ներմուծվեցին քրիստոնեության մեջ: Արվեստում Հ. պատկերվել է հզոր այրի կերպարանքով, գահին բազմած, երկժանին ձեռքին, երբեմն՝ Պերսեթոնայի հետ, ոտքերի մոտ՝ Կերբերը (եռագլուխ կատաղի գամփռ, որը հսկել է Հ–ի թագավորության ելքը): Գրկ. Կուն Ն. Ա., Հին Հունսատանի լեգենդներն ու առասպելները, Ե., 1979:

ՀԱԴՐՈՆՆԵՐ (< հուն. άδρός – ուժեղ, հզոր), ուժեղ փոխազդեցությունների մասնակցող տարրական մասնիկների ընդհանուր անվանումը: Հ–ի դասին են պատկանում պրոտոնը, նեյտրոնը, հիպերոնները, մեզոնները, ինչպես նաև բոլոր ռեզոնանսային մասնիկները: ժամանակակից պատկերացումներով Հ. բաղկացած են քվարկներից և հակաքվարկներից:

ՀԱԴՐՈՒԹ, քաղաքատիպ ավան, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի կենտրոնը (1923-ից), Ստեփանակերտից մոտ 50 կմ հարավարևելք: Կան խաղողի նախնական վերամշակման գործարան, ծխախոտի, մորթեղենի, յուղի ընդունման կայաններ, կենցաղսպասարկման տաղավարներ: Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, անասնապահական մթերքների արտադրությամբ: Ունի 2 միջնակարգ դպրոց, 2 գրադարան, կուլտուրայի տուն, կինո, երաժշտական դպրոց, հիվանդանոց: Հ–ի հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Ավանի տասնյակ հուշարձանները վերաբերում են հեթանոսական, վաղ քրիստոնեության ժամանակաշրջաններին: Հ–ի հվ–արլ–ում է հին գերեզմանոցը, որի տապանաքարերի վրա նշմարվում են խաչանշաններ: Հս–արլ–ում պահպանվել են «Բերդին մուտք» կոչվող հին բերդապարսպի հետքերը, հվ–ում՝ «Ծծախաչ Ղալայ» բերդի, հս–արլ–ում՝ «Վնեսաղալայ» բերդի պարիսպները: Հ. գավառով հանդերձ, բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, թուրք–սելջուկների, թաթար–մոնղոլների ավերածություններին և վերականգնվել: Այդ են վկայում Հ–ի Սպիտակ խաչվանքի, Շախկախի, Շինատեղի վանքերի (X, XIII, XYII դդ.) վիմագրությունները, շրջակա գյուղերի հուշարձանները:

Շ. Մկրտչյան


ՀԱԴՐՈՒԹԻ ԲԱՐԲԱՌ, ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման արևելյան խմբակցության Ղարաբաղ–Շամախիի կամ ծայր հյուսիս–արևելյան միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի ենթաբարբառն Է: Խոսվում է ԼՂԻՄ Հադրութի շըրջանում: Հ. բ–ի ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, Է, ը, ա, օ. ու, ի, ըԷ: Բաղաձայնական համակարգում գրաբարի ձայնեղները վերածվել են խուլերի, առկա են գ], կ], ք] քմայինները, բացակայում է ֆ հնչյունը: Խուլերին հաջորդող ետին և միջին շարքի ձայնավորները վերածվել են առաջնալեզվայինների՝ բաց> պէց, ձախ>ծէխ, գող>կօղ ևն: Ո և ու ձայնավորների դիմաց շեշտի տակ, սովորաբար,