Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/44

Այս էջը սրբագրված է

հանդես է գալիս օ, ոչ շեշտակիր դիրքում՝ ու՝ ութ>օթ, ութա'սուն, ամաչկոտ>հմա'շկուտ: Բառասկզբի ո շեշտի տակ դարձել է վըէ՝ ոսկի>վըէսկէ: Ի հիմնականում դարձել է է, ըԷ.վիզ>վէզ, սիրտ>սըէրտ: Շեշտը վերջընթեր է: Ձայնավորների ներդաշնակության օրենքը գործում է մասնակիորեն: Հոգնակիի մասնիկներն են էր, նէ, քյ, օտ: Գոյականների մեծ մասը ենթարկվում է ու (որոշյալ սեռականում էն), ինչպես նաև ա, ան, օ, ց հոլովումներին: Բացառականը կազմվում է ա, անա, նէնըէստա, գործիականը՝ ավ, անավ, ներգոյականը՝ ըմ, ում ձևույթներով: Անորոշ դերբայն ունի ալ, էլ, իլ, կատարելին՝ ական, վաղակատարը՝ ալ, ացալ մասնիկները: էական բայի ձևերն են ըմ, ըս, ա, ըք], ըք, ըն, ի, իր, ար, իք], իք, ին: Հարկադրականի մասնիկն է բիդի: Պարզ ձևերի ժխտականը կազմվում է վէչ մասնիկով՝ կ]իրէցէ վէչ (չգրեցի): Լայն կիրառություն ունեն երկրորդական բաղադրյալ ժամանակները:

Գրկ. Պողոսյան Ա. Մ., Հադրութի բարբառը, Ե., 1965: Դավթյան Կ. Ս., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե., 1966:

Ա. Խաչատուրյան

ՀԱԶ, ռեֆլեկտոր ակտ, ծագում է շնչառական ուղիների լորձաթաղանթը բորբոքային պրոցեսների ժամանակ առաջացած ախտաբանական նյութերով (օրինակ, խորխ) կամ օտար մարմիններով գրգռվելիս: Շնչառական օրգանների (կոկորդ, շնչափող, բրոնխներ, թոքային հյուսվածք) հիվանդությունների հիմնական ախտանշաններից է: Երբեմն կարող է առաջանալ նաև գլխուղեղի Հ–ի կենտրոնի գրգռումից, այսպես կոչված՝ նյարդային Հ., նկատվում է հուզումների, վախի դեպքում: Տարբերում են չոր Հ. (առանց խորխի արտադրության և արտազատման) և թաց Հ. (ուղեկցվում է խորխարտադրությամբ): Հ. սկսվում է խոր շնչառումով, որին հետևում են բրոնխային և շնչառական ամբողջ մկանունքի լարվածությունը և բարձր ձայնով արտաշնչումը: Այս դեպքում ձայնաճեղքը փակվում է, և ներկրծքային ճնշումը բարձրանում: Ձայնաճեղքը բացվելիս շնչառական ուղիներից օդն ուժգնորեն դուրս է գալիս՝ իր հետ տանելով բրոնխներում և թոքային ալվեոլներում կուտակված խորխը և փոշու մասնիկները: Երկարատև և հաճախակի Հ., որն առաջանում է թոքերի, լյարդի և այլ օրգանների ախտահարումից, օրգանիզմի վրա թողնում է վնասակար ազդեցություն. ներկրծքային և ներբրոնխային ճնշման սիստեմատիկ բարձրացումը հանգեցնում է թոքերի էմֆիզեմայի, դժվարացնում երակներից արյան հոսքը դեպի սիրտ, որը կարող է առաջացնել սիրտ–անոթային անբավարարություն:

Բ ու ժ ու մ ը. հիմնական պատճառի վերացում: Թաց Հ–ի դեպքում՝ խորխաբեր միջոցներ, չոր, տանջալից Հ–ի դեպքում՝ Հ–ի կենտրոնը ընկճող միջոցներ:

«ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԳԻՇԵՐ», արաբական միջնադարյան գրականության հուշարձան: Ամփոփում է շուրջ 300 հեքիաթ ու զրույց: Հեղինակ կամ կազմող չունի. արդյունք է ասացողների (մեդլախների) և ընդօրինակող–գրիչների բազմաթիվ սերունդների աստիճանական, համատեղ ստեղծագործության: ժանրային առումով բազմաբնույթ է. հրաշապատում, իրապատում, արկածային հեքիաթներ, իմաստասիրական, առակավոր զրույցներ, զրույց–հանելուկներ, անեկդոտներ են: Կառուցվածքային հենքը մահապատժից խուսափելու նպատակով Շահարազադեի՝ խալիֆ Շահրեարին պատմած գիշերային հեքիաթաշարն է: Ամեն առավոտ հեքիաթն ընդհատվում է ամենահետաքրքիր մասում՝ թագավորին հարկադրելով մահապատիժը հետաձգել հաջորդ օրվան: Եվ այսպես՝ հազար գիշեր, մինչև ներում ստանալը: «Հ. ու մ. գ.» իր ակունքներով կապվում է հին հնդ. գրականության հետ, որից և մոտ IX դ. թարգմանվել է պհլ.՝ կազմելով «Հեզար աֆսանե» ժողովածուն, ապա՝ արաբ.: Արաբ թարգմանիչները խմբագրել, հաճախ անճանաչելիորեն փոխել են ժողովածուի զրույցները, որոնք հետագայում հարստացվել են հնդ., արաբ, և Արևելքի այլ ժողովածուներից քաղված հինավուրց երկերով, ստեղծել յուրատեսակ ժամանակագրական շերտեր: XIV–XVI դդ. ավարտուն տեսքի է բերվել արաբ. «Հ. ու մ. գ.» հեքիաթաշարը, որի հնագույն միջուկը «Հեզար աֆսանե»-ի IX դ. արաբ, թարգմանությունն է: Հեքիաթների այս խմբագրությունը (հայտնի՝ «եգիպտական խմբագրություն» անունով) ընկած է եվրոպական լեզուներով մի շարք հրատարակությունների հիմքում: «Հ. ու մ. գ.» Եվրոպային հայտնի է դարձել Ա. Գալլանի՝ ոչ բոլոր զրույցների ֆրանս, փոխադրությամբ (12 հ., 1704–17), ըստ որի կատարվել են ռուս. (1763–74), անգլ., գերմ. առաջին թարգմանությունները: Հայազգի Ժոզեֆ–Շառլ Մարդրյոսը 1898–1904-ին, ադապտացիայի ենթարկելով, ֆրանս. լույս է ընծայել «Հ. ու մ. գ.» 16 հատորով, որր բազմիցս վերահրատարակվել է: Զրույցներից երկուսը՝ Պղնձե քաղաքի պատմությունը և Մանկան ու աղջկա պատմությունը (Տավեդդադ, Տարանդոտ), հայերեն է թարգմանվել X դ., Դավիթ Կյուրապաղատի պատվերով: Հետագայում դրանք խմբագրվել, հարստացվել են հանելուկներով, կաֆաներով, ժողովրդականացել են, ընդօրինակվել, իսկ XVIII–XIX դդ. բազմիցս հրատարակվել են: Պղնձե քաղաքի պատմության X դ. հայերեն թարգմանությունը, որի բնագիրը չի գտնված, ավելի հին է, քան զրույցի արաբ, «եգիպտական խմբագրությունը»: Այս զրույցների հայկ. տարբերակները XVIII դ. թարգմանվել են վրաց.: Իբրև հավերժական սյուժե «Հ. ու մ. գ.» մեծ ազդեցություն է գործել աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության, գրականության, արվեստի վրա, այդ հեքիաթների սյուժեներով ստեղծվել են կինոնկարներ՝ «Բաղդադի գողը» (1924, ԱՄՆ), «Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը» (1958, ԱՄՆ), «Ալադինի կախարդական լամպը» (1967, ԱԱՀՄ): ժողովածուն ունեցել է մի շարք հայերեն հրատարակություններ (1870, Զմյուռնիա, 1910, Պոլիս, 1924, Բոստոն, 1934, Ալեքսանդրիս, 1935, Բուխարեստ, 1959, Երևան):

Գրկ. Ակինյան Ն., Զրույց Պղնձե քաղաքի, «ՀԱ», 1958, № 1–4: Эcтpyц И., Исследедование o «1001 ночи», ee coстaвe, вoзникновeнии и paзвитии, пep. c дaт., M., 1904.

Հ. Սիմոնյան

«ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ», առասպելական թռչուն, հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական կերպարներից: Հանդիպում է նաև Հազարաբիլբուլ, Զաղի բլբուլ, Պյուլպուլ ձևերով, համապատասխանում է ռուս. жар-птица, գերմ. der Goldene Vogel կերպարներին: «Հ. բ.» ներկայացվում է որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ, նրա երգով վերակենդանանում է անեծքով (կախարդանքով) պատուհասված բուսական ու կենդանական աշխարհը: «Հ. բ.» պահվում է ոսկե վանդակում, անմատչելի տեղ. նրան տիրանալու համար հեքիաթի հերոսը ենթարկվում է ծանր փորձությունների, հաղթահարում դժվարություններ «Հ. բ.»-ի սյուժեն տարածված է մի շարք տարբերակներով և ընդգրկում է ազգագրական լայն շրջաններ՝ Արարատյան դաշտ, Գուգարք, Արցախ, Ջավախք, Վասպուրական, Ալաշկերտ ևն:

Գրկ. Սրվանձտյանց Գ., Մանանա, ԿՊ, 1876, էջ 221–28: Հայկունի Ա., ժողովրդական հեքիաթ, Մ.–Վաղ–պատ, 1902 (էմինյան ազգագրական ժողովածու, հ. 4):

Ա. Նազինյան

ՀԱԶԱՐԱՇԵՆ, սողոմաքաշ, ժողովրդական տան գերանակապ (հազվադեպ՝ քարե սալերից), բրգաձև, երդիկավոր ծածկի կառուցվածք: Հ–ի կառուցվածքային սկզբունքը հայկ. ճարտ. մեջ կիրառվել է գլխատներում, աշխարհիկ և պաշտամունքային բազմապիսի կառույցներում: Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններում Հ–ի բազմաթիվ տարբերակներ են եղել, որոնք ըստ գերանների կամ չորսուների համադրման սկզբունքի ստորաբաժանվում են զուգահեռ կամ անկյունադիր տիպերի: Հ. կառուցվածքը հնարավորություն է տվել կարճ գերաններով կամ չորսուներով համեմատաբար մեծ թռիչքներ ծածկել: Հիմնականում ելնելով թռիչքից՝ Հ. դրվել է կա՛մ սյուների (մինչև 12), կամ ուղղակի որմերի (նաև առորմիների) վրա: Հ. տարածված է եղել նաև Թուրքիայի, Իրանի, Վրաստանի են հայկական գաղթավայրերում: Նրա առանձին տիպերը հանդիպում են Կենտրոնական և Հարավային Ասիայի երկըրներում: Քարե կամ նմանակված ծածկերով հուշարձաններ կան նաև Հայաստանին