գոտում: Կովկասում տարածված ռոմբատերև Հ. (S. rhombifolius) դեղաբույս է, պարունակում է պլատիֆիլին, սարացին ալկալոիդները: S. erucifolius, S. vernalis տեսակներն աճում են նաև ՀՍՍՀ–ում:
ՀԱԼԻԿԱՌՆԱՍ, Հալիկարնասոս (‘AXinapvaootfs), հնագույն քաղաք Փոքր Ասիայի հվ–արմ. ծովափին, Կարիայի առևտրական և մշակութային կենտրոնը (այժմ՝ Բոդրում քաղաքը Թուրքիայում): Հիմնել են դորիացիները՝ մ. թ. ա. մոտ 1200-ին: Մ. թ. ա. V դ. մտել է Աթենական առաջին ծովային միության մեջ: Ծաղկում է ապրել տիրանոս Մավսոլոս II-ի կառավարման ժամանակ (մ. թ. ա. 377–353): Մ. թ. ա. 334-ին Հ. ավերել է Ալեքսանդր Մակեդոնացին, սակայն հետագայում վերականգնվել է: Մ. թ. ա. 129-ին մտել է հռոմ. Ասիա պրովինցիայի մեջ, ապա անցել Բյուզանդիային: Հ. Հերոդոտոսի և Դիոնիսիոս Հալիկառնասցու հայրենիքն է:
ՀԱԼԻԿԱՌՆԱՍԻ ԴԱՄԲԱՐԱՆ, Կարիայի Մավսոլոս II արքայի դամբարանը Հալիկառնասում: Համարվել է «Աշխարհի յոթ հրաշալիքներից»: Կառուցվել է մ. թ. ա. IV դարում (ճարտ–ներ՝ Պյութեաս, Սատիրոս, քանդակագործներ՝ Սկոպաս, Բրիակսիս, Տիմոթեոս, Լեոքարես): Կառույցը միահյուսել է հին հունական և փոքրասիական ճարտ. տարրերը: Ավերվել է XV–XVI դդ.: Հայտնի է գլխավորապես Պլինիոս Ավագի նկարագրությունից: Հ. դ–ի քանդակները գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում: (Պատկերը՝ տես Դամբարան):
ՀԱԼԻՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, Որոտանի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Հարժիսի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:
Անունը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից: X դ. սկզրին իշխանուհի Համազասպուհին Հ. նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դ.: Գյուղի եկեղեցին XVII դ. սկզբի շինություն է: Գյուղից 1 կմ արլ. գտնվում է Վնսարի կամ Վանասարի հուշարձանների համալիրը, որտեղ պահպանվել են 3 խաչքար և մի քանի գերեզմանաքարեր: Այդ մասին հիշատակվում է Որոտանի ձախ ափին, այգիների մեջ, ժայռաբեկորի վրա կանգնեցված ու պահպանված 1265-ի կալվածագիր արձանագրության մեջ: 1274-ին Տարսայիճ Օրբելյանը վանասարը նվիրել է ճարտարապետ Սիրանեսին, որպես վարձատրություն նրա կառուցած շենքերի համար:
Հ. անունով բնակավայր և բերդ եղել է նաև Աճանան գավառում, Ողջի գետի աջ ափին, որտեղ 1727-ին տեղի է ունեցել ճակատամարտ ընդդեմ օսմանյան թուրքերի (տես Հալիձորի ճակատամարտ 1727): Հալ անունով գյուղ կա այժմյան Ադրբեջանական ՍՍՀ Ղուբաթլուի շրջանում, պատմական Քաշունիք գավառի տարածքում, Բարգուշատ գետի աջ ափին: Հ–ի մոտ է Հարանց անապատը: Ա.Ղարագյոզյան
ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ, ուշ միջնադարի հայկական ճարտարապետական համալիր ՀՍՍՀ Ղափանի շրջանում: Կառուցվել է XVII դ. առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ: XVIII դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկ. իշխանության կենտրոնը: Գտնվում է Ողջի գետի ափին: Պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ, կլոր բուրգը ամրոցի հվ–արմ. անկյունում է: Մուտքերը երկուսն են՝ հվ. և հս. պարիսպներում: Ամրոցի անսամբլում իր տեղադրությամբ և չափերով գերիշխողը եկեղեցին է՝ կառուցված անմշակ բազալտի խոշոր քարերի կրաշաղախով: Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, բեմի Հալիձորի բերդի հատակագիծը երկու կողմերում՝ զույգ ավանդատներ: Եկեղեցուն հս–ից և հվ–ից կից թաղածածկ երկհարկ շինությունները զավթի դեր են կատարել, իսկ տանիքներից գնդակոծել են գրոհող թշնամուն: Հ. բ–ի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով դիմադրել թուրքական բանակի պաշարմանը:
Գրկ. Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973: Մ. Հասրաթյան
ՀԱԼԻՁՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1727, Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի և օսմանյան բանակի ու նրան միացած անդրկովկասյան մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև: Տեղի է ունեցել մարտին՝ Հալիձոր բերդի (Կապանի գավառ) մոտ: Ռուս–թուրքական պայմանագրի կնքումից (1724) հետո Թուրքիան վերսկսեց իր նվաճողական քաղաքականությունը Հայաստանում և Անդրկովկասում: Նվաճելով Հայաստանի մեծ մասը՝ թուրք, բազմահազարանոց բանակը 1725-ի գարնանը ներխուժեց Սյունիք: Նրան միացան Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարա–չոռլուների տեղական ֆեոդալների ուժերը: Տեղի քոչվոր ցեղերի և հարևան խանությունների դեմ մինչ այդ հաջողությամբ կռվող հայ ապստամբների վիճակը ծանրացավ: Երկամյա պայքարից հետո, այլևս անկարող լինելով քանակապես գերազանցող թշնամու դեմ բաց մարտի դուրս գալ, հայերի փոքրաթիվ ուժերը, Դավիթ Բեկի գիսավորությամբ ամրացան Հալիձորում: Հերոսաբար ետ մղելով բոլոր գրոհները՝ պաշարման յոթերորդ օրը հայ զինվորները Մխիթար սպարապետի և Տեր–Ավետիսի առաջնորդությամբ, դուրս գալով բերդից, անսպասելի հարձակվեցին և հարվածեցին հակառակորդի համեմատաբար թույլ՝ աջ թևին: Օսմանցիների և նրանց դաշնակիցների բազմահազար բանակը, խուճապի մատնված, հետապնդողների հարվածների տակ նահանջեց Մեղրի՝ մարտի դաշտում թողնելով հազարավոր զոհեր, մարտական դրոշներ, ռազմամթերք և հանդերձանք: Այս հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ Սյունիքի, ինչպես և Արցախի հայ ազատագրական շարժման ջլատված ուժերի վերամիավորման գործում:
Գրկ. Ընտիր Պատմութիւն Դաւիթ Բէգին…, Վաղ–պատ, 1871: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Վ. Գրիգորյան
ՀԱԼԻՆԳ (նորվեգերեն՝ halling, <Hallingdal – հովտի անվանում Նորվեգիայի հվ–արմ–ում), նորվեգական տղամարդկանց պար (հիմնականում՝ մենապար): Երաժշտական չափը՝ 2/4 կամ 6/8: Պարում են (նաև Շվեդիայում) հարդինգֆելե աղեղնավոր երաժշտական գործիքի նվագակցությամբ: Հ. մշակել է Է. Գրիգը:
ՀԱԼԻՏ (< հուն. άλς - աղ), քարաղ, միներալ: Քիմ. կազմը՝ NaCl: Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է: Սովորաբար առաջացնում է հատիկավոր, խիտ ագրեգատներ, ստալակտիտներ ևն: Անգույն է: Փայլը՝ ապակու: Կարծրությունը՝ 2, խտությունը՝ 2300 կգ/մ3: Հեշտությամբ լուծվում է ջրում: Աղահամ