ԿՈՒԼՁՈՐ, քարայր հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Կապուտջուղ լեռան հարավային լանջին: Տեղի հայ բնակիչները համոզված են, թե այս ձոր–քարայրը կուլ է տալիս մարդկային ձայնը (այստեղից էլ Կուլձոր անվանումը) և պահում հազար տարուց ավելի: Հին ժամանակներում մարդիկ գալիս էին Կուլձորի մոտ և բարձրաձայն հայտնում իրենց սրտի փափագը: Կուլձորը ձայնադարանի պես իր մեջ պահում է բազմահազար մարդկանց ձայները: Հենց որ քարի մի կտոր ես նետում Կուլձոր, լսվում է բազմաթիվ ձայների արձագանքը: Կուլձորը հայկական պաշտամունքի հնադարյան վայրերից է:
ԿՈԻԼՄԱՄԵԴՈՎ Աման (ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 31-ին Աշխաբադի Անդրկասպյան շրջանի Յլգինկյարիզ գյուղում՝ ներկայումս Թուրքմենստանի Ախալսկի վելայաթի Գյոկդեկինսկ էտրապում: Մահացել է 1977 թվականին Աշխաբադում), թուրքմեն սովետական դերասան: 1949 թվականին ստացել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: ՍՄԿԿ անդամ 1940 թվականից: 1929 թվականին ավարտել է Թուրքմենական դրամատիկական ստուդիան և ընդունվել առաջին ազգային դրամատիկական թատրոն (այժմ՝ Աշխաբադի Մոլլանեպեսի անվան թուրքմենական դրամայի թատրոն): Ստեղծել է մոնումենտալ, դրամատիկական ռեալիստական կերպարներ՝ Մահտումկուլի (Քերբաբաևի «Մահտումկուլի»), Ալլան (Մուխտարովի «Ալլանի ընտանիքը», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951 թվականին), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»): Կուլմամեդովի երգիծական դերակատարումներից են եղել Յուսովը (Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Իվան Գոռլովը (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ): 1963 թվականից Մոլլանեպեսի անվան թուրքմենական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և դիրեկտոր: Մահացել է Աշխաբադում 1977 թվականին[1][2]:
ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱ (լատիներեն culmen – գագաթ), սյուժեի հիմնական մասերից մեկը, գեղարվեստական երկում գործողությունների զարգացման բարձրակետը, ամենալարված աստիճանը, որին հաջորդում է հանգույցի լուծումը: Կուլմինացիան հատկապես ցայտուն է սյուժետային ուժեղ բախումներով երկերում (Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում Ավարայրի ճակատամարտը, Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայում այն տեսարանը, երբ Էլիզբարովն այրում է փաստաթղթերը):
ԿՈՒԼՅԱԲ, քաղաք (1934 թվականից) Տաջիկական ՍՍՀ–ում, Կուլյաբի մարզի կենտրոնը, Յախսու գետի հովտում, Դուշամբեից 202 կմ հեռավորության վրա: 51 հազ. բնակիչ (1977թ.): 79,3 հազ. բնակիչ (1991թ.): Ունի մանկավարժական ինստիտուտ, երաժշտական–դրամատիկական թատրոն: Նախկինում եղել է Բուխարայի խանության Կուլյաբի բեկության կենտրոնը, առևտրական խոշոր կետ Հյուսիսային հովտի և Աֆղանստանի միջև: Ունի մարտկոցների արտադրության, բամբակամաքրման, սննդարդյունաբերական և այլ գործարաններ[3]:
ԿՈՒԼՅԱԲԻ ՄԱՐԶ, Տաջիկական ՍՍՀ կազմում: Առաջին անգամ կազմվել է 1939 թվականի հոկտ. 27-ին, լուծարվել է 1955 թվականի օգոստտոսի 28-ին, նորից կազմվել 1973 թվականի դեկտեմբերի 29-ին: Գտնվում է Տաջիկական ՍՍՀ հարավում, սահմանակից է Աֆղանստանին: Տարածությունը 13 հզ. կմ2 է, բնակչությունը 490 հզ. (1979թ.): Բնակչությունը 621 հազ. մարդ (1989թ.), որից քաղաքայինը՝ 25%: Կուլյաբի մարզը բաժանվում է 8 շրջանի, ունի 2 քաղաք, 6 քաղաքատիպ ավան: Կենտրոնը՝ Կուլյաբ: Միջին ջերմաստիճանը հուլիսին 23°C-ից բարձր է:
Մարզի հյուսիսում և արևելքում ձգվում են Խազրատիշոխ (4484 մ), Վախշի (3141 մ) և այլ լեռնաշղթաներ, որոնք իրարից բաժանված են գետահովիտներով և Պետրոս Առաջին ու Դարվազյան (Պամիրա–Դարվազյան լեռնային համակարգ) լեռնաշղթաների ճյուղավորումներն են: Տարածքի զգալի մասին բնորոշ են բլրաշարաթմբային ռելիեֆի ձևերը: Համեմատաբար հարթ տարածություններ կան մարզի հարավ–արևմուտյան ցածրադիր մասում: Օգտակար հանածոներից կան քարաղ (Խոջամումին, Խոջասարտիս), այրվող թերթաքարեր, ասբեստ, բազմամետաղներ, շինանյութեր: Կլիման ցամաքային է: Հարավ–արևմտյան հարթավայրային տարածություններում հունվարի միջին ջերմաստիճանը 0°C-ից –2°C է, հուլիսինը՝ 28–30°C, նախալեռներում՝ համապատասխանաբար –2°C-ից –4°C, 20–24°C: Տարեկան տեղումները հարավ–արևմտյան առավել ցածրադիր մասում 200–400 մմ են, մնացած մասերում՝ 600–800 մմ: Լեռներում լավ է արտահայտված կլիմայական բարձր գոտիականությունը: Խոշոր գետերն են Փյանջը (Ամուդարյայի վերին հոսանքը) և նրա աջ վտակները: Միջլեռնային հովիտներում և լեռնալանջերին աճում են պտղատու վայրի ծառեր: 2400–3500 մ վեր տարածված է բարձրլեռնային մարգագետնա–տափաստանային բուսականությունը:
Բնակիչները հիմնականում տաջիկներ են, կան նաև ուզբեկներ, ռուսներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 38 մարդ է: Քաղաքներն են Կուլյաբը, Փանջը:
Արդյունաբերության մեջ առաջատար են թեթև (համախառն արտադրանքի 61%) և սննդի (26%) ճյուղերը:
Մշակում են բամբակենի, հացահատիկային, կերային, բոստանային կուլտուրաներ: Անասնապահությունն ունի մսակաթնատու ուղղություն: Բուծում են կարակուլային ոչխարներ:
Ավտոճանապարհների երկարությունը 2572 կմ է, կա նեղգիծ երկաթուղի, օդային հաղորդակցություն: Կուլյաբի մարզում գործում են մանկավարժական ինստիտուտ, 219 գրադարան, 7 կուլտուրայի տուն, 191 ակումբ, 7 ժողովրդական թատրոն, երաժշտա–դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, 43 հիվանդանոց, 7 առողջարան: Հրատարակվում է մարզային թերթ:
-
Կուլյաբի մարզ, Կուրգան Տյուբեի մարզ
ԿՈՒԼՈՆ (Coulomb) Շառլ Օգյուստեն (1736 թ. հունիսի 14, Անգուլեմ – 1806 թ. օգոստոսի 23, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս: Փարիզի ԳԱ անդամ
- ↑ http://scnc.ru/enc.php?alpha=12&id=31184&mode=showart&slogБольшой энциклопедический словарь (БЭС) → К
- ↑ http://kinofilms.tv/person/aman-kulmamedov/
- ↑ http://scnc.ru/enc.php?mode=showart&id=31217&slog=15&alpha=Большой энциклопедический словарь (БЭС) → К → КУ