ծումը։ Դասակարգային սուր պայքարով ուղեկցվող ռեֆորմի շնորհիվ բարելավվեց աշխատավոր գյուղացիության վիճակը, ամրապնդվեց նրա համախմբումը սովետական իշխանության շուրջը, հեշտացավ Միջին Ասիայի և Ղազախստանի ժողովուրդների անցումը սոցիալիզմին՝ շրջանցելով կապիտալիզմը։
ՀՈՂԱՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1914-ին ուներ 359 (50 տուն) հայ բնակիչ։ Ապրում էին նաև մահմեդականներ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Հ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՀՈՂԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հողի անհատական կամ կոլեկտիվ յուրացման պատմական ձև։ Արտահայտում է մարդկանց հասարակական-արտադրական այն հարաբերությունները, որոնց առաջացման հիմքը հողի՝ որպես ցանկացած արտադրության պայման ու գլխավոր արտադրամիջոց (գյուղատնտեսության և անտառատնտեսության մեջ) լինելու հատկությունն է։ Այդ հարաբերությունների պատմական ձևերը համապատասխանում են որոշակի արտադրաեղանակի և փոփոխվում են հասարակության արտադրողական ուժերի զարգացման ազդեցության հետևանքով։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայում Հ-յան ձևերի բազմազանության մեջ առանձնացվում է որևէ մի, առավել բնորոշ ու տիրապետող ձևը։ Ընդ որում, Հ-յան նոր ձևերը, որպես կանոն, ծագում են հին տնտեսակարգի ընդերքում, միաժամանակ հարմարվում և շարունակում են գոյատևել նորի պայմաններում։ Հ-յան առաջին ձևը համայնականն էր (ցեղային, տոհմային և նահապետական ընտանեկան համայնք), որը բնորոշ էր նախնադարյան համայնական հասարակարգին։ Աշխատանքի բաժանման, զարգացման և փոխանակության ծագման հետ առաջացավ մասնավոր Հ., որի հետևանքով համայնական Հ. աստիճանաբար վերացավ։ Ստրկատիրական հասարակարգում առկա էր Հ-յան մի քանի ձև՝ համայնական, տաճարային, պետ., մասնավոր (անհատական): Այդ ձևերն առավել բազմազան դարձան ֆեոդալիզմի պայմաններում. բենեֆիցիում, ավատ (ֆեոդ), ալլոդ (միջնադարյան Եվրոպայում), վոտչինա, կալվածք (Ռուսաստանում), պետ., եկեղեցական հողեր, մուլք, խոշոր ֆեոդալական կալվածք (Արևելքում) ևն։ Հետագայում ծագեց մասնավոր կապիտալիստական Հ., որը հաստատվում էր լենդլորդերի ու կապիտալիստների ձեռքում հողի կենտրոնացման, անմիջական արտադրողների հողազրկման, հողը ապրանքի վերածելու ուղիով։ Զուգահեռաբար, հողի վարձակալության և գրավադրման (տես Հիպոթեկ) իրավաձևերով ընթացավ նաև Հ-ից ու հողասեփականատիրոջից հողի՝ որպես տնտեսության օբյեկտի անջատման պրոցեսը, և Հ. վերածվեց միայն տիտղոսի, որը հողային ռենտայի յուրացման իրավունք է տալիս։ Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում հողային հարաբերությունների մեջ ուժեղանում է բուրժ. պետության միջամտությունը, ելնելով մոնոպոլիաների շահերից՝ սահմանափակում է մասնավոր հողատերերի իրավունքները, ռազմ, նպատակներով բռնագրավում հողը, Հ. կենտրոնացնում խոշոր տնտեսություններում ևն։ ՍՍՀՄ-ում (ինչպես և ՄԺՀ-ում) ամբողջ հողը և դրա ընդերքը պետ. (համաժողովրդական) սեփականություն են։ ՍՍՀՄ պետ. հողային ֆոնդը կազմված է. ա. գյուղատնտ. նշանակության հողերից, որոնք հանձնված են կոլտնտեսություններին, սովետական տնտեսություններին և այլ հողօգտագործողների՝ գյուղատնտ. նպատակներով օգտագործելու համար, բ. քաղաքների, քտա-ների և գյուղական բնակավայրերի հողերից, գ. արդյունաբերության, տրանսպորտի, առողջարանների, արգելավայրերի և ոչ գյուղատնտ. նշանակության այլ հողերից, դ. պետ. անտառային ֆոնդից, ե. պետ. ջրային ֆոնդից, զ. պետ. պահեստահողերից։ Դրանց համար սահմանված են իրավական տարբեր ռեժիմներ, որոնք ապահովում են հողի առավել արդյունավետ օգտագործումը (տես Հողօգտագործում): Սոցիալիստական մյուս երկրներում գոյություն ունի Հ-յան երեք ձև՝ պետ., կոոպերատիվ ու մանր ապրանքարտադրողների մասնավոր աշխատանքային Հ. (վերջինը սահմանափակված է սոցիալիստական պետության կողմից): Բոլոր դեպքերում Հ. այս երկրներում ենթարկված է սոցիալիստական շինարարության նպատակներին։
ՀՈՂԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, որոշակի հողամասի նկատմամբ տվյալ անձի (ֆիզիկական և իրավական) իրավունքի ճանաչում՝ պատմականորեն ձևավորված հիմունքներով (սեփականության, օգտագործման, տնօրինման իրավունք ևն), որոնք պայմանավորում են նրա տիրոջ համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Այն դեպքում, երբ հողը տնօրինողը և սեփականատերը միևնույն անձն է, Հ. հասկացությունը նույնանում է հողասեփականության հետ։ Հողասեփականության որոշակի ձևի սահմաններում սովորաբար առաջանում են մանր, միջին և խոշոր Հ-յան տարատեսակներ, որոնց համար բնորոշ են իրավական տարբեր ռեժիմներ։Ռուսաստանում, օրինակ, տարբերվում էին տերունական, ավատական, վանքապատկան, մասնավոր կալվածատիրական (ազնվականական), գյուղացիների, ֆաբրիկատերերի մասնավոր Հ. ևն։ Սակայն միշտ չէ, որ Հ. (հողի տնօրինումը) համընկնում է հողասեփականության (մասնավոր, պետ. ևն) հետ։ Այն կարող է ծագել նաև հողասեփականությունից առաջ կամ անջատ լինել նրանից։ Օրինակ, Հին Հռոմում Հ. դիտվում էր որպես առանձնահատուկ, սեփականությունից անկախ իրավահարաբերություն, իսկ ֆեոդալական Արևելքում, ուր հողի գերագույն սեփականատերը պետությունն էր, հողի մասնավոր սեփականություն գոյություն չուներ, մինչդեռ առկա էին մասնավոր ու համայնական Հ. և հողօգտագործումը։ Մինչև XVIII դ. սկիզբը Հ-ից հողասեփականության սահմանազատումը բնորոշ էր նաև Ռուսաստանին։ Զարգացած կապիտալիստական երկրներում տեղի է ունենում հողասեփականությունից և հողասեփականատիրոջից հողի՝ որպես տնտեսության օբյեկտի, անջատման պրոցես։ Գյուղատնտեսության մեջ կենտրոնական դեմք են դառնում հողասեփականատերն ու կապիտալիստ-վարձկալը։ Վերջինը որոշակի ժամկետով և վճարով հողասեփականատիրոջից ստանում է հողօգտագործման և Հ-յան իրավունք, ու, չլինելով անմիջական արտադրող, լիիրավ տնօրինում է հողը։ ՍՍՀՄ-ում ազգայնացման շնորհիվ հողի գերագույն և միակ սեփականատերը պետությունն է։ Հ., որպես հողօգտագործման իրավունք., լիովին ածանցյալ է, կախված է հողի պետ. սեփականության իրավունքից։ Բացառվում է հողի առուծախը, այն չի կարող ապրանքաշրջանառության, փոխառության, վարձակալության, նվիրատվության, ժառանգության օբյեկտ լինել, արգելվում է առանց պետության իրավասության, հողօգտագործողների միջև փոխանակել հողը (տես Հողային իրավունք): Հողատիրության ձևերը Հայաստանում։ Հայկ. լեռնաշխարհում նախնադարյան համայնական հասարակարգի քայքայումով և ստրկատիրական կարգերի հաստատմամբ, հողը, որը համայնքի սեփականությունն էր, հիմնականում կենտրոնացավ ստրկատերերի ձեռքին։ Արլ. տիպի հին ստրկատիրական պետությունում՝ Վանի թագավորությունում (մ. թ. ա. IX-VI դդ.) Հ-յան ձևերն էին. արքունականը (պետ.), տաճարայինը, մասնավորը (ազնվական դասի, ինչպես նաև զինվորների ու աստիճանավորների տնտեսությունները), համայնականը։ Վերոհիշյալ Հ-յան ձևերը հիմնականում պահպանվեցին մ. թ. ա. VI դ. Հայաստանում հաստատված Երվանդունիների արլ. տիպի միապետություններում։ Մ. թ. ա. VI դ. 2-րդ կեսից մինչև մ. թ. ա. IV դ., երբ Հայաստանը Աքեմենյան աշխարհակալության կազմում էր, հողի սեփականատերը նվաճող պետությունն էր։ Արտաշեսյան Հայաստանում (մ. թ. ա. II-I դդ.), հելլենիստական մյուս պետությունների օրինակով, հողը բաժանված էր երկու մասի, առաջին՝ միապետի անձնական, երկրորդ՝ տեղական տոհմապետիշխողների, թագավորի հարազատների, տոհմիկ ավագանու, քաղաքների, տաճարների, առանձին քաղաքացիների ու քրմերի սեփականության։ Տնտ. միավոր էին դաստակերտներն ու ագարակները, որոնք որոշ ձևափոխումներով պահպանվեցին նաև ֆեոդալական դարաշրջանում։ Ագրարային հարաբերությունների հիմքում շահագործվող գյուղական համայնքն էր, որը, լինելով միջանկյալ օղակ տոհմատիրական և ֆեոդալական հարաբերությունների միջև, վաղ ֆեոդալական հարաբերությունների հատկանիշների կրողն էր հելլենիստական ժամանակաշրջանի Հայաստանում։ Ֆեոդալական Հ-յան ձևավորման գործում զգալի դեր խաղաց նաև պայ֊