Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/536

Այս էջը սրբագրված է

վարձակալի և վարձու բանվորի տնա. հարաբերությունները։ Հ. վ-յան այս ձևը տարածված է հիմնականում զարգացած կապիտալիստական երկրներում։ Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներում հողօգտագործման հիմնական ձևը մնում է հողի գյուղացիական վարձակալությունը։ Վարձավճարը տրվում է բնեղեն, դրամական և խառը ձևերով։ Արևելքի երկրների մեծ մասում վարձավճարը տատանվում է բերքի 20-60%-ի սահմաններում։ Զարգացած կապիտալիստական երկրներում Հ. վ-յան նշանակությունը XX դ. 60-ական թթ. խիստ նվազում է՝ գյուղատնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացի և գյուղատնտեսության պետ. կարգավորման ազդեցության հետևանքով։ Նկատվում է նոր միտում՝ հողի սեփականատերը և կապիտալիստ-վարձակալը միանձնավորվում են, ավելանում է սեփական ֆերմաների թիվը։ Սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո, հողի խոշոր մասնավոր սեփականության վերացմամբ, վարձակալության շահագործողական ձևերն արգելվեցին։ Թույլատրվում էր աշխատանքային Հ.վ., և միայն այն տնտեսություններին, որոնք իրենց ամբողջ հողամասը (ներառյալ վարձակալած) մշակում էին ընտանիքի ուժերով՝ առանց վարձու աշխատանքի շահագործման։ Աշխատանքային Հ. վ. ՍՍՀՄ-ում գոյատևել է մինչև 1930-ը։ Եվրոպայի սոցիալիստական երկրներում Հ. վ. պահպանվում է մի քանի ձևերով։ Թույլատրվում է մասնավոր տնտեսությունների կողմից գյուղացիների կամ պետ. հողի վարձակալումը, ընդ որում, ամբողջ մշակելի տարածությունը չպետք է գերազանցի օրենքով սահմանված չափերը (Լեհաստանում, Հունգարիայում, Հարավսլավիայում): Գոյություն ունի նաև հակառակ ձևը. պետ. կամ կոոպերատիվ տնտեսությունների կողմից մասնավոր անձանց Հ. վ.։ Հողային հարաբերությունների ձևերից է նաև կոոպերատիվների եկամտի մի մասի բաշխումն ըստ հանրայնացված հողափայի, որն իր տեղը աստիճանաբար զիջում է ըստ աշխատանքի բաշխման սոցիալիստական սկզբունքին։

Ն. Մանասերյան

ՀՈՂԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, հողի, որպես արտադրության միջոցի և բնական հարստության համեմատական ու բացարձակ արժեքավորում՝ որոշում՝ ելնելով դրա բնական ու տնտեսական պտղաբերությունից, հողամասի տեղադրությունից և այլ պայմաններից։ Հիմնականում իրականացվում է հողի որակական գնահատման ժամանակ, դրա ագրոարտադրական դասակարգման հիման վրա։ Բալային գնահատումը պատկերացում է տալիս և՝ հողի, և՝ տնտեսության եկամտաբերությանը, բերքատվությանն ու հարկի չափին ներկայացվող պահանջների մասին։ Կապիտալիզմի ժամանակ Հ. տ. գ. վճռորոշ ազդեցություն է թողնում հողի գնի և վարձակալական վճարի վրա։ ՍՍՀՄ-ում այն նախատեսված է «ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներով» (1968) և կազմում է հողային կադաստրի բաղկացուցիչ մասը։

ՀՈՂԻ ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ, օդի հաշվեկշիռ, որ բնութագրվում է հողում օդի քանակի և կազմի պարբերական փոփոխությամբ։ Մեծ նշանակություն ունի հողի մանրէների կենսագործունեության, բույսերի աճման և զարգացման համար։ Հ. օ. ռ. ջրային և սննդային ռեժիմի հետ հողի բերրիության կարևոր գործոն է։ Հողի օդը կարող է լինել ազատ վիճակում (դատարկություններում, որոնք լցված չեն ջրով), աբսորբված (հողի մանր անցքերում), աբսորբված (հողի մասնիկների մակերևույթին) և հողի լուծույթում։ Բույսերի համար առավել կարևոր է ազատ վիճակում գտնվող օդը, որի պարունակությունը կախված է հողի ծակոտկենությունից և խոնավությունից։ Հողի օդն իր կազմով տարբերվում է մթնոլորտայինից. այնտեղ ավելի շատ են ածխաթթու գազը և ջրային գոլորշիները, թթվածնի կոնցենտրացիան վերին շերտում 0,5-1,5%-ով պակաս է, առանձին դեպքերում կարող են կուտակվել ծծմբաջրածին և մեթան, ինչպես նաև ցնդող կամ գազանման օրգ. որոշ նյութեր։ Թթվածինն անհրաժեշտ է բույսերի շնչառության և մանրէների կենսագործունեության համար։ Ածխաթթուն հողում առաջանում է մանրէների և հողի ֆաունայի գործունեությունից, արմատների շնչառությունից և այլ կենսաքիմիական պրոցեսներից։ Ածխաթթվի պարունակությունը կախված է հողի տիպից և մեխանիկական կազմից։ Ածխաթթվի առավել քանակը դժվարացնում է արմատների շնչառությունը։ Կենսական պրոցեսների բնականոն ընթացքը կախված է հողի աերացիայից՝ հողի և մթնոլորտային օդի գազափոխանակությունից։ Հողի վատ աերացիան (թթվածնի պակասը և ածխաթթու գազի ավելցուկը) բացասաբար է ազդում սերմերի ծլունակության և բույսերի աճի վրա, նպաստում ախտածին մանրէների զարգացմանը և ուժեղացնում վերականգնման պրոցեսները։ Հողի տարբեր տիպերն ունեն ոչ միանման օդային ռեժիմ։ Օրինակ, սևահողերը, որոնք ունեն լավ ծակոտկենություն, շատ օդ են պարունակում։ Ճմա-պոդգոլային և պոդզոլային հողերը, սովորաբար ծանր մեխանիկական կազմ ունեն, ոչ հավասարաչափ և ավելորդ խոնավության պայմաններում հաճախ զուրկ են օդային բնականոն ռեժիմից։ Գյուղատնտ. բույսերի բարձր բերքի համար ջրի և օդի լավագույն փոխհարաբերությունը հողում համարվում է այն, երբ ծակոտիների 60% -ը լցված է ջրով, իսկ 40% -ը՝ օդով։ Հ. օ. ռ-ի բարելավման հիմնական միջոցառումներն են՝ հողի ճիշտ մշակումը, պարարտացումը օրգ. նյութերով (գոմաղբ, տորֆ, կանաչ պարարտացում), կնձկանման կառուցվածքի ստեղծում, խորը վար, միջշարքերի փխրեցում, ցանքսերի փոցխում, ցամաքուրդի, չորացնող առուների կիրառում։

Ի. Փարսադանյան

ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ քամու հոսքի կինետիկ էներգիան էլեկտրականի փոխակերպող հողմաէներգետիկական տեղակայանք։ Բաղկացած է հողմաշարժիչից, էլեկտրական հոսանքի գեներատորից, հողմաշարժիչի և գեներատորի աշխատանքը կառավարող ավտոմատ սարքերից, դրանց տեղակայման ու սպասարկման կառույցներից։ Հ-ները կառուցվում են գյուղական վայրերում, անապատային, կիսաանապատային, արկտիկական և այլ գոտիներում, որոնք բնութագրվում են քամու օպտիմալ ռեժիմով (քամու տարեկան միջին արագությունը՝ 5 մ/վրկ) և կենտրոնացված էլեկտրամատակարարման ցանցերից հեռու են։ Աշխարհում առաջին Հ. իներցիոն կուտակիչով (հզորությունը՝ 8 կվտ) կառուցվել է 1929-30-ին, ՍՍՀՄ-ում (Կուրսկ քաղաքում): Փոքր հզորության (մինչև 3 կվտ) Հ-ներն ունեն հաստատուն կամ փոփոխական հոսանքի գեներատորներ և աշխատում են էլեկտրաքիմիական կուտակիչների մարտկոցներով, որոնք ծառայում են ոչ միայն քամու բացակայության դեպքում էներգիա ապահովելու, այլև լարման բաբախումները հարթելու համար։ Միջին և մեծ հզորության Հ-ներն արտադրում են փոփոխական հոսանք։ Քամու բացակայության դեպքում աշխատելու համար Հ. ունի պահեստային ջերմային շարժիչ։

ՀՈՂՄԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ, գիտության և տեխնիկայի ճյուղ, մշակում է քամու էներգիայի օգտագործման տեսական հիմունքները, մեթոդներն ու միջոցները՝ մեխանիկական, էլեկտրական և ջերմային էներգիա ստանալու համար, ինչպես նաև որոշում ժողտնտեսության մեջ հողմաէներգիայի նպատակահարմար օգտագործման բնագավառներն ու մասշտաբները։ Տարբերում են 2 հիմնական բաժին՝ հողմատեխնիկա, որը մշակում է տեխ. միջոցների (ագրեգատների ու տեղակայանքների) նախագծման տեսական հիմունքներն ու գործնական եղանակները, և հողմակիրառում, որն ընդգրկում է քամու էներգիայի օպտիմալ օգտագործման, տեղակայանքների ռացիոնալ շահագործման տեսական ու գործնական հարցերը, ժողտնտեսության մեջ այդ տեղակայանքների կիրառման փորձի ընդհանրացումը։ Հողմաէներգիան, որ գործնականում անսպառ է, օգտագործվում է ջրի բարձրացման, դրենաժի, հացահատիկն աղալու, կուտակիչները լիցքավորելու համար և արտադրական այնպիսի պրոցեսներում, որոնք թույլատրում են էներգիայի մատակարարման ընդհատումներ, ՍՍՀՄ հողմաէներգիայի պոտենցիալ պաշարները մոտավորապես հավասար են 18* 1012 կվտ*ժ։ Քամու էներգիայի օգտագործման հաշվարկների համար կազմում