Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/538

Այս էջը սրբագրված է

տեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական նորմերի համակարգ, որով կարգավորվում են հողօգտագործման հարաբերությունները ՍՍՀՄ-ում։ Հողօգտագործման հիմքում դրվում է հողի նկատմամբ պետության բացառիկ սեփականության սկզբունքը (տես ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 11): Հ. ի. ծագում է հողի հատկացման պետ. ակտով, որով հողօգտագործողները ձեռք են բերում որոշակի իրավունքներ և ստանձնում պարտականություններ։ Հողի հատկացմամբ պետությունը հողի բացառիկ սեփականատիրոջ իրավունքը չի կորցնում, հողօգտագործման իրավունքը մնում է այդ իրավունքից ածանցյալ և նրան ենթակա։ Սակայն Հ. ի. ինքնուրույն իրավունք է, հողօգտագործողն իր իրավունքներն իրականացնում է անկախ՝ հողօգտագործման սոցիալիստական սկզբունքներին համապատասխան. ՍՍՀՄ-ում հողը մարդու շահագործման միջոց չէ, հողօգտագործումը ծառայում է կոմունիստական շինարարության շահերին։ Հ. ի. ՍՍՀՄ-ում նպատակային է. հողօգտագործողներն իրավասու են ն. պարտավոր հողն օգտագործել միայն այն նպատակով, ինչ նպատակով հատկացվել է (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդված 18): Հողօգտագործման իրավունքը կայուն իրավունք է, չի կարող վերացվել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում ու ժամկետներում (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդված 10): ՍՍՀՄ-ում հողօգտագործումը լինում է ժամկետային և անժամկետ, իր հերթին ժամկետային հողօգտագործումը՝ կարճաժամկետ (մինչև 3 տարի) և երկարաժամկետ (մինչև 10 տարի): Հողօգտագործման առանձին տեսակների համար կարող է սահմանվել ավելի երկարատև ժամկետ (սակայն 25 տարուց ոչ ավելի): Հ. ի., որքանով հողը, համաժողովրդական սեփականություն է, ձեռք է բերվում անհատույց։ Ըստ սուբյեկտների, օբյեկտների և նպատակային նշանակման, հողօգտագործման իրավունքը լինում է՝ հասարակական և անձնական, առաջնային և երկրորդային, գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակության (տես Հատուկ նշանակության հողեր), պետ., հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների, ձեռնարկությունների ու հիմնարկների, քաղաքացիների և ընտանեա-աշխատանքային միավորների։ Հ. ի. կարող են ձեռք բերել նաև այլ կազմակերպություններ ու քաղաքացիներ։ Հ. ի. կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված դեպքերում (ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներ, հոդվածներ 14-15, ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդվածներ 32-33): Ա. Իսկոյան

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, հողի օգտագործումը ավանդույթներով սահմանված կամ օրինական կարգով։ Հ-ման համակարգը, ձևերը և տեսակները կազմավորվում և փոփոխվում են հասարակության տնտ. հարաբերությունների զարգացմանն ու հաջորդափոխմանը համընթաց։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման և դրա հետ կապված նստակեցության անցնելու հետևանքով, աստիճանաբար հողը բաժանվեց տոհմերի, ցեղերի, համայնքների, հետագայում նաև ընտանիքների միջև, որի շնորհիվ առաջացան Հ-ման կայուն ձևեր։ Հնագույն համայնքներում Հ. ուներ հանրային ձև, համայնքի անդամների միջև բաշխվում էր միայն համատեղ աշխատանքով ստեղծված արդյունքը։ Ավելի ուշ, չնայած վարելահողը մնում էր գյուղական համայնքի սեփականությունը, սակայն պարբերաբար վերաբաշխվում էր անդամների (ընտանիքների) միջև, և յուրաքանչյուր ընտանիք մշակում էր իր օգտագործմանը տրված հողը (փաստացի հողօգտագործողն էր) ու յուրացնում ստացված արդյունքը։ Հակամարտ դասակարգային բոլոր ֆորմացիաներում Հ-ման համակարգերը, դրա հիմնական ձևերն ու տեսակները պայմանավորված էին շահագործող դասակարգերի հողասեփականության իշխող ձևերով։ Ստրկատիրական հասարակարգում Հ. հիմնված էր ստրուկների, հողի և արտադրության մյուս միջոցների նկատմամբ ստրկատիրոջ մասնավոր սեփականության վրա։ Գոյություն ուներ նաև ազատ գյուղացիների մանր Հ., որի հիմքը ևս հողի մասնավոր սեփականությունն էր։ Ֆեոդալիզմի ժամանակ Հ. հիմնված էր ֆեոդալական սեփականության զանազան հիերարխիկ ձևերի, ճորտային կամ ֆեոդալական կախման մեջ գտնվող գյուղացիների աշխատանքի վրա։ Բաժնետուր Հ-ման ժամանակ հողին ամրացված ճորտ գյուղացիները զուրկ էին սեփական հողից և Հ-ման համար հարկադրված էին կատարելու աշխատանքային զանազան պարհակներ, տալ հարկեր ու տուրքեր։ Առհավետ ժառանգական Հ-ման ժամանակ գյուղացին անձնապես ազատ էր, բայց պարտավոր էր բնեղեն կամ դրամական հարկ վճարել հողատիրոջը։ Ֆեոդալիզմի զարգացման բոլոր էտապներում կային նաև ազատ գյուղացիներ, որոնց Հ-ման հիմքը նրանց ազատ (ալլոդ) հողասեփականությունն էր։ Կապիտալիզմի պայմաններում Հ-ման համակարգը հիմնված է հողի մասնավոր (կապիտալիստական կամ մանր աշխատանքային գյուղացիական) սեփականության իրավունքի կամ հողի վարձակալության պայմանագրի վրա։ ՍՍՀՄ զարգացման տարբեր էտապներում Հ-ման ձևերը փոփոխվել են։ Գյուղատնտեսության կոլեկտիվացման և երկրի ինդուստրացման շնորհիվ վերջնականապես հաստատվեց Հ-ման սոցիալիստական համակարգը, որն ընդգրկում է պետ. ձեռնարկությունների, կոլտնտեսային, միջկոլտնտեսային և կոոպերատիվ այլ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների (արհմիութենական, մարզական ևն) և առանձին քաղաքացիների Հ.։ Հողամասերի հատկացումը և դրանց չափերը սահմանվում են օրենքով։ Սոցիալիստական մյուս երկրներում հողային հարաբերությունների համար բնորոշ է հողի հանրայնացման և նրա մասնավոր սեփականության պահպանման պայմաններում հանրային Հ-ման ընդլայնման միտումը։ ՀՍՍՀ-ում հիմնական հողօգտագործողները պետ. և կոլտնտեսային ձեռնարկություններն են։ 1977-ին պետ. տնտեսությունների հողատարածությունը 1514,9 հզ. հա էր, կոլտնտեսություններինը՝ 749,0 հզ. հա, իսկ բանվոր-ծառայողների անձնական օգտագործմանը հատկացված հողերը՝ 27,4 հզ. հա։ Հողը կազմակերպություններին ու առանձին քաղաքացիներին օգտագործման է տրվում ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի կամ ժողովրդական դեպուտատների սովետի Գործադիր կոմիտեների որոշմամբ։

Ն. Մանասերյան

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ, ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր։ Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված Հ., որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը ևն։ Հ. կարող են օգտագործվել ոճական նկատառումներով, հատկանիշի կամ երևույթի դրսևորման չափերը նշելու, սուբյեկտի հուզական երանգներն արտահայտելու համար ևն (տես նաև Հոմանիշություն):

ՀՈՄԱՆԻՇՈՒԹՅՈՒՆ, լեզվի արտահայտության և բովանդակության պլանների (ձևի և բովանդակության) փոխհարաբերությունները բացահայտող լեզվական երևույթ, որով բնութագրվում են ձևով (հնչյունակազմով) տարբեր, սակայն իմաստով նույն կամ խիստ մոտ բառերը, ձևույթները, բառաձևերը, բառակապակցությունները, նախադասությունները ևն։ Հ. ունի համակարգային բնույթ և հատուկ է լեզվական այն մակարդակներին, որոնք ունեն իմաստակիր միավորներ։ Հոմանիշները լինում են բառական և քերականական։ Բառական հոմանիշները ընդգրկում են լեզվի բառական համակարգը, դրանք ձևով տարբեր, իմաստով նույն կամ նման բառերն են, որոնք կազմում են հոմանիշական շարքեր՝ քաջ-արի-խիզախ, մազ-հեր-վարս-ծամ ևն։ Այս խմբի մեջ են մտնում նաև բառադարձվածային հոմանիշները՝ հաջողվել-գլուխ գալ, խռովել-երես դարձնել։ Քերականական հոմանիշները երևան են գալիս լեզվի քերականական համակարգում և, ի տարբերություն բառական հոմանիշների, ունեն շատ ենթատեսակներ՝ հոմանիշ ձևույթներ (ի-վա-ոջ, եր-ներ-ք-ենք ևն), բառաձևեր (կանգնել եմ-կանգնած եմ, գրելու եմ, պիտի գրեմ), բառակապակցություններ (գիրքը դնել սեղանին գիրքը դնել սեղանի վրա), նախադասություններ (Հեռվից նկատելի է Հեռվից նկատվում է, Ինչո՞ւ ես հուզվում Մի՝ հուզվիր) են, որոնք խմբավորվում են «ձևաբանական և շարահյուսական հոմանիշներ» տեսակների մեջ։ Կան նաև բառաքերականական հոմանիշներ, այս դեպքում հոմանիշական շարք են կազմում բառական և քերականական միավորները (գարնան-գարնանային, արագընթաց-արագ ընթացող): Հոմանիշների բնորոշման համար խիստ կարևոր է այն հանգամանքը, որ նրանք, մատնանշելով նույն առարկան, հատկանիշը, առարկայական հարաբերությունը, սովորաբար ունենում են նրբիմաստա֊