Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/550

Այս էջը սրբագրված է

վրա ստեղծված են ավտոմատ գծեր՝ դրանք դետալների բեռնման ու բեռնաթափման մեխանիզմներով, միջհաստոցային տրանսպորտով, կառավարման համակարգով սարքավորելու միջոցով: Հ. գ–երը լինում են. անհատական՝ մեկ դետալի մշակման համար, զույգ՝ միաժամանակ երկու դետալի, և խմբային՝ միաժամանակ մի քանի դետալների մշակման կամ որոշակի հաջորդականությամբ նրանց պատրաստման համար: խոշոր օբյեկտների հոսքային հավաքման դեպքում առանձին հանգույցներն ու դետալները մատուցվում են սահմանված հաջորդականությամբ, իսկ մոնտաժը կատարում են մասնագիտացված բրիգադները: ՍՍՀՄ ձեռնարկություններում Հ. գ–երի մեջ են մտցվում աշխատանքների բոլոր տեսակները՝ մեխանիկական մշակումը, եռակցումը, ջերմային մշակումը, մամլման գործողությունները, ճնշման տակ և մետաղակաղապարներով ձուլումը են: Հ. գ–ի կիրառումն առավել արդյունավետ է շինվածքների թողարկման մեծ ծրագրեր իրականացնելիս: Սակայն աշխատանքի հոսքային մեթոդները կիրառվում են նաև սերիական, փոքր սերիական U նույնիսկ հատային արտադրություններում:

ՀՈՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Հազգոյի գավառակում: 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀՈՎԱԶ, ինձ, ը ն ձ ա ռ յ ու ծ, հովազառյուծ [Felis (Pardus) pardus], կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն: Մարմնի երկարությունը՝ մինչև 160 սմ, քաշը՝ 75 կգ: էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են: Մորթին՝ խիտ, դեղին կամ շիկակարմիր, սև խալերով: Հովազ Ապրում է անտառներում, սարերում: Սնվում է սմբակավոր կենդանիներով, թռչուններով ու կրծողներով: ՍՍՀՄ–ում հանդիպում է Անդրկովկասում, Թուրքմենիայում, Տաջիկստանում: ՀՍՍՀ է անցնում հիմնականում Թուրքիայից, իրանից: Քանակը խիստ կրճատվել է, և Հ. մտցվել է «Կարմիր գրքի» մեջ:

ՀՈՎԱԿԻՄ, Հովակիմ Եպիսկոպոս (ծն. թ. անհտ.– մոտ 1478), Կոստանդնուպոլսի հայոց առաջին պատրիարքը (1461-ից): Մինչև պատրիարք օծվելը հիշվում է որպես Բրուսայի եպիսկոպոս: Հ–ին Կ. Պոլիս է հրավիրել թուրք, սուլթան Մուհամեդ II (Մեհմեդ), որը, հիմնադրելով հայոց պատրիարքությունը, կամեցել է աշխատասեր հայ բնակչությանը կենտրոնացնել իր մայրաքաղաքում, թուրքահպատակ հայկ. թեմերը ենթարկել արքունիքի իրավասության տակ գտնվող պատրիարքությանը: Հ. ձգտել է Փոքր Ասիայի (Բուրսա, Այդըն, Կասթեմունի, Անկյուրիա, Սեբաստիա) հայկ. հոգևոր վիճակները ենթարկել Կ. Պոլսի պատրիարքությանը և ձեռք բերել կալվածքներ: Հ. նստել է Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցում:

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, տղաների երկրորդական կրթական հաստատություն: Հիմնվել է 1947-ին, Բեյրութում, «Հ. Բ. Ը. միության մանչերու բարձրագույն վարժարան» անունով: 1951-ին Մյոհրյուպե Մանուկյանի նվիրատվությամբ վարժարանի համար կառուցվել է շենք և նրա հորեղբոր՝ Սարգիս Հովակիմյանի՝ բարձրագույն վարժարան հիմնելու փափագն իրականանալու առթիվ դպրոցը վերանվանվել է «Հ. Բ. Ը. միության Հովակիմյան–Մանուկյան երկրորդական վարժարան»: Առաջնորդվում է լիբանանյան պետ. դպրոցական ծրագրով՝ տեղ հատկացնելով նաև հայագիտական առարկաներին: Ավանդվում են հայերեն (աշխարհաբար, գրաբար), մատենագրություն, արդի հայ գրականություն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, արաբ., անգլ., բնական գիտություններ, մաթեմատիկա, ընդհանուր պատմություն, գրականություն, երաժշտություն, գծագրություն և այլն: Ուսման տևողությունը 7 տարի է: Դասարանները բաժանված են առևտրական և բակալորիայի ճյուղերի: Հ–Մ. վ. ավարտողները կարող են ընդունվել տեղական և օտար բարձրագույն ուս. հաստատություններ կամ աշխատել վարչական ու առևտրական հաստատություններում: Հիմնադրման օրից տնօրենն է Ա. Թոփչյանը (մեկ տարի ընդմիջումով): Դասավանդում են Վահե–վահյանը, Գ. Ահարոնյանը և ուրիշներ:

ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ,պրոտեկցիոնիզմ, ազգային էկոնոմիկայի հովանավորման պետական տնտեսական քաղաքականություն: Իրականացվում է առևտրա՜քաղաքական արգելքների օգնությամբ, որոնք խոչընդոտում են արտասահմանյան ապրանքների հոսքը ներքին շուկա և սեփական արտադրության ապրանքների համեմատ թուլացնում դրանց մրցունակությունը: Հ. հ–ի համար բնորոշ է ազգային էկոնոմիկայի ֆինանսական խրախուսումը, ապրանքների արտահանման խթանումը: Զարգացած կապիտալիստական երկրներում Հ. հ. արտահայտում է ազգային և միջազգային խոշոր մոնոպոլիաների շահերը: Ապրանքների իրացման շուկաների և կապիտալի ներդրման ոլորտների զավթումը, բաժանումն ու վերաբաժանումը Հ. հ–ի գլխավոր բովանդակությունն է: Արդի Հ. հ–ի բաղկացուցիչ մասը ագրարային Հ. հ. է, որն առաջացել է XIX դ. վերջին, համաշխարհային ագրարային ճգնաժամի ընթացքում: Զարգացած կապիտալիստական երկրների խմբերի (օրինակ, «ընդհանուր շուկան») համաձայնեցված գործողությունների հիման վրա կազմավորվել է «կոլեկտիվ» Հ. հ.: Զարգացող երկրներում Հ. հ. նպաստում է տնտ. անկախու– թյուն ձեռք բերելուն:

ՀՈՎԱՆԵՍ ԿԱԶՄՈՂ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դարի հայ քարգործ վարպետ: Նրա կերտած երկու բարձրարվեստ խաչքարերը գտնվում են ՀՍՍՀ Կամոյի շրջանի Լանջաղբյուր գյուղում՝ ագուցված գյուղամիջի Ս. խաչ եկեղեցու արմ. պատի մեջ, մուտքի հվ. (ստեղծել է 1542-ին) և հս. (1551-ին) կողմերին: 1542-ի խաչքարի կենտրոնում փոքր խաչ է՝ շուրջը ուռուցիկ տառերով թվականը, ապա՝ սրանկյուն խորանն ու խաչը: Ունի նուրբ ու գեղեցիկ քանդակներով լայն շրջանակներ: Խորանի վերին կողմերին կազմողի հիշատակությունն է: 1551-ի խաչքարի կիսաշրջան խորանի մեջ խաչն է, երկու կողմերին՝ նուրբ զարդաքանդակներով լայն շրջանակներ, տակը՝ գունդ, որի շուրջը թվականն է ու կազմողի հիշատակությունը:

Գրկ․ Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:

ՀՈՎԱՆՈՑ, 1․ճարտարապետական փոքր ձևի կառույց զբոսայգիներում, պարտեզներում և այլուր՝ արևից, անձրևից պատըսպարվելու, մտերմիկ զրույցների (զրուց ա ր ա ն) համար: Հ–ները սովորաբար բոլոր կողմերից բաց, սյուների վրա հենվող ծածկով, հենաճաղերով կառույցներ են: 2. Արևի ճառագայթներից պաշտպանող հարմարանք՝ մի կոթի վրա ամրացրած վրանաձև բացվող ու փակվող կտորից 3. Հով տեղ, հովոց, ամառանոց: Հ–ի հայկ. հնագույն օրինակներից է Գառնիի տաճարը. Մովսես Խորենացին գրում է, որ Տրդատը, ավարտելով Գառնիի ամրոցը, «Նրա մեջ շինում է հովանոց՝ արձաններով, սքանչելի դրվագներով և բարձրաքանդակներով, իր Խոսրովիդուխտ քրոջ համար, և նրա վրա գրում է իր հիշատակը հունարեն գրերով» (Պատմություն Հայոց, 1968, էջ 229–230): Տես նաև Տաղավար, Պերգոչա:

ՀՈՎԱՆՈՏԱՎՈՐՆԵՐ (Apiaceae, Umbel- liferae), երկշաքիլ բույսերի ընտանիք: Հս. կիսագնդի բարեխառն գոտում տարածված երկամյա և բազմամյա խոտաբույսեր են, արևադարձային և մերձարեվադարձային սակավաթիվ տեսակները թփեր են կամ ցածր ծառեր: Հ–ի ցողունը սնամեջ է, հաստացած հանգույցներով: Տերևները կտրտված են, բնապատյանավոր: Ծաղկաբույլը պարզ կամ բարդ հովանոց է, երբեմն՝ գլխիկ: Ծաղիկները կանոնավոր են, մանր, մեծ մասամբ երկսեռ: Բաժակը թույլ է զարգացած, հաճախ չի նկատվում: Ծաղկաբույլերը վառ գունավորված են, ունեն հատուկ բույր, որոնցով նկատելի և գրավիչ են միջատների համար: Համարյա բոլոր օրգաններում պարունակվում են եթերային յուղեր և խեժ: Հ–ի ընտանիքն ընդգրկում է ավելի քան 280 ցեղ, մոտ 3 հզազար տեսակ, որից 140 ցեղի մոտ 750 տեսակ աճում է ՍՍՀՄ–ում: Հ–ին են պատկանում գագարը, համեմը,