Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/595

Այս էջը սրբագրված է

օպերաների լիբրետոյի հեղինակ է: Թշնամաբար է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը, ժխտել ժողովրդի իշխանությունը («Աշտարակ», 1925):

ՀՈՖՍՏԵԴԵՐ (Hofstadter) Ռոբերտ (ծնվել է 1915 թ. փետրվարի 5, Նյու Յորք - 1990 թ. նոյեմբերի 17, Սթենֆորդ), ամերիկացի ֆիզիկոս: Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1938 թ.): 1954 թ–ից՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր: 1948 թ.-ին ստեղծել է սցինտիլյացիոն հաշվիչը և կիրառել այն ɤ սպեկտրոսկոպիայում: Նախագծել է նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների գրանցման հաշվիչներ: Ուսումնասիրել է տիեզերական ճառագայթները և ռելյատիվիստական էլեկտրոնների առաջացրած կասկադային հեղեղները: Նուկլոններից էլեկտրոնների ցրման հիմնարար հետազոտությունների համար Հոֆստեդերը 1961 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:

ՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Քաղաքացիություն:

ՀՊՄԱՆ ԿԵՏ, տես Տոպոլոգիական տարածություն:

ՀՌԱԴԱՄԻԶԴ (ծննդյան և մահվան թթ. անհայտ), դրածո թագավոր Հայաստանում 51–53 թ.-ին: Իբերիայի Փարսաման թագավորի որդին: Գահակալել է հռոմեական և վրացական ուժերի օգնությամբ: 52 թ.-ին, չկարողանալով դիմադրել Տրդատ Ա Արշակունուն, փախել է Իբերիա: Տրդատի առժամանակ Պարթևաստան գնալուց հետո՝ 53 թ.-ի ձմռանը Հռադամիզդը խուժել է Հայաստան, բայց պարտվելով հայերից, կրկին ճողոպրել է Իբերիա:

ՀՌԱՆԴԵԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 64 թ. կնքվել է հռոմեական և հայ–պարթևական հրամանատարության միջև Հռանդեա վայրում: Հռոմեական կայսրությունը, փորձելով նվաճել Հայաստանը, 61 թ.-ին Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ խոշոր բանակ ուղարկեց Արևելք: 61 թ.-ի աշնանը հռոմեական բանակը Մելիտենե քաղաքի մոտով անցավ սահմանային Եփրատ գետը և ներխուժեց Մեծ Հայք: Սակայն Հայոց Տրդատ Ա թագավորի զորքերը կասեցրին թշնամու առաջխաղացումը: Բավարարվելով մի քանի սահմանային ամրությունների ու Տավրոսի կիրճերի գրավմամբ՝ հռոմեական զորքը բանակեց (ձմեռելու համար) Ծոփաց իյարբերդի դաշտի Հռանդեա վայրում (Արածանի գետից հարավ): 62 թ.-ի գարնանը պարթևական զորքերը՝ Վաղարշ Ա թագավորի, իսկ հայկական զորքերը, Տրդատի առաջնորդությամբ, ջախջախելով Տավրոսի լեռնանցքները հսկող հռոմեական զորամասերին, շրջապատեցին Հռանդեայի զորաճամբարը: Անխուսափելի կործանումից բանակը փրկելու համար Պետոսը հաշտություն խնդրեց: Բանակցություն վարող Վասակ սպարապետի (հավանաբար՝ Մամիկոնյան իշխան) պահանջով հռոմեացիները զինաթափվեցին, արձակեցին գերիներին, հանձնեցին ավարը և խուճապահար փախան Կապադովկիա: 63 թ.-ին հռոմոմեական Արևելքի զորահրամանատար նշանակվեց փորձառու Դոմետիոս Կորբուլոնը՝ պատերազմելու և հաշտության բանակցություններ վարելու արտակարգ լիազորություններով: 64 թ.-ին վերջինս մտավ Ծոփք և առաջարկեց հաշտություն՝ Տրդատի թագը Հռոմում հաստատելու և Ներոն կայսեր ձեռքից անձամբ ստանալու պայմանով: Տրդատի պահանջով հաշտությունը ստորագրվեց հռոմեական բանակի պարտության վայրում՝ ընդգծելու համար, որ նա Մեծ Հայքի գահը ստանում է իր ռազմական հաղթանակի շնորհիվ: Հռանդեայի պայմանագրով Տրդատը ճանաչվեց Հայոց թագավոր, վերականգնվեցին Մեծ Հայքի նախկին սահմաններն ու ինքնուրույնությունը, հռոմեական և պարթևական զորքերը հեռացան Հայաստանից, Տրդատը պարտավորվեց մեկնել Հռոմ և թագը ստանալ Ներոնից:

Գրականություն՝ Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաստանի և Հռովմա, Վենետիկ, 1912 թ.: Մանանդյան Հ.,Երկ., հ. 1, Ե., 1977 թ.:

ՀՌԵՄՈՍ (Remus), ըստ հին հռոմեական ավանդության Հռոմի առաջին թագավոր Հռոմուլոսի եղբայրը, որի հետ հիմնել է Հռոմը:

ՀՌԵՆՈՍ (Rhein), գետ Արևմտյան Եվրոպայում: Երկարությունը 1320 կմ է, ավազանը՝ 224,4 հզ. կմ2 (առանց Մաասի ավազանի): Հռենոսի ավազանը գտնվում է Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների սահմաններում: Ակիզբ է առնում Ալպյան լեռներից: Վերին հոսանքում, առաջացնելով սահանքներ ու ջրվեժներ, Հռենոսը կտրում է Ալպերի, Յուրայի և Շվարցվալդի լեռնաճյուղերը, անցնում Բոդենի լճով, ապա Բազել քաղաքից ներքև՝ ուղղվում դեպի հյուսիս, դուրս գալիս վերին Հռենոսյան դաշտավայր, այնուհետև անցնում նեղ հովտով, հատում Հռենոսյան թերթաքարային լեռները, հոսում Միջին Եվրոպական դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում Հյուսիսային ծովը: Ստորին հոսանքի շրջանում լայնությունը հասնում է 400–550 մ: Հունը որոշ տեղերում պատված է կարգավորող և պաշտպանող թմբերով: Հռենոսը ջրառատ է ամբողջ տարին: Հիմնական վտակներն են ձախից՝ Արեն, Մոզելը, Մաասը, աջից՝ Նեքարը, Մայնը, Ռուրը: Տարեկան միջին ծախսը գետաբերանում 2500 մ 3/վրկ է, առավելագույնը՝ 11000 մ 3/ վրկ> հոսքը՝ մոտ 79 կմ 3: Չի սառցակալում: Նավարկելի է գետաբերանից մինչև Բազել քաղաքը (886 կմ): Նավարկելի ջրային ուղիների երկարությունը գետի ավազանում մոտ 3000 կմ է: Հռենոսը ջրանցքներով կապված է Դանուբ, Ռոն, Մայն, Վեզեր, Էլբա, Էմս գետերի հետ: Կառուցված են բազմաթիվ ՀԷԿ–եր: Գլխավոր նավահանգիստներն են Բազելը, Գույսբուրգը, Մանհայմը, Լյուդվիգսհաֆենը, Ռոտերդամը: Հռենոսի ափերին է Բոննը՝ նախկին ԳՖՀ–ի մայրաքաղաքը:

«ՀՌԵՆՈՍՅԱՆ ԹԵՐԹ» (գերմաներեն լրիվ անվանումը՝ «Rheinische Zeitung fur Politik, Handel und Gewerbe», «Հռենոսյան թերթ քաղաքականության, առևտրի և արվեստի հարցերով»), ամենօրյա գերմանական լրագիր: Հիմնադրել են պրուսական կառավարությանն ընդդիմադիր լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչները: Հրատարակվել է Քյոլնում, 1842 թ.-ի հունվարի 1-ից մինչև 1843 թ.-ի մարտի 31-ը: 1842 թ.-ի ապրիլից թերթին աշխատակցել է Կ. Մարքսը, որը 1842 թ.-ի հոկտեմբերից դարձել է նրա խմբագիրը: «Հռենոսյան թերթ»-ում Մարքսը հրատարակեց մի շարք հոդվածներ, որոնք նշանավորեցին նրա անցումը իդեալիզմից դիալեկտիկական մատերիալիզմին և հեղափոխական դեմոկրատիզմից՝ կոմունիզմին: Թերթին աշխատակցել է նաև Ֆ. Էնգելսը: Շնորհիվ Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի, «Հռենոսյան թերեթ»ն ընդունեց որոշակի հեղափոխական–դեմոկրատական բնույթ, որի պատճառով ենթարկվեց պրուսական կառավարության հետապնդումներին: Դրա հետևանքով սկզբում թերթի խմբագրությունից հեռացավ (1843 թ.-ի մարտի 17) Կ. Մարքսը, ապա փակվեց նաև թերթը:

ՀՌԵՆՈՍՅԱՆ ԹԵՐԹԱՔԱՐԱՅԻՆ ԼԵՌՆԵՐ (Rheinisches Schiefergebirge), գտնվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում (մասամբ նաև Բելգիայում, Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում), ձգվում է Հռենոսի միջին հոսանքի ափերով: Երկարությունը մոտ 400 կմ է, բարձրությունը՝ մինչև 880 մ (Գրոսեր Ֆելդբերգ լեռ): Կազմված է թերթաքարերից, քվարցիտներից և այլն: Հռենոս, Մոգել, Լահ, Նաէ և այլ գետերի խոր, տեղ–տեղ կիրճաձև հովիտներով մասնատված առանձին զանգվածներ ունեն գագաթային հարթ մակերևույթներ, որոնց վրա բարձրանում են հրաբխային կոներ, մաարներ կրող 300–400 մ բարձրության լեռնաշղթաներ: Լանջերը ծածկված են անտառներով: Հռենոսյան Թերթաքարային լեռների հյուսիսում է Ռուրի ածխային ավազանը:

ՀՌԵՆՈՍՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ 1806–1813 թթ. (գերմաներեն Rheinbund, ֆրանս. Confederation du Rhin), մի շարք գերմանական պետությունների միավորումը Նապոլեոն 1-ի հովանավորության ներքո: Ստեղծվել է Ֆրանսիայի և հարավային ու արևմտյան գերմանիայի 16 պետությունների միջև կնքված (1806 թ.-ի հուլիսի 12-ին Փարիզում) պայմանագրի համապատասխան: Հռենոսյան միության անդամ պետությունները անջատվում էին «Հռոմեական սրբազան կայսրությունից» և ռազմական դաշինք կնքում Ֆրանսիայի հետ՝ փաստորեն դառնալով նրա վասալները: Մինչև 1811 թ.-ը Հռենոսյան միությանը միացան արմտյան, միջին և հյուսիսային գերմանական ևս 20 պետություններ: Անդամ–պետությունների մեծ մասում մտցվեց Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը: Հռենոսյան միությունը, որը Նապոլեոնն օգտագործեց ապահովելու համար ֆրանսիական տիրապետությունը Գերմանիայում, Լայպցիգյան ճակատամարտում (1813 թ.) նապոլեոնյան բանակի պարտությունից հետո, կազմալուծվեց:

ՀՌԵՏՈՐ (հուն. ‘ρήτωρ ), 1. Հին Հունաստանում և Հռոմում՝ ճարտասան, որ հատկապես զբաղվում էր ոչ թե գործնական, այլ ցուցադրական պերճախոսությամբ, օրինակ, հռետորական դպրոցի ուսուցիչ կամ աշակերտ: 2. Ռուսաստանում 18-19-րդ դդ. հոգևոր սեմինարիայի 5 դասարանից երրորդի՝ հռետորականի աշակերտը: Տես նաև Հռետորության:

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ, Հին Հունաստանում և Հռոմում հումանիտար բարձրագույն դպրոցի առավել տարածված տեսակ (ավելի մասնագիտացված փիլիսոփայության և բժշկության դպրոցների կողքին), մ.թ.ա. 3-րդ դ. Հունաստանում ձևավորված և մ.թ.ա. 1-ին դ. Հռոմ անցած ու մինչև անտիկ շրջանի վերջը պահպանված կրթության եռաստիճան համակարգի բարձրագույն օղակը: Տարրական (գրելու, կարդալու և հաշվելու ուսուցում) և միջնակարգ՝ քերականական դպրոցներից հետո Հռետորական դպրոցը