Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/67

Այս էջը սրբագրված է

եկեղեցական գործիչ: 1145-ից եղել է Մարաշի եպիսկոպոս, 1146-ից՝ նաև Մաբբոգի (Մեսբիջ) թեմակալ: 1160-ական թվականներին տեղափոխվել է Ամիդ: Գրել է «Մեկնությունք Հին կտակարանի», «Մեկնությունք Նոր կտակարանի», «Ընդդեմ հերետիկոսաց», «Գիրք ընդդեմ Հայոց» են: Վերջինում քննադատել է Հայոց եկեղեցուն ու նրա վրա բարդել 35 մեղադրանք (դավանական, ծիսական են): Տեղեկություններ է հաղորդել նաև Հայոց ու Հակոբիկյան եկեղեցիների հարաբերությունների մասին:

Գրկ. Paйт B . , Kpaткий очерк истории сирийской литературы, пер. сангл., СПБ, 1902.

Հ. Մելքոնյան

ՀԱԿՈԲ-ԳՐԻԳՈՐ (Հակոբ Գրիգորի Ճրճրյան, ծն. 12.4.1905, Կ. Պոլիս), թարգմանիչ, հրապարակագիր: Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում: 1922-ին ընտանիքով փոխադրվել է Լայպցիգ (Գերմանիա), որտեղ 1927-ին ավարտել է համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև մշտական բնակություն է հաստատել Փարիզում: 1922-ից աշխատակցել է սփյուռքահայ մամուլին («ժամանակ», «Ապագա», «Պայքար», «Բազմավեպ», «Աշխարհ» ևն), որտեղ տպագրել է հրապարակախոսական, հայագիտական և այլ բնույթի գործեր, հրատարակել թարգմանություններ Գյոթեից («Քույր և եղբայր», 1929, «Կլավիգո», 1929, «Գյոց ֆոն Բեռլիխինգեն», 1965–66, «Ստելլա», 1964–65 ևն): Հրատարակվել են նաև է. Պոյի «Հայտնող սիրտը: Բերենիկե: Աև կատուն» (1925) պատմվածքների ժողովածուն, Ա. էյնշտեյնի 2 աշխատությունները «Հարաբերականության տեսության մասին» (1969, հայ.), Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ» (1971, գերմ.) գործերը ևն: Հ–Գ–ի ինքնուրույն գործերից են «Եթովպիո հայ եկեղեցին և հայերը» (1927), «Համազգային ուղղագրության և հայերենի մաքրագործման հարցերը: Պարույր Սևակի լեզվական կտակը» (1977) գրքույկները: 1974-ին ֆրանս. լույս է տեսել նրա «Ծանոթ և անծանոթ հայեր Նոյից մինչև մեր օրերը» գիրքը, որն արժանացել է Ա. Հարենցի գրական մրցանակին (1974): 1976-ին Հ–Գ. այցելել է Սովետական Հայաստան:

Վ․ Վարդանյան

ՀԱԿՈԲ Դ ՋՈւՂԱՅԵՑԻ (1598, Ջուղա– 1.8.1680, Կ. Պոլիս), հայ կաթողիկոս 1655-ից: 1605-ին, շահ Աբբասի բռնագաղթի ժամանակ, Հ. Դ Ջ–ու ընտանիքը տեղահանվել և հաստատվել է Սպահանում: Նախնական կրթությունն ստացել է Սպահանում, բարձրագույն հոգևոր ուսումը՝ էջմիածնում: Կաթողիկոսական գործունեությունն սկսել է Իրան բռնագաղթ ված հայերին Նոր Զուղայում համախմբելու ջանքերով: Ավարտել է էջմիածնի Մայր աթոռի վերակառուցումը, զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, կառուցել է ջրամբարներ ու ջրանցքներ: էջմիածնի կաթողիկոսության սեփականությունն է դարձրել մի քանի հայ գյուղեր, կարգավորել Հայոց եկեղեցու մի շարք թեմերի, Աղթամարի կաթողիկոսության, Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունների ներքին պառակտումներն ու գործերը: Հայ գրատպությունը խթանելու նպատակով Եվրոպա է ուղարկել Մատթեոս Վանանդեցուն Մատթեոս Ծարեցուն, Ոսկան Երևանցուն և ուրիշների: Պայքարել է Հայաստանում և հայկ. գաղթավայրերում տարածված կաթոլիկ քարոզիչների դեմ, միաժամանակ նամակագրական կապ պահպանել Հռոմի Ալեքսանդր VII պապի հետ՝ Հայաստանն ազատագրելու ակնկալությամբ: Նույն նպատակով 1677-ին էջմիածնում հրավիրել է աշխարհիկ և հոգևոր գործիչների խորհրդակցություն (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677), ընտրել պատվիրակություն և ուղևորվել Եվրոպա: ճանապարհին, Թիֆլիսում (1677-ի հունիսին) բանակցել է Քարթլիի Գեորգի XI թագավորի և Վրաց կաթողիկոսի հետ, նրանց հետ մշակել է հայվրացական համատեղ պայքարի ծրագիր: 1679-ի դեկտեմբերին ժամանել է Կ. Պոլիս, իր ծրագրի վերաբերյալ բանակցել տեղի հայոց պատրիարքության և թուրքահպատակ մյուս հայկ. թեմերի առաջնորդների, եվրոպացի պետ. գործիչների հետ, նամակներ հղել Լեհաստանի թագավոր Ցան Սոբեսկուն: Մահացել և թաղվել է Կ. Պոլսում: Պատվիրակությունը ետ է վերադարձել (բացառությամբ՝ Իսրայել Օրու): Չնայած հայ ժողովրդի ազատագրության հարցում իր եվրոպական կողմնորոշմանը, Հ. Դ Ջ. հեղինակ է Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչին հղված մի նամակի, որտեղ արտահայտված է Ռուսաստանից սպասվելիք օգնության և հովանավորության նրա ակնկալությունը: Հ. Դ Զ–ու նամակը հայ ժողովրդի ազատագրության ռուս, կողմնորոշմանը նպաստող քայլերից էր:

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Հովհաննիսյան Ա. Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 2, Ե., 1959: Армяно-русские отношения в XVIII веке, E., 1953.

Բ. Ուլուբաբյան

ՀԱԿՈԲ Ե ՇԱՄԱԽԵՑԻ (XVII դ. վերջ, Շամախի 21.3.1763, Վաղարշապատ), Հայոց կաթողիկոս 1759-ից, հայ ազատագրական շարժման գործիչ: Մանկությունից ուսանել ու բնակվել է էջմիածնի կաթողիկոսարանում՝ դառնալով Մայր աթոռի միաբանության նշանավոր անդամներից: Հռչակվել է որպես «գիտուն և շնորհաշատ» վարդապետ, տիրապեւոել լեզուների: 1743-ից սկսել է կազմել Գավազանագիրք՝ շարադրելով կաթողիկոսարանի անցքերը: 1747-ին այլոց հետ ենթարկվել է Ղազար Ա Ջահկեցու հալածանքներին: Մինաս Ա Ակնեցի (175153) և Աղեքսանդր Բ Բյուզանդացի (175355) կաթողիկոսների օրոք եղել է նրանց փոխանորդը և հայրապետանոցի ընդհանուր հոգաբարձու, իսկ 175559-ին՝ կաթողիկոսական տեղապահ: Կաթողիկոս է ընտրվել Կ. Պոլսում հրավիրված ժողովում, օծվել էջմիածնում, նոյեմբ. 28-ին: Նորոգել է Երևանի տարածքի մեջ մտնող Ձորագյուղի անապատը՝ դարձնելով «տուն հայրապետանիստ», կարգավորել էջմիածնի վանքապատկան կալվածագրերը: Պարսկ. խաների և կովկասյան լեռնականների փոխնիփոխ ասպատակություններին վերջ տալու և Արևելյան Հայաստանը պարսկ. տիրապետությունից դուրս բերելու նպատակով կապեր է պահպանել ժամանակի նշանավոր մի շարք գործիչների հետ: Այդ խնդրո վ 1760-ի գարնանը Վաղարշապատում զրույցներ է ունեցել էմին Հովսեփի հետ, նամակներ գրել վրաց Թեյմուրազ II և Հերակլ II թագավորներին: Կոնդակ է հղել (20.7.1760) նաև ռուսաց կայսրուհի Ելիզավետա Պետրովնային՝ խնդրելով ընդառաջել Պետերբուրգ մեկնած Թեյմուրազ II-ին և օգնել հայ ու վրաց ժողովուրդներին՝ ազատագրվելու պարսկ. լծից: Թաղված է էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու բակում:

Գրկ. Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղպատ, 1873: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Иоаннисян A. P., Иосиф Эмин E., 1945.

ՀԱԿՈԲ ԵԴԵՍԱՑԻ, Աթանաս Բ (մոտ 633, գ. էնդեբա-708, Տելլ-Ադդա վանք), ասորի պատմագիր, մեկնիչ, փիլիսոփա: 680-ից եղել է Եդեսիայի եպիսկոպոս, 684–687-ին՝ Հակոբիկյան եկեղեցու պատ-րիարք: Հրաժարվելով գահից՝ մինչև 698-ը բնակվել է Եվսեբոնա վանքում (Անտիոքի մոտ) և զբաղվել մանկավարժությամբ ու Սուրբ գրոց մեկնությամբ: Այնուհետև հաստատվել է ՏելլԱդդա վանքում (Եդեսիայի մոտ): Վերանայել է Հին կտակարանի ասորական թարգմանությունը («պեշշիտո»– պարզ), գրել «ժամանակագրություն» (ուր տվել է սկզբից մինչե 692 թ. պատմությունը), «Վեցօրյա», -«Ընդդեմ Քաղկեդոնի» երկերը, ճառեր, նամակներ, կատարել թարգմանություններ: Հայագիտության համար արժեքավոր է «Վեցօրյա» երկի Գ մասը («Աշխարհագրություն»), ուր կարևոր տեղեկություններ կան Հայաստանի և հայերի մասին: Ունի նաև փոքր գրվածք, որն ուղղված է Հայոց եկեղեցու ծիսակատարության մեջ մուտք գործած հեթանոսական սովորությունների դեմ: Գրկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8. Ասորական աղբյուրներ 1, Ե., 1976: Հ. Մեչքոնյան

ՀԱԿՈԲ ԹՈԽԱԹՑԻ [1563, ք. Եվդոկիա (Թոխաթ)–1657–1663 թթ. միջև], հայ տաղասաց, թարգմանիչ, գրիչ: Աշակերտել է Հակոբ Այվաթենց Թոխաթցուն, որից տարբերվելու համար իրեն կոչել է Հակոբ Բաթուկենց Թոխաթցի: 1593–1595-ին ապրել է Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ քաղաքում, ապա հաստատվել Զամոսցա հայաշատ քաղաքում (Արևմտյան Ուկրաինա): Հեղինակ է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (գրված 1595–96-ին), «Տաղ և ողբանք ի վերայ Եվդոկիա քաղաքին» (1604) պատմական թեմայով ողբերի, քնարական բնույթի զղջականխրատական տաղերի, գանձերի և ներբողների, «Ցակոբի Սաղմոսարան» կոչված անտիպ ընդարձակ երկի, որը Հին կտակարանի սաղմոսների չափածո վերամշակումն է (1627.150 սաղմոսները ներկայացված են հանգավոր ոտանավորով, բազմազան չափերով): Լատից հայերեն է թարգմանել հնդ. ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմության»-ը (1614), որը, խմբագրական որոշ փոփոխություններով,