հրատարակվել է 9 անգամ (1-ին հրտ. 1696): Այդ գործը հայերենից թարգմանվել է նաև թուրք. (1803), ռուս. (1847), վրաց. (XIX դ.), ֆրանս. (1919): Հ. Թ.-ու գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ., Վիեննայի Կայսերական և Երուսաղեմի Մ. Հակոբյանց վանքի մատենադարանների հավաքածուներ): Բացառիկ նշանակություն ունի նրա գրչագրած «Գեռլայի տաղարանը» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N* 10050), որն ամփոփում է հայ միջնադարյան պոեզիայի բազմատեսակ ստեղծագործություններ:
Երկ. Տաղվասն կենաց մարդկան, «Բազմավեպ», 1865, N 6: Դիրք պատմութեան կայսերն Փոնցիանոսի… (Եօթն իմաստաաիրաց պատմութիւն), Լիվոռնո, 1696: Գրկ. Ակինյան Ն., Հակոբ Երեց Թոխաթեցի, տես նրա «Հինգ պանդուխտ տաղասացներ», Վնն., 1921: Նույնի, Հակոբ Թոխաթեցու «Ողբ ի վերայ երկրին Օլախաց, տես նրա «Մատենագրական հետազոտություններ», հ. 4, Վնն., 1938:
ՀԱԿՈԲ ԿԱՐՆԵՑԻ Գևորգի (փետրվար, 1618, Կարին–մահ. թ. անհտ.), հայ ժամանակագիր–պատմիչ, աշխարհագրագետ: 1641-ին էջմիածնում ձեռնադրվել է քահանա: Գրել է «ժամանակագրություն», որն ընդգրկում է 1482–1672-ին Հայաստանում կատարված կարևոր իրադարձությունները: Բարձր Հայքի նկարագրությանն է նվիրված «Տեղագիր Վերին Հայոց»-ը (հրտ. 1903, թարգմանված է նաև ֆրանս.), որում կարևոր տեղեկություններ կան Կարնո գավառի դիրքի, բնական հարստությունների, գյուղերի, բնակչության կազմի, օսմանյան բռնակալության հարկային համակարգի, հայ և այլազգի ժողովուրդների փոխհարաբերությունների, առօրյա կյանքի, կենցաղի ու զբաղմունքի վերաբերյալ ևն: Զբաղվել է նաև ձեռագրերի ընդօրինակմամբ: Հ. Կ–ուն է վերագրվում «Երգ երգոցի» մի մեկնություն: Հ. Կ–ու ստեղծագործությունների լեզուն ժամանակաշրջանի գրաբարն է: Առանձին հատվածներում գերիշխող է ժողովրդա–խոսակցական լեզուն՝ բարբառային տարրերով հանդերձ՝ նյութ հանդիսանալով Կարնո բարբառի ուսումնասիրման համար: Հ. Կ–ու օգտագործած մի շարք բառեր առաջին վկայություններն են հայ մատենագրության մեջ: Հ. Կ. հավանաբար մահացել և թաղվել է Կարինում: Գրկ․ Մանր ժամանակագրություններ, կազմ. Վ. Հակոբյան, հ. 1–2, Ե., 1951–56: Աճառյան S., Հայերեն նոր բաոեր հին մատենագրության մեջ, հ. 2, Վնտ., 1926:
ՀԱԿՈԲ ՀԱՐՏԱՑԻ, Հակոբոս եպիսկոպոս (ծն. և մահ, թթ. անհտ), Թոնդրակյան շարժման առաջնորդ X դարի վերջին և XI դ. սկզբին: Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառի եպիսկոպոսը: Քարոզել է պարզ ու հասարակ կենցաղավարություն, դեմ եղել եկեղեցու և հոգևորականության պերճությանը, ժխտել է աստծո ու հավատացյալի միջև եկեղեցու և հոգևորականության միջնորդության անհրաժեշտությունը: Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992–1019) կարգալուծել է, աղվեսադրոշմել և բանտարկել Հ. Հ–ուն: Փախչելով բանտից՝ Հ. Հ. անցել է Կ. Պոլիս և, հետագա հալածանքներից խուսափելու նպատակով, ապարդյուն փորձել է մկրտվել հունադավան ծեսով: Ստիպված վերադարձել է Հայաստան և առժամանակ գաղտնի մնացել Թոնդրակում (Ապահունյաց գավառ): Հավանաբար այստեղից էլ հալածվելով՝ մեկնել է Խլաթ և բնակվել տեղի թոնդրակեցիների համայնքում: Այնուհետև անցել է Մուհարկին (Նփըրկերտ) և այնտեղ էլ վախճանվել: Գրկ․ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1971: Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957: Տեր– Մինասյան Ե. Գ. Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968:
ՀԱԿՈԲ ՂՐԻՄԵՑԻ (1360-ական թթ., Ղրիմի Սուրխաթ կամ Ղրիմ քաղաքում – 1426 Արծկեի Ցիպնա վանք), տոմարագետ, րաբունապետ, երաժիշտ, քերական, մեկնիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել Երզնկայի դպրոցը (հիմն. 1386-ին, Գևորգ Երզնկացու րաբունապետությամբ, նախ՝ Ավագ, ապա՝ Կապոսի վանքում), որն ավարտելուց հետո դասասաց ուսուցիչ է կարգվել նույն դպրոցում: 1389-ին աշակերտների համար ձեռագիր է ընդօրինակել, որոշ գործեր մեկնել-պարզաբանել ձեռագրերի լուսանցքներում կամ համառոտել՝ հեշտ և դյուրըմբռնելի դարձնելու նպատակով: Միաժամանակ դասավանդել է տոմարագիտություն: Գևորգ Երզնկացու հանձնարարությամբ իր դասախոսությունները գրի է առել և կազմել տոմարագիտության ձեռնարկ, որը նախորդ իմաստասերներից ու գիտնականներից մեխանիկորեն քաղված աշխատանք չէր, այլ առարկայի համակարգված և դյուրամատչելի շարադրանք: Գրիգոր Խլաթեցու խնդրանքով, 1410-ին տեղափոխվել է Վանա լճի հս-ում գտնվող Մեծոփա վանքի նորաբաց դպրոցը՝ որպես րաբունապետ և դասավանդել իմաստասիրություն և տոմարագիտություն: Խլաթեցուն փոխարինող Թովմա Մեծոփեցի րաբունապետի հանձնարարությամբ 1415-ին համառոտել է Գրիգոր Տաթևացու երկհատոր Քարոզգիրքը և դարձրել մեկ հատոր, որն ուներ սրբագրված, խմբագրված, ինչպես նաև` լրացումներով մի շարք քարոզներ: 1416-ին Հ. Ղ. կարգավորել է տոմարի խախտված դասագիրքը, ապա գրել «Մեկնութիւն Տոմարի» աշխատությունը: «Մեկնության» սկզբում Հ. Ղ. հիմնավորել է տոմարը ուսանելու համար քառյակ գիտությունների (թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն և աստղաբաշխություն) ուսուցման անհրաժեշտությունը: Իր տեսություններից մի քանիսը հիմնավորել է՝ ելնելով լուսնի Փուլերի սեփական դիտարկումից: Հ. Ղ. դասավանդել է նաև գրչության արվեստ և երաժշտություն: Դասվել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական–վարդապետների շարքը: Հ. Ղ–ու ընդօրինակություններից, ինչպես նաև ուրիշների ընդօրինակությունների վրա նրա սրբագրություններով, լրացումներով ու մեկնություններով մեզ են հասել մի շարք ձեռագրեր, որոնց մի մասը գրված է նոտրգրով: Դրանցից են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենա– դարանի K.X.3487, 2365, 178, 1716 և ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստի Լենինգրադի մասնաճյուղի JNP 88 («Քարոզգիրք») ձեռագրերը: Գրկ, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Ս. Խաչիկյան, Ե., 1950: ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Ս. Խաչիկյան, մաս 1-3, Ե., 1955-67:
ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ առաջին ՝ տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր: Գործել է XVI սկզբներից (գուցե XV դ. վերջերից), Վենետիկում: Տեղի գրաձուլող վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն մի տեսակ բոլորգիր և գլխագիր տպատառեր, ինչպես և զարդագրերի, պատկերների, չորս քառանկյունի զարդերի և 24 վերնախորագրային զարդաձև շրջանակների տպատախտակներ: Հ. Մ–ի սարքավորած առաջին հայկական տպարանը աշխատել է 1512– 1513-ին, լույս ընծայելով հավանաբար 6 գիրք, այժմ պահպանված է 5-ը: Դրանք են (ըստ տպագրման հերթականության)՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»: Պահպանված 5 գրքերից միայն «Պատարագատետր»-ն ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան. «Գրեցաւ սուրբ տառս ի ջկբ (1513), ի աստուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ՝ Ֆռանկստեան. ձեռամբ Մեղապարտ Ցակոբին. ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ»: Հակոբի գործածած «մեղապարտ» մականունը, որ սովորական էր գրչագիր մատյանների և հնատիպ գրքերի հիշատակարաններում, այժմ հատուկ անվան արժեք է ստացել: Հ. Մ–ի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է երկգիծ քառակուսու մեջ: Շրջանակը բաժանված է չորս մասի, յուրաքանչյուրում կա լատ. մի սկզբնատառ՝ D. I. Z. A.: Վերծանման շատ փորձեր են արվել, առավել հավանականը Կ. Բասմաջյանինն է՝ Dei servus (Աստծու ծառա), Iakobus (Հակոբ), Zanni (Ծաննի՝ Հովհաննես(յան), Armenius (Հայ): Հ. Մ. ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գիրքը անսովոր էր հայոց մեջ: Հ. Մ–ի տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը են)