Այս լիսեռները նորմալացված են և լայնորեն կիրառվում են ուժային փոխանցումների, հեռակառավարման և վերահսկման համար։ Հոդակապավոր Ճ․ լ–ները բաղկացած են պատյանի մեջ տեղավորված հոդակապերով միացված կարճ օղակների շարքից։ Այս լիսեռները հազվադեպ են կիրառվում։
ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՁՈՂԻ նյութերի դիմադրությունում, ձողի բերված երկարության հարաբերությունը նրա լայնական հատվածքի իներցիայի ամենափոքր շառավղին։ Բնութագրում է ձողի դիմադրելիությունը՝ կայունությունը կորցնելու նկատմամբ (երկայնական ծռման դեպքում)։
ՃՄՈՒՌ, ճմբուռ, կերակուր։ Յուղի մեջ բրդում են տաք հաց և ձեռքով ճմռում մինչև յուղի ներծծվելը։ Երբեմն ավելացնում են նաև մեղր կամ շաքար։ Ճ․ պատրաստում են նաև ձեթով։
ՃՅՈՒՂԱՅԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱ ՍՍՀՄ–ում, տնտեսական գիտություն, որն ուսումնասիրում է ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերում արտադրական հարաբերությունների զարգացման, սոցիալիզմի օբյեկտիվ տնտ․ օրենքների գործողության առանձնահատկությունները, սոցիալիստական վերարտադրության պրոցեսում ճյուղի տեղն ու դերը, միջճյուղային կապերի բնույթը, թողարկվող արտադրանքի տնտ․ նշանակությունը և այլն։ Գիտամեթոդաբանական հիմքը մարքս–լենինյան քաղաքատնտեսությունն ու մատերիալիստական դիալեկտիկան է։ Սերտորեն կապված է մի շարք հարակից տնտ․ (սոցիալիզմի քաղաքատնտեսություն, ժողտնտեսության պլանավորում, տնտ․ վիճակագրություն ևն), ինչպես նաև տեխ․ ու մաթ․ գիտությունների, տնտ․ աշխարհագրության հետ։
Արդյունաբերության էկոնոմիկան ուսումնասիրում է արդյունաբերության մեջ սոցիալիզմի տնտ․ օրենքների դրսևորման ձևերը, մշակում տնտ․ ղեկավարման համակարգ և մեթոդներ։ Ներառնում է առանձին ճյուղերի (ածխի, նավթավերամշակման, գազի, քիմ․ արդյունաբերության, մեքենաշինության ևն) էկոնոմիկաները, որոնցից յուրաքանչյուրը, իր հերթին, ուսումնասիրում է արտադրանքի տնտ․ նշանակության, այդ ճյուղի նյութատեխ․ բազայի, կադրերի կազմի առանձնահատկությունները, միջճյուղային կապերը, հիմնական և շրջանառու ֆոնդերի կառուցվածքի, արտադրության ծախքերի կազմի, ձեռնարկության տիպերի ճյուղային տարբերությունները։ Որպես գիտության ինքնուրույն ճյուղ առանձնացվել է ձեռնարկության էկոնոմիկան («Ձեռնարկության կազմակերպում, պլանավորում և կառավարում» անվամբ), որը հետազոտում է միավորումների (ձեռնարկությունների) տնտ․ գործունեության և պետության կողմից դրանց տնտ․ ղեկավարման հարցերը, արտադրության պրոցեսի բոլոր տարրերի ռացիոնալ զուգակցման մեթոդները՝ դրանց լավագույն օգտագործման նպատակով։ Արդյունաբերության էկոնոմիկայի բնագավառում ԳՀԻ–ներում և բուհերում կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են արտադրատնտ․ միջոցառումների տնտ․ արդյունավետության, բնական ռեսուրսների՝ որպես արդյունաբերության հումքային բազայի ռացիոնալ օգտագործման պրոբլեմները, պլանային ու տնտ․ որոշումների և արդ․ արտադրության կառավարման կատարելագործման մեթոդների օպտիմալացման հարցերը։
Գյուղատնտեսության էկոնոմիկան ուսումնասիրում է գյուղատնտեսության մեջ արտադրության, վերարտադրության ու կուտակման, նրա ինտենսիվացման առանձնահատկությունները, գյուղատնտեսության համակարգն ամբողջությամբ։ Հետազոտության օբյեկտներն են սոցիալիզմի ագրարային պրոբլեմները, հողի՝ որպես գյուղատնտեսության մեջ գլխավոր արտադրամիջոցի ռացիոնալ օգտագործման ուղիները, ՍՍՀՄ հողային ֆոնդերի դասակարգումն ու կազմը, գյուղատնտեսության նյութատեխ․ բազայի ստեղծումն ու տեխ․ առաջընթացի զարգացումը, հիմնական ու շրջանառու ֆոնդերի շարժը, հողի տնտ․ գնահատումը, գների համակարգը ևն։ Առանձնացվում են երկրագործության և անասնաբուծության (ներառյալ՝ կերարտադրությունը) էկոնոմիկաները։ Գյուղատնտեսության էկոնոմիկայի մի մասն է գյուղատնտ․ ձեռնարկությունների կազմակերպում բաժինը, իսկ ճյուղի ինդուստրացման և այն արդ․ հիմքի վրա փոխադրելու հարցերը կազմում են հատուկ բնագավառ։
Շինարարության էկոնոմիկան հետազոտում է կապիտալ շինարարության զարգացման ու արդյունավետության օրինաչափությունները՝ կառավարման կազմակերպման ձևերը (մասնագիտացում, կոոպերացում, համակենտրոնացում, համակցում, արտադրական միավորումների ստեղծում), ճյուղի զարգացման (հեռանկարային և ընթացիկ) պլանավորումն ու կանխատեսումը, կապիտալ ներդրումների և շինարարության մեջ գիտատեխ․ առաջընթացի տնտ․ արդյունավետությունը (գործոններ, չափանիշներ, ցուցանիշներ, նորմատիվներ), ռեսուրսներն ու դրանց օգտագործումը (ներառյալ նյութատեխ․ բազայի զարգացման, արտադրական հիմնական ֆոնդերի վերարտադրության և ձևավորման, շրջանառու միջոցների նորմավորման, աշխատանքի արտադրողականության բարձրացման ևն հարցեր)։ Զբաղվում է նաև շինարարական նախագծման, տիպայնացման, ինդուստրացման տնտ․ հիմունքների մշակմամբ, տնտեսավարման ու խթանման մեթոդների (տնտհաշվարկ, շինարարության ֆինանսավորում ու վարկավորում ևն) հիմնավորմամբ։
Տրանսպորտի էկոնոմիկան ընդգրկում է երկաթուղային, ծովային, գետային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշար տրանսպորտի էկոնոմիկաները։ Ուսումնասիրում է տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի տեխնիկատնտ․ առանձնահատկությունները, կառավարման կազմակերպումը, օպտիմալ տեխ․ և կազմակերպական որոշումների ընտրության սկզբունքներն ու մեթոդները, բեռնա– և ուղևորափոխադրումների էկոնոմիկան, աշխատանքի ու աշխատավարձի գիտական կազմակերպումը ևն։ Տրանսպորտի էկոնոմիկայի գիտ․ հանձնարարականները լայնորեն օգտագործվում են արտադրության տերիտորիալ տեղաբաշխման, ձեռնարկությունների օպտիմալ չափերի ընտրության, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման խնդիրների հիմնավորման ժամանակ։
Կապի էկոնոմիկան ուսումնասիրում է կապի զարգացման օրինաչափությունները, տնտ․ ղեկավարման ձևերն ու մեթոդները՝ ամբողջ ճյուղի ու նրա առանձին ենթաճյուղերի (փոստային, հեռագրային, հեռախոսային, ռադիո– և տեսակապ ևն) աշխատանքի արդյունավետության ու որակական ցուցանիշների բարձրացման նպատակով։ Մշակում է կապի ձեռնարկությունների կառավարման կատարելագործման, պլանատնտ․ աշխատանքի մեթոդաբանության ու կազմակերպման առաջարկություններ, աշխատանքի ու արտադրության կազմակերպման, ճյուղի աշխատանքի պլանավորման, տնտ․ ցուցանիշների վերլուծության ու արտադրության արդյունավետության վրա դրանց ազդեցության գնահատման մեթոդներ, կապի ծառայությունների տարիֆային սիստեմի, ճյուղի ձեռնարկությունների արտադրանքի գների կատարելագործման հանձնարարականներ։
Առևտրի էկոնոմիկան հետազոտում է ապրանքային պաշարների մեծության, ապրանքների շրջանառության պրոցեսի, դրա արագության ու ծավալի, ապրանքաշրջանառության կառուցվածքի փոխկապվածությունը, նաև ապրանքների արտադրության, առաջարկի ու պահանջարկի վրա առևտրի ազդեցությունը, ապրանքաշրջանառության ծավալի աճի ու ճյուղի նյութատեխ․ բազայի զարգացման հարաբերակցությունը։ Ուսումնասիրում է նաև կառավարման ու պլանավորման, տնտ․ խթանման, անձնական սպառման ծավալի ու կառուցվածքի պրոբլեմները, բնակչության վճարունակ պահանջարկի գնահատման մեթոդները, մշակում ապրանքաշրջանառության, ապրանքային պաշարների ձևավորման ու տեղաբաշխման պլանավորման գիտական մեթոդաբանություն ևն։ Ձևավորվում և զարգանում են նաև ոչ արտադրական ոլորտի (առողջապահության, գիտության, կրթության ևն) Ճ․ է–ներ։
Գրկ․ Սոցիալիստական արդյունաբերության էկոնոմիկան, խմբագրությամբ Լ․ Ի․ Իտինի, Ե․, 1977։ Xачатуров Т․ С․, Экономика транспорта, М․, 1959; Экономика социалистического сельского хозяйства, М․, 1970; Экономика связи, 2 изд․, М․, 1974; Экономика строительства, под ред․ Б․ Я. Ионаса и С․ Н․ Рейнина, М․, 1977; Иваницкий В․ И․, Экономика торговли, Киев, 1978.
ՃՅՈՒՂԱՎՈՐՈՒՄ բույսերի․ լինում է 2 հիմնական տիպի՝ դիխոտոմիկ և մոնոպոդիալ։ Դիխոտոմիկ կամ եղանաձև Ճ–ման դեպքում գագաթային բողբոջը երկատվում է երկու նոր բողբոջի, որից աճում են մոտավորապես հավասար երկարությամբ ու հաստությամբ 2-րդ կարգի ճյուղեր։ Սրանք կարող են ճյուղավորվել և առաջացնել 3-րդ կարգի ճյուղեր ևն։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/100
Այս էջը սրբագրված չէ