Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/104

Այս էջը սրբագրված է

զանգվածը։ Հետևաբար, ֆիզիկական Ճ–ի տատանումների պարբերությունը համընկնում է այնպիսի մաթ․ Ճ–ի տատանումների պարբերության հետ, որի երկարությունը ։ Այդ երկարությունը կոչվում է ֆիզիկական Ճ–ի բերված երկարություն։ Ճ–ի հատկությունները լայնորեն կիրառվում են ժամացույցներում, գիրոսկոպային սարքերում, շարժվող մարմինների արագացումների, երկրակեղևի տատանումների որոշման սարքերում և այլուր։ Տես նաև Ֆուկոյի ճոճանակ։
ՃՈՃԿԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Վիրահայոց լեռնաշղթայի հարավահայաց լանջին, Դեբեդ գետի բարձրադիր ձախ ափին, շրջկենտրոնից 30 կմ հարավ–արևելք։ Պտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, 2 մանկապարտեզ, ամբուլատորիա։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են վանքեր (Նահատակ, 1621, Շփրթնավանք, XVII դ․), գյուղատեղիներ (XVII դ․), որմնափակ խաչարձան (XIII դ․), գերեզմանոց խաչարձաններով (XIII–XVII դդ․)։
ՃՈՃՀԱՎԵՐ (Remizinae), երաշտահավերի ընտանիքի թռչունների ենթաընտանիք․ ՍՍՀՄ–ում տարածված է 1 տեսակ՝ սովորական ճոճհավը (Remiz pendulinus), որը փոքրիկ թռչուն է, մարմնի երկարությունը՝ մինչև 11 սմ։ Փետուրները շագանակագույն են կամ դեղնամոխրագույն։ Բույնը պարկանման է, կողմնային անցքով և կախված է լինում ջրերի ափին աճող ծառերի ճյուղերից։ Դնում է 4–8 ձու, թխսում է էգը (13–14 օր)։ Ձագերը բնում մնում են 16–18 օր։ Հայաստանում տարածված է Արաքսի հովտում և նրա մեջ թափվող գետերի երկայնքով բարձրանում է լեռները (մինչև 1700 մ)։ Սնվում է միջատներով, սարդերով, թրթուրներով, մանր սերմերով։
ՃՈՆՔԱՁԵ Դանիել Գեորգիի [1830, գ․ Ղվավիլի (Դուշեթի շրջանում) – 1860, Թիֆլիս], վրացի գրող։ Ստավրոպոլի հոգևոր ուսումնարանում (1851-ից) և Թիֆլիսի հոգևոր ճեմարանում (1855-ից) դասավանդել է օսերեն։ Ռուս․ գիտությունների ակադեմիայի պատվերով նյութեր է հավաքել ռուս–օսական բառարանի համար։ Ճ–ի միակ գեղարվեստական ստեղծագործությունը «Սուրամի ամրոցը» (1859) վիպակն է, որի հիմքում ընկած է ամրոց կառուցելիս կենդանի մարդուն պատի մեջ շարելու առասպելը։ Ճ․ խարազանել է ճորտատիրական կարգերը, միապետությունը։ Վիպակը դեմոկրատական ոգով գրված առաջին ստեղծագործությունն է վրաց գրականության մեջ։ Մ․ Խուցիշվիլի ՃՈՊԱՆ, պողպատե լարից, բուսական, սինթետիկ կամ հանքային մանրաթելերի մանվածքից պատրաստված ճկուն շինվածք։ Ըստ պատրաստման եղանակի Ճ–ները լինում են՝ ոլորած (գալարուն), չոլորած, հյուսած։ Մետաղական (պողպատե) Ճ–ները պատրաստում են 0,5–2 մմ տրամագծի լարերից՝ շրջանաձև (կլոր), վեցանկյուն, ուղղանկյուն, քառակուսի լայնական հատվածքով (նկ․ 1)։ Ոլորած կլոր Ճ․ կարող է ունենալ միակի պարուրաձև, կրկնակի (ճոպանային), եռակի (կաբելտային) հյուսվածք։ Չոլորած Ճ–ները կազմված են պողպատե լարերի խիտ դասավորված խմբերից կամ պարուրաձև փաթույթով (հաճախ նաև սեղմակներով) շրջասեղմված պարուրաձև Ճ–ներից (նկ․ 2)։ Հյուսած Ճ–ները պատրաստում են զույգ թվով (սովորաբար 4) միահյուսված փնջերից (նկ․ 3)։ Ոչ մետաղական Ճ–ները պատրաստում են կանեփի, բամբակի թելերից, ասբեստի և արհեստական մանրաթելերից։
ՃՈՊԱՆՈՒՂԻ, բեռների և ուղևորների փոխադրման համար նախատեսված կառույց, որում վագոնիկների տեղափոխման համար օգտագործվում է հենարանների միջև ձգված ճոպանը։ Ըստ նշանակման Ճ–ները լինում են բեռնատար, մարդատար և համակցված, ըստ կառուցվածքի՝ երկճոպան կամ միաճոպան՝ վագոնիկների օղապտույտ կամ ճոճանակային շարժումով։ Կախովի Ճ–ներից բացի մշակվում են նաև վերգետնյա Ճ–ներ՝ ճոպանային ամբարձիչներ։ Դրանց օգնությամբ բեռնված ավտոմեքենաները կարելի է փոխադրել մինչև 45° թեքությամբ վայրերով, նավերն անցկացնել ամբարտակների վրայով։
ՃՈՐԱ ՊԱՀԱԿ, Ճորայ դուռն, Դերբենդի անցք, Կասպից դուռ, անցք Կասպից ծովի և Կովկասյան լեռնաշղթայի արևելյան վերջավորության միջև։ Ճ․ պ․ բնականից մի հարթավայրային նեղ շերտ է, որը Դերբենդ քաղաքի մոտ ավելի նեղանալով, վերածվում է անցքի։ Դեռ հնագույն ժամանակներից Ճ․ պ–ով Անդրկովկաս, Իրան և Առաջավոր Ասիայի այլ երկրներ էին թափանցում Արևելաեվրոպական հարթավայրի հվ–ում տարբեր ժամանակներում հաստատված ժողովուրդները (կիմերներ, սկյութներ, հոներ և այլն), որոնցից պաշտպանվելու համար, մ․ թ․ I հազարամյակի կեսերին Ճ․ պ–ում կառուցում են ամրություններ և մի փոքրիկ բերդաքաղաք՝ դարձյալ Ճորա անունով։ Այդ ամրությունների համալիրը, որտեղ Սասանյանների օրոք հաստատված էր մարդաշատ կայազոր, ստացավ Ճ․ պ․ անունը։ Պատմագիրների հիշատակության համաձայն, V–VII դդ․ Ճ․ պ–ում կայազորային ծառայություն էր կատարում հայկ․ զորագունդը, որին վարձատրում էին Իրանը և Բյուզանդիան։ Հետագա ժամանակներում, չվստահելով միայն ամրություններին (պարսպապատերին, աշտարակներին)՝ Ճ․ պ–ի անցքը