24 ժ) հետո կերակրափողից զոնդը դուրս են հանում:
Մագնիսային օղակը, ֆեռոկոբալտային համաձուլվածք է: Օգտագործվում է կանխարգելիչ նպատակներով: Նախաստամոքս մտցնում են բերան–ըմպանային ճանապարհով: Օղակը մշտապես գտնվելով նախաստամոքսում՝ հավաքում և վնասազերծում է օրգանիզմ թափանցած մետաղյա օտար մարմինները:
ՄԱԳՆԻՍԱՅԻՆ ՀՐԱՔԱՐ, տես Պիրրոտին:
ՄԱԳՆԻՍԱՇԱՐԺ ՈՒԺ, մագնիսացնող ուժ, էլեկտրական հոսանքի մագնիսացնող ազդեցությունը բնութագրող մեծություն: Կիրառվում է մագնիսական շղթաները հաշվարկելիս, էլեկտրական շղթաների դեպքում գործածվող էլեկարաշարժ ուժի նման: Հավասար է որևէ կոնտուրով մագնիսական դաշտի լարվածության վեկտորի գծային ինտեգրալին՝ (-ը ինտեգրման կոնտուրի տարրն է): Փակ կոնտուրով Մ. ու. հավասար է այդ կոնտուրով շրջափակվող լրիվ հոսանքին (լրիվ հոսանքի օրենք) (-ն գալարների թիվն է, -ն՝ հոսանքի ուժը): Հաջորդական մագնիսական շղթայում տվյալ մագնիսական հոսքն առաջացնող Մ. ու. հավասար է առանձին տեղամասերի Մ. ու–երի գումարին: Երբեմն մեծությունը, որտեղ -ը մագնիսական դաշտի լարվածության վեկտորի պրոյեկցիան է ուղղությամբ, անվանում են մագնիսական լարում: Վերջինս, ի տարբերություն էլեկտրական լարման, կախված է կոնտուրի ձևից, իսկ փակ կոնտուրի դեպքում կարող է հավասար չլինել զրոյի: Միավորների միջազգային համակարգում Մ. ու–ի միավորը ամպեր–գալարն է (կամ ամպերը), -ում՝ գիլբերտը: 1 ա-գ≈1,2566 գբ:
ՄԱԳՆԻՍԱՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ մարմնի ջերմային վիճակի փոփոխությունները՝ կախված մագնիսական վիճակի փոփոխությունից: Մ. ե–ի առաջացումը բացատրվում է մագնիսացման կամ ապամագնիսացման ժամանակ մարմնի ներքին էներգիայի փոփոխմամբ: Եթե մագնիսական վիճակի փոփոխությունը տեղի է ունենում ադիաբատ պայմաններում, ապա Մ. ե. դրսևորվում են մարմնի ջերմաստիճանի փոփոխությամբ (մագնիսակալորիական էֆեկտ), իսկ եթե տեղի է ունենում իզոթերմ ձևով, ապա նկատվում է ջերմության անջատման կամ կլանման երևույթ: Մ. ե. առավել զգալի են ֆեռո–, հակաֆեռո– և ֆեռիմագնիսական նյութերում: Ֆեռիմագնիսական նյութերին բնորոշ Մ. ե. լավ են ուսումնասիրված այն դեպքում, երբ մագնիսական վիճակը փոփոխվում է մագնիսացման վեկտորի բացարձակ արժեքի փոփոխման պատճառով (պարապրոցես) և թույլ են ուսումնասիրված դոմենային սահմանների տեղաշարժմամբ կամ մագնիսացման վեկտորի պտույտով (տեխնիկական մագնիսացում) պայմանավորված փոփոխությունների դեպքում: Հատկապես լավ են հետազոտված պարամագնիսական որոշ աղերում դիտվող Մ. ե.: Պարզվել է, որ եթե ցածր ջերմաստիճանում գտնվող այդ աղերը ադիաբատ պայմաններում ապամագնիսացվեն ուժեղ մագնիսական դաշտերով, ապա կնկատվի այդ աղերի ջերմաստիճանի հետագա նվազում: Նշված եղանակով հնարավոր է ստանալ բացարձակ զրոյին բավական մոտ ջերմաստիճաններ (մագնիսական սառեցում):
ՄԱԳՆԻՍԱՍՏՐԻԿՑԻԱ (< մագնիս և լատ. strictio — սեղմում, ձգում), մարմնի ձևի և չափերի փոփոխությունը մագնիսացման ժամանակ: Երևույթը հայտնաբերել է Ջ. Ջոուլը 1842-ին: Բազմաբյուրեղային նմուշի Մ. քանակապես բնութագրվում է մագնիսական դաշտի ուղղությամբ (երկայնական Մ.) և դաշտին ուղղահայաց ուղղությամբ (լայնական Մ.) նմուշի հարաբերական երկարացմամբ: Մ. զգալի է միայն ֆեռո- և ֆեռիմագնիսական նյութերի համար: Մ–ին հակառակ երևույթը (ֆեռոմագնիսական մարմնի մագնիսացվածության փոփոխությունը դեֆորմացման ժամանակ) կոչվում է մագնիսաառաձգական էֆեկտ կամ Վիլարիի էֆեկտ: Մ–ի վրա է հիմնված մագնիսաստրիկցիոն փոխակերպիչների և մագնիսաառաձգական փոխակերպիչների աշխատանքը:
ՄԱԳՆԻՍԱՍՏՐԻԿՑԻՈՆ ՓՈԽԱԿԵՐՊԻՉ, էլեկտրամեխանիկական կամ էլեկտրաձայնական փոխակերպիչ, որում մագնիսական դաշտի էներգիան, դարձելի մագնիսաստրիկցիայի շնորհիվ, փոխակերպվում է մեխանիկական տատանումների էներգիայի և հակառակը: Կիրառվում է իբրև ուլտրաձայնի ճառագայթիչ և ընդունիչ, տարբեր կոնստրուկցիաների ու կառույցների թրթռումները չափելիս, ինչպես նաև էլեկտրա- և ռադիոտեխնիկական սարքերի զտիչներում ու կայունարարներում:
ՄԱԳՆԻՍԱ–ՏԵԼՈՒՐԱԿԱՆ ԶՈՆԴԱՎՈՐՈՒՄ (< մագնիս և լատ. tellus, սեռական հոլովում՝ telluris — Երկիր), ՄՏԶ, Երկրի ներքին կառուցվածքը հետազոտելու մեթոդ. հիմնված է արտերկրային ծագման փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի ուսումնասիրության վրա: Առաջարկել են (1950–53) խորհրդային գիտնական Ա. Ն. Տիխոնովը և ֆրանսիացի գիտնական Լ. Կանյարը: Երկրի մակերևույթին որոշակի կետում փոխուղղահայաց կերպով տեղադրում են երկու մագնիսամետր և երկու էլեկտրաչափիչ հողակցված գծեր՝ յուրաքանչյուրը 500 մ երկարությամբ: Այդ սարքերի օգնությամբ դիտարկում են էլեկտրամագնիսական տատանումները, որոնց պարբերությունը կազմում է վրկ–ի մասերից մինչև օր, և էլեկտրական ու մագնիսական տատանումների ամպլիտուդների հարաբերությամբ որոշում ապարների թվացող (միջին) դիմադրությունը ուսումնասիրվող շրջանում: ՄՏԶ–ի օգնությամբ կազմում են հիմքի կամ բարձր դիմադրությամբ այլ հորիզոնի ստորգետնյա (խորությունը՝ մինչև 5 կմ) ռելիեֆի քարտեզներ, հետազոտում ապարների էլեկտրահաղորդականության տեղաբաշխման օրինաչափությունները մինչև 400–500 կմ խորությունը: ՄՏԶ–ն և նրա պարզեցված տարբերակը մագնիսա–տելուրական պրոֆիլավորումը, կիրառում են նավթի ու գազի որոնողական աշխատանքներում:
ՄԱԳՆԻՍԱՔԻՄԻԱ, ֆիզիկական քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է՝ 1. նյութի կառուցվածքի և հատկությունների կապը, 2. մագնիսական դաշտի ազդեցությունը քիմիական փոխարկումների վրա:
Քիմիական կապ առաջացնելիս արժեքական էլեկտրոնների սպիններն իրար հակառակ են ուղղվում և նրանց մագնիսական մոմենտները միմյանց չեզոքացնում են: Այդ պատճառով նյութերի մեծ մասը (իոնական, արժեքականությամբ հագեցած օրգանական և անօրգանական նյութեր) դիամագնիսական է (տես Դիամագնետիզմ): Եթե այդ նյութերում էլեկտրոնային թաղանթները ձևափոխված (դեֆորմացված) չեն, ապա միացության մեջ մտնող ատոմների և իոնների դիամագնիսական ընկալունակությունները գումարվում են (տես Ադիտիվություն): Չհագեցած քիմիական կապերով նյութերն ունեն մագնիսական մոմենտ: Դրանց բաղադրության մեջ սովորաբար մտնում են անցումային տարրերի ատոմներ: Այդպիսի իոնական միացությունները պարամագնիսական են (տես Պարամագնետիզմ): Կովալենտ կապերով կապված անցումային տարրեր պարունակող նյութերը պարամագնիսական, ֆեռոմագնիսական կամ հակաֆեռոմագնիսական են: Առաջին երկու դեպքում հնարավոր է գնահատել մագնիսական մոմենտը և կռահել քիմիական կապի բնույթը, երբեմն նաև անցումային տարրի ատոմում չզույգված էլեկտրոնների քանակը: Մագնիսաքիմիական հետազոտությունների համար օգտագործում են հաստատուն կամ փոփոխական մագնիսական դաշտ: Փոփոխական մագնիսական դաշտում նյութում տեղի են ունենում ռեզոնանսի հետ անմիջականորեն կապված կամ չկապված երևույթներ: Էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանման երևույթները լրացուցիչ տեղեկություններ են պարունակում ատոմների ու քիմիական կապի մասին և ուսումնասիրվում են ինքնուրույն եղանակներով (տես Էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանս, Միջուկային մագնիսական ռեզոնանս, Ֆեռոմագնիսական ռեզոնանս, Միջուկների քիմիական բևեռացում):
Հաստատուն մագնիսական դաշտը երբեմն փոխում է քիմիական փոխարկումների ընթացքը, ազդում ռադիկալների մասնակցությամբ ընթացող տրիպլետային վիճակների մարման, բյուրեղների և հեղուկների ֆլորեսցենցիայի, կոլոիդների կոագուլման վրա: Մագնիսաքիմիական չափումները կիրառվում են քիմիական հետազոտությունների մաքրությունը և դիսպերսված խառնուրդների առկայությունը ստուգելու համար:
ՄԱԳՆԻՍԱՕՊՏԻԿԱ, ֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է մագնիսական դաշտի ազդեցությունը միջավայրի օպտիկական հատկությունների վրա, ինչպես նաև օպտիկական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/121
Այս էջը սրբագրված չէ