Կեսարու» (1818) երկը: Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով Կալկաթային:
Գրկ. Զարբհանալյան Գ., Պատմություն հայկական տպագրության, Վնտ., 1895: Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, էջ 156-159, 232:
ՄԱԴՐԻԳԱԼ (ֆրանս. madrigal — երգ մայրենի լեզվով՝ ի տարբերություն լատ. օրհներգությունների), Վերածննդի դարաշրջանի աշխարհիկ երաժշտական–բանաստեղծական ժանր: Սկզբնավորվել է ժող. բանաստեղծությունից, իտալ. հին հովվական երգերից: XIV դ. Մ. ի հայտ է եկել իտալ. պրոֆեսիոնալ պոեզիայում որպես հովվերգական բնույթի (տես Հովվերգություն) երգվող բանաստեղծություն: Վաղ շրջանի Մ. պոլիֆոնիկ 2-3-ձայնանի քառյակային կառուցվածքի վոկալ–գործիքային ստեղծագործություն էր (կրկներգով), գլխավորապես՝ սիրային–քնարական, նաև կենցաղային, դիցաբանական և այլ բովանդակությամբ, XVI դ. 4-5-ձայնանի վոկալ պոեմ՝ առանց գործիքային նվագակցության: Մ–ի վարպետներ էին բանաստեղծներ Ֆ. Պետրարկան, Ջ. Բոկաչչոն, Տ. Տասսոն, կոմպոզիտորներ Ֆ. Լանդինոն, Օ. Լասսոն, Ջ. Պալեստրինան, Կ. Մոնտեվերդին: XVII-XVIII դդ. Մ. հաճոյախոսական–սիրային բանաստեղծություն էր, XVIII դ.-XIX դ. սկզբին՝ սալոնային–ալբոմային ոտանավոր: Հայ իրականության մեջ բովանդակության նմանությամբ Մ. կարելի է համարել Վ. Տերյանի «Կատվի դրախտ», Ե. Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքերը: XX դ. Մ. նորից ներգրավվել է կոմպոզիտորական (Պ. Հինդեմիթ, Ի. Ստրավինսկի, Բ. Մարտինու) և համերգային–կատարողական պրակտիկայի մեջ:
ՄԱԴՐԻԴ (Madrid), Իսպանիայի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Մադրիդ նահանգի և Նոր Կաստիլիա պատմական մարզի գլխավոր քաղաքն է: Գտնվում է Պիրենեյան թերակղզու կենտրոնական մասում, Մեսետա սարավանդում (բարձրությունը՝ ավելի քան 650 մ), Մանսանարես գետի երկու ափին: Կլիման մերձարևադարձային է, միջերկրածովյան ցամաքային տիպի: Հունվարի միջին ջերմաստիճանը 4,9°C է, հուլիսինը՝ 24,2°C, տարեկան տեղումները՝ մոտ 440 մմ: Մեծ Մ. ընդարձակ քաղաք–ագլոմերացիա է (տարածությունը 1,2 հզ. կմ² է, այդ թվում բուն քաղաքը՝ 607 կմ²): Բաժանվում է 18 վարչական շրջանի: Բնակչությունը 3,6 մլն է (1979): Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 40%-ը զբաղված է սպասարկման ոլորտում, 1/3-ը՝ արդյունաբերության մեջ:
Պատմական տեղեկանք: Մ. կազմավորվել է մավրիտանական Մաջիրիտ ամրոցի (առաջին անգամ հիշատակվում է 932-ին) շուրջը: 1083-ին քաղաքը արաբներից ետ է նվաճվել, և, Ռեկոնքիստային բնակիչների ակտիվ մասնակցության համար, 1118-ին նրան շնորհվել են քաղաքային արտոնություններ: XIV-XV դդ. Մ.
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/129
Այս էջը սրբագրված չէ