Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/145

Այս էջը սրբագրված չէ

գոյացել է մաժորա–մինոր միավորված համակարգը:
ՄԱԺՈՐԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ (< ֆրանս. majorite — մեծամասնություն), բուրժուական երկրներում ընտրությունների արդյունքը որոշելու կարգ: Ըստ Մ. հ–ի ընտրական օկրուգում դեպուտատական տեղեր ձեռք է բերում այն թեկնածուն կամ կուսակցության թեկնածուների խումբը, որը հավաքել է օրենքով նախատեսված ձայների մեծամասնությունը: Ներկայումս տարածված են բացարձակ կամ հարաբերական (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Մեքսիկա ևն) մեծամասնության համակարգերը: Բացարձակ մեծամասնության դեպքում ընտրվում է ձայների բացարձակ (կամ պարզ) մեծամասնություն (50% + 1) հավաքած թեկնածուն: Հարաբերական մեծամասնության դեպքում անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի մեծ քանակ, քան հակառակորդներից յուրաքանչյուրը: Մ. հ. չի արտահայտում քաղ. ուժերի իրական հարաբերակցությունը, այս կամ այն կուսակցության դերը երկրի քաղ. կյանքում:
Բազմակուսակցական երկրներում այդ համակարգը ձեռնտու է բուրժ. խոշոր կուսակցություններին: Դեմոկրատական ուժերը պայքարում են ներկայացուցչության համամասնական համակարգի համար, որով կուսակցությունների ներկայացուցչությունը պառլամենտում որոշվում է ըստ հավաքած ձայների:Հ. Խաչատրյան ՄԱԼ (արաբ. «ունեցվածք», «եկամուտ»), հարկատեսակ, որով Զաքարյան Հայաստանում (XII դ. վերջ – XIII դ. 1-ին կես) հարկվել է հողը, իսկ մոնղ. (XIII-XIV դդ.) և իրան. (XVI-XVIII դդ.) տիրապետության շրջաններում՝ ամբողջ ունեցվածքը: Գրիգոր Ակներցի և Կիրակոս Գանձակեցի պատմիչները մոնղ. տիրապետության շրջանում գանձվող պետական հարկերի մեջ առաջինը հիշատակել են Մ., ժամանակակից պատմագիր Ռաշիդադդին այն համադրել է հողահարկին (խարաճին): Ուսումնասիրողների մի մասը Մ. համարում է դրամավճար, հողահարկ, մյուսը՝ ընդհանրապես հարկ (լայն առումով) և հողահարկ (նեղ առումով):
ՄԱԼԱ, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Պլատանա գավառում, գեղատեսիլ լեռնադաշտում: Գյուղը հիմնել են համշենահայերը XVII դ. վերջին: Մ. ուներ զույգ, միմյանցից ձորով բաժանվող թաղեր, որոնք ըստ տների քանակի, կոչվում էին Մեծ և Փոքր Մ.: 1914-ին Մ. ուներ շուրջ 100 տուն բնակիչ, որից 24 տունը՝ Փոքր Մ–ում, մնացածը՝ Մեծում: Կար եկեղեցի (Ս. Գևորգ) և դպրոց, որը կառուցվել էր 1865-ին, Փոքր Մ. թաղում: 1875-ին կառուցվել է նոր եկեղեցի (Ս. Լուսավորիչ): Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն էր, անասնապահությունը և կաթնատնտեսությունը, նաև մեղվաբուծությունը: Առողջարար կլիմայի, սառնորակ, վճիտ ջրերի շնորհիվ Մ. Տրապիզոնի բնակիչների սիրած ամառանոցն էր: Մ–ի բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Աբխազիայում: Բ. Թոռլաքյան ՄԱԼԱԳԱ (Mdlaga), քաղսդ) Իսպանիայում, Անդալուզիայում: Մալագա նահանգի վարչական կենտրոնն է: 374 հզ. բն. (1979): Նավահանգիստ և զետեղարանային բազա է Միջերկրական ծովի ափին, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց: Զարգացած է գինեգործությունը (դեսերտային գինիների ավանդական արտադրություն), ձիթայուղի, ձկան և պտուղբանջարեղենի պահածոների, շաքարի արտադրությունը, նոր ճյուղերից՝ քիմիան և նավթաքիմիան: Կան նավաշինական, մետաղամշակման, օճառի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Բեռնաշրջանառության մեջ գերազանցում է նավթի ներմուծումը: Մ. կլիմայական կուրորտ է: Հիմնադրել են փյունիկեցիները Մալակա անվամբ, ըստ երևույթին, մ. թ. ա. XI դ.: Պահպանվել են ճարտ. մի շարք հուշարձաններ:
ՄԱԼԱԹԻԱ, Մելիտինե, քաղաք Փոքր Հայքում, Խարբերդից հարավ–արևմուտք, Եփրատի աջ կողմում, գետափից մոտ 15 կմ հեռու, երեք կողմից լեռներով պատած հարթավայրում: Հիշատակված է խեթական (Մելիտա), ասորեստանյան (Մելիդ, Միլիդա, Մելիդի ևն), ուրարտ. (Մելիտեիա) արձանագրություններում, անտիկ հեղինակների՝ Ստրաբոնի, Տակիտոսի մոտ (Մելիտինե) ևն: Մ–ի տնտ. և քաղ. զարգացմանը նպաստել են աշխարհագրական հարմար դիրքն ու պատմ. տարբեր ժամանակներում գրեթե միշտ վարչական կենտրոն լինելը: Այն գտնվում էր պարսկ. հնագույն Արքայական ճանապարհի վրա (հետագա ժամանակներում ևս այնտեղով անցել են կարավանային ուղիներ): Մ. Փոքր Հայքի երկրամասերից մեկի կենտրոնն էր, որպիսին մնաց մինչև Բյուզանդիայի Թեոդոսիոս կայսեր ժամանակները (IV դ. վերջ), երբ Փոքր Հայքը մասնատվեց երկու պրովինցիայի՝ Առաջին Հայքի՝ Սեբաստիա կենտրոնով, և Երկրորդ Հայքի, որի կենտրոնը դարձավ Մ.: Հուստինիանոս կայսեր (527-565) վարչական բարեփոխումներից հետո Մ. դարձավ բյուզանդական Երրորդ Հայք պրովինցիայի կենտրոնը: 1071-ի Մանազկերտի ճակատամարտից հետո Մ. գրավել են սելջուկները: Թուրք. տիրապետության շրջանում Մ. իր շրջակայքով մտնում էր Սեբաստիայի վիլայեթի մեջ, իսկ երբ վերջինս մասնատվեց վարչական երկու միավորի, Մ. դարձավ համանուն վիլայեթի կենտրոնը: Մինչև XII-XIII դդ. Մ–ում գերակշիռ թիվ են կազմել հայերը, այնուհետև՝ հույները: Հետագայում քաղաքում աստիճանաբար բնակություն են հաստատել նաև թուրքերը: 1841-ին Մ–ի բնակիչները չվերադարձան ամառանոցից, քանի որ նրանց տներում տեղավորվել էին կառավարական զորամասեր: Այդպես Հին Մ–ից 7-8 կմ հվ–արմ. հիմնվեց նոր Մ., որը XIX դ. սոսկ գավառի (սանջաքի) կենտրոն էր և մտնում էր նախ Մարաշի, իսկ նույն դարի 70-ական թթ.՝ Խարբերդի վիլայեթի մեջ: Հին Մ. այժմ շատ սակավ բնակիչներ ունի: Այն տեղացիներն անվանում են Էսկի Մալաթիա: Նրա շինություններից պահպանվել են պարսպի և նրա բուրգերի չնչին մնացորդները, հոգևոր ու աշխարհիկ շենքերի ու բնակելի տների ավերակներ: 1895-ի հայկական կոտորածների ժամանակ Մ–ի հայ բնակիչները թուրք. զորքին ցույց են տվել համառ դիմադրություն, որի ժամանակ տվել են մոտ 7500 զոհ, մեծ մասամբ կանայք, երեխաներ ու ծերունիներ: 1915-ին Մ. ուներ 40 հզ. բնակիչ, որից 20 հզ.՝ հայ: Զբաղվում էին արհեստներով (առանձնապես լայն տարածում ունեին մանածագործությունն ու ջուլհակությունը), առևտրով (հատկապես՝ ափիոնի), շերամապահությամբ, երկրագործությամբ: Քաղաքում կային տաճարներ, վարչական խոշոր շենքեր, առևտրական մեծ հրապարակ: Եկեղեցիների թիվը հասնում էր 5-ի, որոնցից 2-ը՝ հայկ.: Քաղաքից դուրս, այգիների մեջ գտնվում էր Մ–ի եպիսկոպոսանիստ Ս. Լուսավորիչ վանքը: Մինչև 1915-ը քաղաքում գործում էին հայկ. երեք ուսումնարան: Մ–ի հայ բնակչությունը զանգվածաբար բնաջնջվեց 1915-ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով: Կենդանի մնացածները տեղահանվեցին և քշվեցին սիրիական անապատներ, ապա ստիպված հեռացան զանազան երկրներ:
Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմութիւն Մալաթիոյ հայոց, Բեյրութ, 1961:Թ. Հակոբյան ՄԱԼԱԹԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ. խմբակցության Փոքր Ասիայի կամ արմ. բարբառախմբին: Միջավայրը կորցրած բարբառ է: Խոսվել է Մալաթիա (Մելիտինե) քաղաքում և շրջակա գյուղերում: Ձայնավոր հնչյուններն են ա, ա, է, ը, ի, օ, օ, ու, ու: Երկբարբառներ չկան: Բաղաձայնական համակարգը երկանդամ խլազուրկ է. գրաբարի ձայնեղ պայթականներին ու կիսաշփականներին ընդհանրապես համապատասխանում են շնչեղ խուլեր (բուրդ>փուրթ, գող>քօղ), խուլերին՝ ձայնեղներ (պատ>բադ, տէր>դէր): Պարզ խուլերն իբրև դիրքային տարբերակներ հանդիպում են ս, շ, խ, ք–ին հաջորդող կամ նախորդող դիրքերում: Ձայնավորները կրել են միայն մասնակի փոփոխություններ՝ ա>ա (արիւն>արին), ե>ի, ա (եմ>իմ, ձեռք>ցառք), ո(ր)>է (խնձոր>խընձէր), ու>օ (ուր>հօր, ջուր>չօռ): Գործում է ձայնավորների լիահնչության օրենքը (դդում>թութում, ծնունդ>ձունունդ): Շեշտը վերջնահար է: Գրաբարի երկբարբառների դիմաց կան պարզ ձայնավորներ՝ այ>ա, ա (ձայն>ցան, հայր>հար), եա>է (լեարդ»լէրթ), իւ»ի, օ, ու (ալիւր>ալիր, սիւն>սօն, բարութիւն>փարութուն), ոյ>օ, ու (բոյն>փօն, զրոյց>զուրուց): Գոյականի հոգնակին կազմվում է էր, նէր, նաև՝ ստան, անք, դանք, դէք, ք, օնք, էնք վերջավորություններով: Ունի 4 հոլովաձև՝ ուղղական–հայցական, սեռական–տրական, բացառական, գործիական: Չկա անձի–իրի ձևային տարբերակում: Սեռական–տրականը որոշյալության դեպքում ընդունում է հոդ, ունի ի(ն), ու(ն), ան, վա(ն), օչ, ա, ու/ա, ա/օ, ք/ց, էբ/օց (դըղէք–դըղօց) հոլովական թեքույթները: