Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/147

Այս էջը սրբագրված չէ

քանի գիշերվա ընթացքում Մ. զ. են ափ հանվել 2 ծովային ու հրաձգային բրիգադներ, հակատանկային կործանիչ գունդ և այլ զորամասեր, ռազմամթերք, պարեն: 5 օրում այստեղ կենտրոնացվել է դեսանտային 17 հզ. զինվոր ու սպա: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել հենակետը ընդլայնել մինչև 30 կմ²: Գերմանա–ֆաշիստական հրամանատարությունը դեսանտայինների դեմ դուրս է բերել մեծ քանակությամբ զորք, ավիացիան մշտապես ռմբակոծել է հենակետը (օրական 1000 և ավելի թռիչք): Մ. զ. մեծ դեր է խաղացել Նովոռոսիյսկ–Թամանի օպերացիայի հաջողության համար (տես Նովոռոսիյսկ–Թամանի օպերացիա 1943): Մ. զ–ի պաշտպանության հաջողությունը ապահովվեց ռազմ. գործողությունների հմուտ կազմակերպումով, որում մեծ դեր խաղաց կուսակցական–քաղաքական նպատակասլաց աշխատանքը, որն անց էր կացնում 18-րդ բանակի (հրամանատար՝ Կ. Ն. Լեսելիձե) քաղ. բաժինը՝ Լ. Ի. Բրեժնևի գլխավորությամբ: Ցուցաբերած խիզախության համար 21 զինվորի շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում:
Դեսանտայինների առաջին ջոկատներում մարտնչել են ավելի քան 280 հայ ծովայիններ ու ծովային հետևազորայիններ: 225-օրյա հերոսամարտին մասնակցել են 3700-ից ավելի հայ ռազմիկներ, որոնցից քաջի մահով ընկել են 1186: Մ. զ. դեսանտի իջեցումը և ռազմ. գործողությունները իրենց վառ արտահայտությունն են գտել Լ. Ի. Բրեժնևի «Մալայա զեմլյա» (1978) գրքում:
Գրկ. Բրեժնև Լ. Ի., Մալայա զեմլյա, Ե., 1979: Սարգսյան Վ., Լեգենդար պլացդարմը, Ե. 1978:Ա. Հովհաննիսյան ՄԱԼԱՅԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մալայացիների և նրանց ազգակից այն ժոդովուրդների գրականությունը, որոնք ապրում են ժամանակակից Ինդոնեզիայի, Մալայզիայի և Հարավային Թաիլանդի տերիտորիայում: Հին մալայերենով ամենավաղ գրական հուշարձանները վերաբերում են VII դ.: Բացառված չէ, որ այդ լեզուն սանսկրիտի հետ եղել է Շրիվիջայա (VII-XII դդ.) հնդկացած ամբողջ կայսրության գրական լեզուն: XIII-XIV դդ. միջնադարյան Մ. գ-յան զարգացման կենտրոնը եղել է Պասեյ իշխանությունը (Սումատրայում), XV դ.՝ Մալակկա սուլթանությունը: XVI դ. սկզբներին այն տեղափոխվել է Ջոխոր և Աչե, իսկ XIX դ.՝ Պենյենգատ սուլթանությունները: Գրավոր գրականության արձակի հիմնական ժանրերը ներկայացված են տոհմաբանություն–ժամանակագրություններով և հիքայաթներով: XVI դ. վերջին – XVII դ. 1-ին կեսին են վերաբերում դասական Մ. գ–յան առավել նշանակալի ստեղծագործությունների՝ «Մալայական տոհմագրությունների» և միջնադարյան «Հանգա Թուահի պատմությունները» էպոսի վերջնական խմբագրությունները, ինչպես նաև ոչ ուղղափառ սուֆի բանաստեղծ Համզահ Ֆանսուրիի և նրա հետևորդ փիլիսոփա-բնապաշտ Շամսուդդին Պասեյսկու (մահ. 1630) ստեղծագործությունը: Իրականության արտացոլման նկատմամբ բանական մոտեցումն է բնորոշ վաղ շրջանի լուսավորիչ Աբդուլլահ բին Աբդուլքադիր Մունշիի (1796-1854) և մալայացի վերջին պատմագիր Ռաջի Ալի Հաջիի (1909-1970) համար: Մ. գ–յան նոր և նորագույն շրջանի մասին տես Մալայզիա հոդվածի Գրականություն բաժինը:
ՄԱԼԱՅԱՆ ԱՐՇԻՊԵԼԱԳ, Երկրագնդի ամենամեծ կղզիախումբը Ասիա և Ավստրալիա մայր ցամաքների միջև: Ընդգրկում է ավելի քան 10000 կղզի, մոտ 2 մլն կմ² ընդհանուր տարածությամբ; Կազմված է Մեծ և Փոքր Զոնդյան, Ֆիլիպինյան, Մոլուքյան և բազմաթիվ փոքր կղզիներից: Ռելիեֆում տիրապետում են միջին բարձրության և ցածր լեռները: Ամենաբարձր կետը Կինաբալու գագաթն է (4101 մ): Կան նաև բլրային հարթավայրեր ու դաշտավայրեր՝ կազմված ալյուվիալ և ծովային նստվածքներից: 330 հրաբուխներից 100-ը գործող է: Հարուստ է անագի, նավթի, երկաթի, նիկելի, վոլֆրամի, մանգանի, բոքսիտի հանքերով: Կլիման հասարակածային է, հս–ում և հվ–ում՝ մերձհասարակածային: Տարեկան տեղումները հարթավայրերում 1000-2000 մմ են, լեռներում տեղ–տեղ՝ ավելի քան 5000 մմ: Գետերը կարճ են, ջրառատ, հիդրոէներգիայի պաշարներով հարուստ: Տարածված են մերձարևադարձային, խոնավ, մշտադալար և մուսսոնային անտառներն ու սավաննաները, ծովափերի երկարությամբ՝ մանգրովային մացառուտները: Զարգացած է հողագործությունը:
ՄԱԼԱՅԱ–ՊՈԼԻՆԵԶՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ավստրոնեզիական լեզուներ, ցեղակից լեզուների ընտանիք: Ներկայանում է չորս խմբով՝ ինդոնեզյան, մելանեզյան, պոլինեզյան և միկրոնեզյան: Համեմատաբար քիչ ուսումնասիրված լեզվաընտանիքներից է, ընդ որում՝ որոշ լեզուների ցեղակցությունը դեռևս որոշակիորեն չի պարզված: Մ–պ. լ–ին բնորոշ են բազմավանկ (առավելապես՝ երկվանկ) արմատները, կցական կառուցատիպը, վերլուծական հարուստ ձևերը շարահյուսության մեջ: Առկա է ստացականության ուրույն կարգ, բայական համակարգում սուբյեկտը կամ օբյեկտը արտահայտվում է հատուկ մասնիկներով: Միկրոնեզյան լեզուներում թվականը սովորաբար ստանում է քերականական տարբեր ձևավորում՝ պայմանավորված տվյալ քանակով առնված առարկաների բնույթով: Մելանեզյան լեզուներում քերականորեն տարբերակված է ստացականությունը, ստացական առումը, և, ըստ ստացողի ու ստացյալի փոխհարաբերության, զանազանում են օտարված և չօտարված ստացականներ: Պոլինեզյան լեզուներին բնորոշ է հնչյունական կազմի սակավությունը (աղքատությունը)՝ 5 ձայնավոր և 9-10 բաղաձայն: Ինդոնեզյան և պոլինեզյան լեզուներում գերակշռում են բաց վանկերը: Ինդոնեզյան լեզուներից համեմատաբար խոշոր են մալայերենը, ինդոնեզերենը, տագալերենը, մալգաշերենը, ճավայերենը: Մալայերենը պետական լեզու է Մալայզիայում (խոսողների թիվը՝ 12,5 մլն, 1970): Սրան շատ մոտ լեզու է ինդոնեզերենը, որի անունով էլ կոչվում է լեզուների այս խումբը (պետական լեզու է Ինդոնեզիայում): Ինդոնեզերենը սերում է մալայերենից: Ճավայերենը հայտնի է գրավոր հին աղբյուրներով: Նրա հին գրական տարբերակը հայտնի է «կավի» անունով: Տագալերենը պետական լեզու է Ֆիլիպիններում, մալգաշերենը՝ Մադագասկարի Դեմոկրատական Հանրապետությունում:
Գրկ. О языках, фольклоре и литературе Океании, (Сб. ст.), М., 1978.Հ. Պետրոսյան ՄԱԼԱՅԱՑԻՆԵՐ, 1. Հարավ–Արևելյան Ասիայի մալայա–պոլինեզյան լեզվաընտանիքի ինդոնեզական խմբի լեզվով խոսող ժողովուրդների՝ նախկինում գրականության մեջ տարածված անվանումը, 2. ընդհանուր ծագմամբ, լեզվով, մշակութային ու կենցաղային շատ առանձնահատկություններով միմյանց մոտ ժողովուրդների խումբ Հարավ–Արևելյան Ասիայում; Տարբերակվում են բուն (Մալայզիայում և Սինգապուրում բնակվող) Մ. (ավելի քան 5 մլն, 1970) և մալայալեզու զանազան ժողովուրդները (7,5 մլն), որ առավելապես բնակվում են Ինդոնեզիայում: Լեզուն մալայերենն է, բաժանվում է մի շարք բարբառների: Մալայզիայի պաշտոնական լեզուն է Ռիաու և Լինգա արշիպելագներում ձևավորված լեզուն: Սկսած XV դ. վերջից Մ–ի մեծամասնության պաշտոնական կրոնը մահմեդականությունն է, որը միահյուսված է հին ոգեպաշտական հավատալիքների, ինչպես և բուդդայականության ու հնդուիզմի տարրերի հետ: Մ–ի մեծ մասն զբաղվում է հողագործությամբ (բրինձ): Շատ Մ. աշխատում են օտարերկրյա (հիմնականում՝ անգլ.) և տեղական կապիտալիստների պլանտացիաներում (կաուչուկատու բույսեր, կոկոսյան արմավենի, շաքարեղեգ, սուրճ ևն), որոշ մասը՝ անագի հանքերում, տեքստիլ և սննդի արդյունաբերության մեջ: Մ–ի տնտեսական կյանքում մեծ դեր ունեն գետային և ծովային ձկնորսությունն ու ծովագնացությունը:
ՄԱԼԱՅԶԻԱ (Malaysia), Մալայզիայի Ֆեդերացիա (Federation of Malaysia)

Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 148
II․ Պետական կարգը 
 148
III․ Բնությունը 
 148
IV․ Բնակչությունը 
 148
V․ Պատմական ակնարկ 
 149
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ 
 149
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 
 149
VIII․ Զինված ուժերը 
 150
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 
 150
X․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները 
 150
XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 150