Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/149

Այս էջը սրբագրված չէ

են Կուալա Լումպուրը, Պինանգը, Իպոհը, Ջոհոր Բարուն, Կլանգը, Մալակկան:
V. Պատմական ակնարկ
Մ–ի տարածքը բնակեցվել է վաղ քարի դարից: Մ. թ. I հազարամյակի սկզբին Կենտրոնական Սումատրայից Մ–ի տարածք են ներթափանցել այժմյան մալայացիների նախնիները: Մալակկա թերակղզում դասակարգերի առաջացման, պետականության կազմավորման գործում նշանակալի դեր են խաղացել առևտրական և մշակութային կապերը Հնդկաստանի հետ, հնդիկ գաղութարարների հայտնվելը, բուդդայականության և հինդուիզմի ներթափանցումը: Մ–ի տարածքում առաջին պետություններն առաջացել են Մալակկա թերակղզու հս–ում, որոնք III-VI դդ. կախման մեջ են եղել Հնդկաչինի Ֆունան պետրւթյունից, VIII-XIII դդ.՝ Սումատրայի Շրիվիջայա կայսրությունից, XIV դ.՝ ինդոնեզական Մաջապահիտ կայսրությունից: XV-XVI դդ. սկզբին առաջացել են Մալակկայի (որի մեջ մտել են Մալակկա թերակղզին, Ռիաու արշիպելագը և Սումատրա կղզու արլ. մասը), Բրունեյի ((Կալիմանտան կղզու հս–ում), XV դ. այստեղ տարածվել է մահմեդականությունը) սուլթանությունները: 1511-ին Մալակկայի սուլթանությունը զավթել են պորտուգալացիները: XVI դ. Մալակկա թերակղզու հվ–ում կազմվել է Ջոհորի սուլթանությունը: 1641-ին Ջոհորի սուլթանությունը և հոլանդացիները զավթել են Մալակկան: XVIII դ. վերջից գաղութային էքսպանսիա է սկսել Մեծ Բրիտանիան, որը XIX-XX դդ. սկզբին իրեն է ենթարկել Մալայայի տարածքի սուլթանությունները և միավորելով ստեղծել Բրիտանական Մալայա գաղութը, XIX դ. վերջին իր պրոտեկտորատն է հաստատել Սարավակի և Սաբահի (Կալիմանտան կղզում) վրա:
Անգլ. գաղութարարները յուրացրին լավագույն հողերը, զբաղվեցին անագի հանույթով և կաուչուկի արտադրությամբ: Մ–ի ժողովրդի ազատագրական պայքարը գաղութային ճնշման դեմ ուժեղացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ, երկիր թափանցեցին մարքսիզմ–լենինիզմի գաղափարները: 1920-ին ստեղծվեցին արհմիություններ, 1930-ին՝ Մալայայի կոմկուսը: 1941-ի դեկտեմբերին Մ. օկուպացրեց (մինչև 1945-ը) Ճապոնիան: 1945-ին անգլ. գաղութարարները վերադարձան Մ.: 1946-ի և 1948-ի սահմանադրական ռեֆորմներով Սինգապուրը անջատվեց Մալայայից, վերջինս ձևավորվեց որպես անգլ. գաղութ՝ 1946-ից՝ Մալայայի Միություն, 1948-ից՝ Մալայայի Ֆեդերացիա անվամբ: Սարավակը և Սաբահը 1946-ին անցան Մեծ Բրիտանիայի գաղութային մինիստրության իրավասության տակ: 1948-ին արգելվեցին կոմկուսը և դեմոկրատական այլ կազմակերպություններ: Անգլ. գաղութարարների դեմ պայքարելու նպատակով 1949-ին ստեղծվեց Մալայայի ժողովուրդների ազատագրական բանակը: Մ–ի հասարակական տարբեր խավերի ազգային–ազատագրական շարժման ճնշման տակ Մեծ Բրիտանիան 1957-ի օգոստ. 31-ին հարկադրված ընդունեց Մալայայի Ֆեդերացիայի անկախությունը, պահպանելով սակայն իր տիրապետությունը տնտեսության մեջ: 1963-ին Մեծ Բրիտանիայի, Մալայայի Ֆեդերացիայի, Սինգապուրի, Սարավակի և Սաբահի միջև համաձայնագիր ստորագրվեց Բրիտանական համագործակցության շրջանակներում Մ–ի ֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ, որը հռչակվեց 1963-ի սեպտեմբեր 16-ին: 1965-ին Մ–ի կառավարության և Սինգապուրի միջև հարաբերությունների սրման հետևանքով Սինգապուրը դուրս եկավ ֆեդերացիայից: 1960-ական թթ. 2-րդ կեսից Մ–ի կառավարությունը վարում է չմիանալու, խաղաղ գոյակցության քաղաքականություն: 1967-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Մ–ի և ՍՍՀՄ–ի, այնուհետև նաև սոցիալիստական մյուս պետությունների միջև: 1972-ին ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև համաձայնագրեր ստորագրվեցին տնտ., տեխ., մշակութային և գիտական համագործակցության վերաբերյալ: Միաժամանակ Մ. սերտ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և այլ զարգացած կապիտալիստական երկրների հետ:
VI. Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները
Ազգային ճակատ (Աճ), կուսակցությունների կառավարող կոալիցիա է, որոնցից խոշորներն են. Մալայական միացյալ ազգային կազմակերպություն (ՄՄԱԿ), ստեղծվել է 1946-ին, արտահայտում է մալայական ֆեոդալա–բուրժ. վերնախավի շահերը: Մ–ի չինական ասոցիացիա (ՄՉԱ), հիմնվել է 1946-ին, տեղի չին. խոշոր բուրժուազիայի առաջատար կուսակցությունն է: Մ–ի հնդկական կոնգրես (ՄՀԿ), ստեղծվել է 1946-ին, արտահայտում է ունևոր հնդիկների շահերը: Ընդդիմադիր գլխավոր կուսակցություններն են՝ Դեմոկրատական գործողության կուսակցություն (ԴԳԿ), ստեղծվել է 1966-ին, արտահայտում է Մ–ում ապրող չինացիների շահերը: Պանմալայական իսլամական կուսակցություն (ՊԻԿ), ստեղծվել է 1951-ին, արտահայտում է մալայական միջին և մանր բուրժուազիայի, մահմեդական հոգևորականության շահերը:
Մալայայի կոմունիստական կուսակցություն (ՄԿԿ), հիմնվել է 1930-ին, 1948-ից գործում է անլեգալ, գտնվում է մաոյական ազդեցության տակ:
Մ–ի արհմիությունների կոնգրես (ՄԱԿ), հիմնվել է 1949-ին, գործում է իշխանությունների հսկողության ներքո, ունի մոտ 400 հզ. անդամ:
VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
Գաղութային երկարատև տիրապետության հետևանքով տնտեսությունը ստացել է ագրարային–հումքային բնույթ և կախված է օտարերկրյա (գլխավորապես՝ անգլ.) կապիտալից: Անկախությունից հետո տեղի են ունեցել կառուցվածքային տեղաշարժեր: Մշակվում են տնտեսության զարգացման երկարաժամկետ պլաններ, կարևոր տեղ է տրվում պետական սեկտորին:
Գյուղատնտեսությունը տնտեսության գլխավոր ճյուղն է: Գյուղատնտեսության և ամբողջ տնտեսության հիմնական ճյուղը կաուչուկի արտադրությունն է (1655 հզ. տ, 1979): Կարևոր նշանակություն ունի յուղատու (2088 հզ. տ արմավայուղ, 1979) և կոկոսյան արմավենու, անանասի, պղպեղի մշակությունը: Պարենային հիմնական կուլտուրան բրինձն է, որը երկրի պահանջները չի բավարարում: Մշակում են նաև բանջարեղեն, պտղատուներ, ծխախոտ, թեյ: Անասնաբուծությունը թույլ է զարգացած: Զբաղվում են ձկնորսությամբ: