Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/15

Այս էջը հաստատված է
ՂԱԶԱԽԱԿԱՆ 15

գրավոր ռեալիստական գրականության հիմնադիրը։ Նրա ավանդույթները XX դ, սկզբին շարունակել են Սուլթանմահմուա Տորայգըրովը (1893–1920), Սաբիթ Դոնենտաևը (1894–1933), Սպանդիյար Կուբեևը (1878–1956) և ուրիշներ։ Ղազախական սովետական գրականության սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներն են բանաստեղծ հեղափոխական Սակեն Սեյֆուլլինը (1894–1939), բանաստեղծներ Բայմագամբետ Իզտոլինը (1899–1921), Իլիաս Զանսուգուրովը (1894-1937), արձակագիրներ Բեիմբետ Մայլինը (1894–1939), Մուխթար Աուեզովը (1897-1961), Սաբիթ Մուքանովը (1900–1973)։ 1920-ական թթ․ կեսերին ղազախական գրականությունը համալրվեց բանաստեղծներ Ի․ Բայզակովի (1900–46), Ա․ Թոքմագամբետովի (ծն. 1905), Կ․ Աբդուքադիրովի (1903–64), Թ․ Ժարոկովի (1908–1965), արձակագիրներ Դ․ Մուսթաֆինի (ծն․ 1902), Գ․ Մուսրեպովի (ծն․ 1902) և ուրիշների անուններով։ Այդ շրջանում ղազախական գրականությունը դարձավ սոցիալիստական շինարարության պաթոսն արտացոլող բազմաժանր գրականություն։
1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղազախական, ինչպես և ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների գրականությունն արտացոլեց սովետական ժողովրդի մարտական ու աշխատանքային սխրանքները։ Ետպատերազմյան շրջանում ղազախական գրականությունը շարունակեց պատերազմի հետ կապված թեմատիկան։ Երևան եկան պատմահեղափոխական և ժամանակակից թեմայով ստեղծագործություններ։ 1956-ին Աուեզովն ավարտեց «Աբայի ուղին» («Աբայ», հ․ 1–2, հայ․ հրտ․ 1952) քառերգությունը, որը նշանակալից երևույթ եղավ ոչ միայն ղազախական գրականության մեջ։ Ետպատերազմյան տասնամյակների պոեզիայում հատկապես զարգացել են էպիկական ձևերը՝ քնարական ու սյուժետային պոեմը, չափածո վեպը։ Գրվել են պատմական թեմաներով պոեմներ (Խ․ Բեկհոժին, ծն․ 1913, Դ․ Կաիրբեկով, ծն․ 1928 և ուրիշներ)։ Սովետական մարդկանց ներաշխարհի, ստեղծագործ աշխատանքի մասին պոեմներ են գրել Ա․ Թաժիբաևը (ծն․ 1909), Ժարոկովը և ուրիշներ։ Սոցիալական և բարոյա–էթիկական բարդ կոնֆլիկտներ են արտացոլել դրամատուրգները (Շ․ Հուսեյնով, 1906–72, Ա․ Աբիշև, ծն․ 1907 և ուրիշներ)։ Գրվել են նաև պատմական և պատմահեղափոխական թեմաներով պիեսներ (Մուքանով, Մ․ Ախինժանով, ծն․ 1905, Զ․ Ակիշև, ծն․ 1911 և ուրիշներ)։ 1960-ական թվականներից զարգանում է նաև գիտաֆանտաստիկ գրականությունը (Մ․ Սարսեկեև, ծն․ 1936, Շ․ Ալիմբաև, ծն․ 1941)։ 1960-ական թթ․ գրականություն են մտել մի խումբ երիտասարդ արձակագիրներ (Ա․ Նուրշաիխով, ծն․ 1922, Մ․ Սունդեաով, ծն․ 1936, Ա․ Կեկիլբաև, ծն․ 1939) ու բանաստեղծներ (Կ․ Մուրզալիև, ծն․ 1935, Թ․ Մուլդագալիև, ծն․ 1935, Ս․ Ժիենբաև, ծն․ 1934)։
Զարգանում են հայ–ղազախական գրական կապերը։ Հայերեն են թարգմանվել Մ․ Աուեզովի, Ա․ Ալիմժանովի, Ա․ Կունանբաևի, Ս․ Մուքանովի, Գ․ Մուսրեպովի, Ի․ Ջանսուգուրովի, Ս․ Սեյֆուլլինի, Դ․ Օրմանովի, Երգալիևի և ուրիշների մի շարք գործեր։ Ղազախերեն են թարգմանվել Խ․ Աբովյանի, Շիրվանզադեի, Հ․ Հակոբյանի, Վ․ Անանյանի, Գ․ Աբովի, Գ․ Սարյանի, Ն․ Զարյանի, Ս․ Զորյանի, Ա․ Իսահակյանի, Հ․ Թումանյանի, Ե, Չարենցի, Ս․ Կապուտիկյանի, Շիրազի, Գ, Էմինի և ուրիշների ստեղծագործություններից։ 1968-ին ղազախերեն լույս է տեսել «Հայկական սովետական պոեզիայի անթոլոգիա»-ն։
XV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը
Ճարտարապետությունը։ Ղ–ի տարածքում պահպանվել են բրոնզի դարի հուշարձաններ։ Այդ ժամանակաշրջանի բնակավայրերը կազմված էին հատակագծում ուղղանկյուն, կիսագետնափոր 10–40 տներից և տնտ․ շինություններից։ Պահպանվել են պաշտամունքային կառույցներ՝ դոլմեններ, մենհիրներ, ինչպես նաև դամբարանաբլուրներ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում – մ․ թ․ 1-ին դդ․ Ղ–ի տարածքում ապրող ցեղախմբերն ունեցել են ինչպես շարժական կացարաններ (թաղիքե յուրդեր), այնպես էլ ամրակայված (կավ, հում աղյուս) տներ (Չիրիկռաբատ, մ․ թ․ ա․ V–II դդ․)։ Այս շրջանի գմբեթավոր գերեզմանոգային կառույցներից նշանավոր է Բալանդի (Կզըլ Օրդայի մարզ) համալիրում հայտնաբերվածը (մ․ թ․ ա․ IV– II դդ․)։ VIII դարից, մահմեդականության տարածմանը զուգընթաց, կառուցվել են մզկիթներ, մինարեներ, սարդոբաներ, բաղնիքներ, քարվանսարաներ, դամբարաններ, երևան են եկել ճարտարապետական–շինարարական նոր մեթոդներ (կիրառվել են թրծած աղյուս, կամարագմբեթային կառուցվածքներ, փորագիր թրծակավով երեսպատում ևն)։ X–XII դդ․ Ղ–ի տարածքի հվ–ում ստեղծվել են եռամաս կառուցվածքով քաղաքներ՝ միջնաբերդ, «շահրիստան» (քաղաքի թաղամասեր) և «ռաբատ» (արվարձան)։ X դ․ սկսած կազմավորվել է դամբարանի կենտրոնակազմ գմբեթավոր տիպը (Բաբաջի–խաթունի, X–XI դդ․, Այշա–Բիբիի, XII դ․, դամբարանները), իսկ հետագայում նաև շքամուտքով գմբեթավոր տիպը (Սըրլը–տամ, XI– XII դդ․)։ XIV-XVI դդ․ տնտ․ և մշակութային վերելք են ապրել քաղաքները (Սըղնակ, Թարազ, Սայրամ ևն), կառուցվել են մոնումենտալ շինություններ (Ալաշա խանի, XIII դ․ 2-րդ կես, Խոջա Ահմեդ Յասավիի, XIV դ․ վերջ, դամբարանները)։ XIX դ․ 60-ական թթ, Ռուսաստանին միանալուց հետո Ղ–ի շինարարությունը նոր թափ է ստացել, կառուցվել են ոճով էկլեկտիկ վարչական և առևտրական շենքեր, երկաթուղային կայարաններ, մզկիթներ, մինարեներ, դամբարաններ (Ժուզդենի, XIX դ․ 1-ին կես, Տորո Կարայի, XIX դ․ 40-ական թթ)։
Սովետական շրջանում, վերանորոգման–վերակառուցման աշխատանքներին զուգընթաց, սկսվել է բնակելի ու հասարակական նոր շենքերի շինարարությունը (Կզըլ Օրդա, Չիմքենդ ևն քաղաքներում)։ Կառուցվել են նոր քաղաքներ՝ Բալխաշ, Կարագանդա, Ռիդդեր (այժմ՝ Լենինոգորսկ) ևն։ 1920–30-ական թթ․ կառուցվել են սովետական կոնստրուկտիվիզմի ոգով շենքեր (Կառավարական տունը, այժմ՝ Ալմա Աթայի համալսարանի շենքը)։ 1930–40-ական թթ․ ճարտարապետությանը բնորոշ է օրդերային ձևերի օգտագործումը՝ համադրված ազգային ճարտ․ ավանդական տարրերին (Ալմա Աթայի բժշկ․ ինստ–ի, Ղազախական օպերայի և բալետի թատրոնի շենքերը)։ 1960-ական թթ․ լայն թափ է ստացել բնակելի շինարարությունը․ Ալմա Աթայում, Կարագանդայում, Ցելինոգրադում և այլ քաղաքներում կառուցվել են խոշոր բնակելի շրջաններ։ Ալմա Աթայի մոտ կառուցվել է Մեդեո ստադիոնը (1972)։
Կերպարվեստը: Ղ ի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները պալեոլիթի և նեոլիթի դարաշրջանին վերաբերող ժայռապատկերներն են։ Բրոնզի դարից պահպանվել են կենդանիների տոտեմական քանդակներ, որսի տեսարաններով ժայռապատկերներ, երկրաչափական զարդանախշերով կավե սափորներ։ Սկյութների մշակույթին կապված սակերի արվեստն առանձնանում է «կենդանական ոճին» բնորոշ իրական և ֆանտաստիկ կենդանիների պատկերումով։ Միջնադարյան (VII– XVII դդ․) կերպարվեստը ներկայանում է տղամարդկանց, կանանց և կենդանիների քարե քանդակներով, կանանց բրոնզե արձանիկներով։ Այս շրջանից հայտնի են դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներ (յուրդի ձևով կավե սափորներ, չջնարակված զարդանախշ և ջնարակված գունազարդ խեցեղեն, ինքնատիպ նախշազարդերով կաշվե, մետաղե իրեր ևն)։ Յուրդի ինտերիերի հարդարանքում մեծ տեղ են գրավել նախշազարդ թաղիքե գորգերը (թեքեմենտներ, սըրմակներ ևն)։ Տարածված էր ասեղնագործությունը, փայտի փորագրությունը, կաշվի մշակումը, ոսկերչությունը։ XIX դ․ ստեղծվում են ղազախ ժողովրդի կյանքն արտացոլող կերպարվեստի ստեղծագործություններ (Չ․ Վալիխանով, Տ․ Դ․ Շևչենկո, Վ․ Վ․ Վերեշչագին և ուրիշներ)։ Սովետական կարգերի հաստատումից հետո արդեն 1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ ռուս նկարիչների համագործակցությամբ ստեղծագործում էին ազգային շատ գեղանկարիչներ և գրաֆիկներ (Ա․ Տաշբաև, Խ․ և Կ․ Խոջիկովներ, Ա․ Իսմայիլով, Ա․ Կաստեև և ուրիշներ), որոնք փորձում էին յուրացնել հաստոցային գեղանկարչությունը և գրաֆիկան, մշակել ազգային