Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/150

Այս էջը սրբագրված չէ

Զարգացած է փայտամթերումը (5,7 մլն մ³ սղոցանյութ, 1979):
Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանող արդյունաբերությունն է: 1979-ին արտադրվել է 63 հզ. տ անագի կոնցենտրատ: Արդյունահանվում են նան երկաթի ու պղնձի հանքաքար, բոքսիտներ, ոսկի, նավթ: 1977-ին արտադրվել է 7346 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա: Վերամշակող արդյունաբերությունը ներկայանում է հիմնականում ավանդական ճյուղերով՝ անագի հալում, կաուչուկի, գյուղատնտեսության հումքի վերամշակում, անանասի պահածոների արտադրություն: 1970-ական թվականներին հիմնվել են ավտոմոբիլների, մոտոցիկլետների, գյուղատնտ. մեքենաների հավաքման, էլեկտրատեխնիկական սարքավորման, մետալուրգիական, ցեմենտի, տեքստիլ, քիմ. ձեռնարկություններ: Տարածված է արհեստա–տնայնագործական արտադրությունը (բրուտագործություն, ոսկերչություն, ժանյակագործություն):
Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 1815 կմ է, ավտոճանապարհներինը՝ 27 հզ. կմ (1976): Կարևոր դեր ունի ծովային տրանսպորտը, բայց ազգային առևտրական նավատորմը հզոր չէ: Գլխավոր նավահանգիստներն են Պինանգը, Պորտ Սուետտենեմը, Սանդականը: Միջազգային օդանավակայաններ կան Կուալա Լումպուրում, Պինանգում և Կոտա Կինաբալուում:
Արտաքին առևտուրը: Արտահանում է կաուչուկ, անագ, փայտանյութ, նավթ և նավթամթերքներ, արմավի յուղ, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, վառելանյութ, քիմ. նյութեր ևն: Արտաքին առևտրական գործընկերներն են Ճապոնիան, ԱՄՆ, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ, ՉԺՀ, Ավստրալիան: Զարգանում են առևտրական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ:
Դրամական միավորը ռինգիտն է (մալայզիական դոլլար): 100 ռինգիտը= 31,71 ռուբլու (1981):
VIII. Զինված ուժերը
Մ–ի զինված ուժերը (64 հզ. մարդ, 1977) կազմված են ցամաքային զորքերից (52,5 հզ. մարդ), ռազմաօդային (6 հզ. մարդ) և ռազմածովային (5,5 հզ. մարդ) ուժերից: Գերագույն գլխավոր հրամանատարը գերագույն կառավարիչն է: Անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության մինիստրը: Բանակը համալրվում է վարձվող կամավորներով, թեև կա համընդհանուր զինապարտության օրենք: Ցամաքային զորքերը կազմված են հետևակային 9 բրիգադից, հատուկ զորամիավորումներից: Ռազմաօդային ուժերն ունեն մարտական 50 ինքնաթիռ,, ուղղաթիռների 5 էսկադրիլիա, ռազմածովային ուժերը՝ տարբեր նշանակության մոտ 60 նավ: Կան նաև տերիտորիալ և ոստիկանական միավորումներ:
IX. Բժշկա–աշխարհագրական բնութագիր
1970-75-ին Մ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 33,2, մահացությունը՝ 6,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծընվածին՝ 36,4: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները: Մահացության հիմնական պատճառներն են ուղեղի անոթների ախտահարումները, թոքաբորբերը, տուբերկուլոզը, չարորակ նորագոյացությունները, ստամոքսա-աղիքային համակարգի հիվանդությունները, տարածված են մալարիան, բորը, պարբերաբար գրանցվում են ծաղիկի և խոլերայի դեպքեր:
1975-ին Մ–ում գործել է 310 հիվանդանոց՝ 40,2 մահճակալով (1000 բնակչին՝ 29,2 մահճակալ): Աշխատել են 1,6 հզ. բժիշկ (10 հզ. բնակչին՝ 1,3 բժիշկ), 1,6 հզ. բժշկի օգնական, ավելի քան 874 ստոմատոլոգ և ատամնաբույժ, 474 դեղագործ, 14 հզ. միջին բուժաշխատող: Բժշկ. կադրեր է պատրաստում Մալայայի և Ազգային համալսարաններին կից բժշկ. ֆակուլտետները: Գործում են նաև բուժքույրեր, մանկաբարձներ և այլ միջին բուժաշխատողներ պատրաստող դպրոցներ:
X. Լուսավորությունը և գիտական հիմնարկները
Ժողկրթության համակարգի մեջ մտնում են 6-ամյա տարրական, 3-ամյա ցածր, 2-ամյա բարձր միջնակարգ դպրոցները: Համալսարան ընդունվում են միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի 2-ամյա նախապատրաստական դասընթացներն ավարտողները: Մասնագիտանում են արհեստագործական դպրոցներում, միջնակարգ և բարձր տիպի տեխնիկական կոլեջներում: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական կենտրոնները (տարրական դպրոցի հիմքի վրա), միջնակարգ դպրոցի՝ 2-ամյա մանկավարժական կենտրոնները և 2-ամյա բարձրագույն մանկավարժական կոլեջները (լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա), ինչպես նաև համալսարանները: Բարձրագույն կրթություն են տալիս Մալայայի (1959), Կուալա Լումպուրի Ազգային (1970), Պինանգի (1969) համալսարանները: Կուալա Լումպուրում են գտնվում Մ–ի Ազգային գրադարանը (1971), Ազգային թանգարանը (1963):
Մ–ի խոշոր գիտական հիմնարկներից են. Բնական կաուչուկի հետազոտական ինստ. (1925, Կուալա Լումպուր), Գյուղատնտեսության ԳՀԻ (1969, Կուալա Լումպուր), Բժշկ. հետազոտությունների ինստ. (1900, Կուալա Լումպուր), Գիտական և արդ. հետազոտությունների ազգային ինստ. (1970): Հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտություններ են կատարում Մ–ի Պատմության ընկերությունը, Մալայերենի և մալայական գրականության գործակալությունը (1959), Թամիլերենի ընկերությունը (1957):
XI. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Առավել խոշոր թերթերից են. մալայերեն՝ «Ուտուսան Մելայյու» («Utussan Melayu»), «Ուտուսան Մալայսիյա» («Utusan Malaysia»), «Բերիտա Հարիան» («Berita Harian»), անգլ.՝ «Սթրեյթս թայմս» («Straits Times»), «Մալայ մեյլ» («Malay Mail»), չինարեն՝ «Նանյան շանբաո», «Մինչժոու ժիբաո», «Չժունգո բաո», «Մալայ տունբաո», թամիլերեն՝ «Թամիլ նեսան»: 1967-ից գործում է պաշտոնական կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Բերնամա: Ռադիոհաղորդումները տրվում են մալայերեն, անգլ., չինարեն և թամիլերեն: Հեռուստատեսությունը գործում է 1963-ից:
XII. Գրականությունը
Մ–ի գրականությունը ստեղծվում է մալայերենով, չինարենով, մասամբ թամիլերենով, ինչպես նաև անգլերենով: Հիմնականը մալայերենով գրականությունն է: Նոր և նորագույն մալայական գրականությունն սկսվում է Աբդուլլահ բին Աբդուլքադիր Մունշիով (1796-1854): Մալայացի հերոսներով առաջին վեպերի հեղինակը Ահմադ բին Հաջի Մուհամմադ Ռաշիդ Թալուն է (1889-1939):
1930-40-ական թթ. գրականության մեջ ուժեղացան հայրենասիրական և հակագաղութային տրամադրությունները: 1945-57-ին առաջատար տեղ գրավեցին ժողովրդի կյանքի հրատապ խնդիրներն արտացոլող բանաստեղծություններն ու պատմվածքները: Քննադատական ռեալիզմի ուղղությամբ վիպագրության զարգացմանը նպաստեցին Հասան բին Մուհամմադ Ալին (ծն. 1928) և հատկապես Ա. Սամադ Սաիդը (ծն. 1935): Աստիճանավորների և քաղ. գործիչների կաշառակերության մասին են գրում արձակագիրներ Հասան Իբրահիմը (ծն. 1938), Ալիաս Ալին (ծն. 1937), Շահնոն Ահմադը (ծն. 1933): Էթնիկական ու սոցիալական հակասություններին են նվիրված Ա. Սամադ Իսմայիլի (ծն. 1924) և այլոց վեպերը: Շատ ստեղծագործություններ կապված են գյուղացիության կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ (Իբրահիմ Օմար, ծն.1936, Յահյի Իսմայիլ, ծն. 1940, Աբդուլլահ Հուսեյն, ծն. 1921, Ալիաս Հարուն, ծն. 1939):
Թամիլերենով գրականությունը ներկայացնում են Կ. Պերումալը, Թ. Շանմուզամը, Բ. Նարայանանը, Մ. Սեթհուրամանը: Զգալի տեղ է գրավում չինարենով գրականությունը (Սյույ Դիշան, Այույ Ցզե, Մա Ին, Յույ Դա–Ֆու, Բա Ժեն և ուրիշներ): Անգլերենով գրականությունը Մ–ում տարածում է գտել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
XIII. Ճարտարապետությունը և կերպարվեստը
Մ–ում հայտնաբերվել են նեոլիթի շրջանի խեցեղեն, մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսի մենհիրներ (Մալակկա), բրոնզե զանգակաձև ծիսական թմբուկներ: VIII-XIII դդ. Հնդկաստանի մշակույթի