հս–ում, լեռնային կարմրահողերի վրա, տարածված են խոնավ արևադարձային անտառները, մնացած մասերում, լատերիտային շագանակա–կարմրավուն հողերի վրա՝ քսերոֆիտային արևադարձային անտառներն ու սավաննաները: Գետահովիտներում աճում են սրահային անտառներ, 1500 մ–ից բարձր լեռնային տափաստաններն ևն: Բնորոշ կենդանիներն են աֆրիկյան փիղը, գոմշացուլը, ռնգեղջյուրը, զեբրը ևն: Նյասա լիճը հարուստ է ձկներով: Տարածված է ցեցե ճանճը: Կենդանական աշխարհի պահպանության համար ստեղծվել է Մ–ի ազգային պարկը:
Բնակչությունը: Մ–ում հիմնականում բնակվում են բանտուների արլ. խմբին պատկանող ժողովուրդներ, որոնց 55%-ը մալավիներ են: Բնակվում են նաև մակուա, լոմվե, վայաո և այլ ժողովուրդներ: Բնակչության ավելի քան կեսը պահպանում է տեղական հավատալիքները, մնացածը քրիստոնյաներ և մահմեդականներ են: Պաշտոնական լեզուներն են չինյանջան (մալավիների լեզուն) և անգլերենը, տոմարը՝ գրիգորյանը: Կարևոր քաղաքներն են Բլանտայր Լիմբեն, Զոմբան, Լիլոնգվեն:
Պատմական ակնարկ: Մ–ի տարածքում վաղուց ի վեր բնակվել են բանտու լեզվախմբի ցեղեր: XV դ. վերջին Նյասա լճի շրջանում կազմավորվել է մալավի ցեղային միությունը, որը շուտով քայքայվել է: XIX դ. 2-րդ կեսին Մ–ում հայտնվել են եվրոպացիները (անգլիացիները ևն): 1891-ին Մեծ Բրիտանիան ստեղծել է Նյասալենդ պրոտեկտորատը (Մ–ի տարածքը): Ազատագրական շարժումն ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և հատկապես հետո: 1944-ին ստեղծվել է Նյասալենդի առաջին քաղ. կազմակերպությունը՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ԱԱԿ), որը պայքարել է բնիկների իրավունքների ընդլայնման, իսկ 1953-ին Մեծ Բրիտանիայի դրդմամբ ստեղծված Նյասալենդի և Հարավային Ռոդեզիայի (1980-ից՝ Զիմբաբվե) ֆեդերացիայի ստեղծումից հետո՝ ֆեդերացիան վերացնելու համար: 1959-ին ԱԱԿ հայտարարվել է օրենքից դուրս, փոխարենը ստեղծվել է (1959) Մ–ի կոնգրես (ՄԿ) կուսակցությունը: Ազատագրական շարժման ճնշման տակ 1961-ին գաղութարարները հարկադրված մտցրել են բնիկներին ընտրական իրավունքներ տվող սահմանադրություն: 1963-ի փետր. 1-ին Նյասալենդը ստացել է ներքին ինքնավարություն. 1963-ի դեկտեմբերին դուրս եկել ֆեդերացիայից: 1964-ի հուլիսի 6-ին Նյասալենդը Մ. անվամբ հռչակվել է անկախ պետություն, 1966-ին՝ Մ. Հանրապետություն:
1964-ից Մ. ՄԱԿ–ի անդամ է: 1970-ական թթ. Մ–ի կառավարությունը քաղ. և տնտ. սերտ հարաբերություններ է պահպանել ՀԱՀ–ի և Հարավային Ռոդեզիայի ռասիստական վարչակարգի հետ:
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Մ–ի կոնգրես, միակ քաղ. կուսակցությունն է, հիմնվել է 1958-ին: Մ–ի արհմիությունների կոնգրես, ստեղծվել է 1964-ին:
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ:
Մ. հետամնաց ագրարային երկիր է, կախման մեջ է նախկին մետրոպոյիայից և ՀԱՀ–ից: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Խոշոր պլանտացիաները պատկանում են եվրոպական, հատկապես անգլ., ընկերություններին: Արտահանության համար մշակում են թեյ, ծխախոտի բարձրորակ սորտեր, գետնընկույզ, բամբակ, եղրիզենի (տունգ), կաուչուկ, ներքին սպառման համար՝ եգիպտացորեն, կորեկ, սորգո, բրինձ, ընդավորներ, մանիոկա, կարտոֆիլ: Անասնապահությունը թույլ է զարգացած: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
Կա լեռնային արդյունաբերություն: Արդյունահանում են քիչ քանակությամբ երկաթի հանքաքար, բոքսիտներ, կիանիտներ: 1978-ին արտադրվել է 276 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա: Մշակող արդյունաբերությունը ներկայացված է գլխավորապես գյուղատնտ հումքի վերամշակման ձեռնարկություններով: Կան ցեմենտի, շաքարի գործարաններ, ծխախոտի, թեյի վերամշակման, տեքստիլ, բամբակազտիչ, կարի ֆաբրիկաներ, սննդի և այլ ձեռնարկություններ, պարարտանյութերի արտադրություն, շինափայտի մթերում: Ավտոճանապարհների երկարությունը 3020 կմ է (1979), երկաթուղիներինը՝ 566 կմ (1978): Բլանտայր Լիմբեում և Լիլոնգվեում կան միջազգային օդանավակայաններ: Արտաքին առևտրական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Զիմբաբվեն, ՀԱՀ, ԱՄՆ, Ճապոնիան, ԳՖՀ: Արտահանում է ծխախոտ, թեյ, գետնընկույզ, բուրդ, եղրիզենու յուղ, բամբակ, ներմուծում՝ պարեն, տեքստիլ արտադրանք, նավթամթերք, սև և գունավոր մետաղներ ու դրանցից պատրաստված շինվածքներ:
Դրամական միավորը կվաչան է, որը հավասար է ամերիկյան 1,22 դոլլարի (1979):
Բժշկա–աշխարհագրական բնութագիրը: 1972-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 50,5, մահացությունը՝ 26,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 142,1: Գերակշռում են վարակիչ մակաբուծական հիվանդությունները: Տարածվածն են տուբերկուլոզը, տիֆերը, պարատիֆերը, դիզենտերիան, վեներական հիվանդությունները, բորը, գեոհելմինթոզները, մալարիան: 1971-ին գործել է 90 հիվանդանոց՝ 6,0 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 1,3 մահճակալ), մայրության և մանկության պահպանության 35 կենտրոն, բորի դեմ պայքարի շարժական 3 կենտրոն, 6 բորոտանոց: 1975-ին աշխատել են 104 բժիշկ (48,5 հզ. բնակչին՝ 1 բժիշկ), 7 ատամնաբույժ, 4 դեղագործ և մոտ 1155 միջին բուժաշխատող: 1965-ից անց են կացվում ծաղիկ հիվանդության կանխարգելիչ պատվաստումներ:
Լուսավորությունը և գիտական հիմնարկները: Բնակչության մոտ 85%-ն անգրագետ է: Պարտադիր կրթության մասին օրենք չկա: Տարրական դպրոցը 8-ամյա է, միջնակարգը՝ 6-ամյա: Պրոֆտեխնիկական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (1-4 տարի): Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում միջնակարգ դպրոցի հիմքի վրա (2 տարում): Միակ բարձրագույն ուս. հաստատությունը Մ–ի համալսարանն է (1964, Բլանտայր Լիմբե): Կան մի քանի կոլեջներ՝ գյուղատնտեսական (Լիլոնգվհ), մանկավարժական և Չանսելլորկոլեջը, գործում են նաև պոլիտեխնիկական և վարչական ինստ.-ները (բոլորն էլ՝ Բլանտայր Լիմբեում): Այս ուս. հաստատություններում լրիվ բարձրագույն կրթություն չեն ստանում: Խոշոր գրադարանը Չանսելլոր–կոլեջինն է: Բլանտայր Լիմբեում է Մ–ի թանգարանը (1964):
Գիտական հիմնարկներից է Մ–ի երկրաբանական ծառայությունը (1921):
1939-ական թթ. վերջից ստեղծվել են գյուղատնտ. փորձակայաններ:
Մամուլը, ռադիոհաղորդումները: Առավել կարևոր պարբերական հրատարակություններն են. «Աֆրիկան» («The African», 1950-ից)՝ երկշաբաթաթերթ անգլ., չինյանջա և տումբուկա լեզուներով, «Դիս իզ Մալավի» («This is Malawi», 1964-ից)՝ կառավարական ամսագիր, «Մալավի գավըրնմընթ գազեթ» («Malawi Government Gazette», 1894-ից)՝ կառավարական շաբաթաթերթ, «Մալավի նյուս» («Malawi News», 1959-ից)՝ շաբաթաթերթ անգլ., չինյանջա և տումբուկա լեզուներով, «Դեյլի թայմս» («Daily Times»՝ օրաթերթ անգլ. և չինյանջա լեզվով: Մ–ի ռադիո կառավարական ծառայությունը հիմնվել է 1964-ին:
Ժողովրդական արվեստը: Նյանջա և չնա ժողովուրդների բնակավայրերի հիմնական տիպը ցանկապատված, խառնիխուռն կառուցապատված գյուղն է: Նգոնիների խրճիթները տեղադրված են շրջանաձև, կենտրոնում՝ անասնանոցը: Կան շրջանաձև կամ քառանկյուն հատակագծով բնակելի տներ: Խրճիթները կառուցում են շիվերից հյուսած, ներսից կավածեփ հիմնակմախքով, եղեգնյա ծածկով: Տարածված է բրուտագործությունը, փայտի քանդակազարդումը:
Գրկ. Яблочков Л. Д., Коренное население Британской Центральной Африки, в кн.: Африканский этнографический сборник, (т). 2, М., 1958, гл. 3; Дёмкина Л. А., Крах федерации Родезии и Ньясаленда, М. 1965; Pike J. G., Malawi. A Political and Economic History, N.Y.-(a.o)., (1968).
ՄԱԼԱՐԻԱ (խռալ. malaria, < mala aria — վատ օդ), վարակիչ պրոտոզոային հիվանդություն. բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով (տես Տենդ), հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ: Մ–ի հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են մորֆոլոգիապես և առաջացրած հիվանդության բնույթով: Մ–ի մակաբույծներն անցնում են զարգացման երկու փուլ, անսեռ (շիզոգոնիա) և սեռական (սպորոգոնիա): Շիգոգոնիայի դեպքում վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, ուր կատարվում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/152
Այս էջը սրբագրված չէ