Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/159

Այս էջը սրբագրված չէ

միություն կուսակցությունը, որի նախագահ Մ. Տրաորեն (նախկինում՝ ԱԱԶԿ–ի նախագահ) դարձավ Մ–ի պրեզիդենտ: Երկրում ժամանակավորապես դադարեցվել է սահմանադրության գործադրությունը: Մ–ի կառավարությունը աջակցում է ազգային–ագատագրական շարժումներին, պայքարում հանուն միջազգային լարվածության թուլացման և խաղաղության պահպանման, հանդես գալիս ռասիզմի և նեոգաղութատիրության դեմ:
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Մալիական ժողովրդի դեմոկրատական միություն, միակ կուսակցությունը երկրում, ստեղծվել է 1979-ին:
Մ–ի աշխատավորների ազգային միություն, հիմնվել է 1974-ին:
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Մ. ագրարային երկիր է: Անկախությունից հետո զարգանում է պետ. սեկտորը: Ժող. տնտեսության զարգացմանն օգնում են ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրները:
Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 4/5-ը: Տիրապետում է համայնական հողատիրությունը: Մշակում են կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկա, գետնանուշ, բամբակ ևն: Զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ: Մ. Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն անասնապահական երկրներից է: 1978-ին կար 5 մլն խոշոր, 11,7 մլն մանր եղջերավոր անասուն: Արդյունահանող արդյունաբերությունը սահմանափակվում է կրաքարի և մարմարի արդյունահանությամբ: Տնայնագործական եղանակով արդյունահանում են նաև աղ, ոսկի: Տարեկան արտադրվում է 75-85 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա: Մշակող արդյունաբերությունը ներկայացված է գյուղատնտ. հումքի նախնական մշակման ձեռնարկություններով (բամբակազտիչ, պահածոների, շաքարի, ծխախոտի ևն): Կան տեքստիլ կոմբինատներ, մետաղամշակման, գյուղատնտ. սարքավորման, տրանզիստորների հավաքման և այլ գործարաններ: Զարգացած են արհեստները:
1978-ին երկաթուղիների երկարությունը 645 կվ էր, ավտոճանապարհներինը՝ 13 հզ. կմ: Տրանսպորտային կարևոր ուղի է Նիգերը: Կան օդանավակայաններ (Բամակոյում՝ միջազգային): Արտահանում է բամբակ, գետնանուշ, անասուն, ձուկ, աղ, կաշի, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, քիմ. ապրանքներ, պարեն: Առևտրական գլխավոր գործընկերներն են Ֆրանսիան, ԳՖՀ, Կանադան, Փղոսկրի ափը, Սենեգալը, ՉԺՀ: Դրամական միավորը մալիական ֆրանկն է: 1000 մալիական ֆրանկը = 1,33 ռ. (1981):
Բժշկա–աշխարհագրական բնութագիրը: 1970-75-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 50,1, մահացությունը՝ 26,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 120,0: Գերակշռում են վարակիչ հիվանդությունները: Մահացության հիմնական պատճառներն են մալարիան, ստամոքսա–աղիքային համակարգի և ճիճվային հիվանդությունները: Գյուղական շրջաններում բնակչության 70%-ը տառապում է բորով և տրախոմայով: 1974-ին գործել է 97 հիվանդանոցային հիմնարկ՝ 4,1 հզ. մահճակալով (1000 բնակչին 0,7 մահճակալ): Արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել (1974) 10 պոլիկլինիկա, գյուղական 294 ամբուլատորիա ևն: 1974-ին աշխատել են 130 բժիշկ (50 հզ. բնակչին 1 բժիշկ), 9 ատամնաբույժ, 15 դեղագործ և ավելի քան 2,2 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկները պատրաստվում են արտասահմանում, միջին բուժանձնակազմը՝ բժշկական դպրոցներում: 1965-ին ԽՍՀՄ–ի օգնությամբ Բամակոյում կառուցվել է բուժքույրերի և մանկաբարձների պատրաստման դպրոց:
Լուսավորությունը և գիտական հիմնարկները: Մ–ի տարածքում առաջին դպրոցները (արաբ.) հիմնվել են XIV դ.: Միջնադարյան արաբ. մշակույթի կարևոր կենտրոններ Տոմբուկտու և Ջեննե քաղաքներում XV-XVIII դդ. գործել են մահմեդական համալսարաններ: Աշխարհիկ աոաջին դպրոցները երևան են եկել XIX դ. 2-րդ կեսին: Անկախություն ձեռք բերելուց հետո Մ–ում անց է կացվել դպրոցական ռեֆորմ: 1967-ին կառավարությունն այբուբեններ է հաստատել երկրի չորս հիմնական լեզուների (բամբարա, ֆուլբե, սոնգհաի, տամաշեկ (տուարեգերեն)) համար: Ձրի և պարտադիր հիմնական դպրոցը (ընդունվում են 6-10 տարեկանները) 9-ամյա է և ունի երկու (5-4 տարի) աստիճան: Միջնակարգ դպրոցը 3-ամյա է, վճարովի, ավարտողը բուհ ընդունվելու իրավունք է ստանում: Պրոֆտեխնիկական կրթության համակարգը կառուցված է երկու մակարդակով՝ բանվորների 2-3-ամյա պատրաստում հիմնական դպրոցի I աստիճանի հիմքի վրա և 2-3-ամյա միջնակարգ տեխնիկական կրթություն հիմնական դպրոցի II աստիճանի հիմքի վրա: ՍՍՀՄ–ի օժանդակությամբ Մ–ում ստեղծվել են Մանկավարժական, Ազգ. վարչական բարձրագույն դպրոցներ (Բամակոյում), Գյուղատնտ., Ազգ. ինժեներական ինստ-ները (Կատիբուգուում): Ունի նաև Արվեստների ազգային ինստ. ևն: Գործում են Ազգ. գրադարանը և Ազգ. թանգարանը (Բամակո), Արաբ. գրականության կենտրոնը (Տոմբուկտու):
Գիտական հիմնարկներից են՝ Հումանիտար գիտությունների ինստ. (հիմնադրվել է 1913-ին), Անասնաբուծության հետազոտական կենտրոնը (1927), Գյուղատնտ. ինստ., Մ–ի ԳՀԻ, Բրնձագործության հետազոտական կենտրոնը, ինչպես նաև ֆրանս. մի շարք ինստ-ների (Բամբակի հետազոտման, Թելատու կուլտուրաների, Պտղաբուծության ևն) բաժանմունքներ:
Մամուլը, ոադիոհադորդումները: Լույս են տեսնում «Էսսոր» («L' Essor», 1948-ից, ֆրանս.) օրաթերթը, «Կիբարու» (1972-ից, բամբարա լեզվով) ամսաթերթը, «Ժուռնալ օֆիսիել դե լա Ռեպյուբլիկ դյու Մալի» («Journal officiel de la Republique du Mali», ֆրանս.) կառավարական պաշտոնաթերթը: 1957-ին հիմնվել է Մ–ի ռադիոծառայությունը (հաղորդումները տրվում են ֆրանս., ֆուլբե, բամբարա, տամաշեկ և այլ լեզուներով):
Գրականությունը: Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը Մ–ի ժողովուրդները գիր չեն ունեցել: Ժամանակակից գրականությունն ստեղծվում է ֆրանսերենով: Հիմնադիրը կարող է համարվել պատմաբան Ուանը («Ֆադիմաթան, անապատի իշխանուհին», 1956, «Խեցեմանյակ», 1957 ևն, պատմավեպեր): 1950-ական թթ. առավել խոշոր գրողը քաղ. և արհմիութենական գործիչ, բանաստեղծ և արձակագիր Ֆիլի–Դաբո Սիսոկոն է (1900-1963): Ինչպես Ուանը, այնպես էլ Սիսոկոն, հանդես են եկել Աֆրիկայի ու Ֆրանսիայի սերտ դաշինքի օգտին, դրա մեջ տեսնելով Աֆրիկայի հետամնացությունը հաղթահարելու անհրաժեշտ պայմանը:
Այլ ուղղության է պատկանում վիպասան և դրամատուրգ Սեյդու Բադիանը (ծնվել է 1928): «Չակիի մահը» (1962) դրամայում նա պատմական սյուժեն օգտագործել է ժամանակակից Աֆրիկայի կենսական խնդիրները լուսաբանելու համար: Հակագաղութային պայքարի պաթոսով է ներթափանցված բանաստեղծ Մամադու Գոլոգոյի ստեղծագործությունը: 1960-ական թթ. կեսերին ասպարեզ մտան մի խումբ երիտասարդ բանաստեղծներ (Գաուսսու Դիավարա, Սիրիման Սիսոկո և ուրիշներ): 1968-ին «Բռնության պարտքը» վեպով հանդես եկավ Յամբո Ուոլոգեմը (ծն. 1940): Նույն թվականին նա հրատարակհց «Նամակ նեգրական Ֆրանսիային» երգիծական էսսեների գիրքը, որտեղ դրվում է ռասիզմն արմատախիլ անելու հարցը: 60-70-ական թթ. երևան եկան գրքեր, որոնք Մ–ի գրականության համար ավանդական ֆոլկլորային մշակումներ են: