Ճարտարապետությունը և կերպարվեստը: Մ–ում պահպանվել են նոր քարի դարի հուշարձաններ (ժայռապատկերներ, որս, պատերազմ, պար պատկերող անձավային նկարներ, մենհիրներ, կավե և քարե արձանիկներ): Հնուց հիմնական բնակարանը կավի և հարդի խառնուրդից (բանկո) շինված խրճիթն է, որը գյուղերում բոլորաձև է, ձողային հիմնակմախքով, առանց պատուհանների, հարդե կոնաձև ծածկով: Քաղաքներում տները հիմնականում ուղղանկյուն են, կավե, թիթեղյա կամ շիֆերի ծածկով: Լեռնային շրջաններում դոգոն ժողովրդի գյուղերն ամրացված են, խրճիթներն ունեն դիտաշտարակների տեսքով վերնակառույցներ: Հյուսիսի քոչվորները (ֆուլբեներ, տուարեգներ, արաբներ) ապրում են վրաններում և խսիրե ու կաշվե բոլորշի խրճիթներում: XI-XVI դդ. Մ–ի տարածքում ստեղծված պետություններում զարգացել է քաղաքաշինությունը: Նիանի, Գաո, Տամբուկտու, Ջեննե և այլ քաղաքներ ամրացվել են պարիսպներով, ունեցել են փողոցների անկանոն ցանց, կառուցապատվել հասարակական շենքերով, մզկիթներով, տեղական «սուդանյան ոճի» բնակելի տներով: Գաղութարարների օրոք կառուցվել են նաև արևմտաեվրոպական և էկլեկտիկայի ոգով շենքեր, 1950-ական թվականներից՝ արդի շինություններ (նոր շինանյութերով): Շինարարության ասպարեզում մեծ օգնություն են ցույց տալիս սոցիալիստական երկրները՝ ՍՍՀՄ, Բուլղարիան ևն (Բամակոյի սպորտային համալիրն ու մի շարք ուսումնական հաստատություններ, 1962-66, սովետական ճարտ. Լ. Ն. Աֆանասև և ուրիշներ): Գեղարվեստական արհեստներից հնուց զարգացած են փայտի քանդակազարդումը (աթոռներ, դռներ, ծիսային դիմակներ, մարդկանց և կենդանիների արձանիկներ), պղնձաձուլումը, կոկորդիլոսի և օձի կաշվից իրերի, երկրաչափական զարդանախշերով գործվածքների պատրաստումը: Անկախության հռչակումից հետո կազմավորվում է պրոֆեսիոնալ արվեստը:
Թատրոնը: Մ–ի ժողովուրդները պահպանել են թատերականացված ներկայացումների ավանդույթները (դիմակներով պար, երգ ևն): XX դ. կեսին այդ ներկայացումները կորցրել են ծիսական նշանակությունը: Աֆրիկյան հին գյուղի կենցաղն ու բարքերն արտահայտող կոտեբա ժողովրդական թատրոնի հնագույն ձևերն առավել երկարատև պահպանել է բամբարա ժողովուրդը: Ժամանակակից սիրողական թատրոնը սկսել է զարգանալ 1950-ական թթ.: Անկախություն ձեռք բերելուց (1960) հետո այն մասսայական բնույթ է ստացել և անցել պետության տնօրինությանը: 1962-ից անց են կացվում սիրողական արվեստի ամենամյա (1970-ից՝ 2 տարին մեկ) ստուգատես–մրցումներ: Մ–ի ավանդական արվեստը արտասահմանում պրոպագանդելու համար ստեղծվել է Ազգ. ֆոլկլորային թատերախումբ (1961-ին և 1970-ին ելույթներ է ունեցել ՍՍՀՄ–ում): 1963-ին Բամակոյում ստեղծվել է Արվեստների ազգ. ինստիտուտ՝ դրամայի բաժանմունքով, որի սաներից 1970-ին կազմակերպվել է Ազգային թատրոնի թատերախումբը:
Գրկ. Радченко Γ. Փ., Республика Мали, М., 1969; Кондратьев Г. С. Путь Мали к независимости, М., 1970; Поэты Мали, Сборник, пер. с франц., М., 1965; Сказки народов Мали, М., 1969; L’art ngre, Р», 1951
ՄԱԼԻԲՐԱՆ (Malibran, օրիորդական ազգանունը՝ Գարսիա) Մարիա Ֆելիսիտա (1808-1836), ֆրանսիական երգչուհի (կոլորատուրային մեցցո–սոպրանո), ազգությամբ իսպանուհի: Իսպանացի երգիչ և կոմպոզիտոր Մ. Գարսիա–ավագի դուստրն ու աշակերտուհին, երգչուհի Պ. Վիարդո–Գարսիայի քույրը, ջութակահար Շ. Բերիոյի կինը: 1816-ից երգեցողություն է ուսանել հոր մոտ: Առաջին ելույթը կայացել է 1825-ին Լոնդոնում: Երգել է Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի խոշորագույն օպերային բեմերում: Լավագույն դերերգերից են՝ Նորմա, Ամինա (Բելլինիի «Նորմա», «Սոմնամբուլա»), Լեոնորա (Բեթհովենի «Ֆիդելիո»): Մ–ի տաղանդը բարձր են գնահատել Ջ. Վերդին, Ֆ. Լիստը: Մ. մի շարք ստեղծագործությունների (նոկտյուրններ, ռոմանսներ) հեղինակ է: Մ–ին է նվիրված Բեննետտի «Մարիա Մալիբրան» օպերան (1935, Նյու Յորք):
ՄԱԼԻՆՈՎՍԿԻ Ռոդիոն Յակովլևիչ (1898, Օդեսա – 1967, Մոսկվա), սովետական զորահրամանատար, Սովետական Միության մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (1945, 1958), Հարավսլավիայի ժող. հերոս (1964): ՍՄԿԿ անդամ 1926-ից: Զինծառայությունը սկսել է 1914-ից: 1919-ից ծառայել է կարմիր բանակում (մասնակցել է սպիտակգվարդիականների դեմ մարտերին): Ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադեմիան (1930): 1937-38-ին կամավոր մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին: 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է կորպուսի (48-րդ հրաձգային), բանակների (6-րդ, 66-րդ, 2-րդ գվարդիական), ռազմաճակատների (Հարավային, Հարավ–Արևմտյան (վերանվանված 3-րդ Ուկրաինական), 1-րդ Ուկրաինական) հրամանատար: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Դոնբասի, Աջափնյա Ուկրաինայի մարտերին, Յասսի–Քիշնևի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիայխ Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը: 1945-ի հուլիսից՝ Անդրբայկալյան ռազմաճակատի զորահրամանատար: Ետպատերազմյան տարիներին եղել է Անդրբայկալ–Ամուրյան ռազմ. օկրուգի հրամանատար (1945-47), Հեռավոր Արևելքի զորքերի գլխ. հրամանատար (1947-1953), Հեռավոր Արևելյան ռազմ. օկրուգի հրամանատար (1953-56), պաշտպանության մինիստրի 1-ին տեղակալ և Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար (1956-57), ՍՍՀՄ պաշտպանության մինիստր (1957-67): 1952-ից ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ: ՍՍՀՄ II-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 5, Հաղթանակի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, 16 արտասահմանյան շքանշաններով, ինչպես նաև մեդալներով: Գրել է «Ռուսաստանի զինվորները» (1969) գիրքը: Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ: Մ–ի անունով է կոչվում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/160
Այս էջը սրբագրված չէ