կուլտուրայի մինիստրը: Որպես գրող այլևս հանդես չի եկել, բայց տպագրել է արվեստի փիլ–յան վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ («Լռության ձայները», 1953 ևն), ինչպես նաև հուշագրություններ («Հակամեմուարներ», 1967, «Կաղնին այն ծառն է, որ կտրում են…», 1971): Մ. XX դ. ֆրանս. գրականության ճանաչված վարպետներից է:
ՄԱԼՑ (Maltz) Ալբերտ (ծն. 1908, Նյու Յորք), ամերիկացի գրող: Ծնվել է հարուստ հրեայի ընտանիքում: Գրական ասպարեզ է իջել հակաբուրժուական, հակապատերազմական և սուր սոցիալական պիեսներով («Կարուսել», 1932, «Խաղաղություն երկրի վրա», 1934, «Մութ հանքահոր», «Շարքային Հիքսը», 1935): Իրական նյութերի հիման վրա գրված «Խորքային աղբյուր» (1940) վեպը նվիրված է Ֆորդի գործարանների բանվորների պայքարին: Գերմանիայում ֆաշիզմին ցույց տրված դիմադրությունն է «Խաչ և նետ» (1944) վեպի թեման: 1957-ին լույս է ընծայել «Կարճատև կյանքի երկար օրը» սուր դրամատիկական վեպը: Հայտնի է նաև Մ–ի հակաֆաշիստական հրապարակախոսությունը («Գրողը ժողովրդի խիղճն է», «Պատմության դատավճիռը», «Բանտարկվելու նախօրեին»):
Երկ. Դեպք փողոցի անկյունում, Ե., 1963: Պատմվածքներ, Ե., 1953:
ՄԱԼՑԵՎ Անատոլի Իվանովիչ (1909-1967), սովետական մաթեմատիկոս: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958): Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1931): 1932--1960-ին աշխատել է Իվանովոյի մանկավարժական ինստ-ում, 1942-60-ին՝ ՍՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվ. մաթ. ինստ-ում, 1960-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքում և Նովոսիբիրսկի համալսարանում: Հիմնական աշխատանքները վերաբերում են հանրահաշվին և մաթ. տրամաբանությանը: Արմատական արդյունքներ է ստացել խմբերի տեսության, օղակների և գծային հանրահաշիվների տեսության, տոպոլոգիական հանրահաշվի, ալգորիթմների տեսության և այլ բնագավառներում: Մ. հանրահաշվական համակարգերի ընդհանուր տեսության և մոդելների տեսության ստեղծողներից է: Նրա այսպես կոչված տեղային (լոկալ) թեորեմները սկիզբ դրեցին հանրահաշվում մաթ. տրամաբանության մեթոդների հետևողական կիրառմանը: ՍՍՀՄ IV և V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է լենինյան (1964) և պետ. (1946) մրցանակների:
ՄԱԼՑԵՎ Տերենտի Սեմյոնովիչ (ծն. 1895), գյուղատնտեսական արտադրության նորարար, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1955, 1975), ՀամԳԳԱ պատվավոր ակադեմիկոս (1956): ՍՄԿԿ անդամ 1939-ից: Անդրուրալի և Արևմտյան Սիբիրի շրջանների համար առաջարկել է հողի մշակման նոր համակարգ՝ առանց առը շրջելու խորը վար: Այս համակարգը «Լենինի պատգամները» (Կուրգանի մարզ) կոլտնտեսությունում ներդնելու համար պարգևատրվել է Ի. Վ. Միչուրինի անվ. ոսկե մեծ մեդալով (1954): ՍՍՀՄ II-V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պետ. մրցանակի դափնեկիր (1946): Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով:
Գրկ. Иванов Л. И., Терентий Мальцев, Μ., 1962.
ՄԱԼՈՒԼ (Սարգսյան Գալուստ, 1823, Կարս – 1887, Ալեքսանդրապոլ), հայ աշուղ: Նվագել է ջութակ: Ապրել է պարտիզպանությամբ: Հեղինակ է հարյուրավոր երգերի: Գրել է աշուղական արվեստի բոլոր ժանրերով: Երգերի թեման իրական աշխարհն է, աշխատավոր մարդու անապահով վիճակը, տիրող անարդարությունն ու բռնությունը: Մեծ մասամբ հորինել է թախծոտ երգեր: Մ. մեծ չարիք է համարում ծուլությունը, երկչոտությունն ու անտարբերությունը, գովերգում է աշխատանքը: Նրա երգերի զգալի մասը կորել է. 1884-ին հրատարակել է «Սիոնի երգեր» ժողովածուն: Մ–ի լեզուն գրական է: Նրա ժառանգությունը կարևոր է աշուղական դասական արվեստի կանոնների, տաղաչափության ուսումնասիրության առումով:
ՄԱԼՈՒԽ էլեկտրական, պաշտպանական ծածկույթով պատված, հերմետիկ պատյանով մեկ կամ մի քանի մեկուսացված հոսանքատար ջղեր: Կիրառվում են էլեկտրաէներգիայի կամ էլեկտրական ազդանշանների հաղորդման համար: Մ–ների հիմնական կոնստրուկցիոն տարրերն են հոսանքատար ջղերը, մեկուսացումը և պատյանը: Մ–ները լինում են՝ ուժային (ցածրավոլտ, բարձրավոլտ, գերբարձրավոլտ), էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման (նկ. 1, 2), կապի՝ հեռախոսային և հեռագրային կապի, հեռուստատեսության, հեռուստամեխանիկայի (նկ. 3, 4), ստուգիչ՝ ազդանշանման, պաշտպանության, հեռակառավարման և չափման (նկ. 5) համար: Հոսանքատար ջղերը հիմնականում պատրաստվում են էլեկտրատեխնիկական պղնձից և ալյումինից: Կախված նշանակումից և շահագործման պայմաններից՝ հոսանքատար ջղերը կարող են ունենալ ճկունության տարբեր աստիճաններ, նորմալ (անշարժ միջադիրի համար), ճկուն (մոնտաժի ժամանակ մեծ ճկունություն պահանջող անշարժ միջադիրի համար), առանձնապես ճկուն (փոխադրման ենթակա): ՍՍՀՄ–ում ուժային Մ–ների համար առավել տարածված հատվածքներն են՝ 10, 16, 25, 35, 50, 70, 95, 120, 150, 240 մմ²: Հաճախ կիրառում են նաև 300, 400, 500, 625, 800 և 1000 մմ² հատվածքով Մ–ներ: Կապի Մ–ներում հոսանքատար ջղերը նորմավորվում են ըստ տրամագծի (0,5-1,4 մմ):
Մ–ի մեկուսացումը նախատեսված է հոսանքատար ջղերը միմյանցից և պատյանից մեկուսացնելու համար: Ուժային Մ–ներում ջղերը մեկուսացվում են նավթային և սինթետիկ յուղերով տոգորված տարբեր հաստության (0,045, 0,03, 0,12 և 0,17 մմ) մալուխային թղթով կամ իներտ գազով լցված թղթով, պոլիէթիլենով, պոլիվինիլքլորիդով, վուլկանացված ռետինով, կապի Մ–ներում՝ պոլիէթիլենով, օդապլաստմասսայով և կիսաօդային մեկուսացումով: Մեկուսացման հիմնական պարամետրերն են՝ մեկուսիչի ծավալային դիմադրությունը (Մ), դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը (), դիէլեկտրիկ թափանցելիությունը (), էլեկտրական ամրությունը (): Նշանակումից և շահագործման պայմաններից կախված մալուխային մեկուսացմանը ներկայացվում են հատուկ պահանջներ՝ ջերմակայունություն, խոնավակայունություն, ճառագայթակայունություն ևն: Պատյանը նախատեսված է ջղերի մեկուսացումը խոնավության, լույսի, քիմ. նյութերի ազդեցությունից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար: Պատյանը հիմնականում պատրաստվում է մետաղից (պողպատե ժապավեններ, կապարի և ալյումինի համաձուլվածքներ),
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/164
Այս էջը սրբագրված չէ