ՄԱԽՈԽՅԱՆ Վարդան Արիստակեսի (31.5.1869, Տրապիզոն – 11.2.1937, Նիցցա), հայ նկարիչ: 1891-94-ին սովորել է Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայում, 1894-ին Ղրիմում կատարելագործվել Հ. Այվազովսկու արվեստանոցում, ուսումնասիրել ծովի պատկերման նրա մեթոդը: 1900-ին մեկնել է Բեռլին, 1904-ին դարձել Բեռլինի արվեստագետների միության անդամ: 1908-14-ին նորից ստեղծագործել է ծննդավայրում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերջնականապես հաստատվել է Նիցցայում: 1925-ին Փարիզում կազմակերպած անհատական ցուցահանդեսի համար նրան շնորհվել է ֆրանս. «Պատվո լեգիոն» շքանշան: Մ. պատկերել է ծովային տեսարաններ, ինչպես նաև այլ բնույթի բնապատկերներ: Միջերկրականի ծովի մերձափնյա և ծովային այլ տեսարաններ պատկերող Մ.-ի բնանկարներն աչքի են ընկնում խոր ռեալիզմով, նյութականությամբ, գունալուսային հարաբերումների նրբությամբ, ծովի անեզր տարածության ընկալման ամբողջականությամբ ու կենսալիությամբ («Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները», «Քատեկատը»): Ալիքը նրա համար մի ապրող էակ է՝ իր խորությամբ, բախման ուժգնությամբ: Թախծոտ, ներհուն, որոշ դեպքերում՝ դրամայի հասնող բնանկարներում Մ. արձագանքել է իր ժողովրդի ողբերգական իրադարձություններին: Հ. Այվազովսկուց հետո նա ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստի պատմության մեջ: Մ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում և Ալեքսանդրիայում (1904), Մյունխենում, Դյուսելդորֆում և Բեռլինում (1907), Լոնդոնում (1914), Փարիզում (1925), Մարսելում (1923), Նիցցայում (1932, 1936), մասնակցել է նաև «Անի» արվեստագետների խմբակցության ցուցահանդեսներին (1927-30-ին):
Մ–ի աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում («Բնանկար», 1899, «Ծովային տեսարան», 1905, «Մակընթացություն», «Անհանգիստ ծովը»), Նիցցայի Գեղարվեստի թանգարանում, Էջմիածնի վանքի Վեհարանում և մասնավոր հավաքածուներում:
Գրկ. Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958:
Պատկերազարդումը տես 129-րդ էջից առաջ՝ ներդիրում:
ՄԱԽՈՇԵ–ՊՈԼՅԱՆԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, Ադըղեական Ինքնավար Մարզի Տուլսկի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ արևելք: Բնակչությունը՝ հայեր, ադըղեներ: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան:
Մ. հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1882-ին:
ՄԱԽՈՐԿԱ (Nicotiana rustica), մորմազգիների ընտանիքի նիկոտիանա ցեղի միամյա բույս: Ցողունի բարձրությունը՝ մինչև 120 սմ, արմատը առանցքային է, տերևները՝ կոթունավոր (ցողունի վրա՝ 12-20), լայն, սրտաձև: Ծաղկաբույլը հուրան է. ծաղիկները՝ դեղնականաչավուն: Պտուղը երկբուն բազմասերմ տուփիկ է: 1000 սերմը կշռում է 0,25-0,35 գ: Մ–ի չոր տերևները պարունակում են 1-10% նիկոտին, 15-20% օրգանական թթուներ (այդ թվում՝ մինչև 10% կիտրոնաթթու), իսկ սերմերը՝ 35-40% ճարպ, որը գործածվում է լաքերի, ներկերի ու օճառի արտադրության մեջ: Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են ծխելու համար, ինչպես նաև որպես քթախոտ կամ ծամելու խոտ: Մ–ից ստանում են նիկոտինաթթու (վիտամին PP), լիմոնաթթու, նիկոտինային պատրաստուկներ (նիկոտին սուլֆատ, նիկոդուստ), որոնք կիրառվում են արդյունաբերության ու բժշկության մեջ և գյուղատնտ. բույսերի վնասատուների դեմ պայքարելու համար: լ Մ–ի հայրենիքը Հարավային Ամերիկայի հս. մասն է: Եվրոպա է բերվել XVI դ. սկզբին:
ՍՍՀՄ–ում մշակում են Ուկրաինայի հս–ում, Բելոռուսիայում, ՌՍՖՍՀ Վորոնեժի, Տամբովի, Սարատովի, Վոլգոգրադի և այլ մարզերում:
Հայաստանում Մ. սկսել են մշակել XVII դ. վերջերից, մշակությունից հանված է 1920-ից:
ՄԱԾՆԱԲԵՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական կազմավորում Մեծ Հայքի Ուտիք նահանգի արևմտյան մասում, ΧΙΙ-ΧΙΙΙ դարերում: Հիմնել է Կյուրիկե Ա–ի որդի Դավիթը (1113-45) մոտ 1113-ին, երբ Կյուրիկյան թագավորության անկումից հետո հաստատվել է Մածնաբերդում: Այդ ճյուղը Հայաստանի մանր ֆեոդալական տներից էր, ենթակա Զաքարյանների գերիշխանությանը և քաղ. կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր–բերդի տերերի ու վրաց Օրբելիների հետ: XII դ. 1-ին կեսին Մ. ի. պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ: Դավթի հաջորդներ Կյուրիկեի (1145-70) և Աբասի (1170-76) ժամանակաշրջանից Մ. ի–յան մասին տեղեկությունները սուղ են: XII դ. վերջին Նոր–բերդի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա–ից (1176-ից) խլել Մածնաբերդը, բայց՝ ապարդյուն: 1236-ին, Աղսարթան Բ–ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները: 1250-ական թթ. մոնղ. արշավանքներին (Նփրկերտ, Բաղղադ) մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մ. ի–յան մեզ հայտնի վերջին տիրակալն է: Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր–մշակութային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի եկեղեցին ևն): Մ. ի. գոյատևել է մինչև XIII դ. վերջը:
Գրկ. Մաթևոսյան Ռ. Ի., Դիտողություններ Կյուրիկյանների պատմության վերաբերյալ, «ՊԲՀ», 1968, № 3:
ՄԱԾՈՒՆ, կաթնամթերք: Ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում: Պատրաստում են եռացրած և մինչև 30-35° սառեցրած կաթի հետ մակարդ (մերան) խառնելով (որպես մերան օգտագործվում է հիմնականում թթված Մ.): Մերան չլինելու դեպքում գործածվում է մակարդախոտը (մակարդուկ, կաթնախոտ): Մերանի քանակից, կաթի ու տեղի ջերմաստիճանից է կախված Մ–ի թթվայնության աստիճանը: Մ., որպես սննդամթերք, օգտագործվում է ինքնին, ինչպես և այլ կերակուրների (տոլմա, եփած կանաչեղեն, խմորով ճաշեր և այլն) հետ՝ սխտորով համեմված: Մ–ով պատրաստում են մածնապուր, մածնաբրդոշ և այլն: Մ. հարելով խնոցու մեջ՝ ստանում են կարագ և թան: Երկար ժամանակ պահելու, հաճախ՝ ողջ ձմեռվա համար, Մ. տոպրակով քամում են, լցնում կճուճի մեջ, բերանը ծածկում կաշվե կտորով և վրան լցնում ճարպ (հերմետիկ դարձնելու նպատակով): Ձմեռվա համար երբեմն պաշարվում է նաև մածնասեր: Մ. կիրառվում է նաև որպես դեղամիջոց թունավորումների դեմ:
ՄԱԾՈԻՑԻԿԱՉԱՓ, մածուցիկություն չափող սարք: Տարբերում են Մ–ի հետևյալ տեսակները, մազական (որոշվում է նեղ խողովակներով որոշակի քանակության հեղուկի հոսքի ժամանակը, նկ.), գնդիկավոր (որոշվում է այն ժամանակը, որի ընթացքում ընկնող գնդիկն անցնում է հետազոտվող հեղուկի որոշակի հաստության շերտով), ռոտացիոն (չափվում է ոլորող մոմենտը կամ հետազոտվող հեղուկով բաժանված երկու համառանցք մարմիններից մեկի պտտման անկյունային արագությունը), ուլտրաձայնային (չափվում է հետազոտվող հեղուկի մեջ տեղադրված մագնիսաստրիկցիոն նյութի թիթեղում տատանումների մարման արագությունը): Տես նաև Մածուցիկաչափություն:
ՄԱԾՈՒՑԻԿԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, վիսկոզիմետրիա, մածուցիկության չափման եղանակների համախումբ: Մածուցիկությունը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/167
Այս էջը սրբագրված չէ