Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/169

Այս էջը սրբագրված է

Ֆակուլտատիվ մակաբույծները ավելի հաճախ վնասում են թուլացած բույսերին կամ բույսերի անգործունյա մասերին (օրինակ, պահվող մրգեր, բանջարեղեն ևն) և արագորեն մահացնում վարակված մասերը: Օբլիգատ մակաբույծները վնասում են գլխավորապես առողջ բույսերին: Սկզբում դրանք թույլ են ներգործում, հետո բույսի ֆոտոսինթեզը դադարում է, շնչառությունը ուժեղանում, բջիջները սկսում են մահանալ, իսկ մակաբույծն սպոր է առաջացնում և շուտով մահանում:Վ. Դավիդյանց ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐ, պարազիտներ, ուրիշ օրգանիզմների (տիրոջ) հաշվին սնվող և հաճախ նրանց վնասող օրգանիզմներ: Մ. լինում են կենդանական (նախակենդանիներ, որդեր, միջատներ ևն) և բուսական (բակտերիաներ, սնկիկներ, որոշ բարձրակարգ բույսեր ևն): Մ. են նաև վիրուսները: Արտաքին միջավայրի հետ Մ–ի փոխհարաբերությունն ամբողջությամբ կամ մասամբ կարգավորվում է տիրոջ միջոցով: Մ. հաճախ թուլացնում և հյուծում են տիրոջ օրգանիզմը, երբեմն հասցնում մահվան: Որոշ Մ–ի զարգացման լրիվ ցիկլի համար պահանջվում է 2-3 տեր: Մ. տիրոջ օրգանիզմ են թափանցում սննդի հետ, փոխանցողների միջոցով են: Մ. էվոլյուցիայի ընթացքում առաջացել են ազատ ապրող ձևերից և հարմարվել որոշակի պայմաններում ապրելուն: Փոխվել է դրանց կազմությունը, զարգացել են ֆիքսման հատուկ օրգաններ, առաջացել թթվածնազուրկ միջավայրում ապրելու ունակություն ևն: Բազմաթիվ Մ. մարդու, կենդանիների ու բույսերի մի շարք հիվանդությունների հարուցիչներ են: Տես նաև Մակաբուծականություն, Պարազիտոլոգիա:
ՄԱԿԱԳԻՐ, էպիգրամա (հուն, έπίγραμμα – մակագրություն), 1. եղերերգական երկտողով գրված, ազատ բովանդակությամբ քնարական կարճ բանաստեղծություն՝ անտիկ պոեզիայում: Աստիճանաբար ընդարձակվել է Մ–ի թեմատիկան՝ ընծայական, խրատա–ուսուցողական, տապանաքարի, նկարագրական, սիրային, երգիծական ևն: Հուն. գրականության մեջ Մ. ծաղկում է ապրել մ. թ. ա. III – մ. թ. I դդ. հելլեն բանաստեղծների, հռոմեականում՝ Մարցիալայի (մ. թ. I դ.) ստեղծագործություններում: Անտիկ Մ–ի ավանդույթները շարունակվել են բյուզանդական գրականության մեջ և միջնադարյան ու Վերածննդի լատ. գրականության մեջ: 2. Երգիծական կարճ բանաստեղծություն: Ձևավորվել է XVI–XVII դդ. ֆրանս. պոեզիայում: Բարձրակետին է հասել XVIII դ. (Վոլտեր, Ժ. Բ. Ռուսո, Գ. Լեսինգ, Ռ. Բյոռնս, Ա. Սումարոկով): Զուգընթաց զարգացել է նաև ոչ ավանդական Մ., որը հրատապ, հաճախ նաև քաղ. իրադարձությունների անմիջական արձագանքն է (Ա. Պուշկին, Վ. Մայակովսկի): Հայ հեղինակներից Մ–եր են գրել Ա. Ծատուրյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը և ուրիշներ:
ՄԱԿԱԵՎ Էնվեր Ահմադովիչ (ծն. 28.5. 1916, Մոսկվա), թաթար սովետական լեզվաբան: Բան. գիտ. դոկտոր (1964), պրոֆեսոր (1971): Զբաղվել է ընդհանուր լեզվաբանության, հնդեվրոպական և գերմ. լեզուների պատմահամեմատական և տիպաբանական ուսումնասիրության («Հնդեվրոպական տարածքային լեզվաբանության պրոբլեմներ», 1964, «Հնագույն ռունագիր արձանագրությունների լեզուն», 1965, «Բառի կառուցվածքը հնդեվրոպական և գերմանական լեզուներում», 1970, «Համեմատական լեզվաբանության ընդհանուր տեսություն», 1977 ևն), ինչպես նաև հայերենի պատմահամեմատական ուսումնասիրության հարցերով: Մ. «Գերմանական լեզուների համեմատական քերականության» (հ. 1--4, 1962-66) հեղինակներից է:Հ. Ասմանգուլյան ՄԱԿԱԿՆԵՐ (Macaca, Macacus), ցածրակարգ, նեղքիթ կապիկների սեռ: Մարմնի երկարությունը 34-65 սմ է, պոչինը՝ 5-70 սմ, քաշը՝ 3,5-18 կգ: Էգերը փոքր են արուներից: Գունավորումը դեղնագորշից մինչև սև: Հայտնի է 12 տեսակ, մեկը՝ Աֆրիկայի հս–ում և Պիրենեյան թերակղզում, մնացածը՝ Հարավային Ասիայում: Մ. ապրում են ծառերի վրա, մեկ տեսակը (մագոտ)՝ ժայռերում: Սնվում են պտուղներով, արմատներով, տերևներով, միջատներով, փափկամորթներով, խեցգետնակերպերով: Ապրում են մեծ, հիերարխիկ խմբերով (մեկ ուժեղ արու, էգեր ու տարբեր սերունդների ձագեր, ենթակա արուները երբեմն առանձին են ապրում): Ծնում են տարին մեկ ձագ, որը սեռահասուն է դառնում 3,5-4,5 տարեկանում:
ՄԱԿԱԿՈՓՈՒՄ, մետաղական նյութի կառուցվածքի և հատկությունների փոփոխում, որն առաջանում է պլաստիկ դեֆորմացիայի հետևանքով: Մ. փոքրացնում է նյութի պլաստիկությունն ու հարվածային ճլությունը, մեծացնում համեմատաբանության և հոսունության սահմաններն ու կարծրությունը: Մակերևութային Մ–ման դեպքում նյութի մեջ մնացորդային լարվածային վիճակը փոփոխվում է, մեծանում նրա հոգնածային ամրությունը: Մ. առաջանում է կտրումով մշակման, հոլովակներով, գրտնակներով շրջագլման և կոտորուքներով հատուկ մշակման ժամանակ:
ՄԱԿԱՄ, որոշակի լադային հիմք ունեցող մեղեդային դարձվածք (համարժեք է մակոմին, մուկամին, մուղամին): Առաջացել է ժող. մեղեդիների հիման վրա: Իբրև ժողովրդա–պրոֆեսիոնալ արվեստի ժանր կենցաղավարում է արաբ., թուրք. և իրան. դասական մոնոդիկ երաժշտության մեջ: Յուրաքանչյուր Մ. բնութագրվում է իրեն հատուկ կերպարային–հուզական ոլորտով: Մ–ների հիման վրա կազմավորվում են իմպրովիզացիոն բնույթի փոքր և խոշոր ձևի ստեղծագործություններ: Խոշոր ձևերին հատուկ է երկու տարաբնույթ մասերի՝ «թաքսիմի» և «փեշիաթի» հաջորդականությունը:Լ. Երնջակյան ՄԱԿԱՄՈՐՁԻ (epididymis), ամորձու ետին եզրին գտնվող գոյացություն: Ծածկված է սպիտակուցային պատյանով, ապա՝ որովայնամզով: Ունի գլուխ, մարմին և պոչ: Մ–ու պարենքիմը կազմված է ամորձացանցից ծագող 12-15 արտատար ծորանիկներից, որոնցից ամենավերինը և ամենաերկարը (3-4 մ) կոչվում է Մ–ու ծորան: Վերջինս ամորձու ստորին բևեռի մոտ ծունկ կազմելով՝ ուղղվում է վեր և շարունակվում որպես սերմնածորան:
ՄԱԿԱՄՈՐՁՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄ, էպիդիդիմիտ, լինում է ոչ առանձնահատուկ, առաջանում է ստաֆիլոկոկերով և ստրեպտոկոկերով ախտահարվելիս, և առանձնահատուկ՝ տուբերկուլոզային (առավել՝ հաճախ), գոնոռեային, բրուցելոզային, սիֆիլիսային: Հարուցիչները թափանցում են մակամորձու մեջ սերմնատար ծորանով, օրինակ, գործիքային միջամտության դեպքում (միզապարկի կաթետերիզացում, միզապարկադիտում ևն) կամ արյան միջոցով՝ գրիպի, անգինայի, բրուցելոզի, թոքաբորբի ևնի ժամանակ: Մ. բ. ըստ կլինիկական ընթացքի լինում է սուր և քրոնիկական: Սուրը զարգանում է բուռն, ամորձիների ախտահարված հատվածում առաջանում են ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի աճուկային և զստափոսային շրջանները: Մարմնի ջերմությունը բարձրանում է 39-40°C, մակամորձին մեծանում է, դառնում պինդ, ցավոտ, ամորձու համապատասխան կեսը (երբեմն լրիվ) մեծանում է, մաշկը կորցնում է ծալքավորությունը, դառնում հարթ, գերարյունային: Քրոնիկական Մ. բ–ման դեպքում ինֆիլտրատը լրիվ չի ներծծվում, պարբերաբար տեղի է ունենում պրոցեսի սրացում, սակայն ցավերը և ջերմային ռեակցիան թույլ են արտահայտվում: Բուժումը. հիմնական պատճառի վերացում:
Բարդությունները. երկկողմանի Մ. բ–ից հաճախ առաջանում է անպտղություն:
ՄԱԿԱՆԱԽԱՂ, հայկական ժողովրդական հնագույն մարզական թիմային խաղ: Խաղացել են հեծյալ և հետիոտն, որոնց մասին տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Հովհան Մամիկոնյանի, Թովմա Արծրունու աշխատություններում և «Սասնա ծռեր» էպոսում: Մ. տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում հինգ անվանումներով՝ «հեծյալ մականախաղ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»: ՀՍՍՀ–ում ժամանակակից Մ–ով (Հոկեյ խոտի) զբաղվում են 1969-ից: 1970-ից ՀՍՍՀ–ի հավաքական թիմերը մասնակցում են բարձրագույն և «Ա» դասի առաջնություններին: 1971-ից անցկացվում են հանրապետական առաջնություններ: ՀՍՍՀ–ում աչքի են ընկնում ֆիզկուլտուրայի ինստիտուտի (ՖԻՍԱ) և «Հրազդան» թիմերը:
ՄԱԿԱՇԵՐՏ, ա. որևէ լեզվում պահպանված հետքերը մի այլ լեզվի, որը տվյալ ժողովրդի համար եղել է մշակույթի, կառավարման, միջէթնիկական հաղորդակցման լեզու, բ. նվաճողների լեզու, այդպիսի ազդեցություն գործած լեզուն ինքը: Մ. զգացվում է մեծ մասամբ բառապաշարում (փոխառություններ, պատճենումներ) և շարահյուսության մեջ (հատկապես բարդ նախադասություններում և այլ կառուցվածքներում, որոնք հատկանշական են գրավոր խոսքին): Ժամանակակից հայերենի համար Մ. են գրաբարի միջոցով կատարված հուն., պարսկ. փոխառությունները:
ՄԱԿԱՇՐՋԱՆԱԿ, օժանդակ շրջանագիծ պտղոմեոսյան երկրակենտրոն համակարգում, մոլորակների ետընթաց շարժումը