Անվտանգության խորհրդի հանձնարարականով՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից, 5 տարի ժամկետով: Քարտուղարությունը հիմնականում կատարում է վարչա–տեխնիկական ֆունկցիաներ՝ ՄԱԿ–ի մարմինների, կոմիտեների և կոնֆերանսների սպասարկման ուղղությամբ (այդ թվում՝ ՄԱԿ–ի գրագրությունների և փաստաթւլթերի վարույթը, արխիվի պահպանումը, միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի գրանցումն ու հրապարակումը, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով ՄԱԿ–ի գործունեության լուսաբանումը ևն): Նրա պարտականությունների մեջ են մտնում նան ՄԱԿ–ի բյուջեի կազմումն ու իրացումը, անդամավճարների գանձումը, ՄԱԿ–ի և նրա մասնագիտացված հաստատությունների գործունեության կոորդինացումը ևն: Ունի հետնյալ ստորաբաժանումները՝ քաղ. հարցերի և Անվտանգության խորհրդի գործերի, տնտ. և սոցիալական հարցերի, խնամակալության և ինքնակառավարում չունեցող տերիտորիաների գործերի դեպարտամենտներ, գլխավոր քարտուղարի վարչական, հատուկ քաղ. հարցերով երկու պատասխանատու տեղակալների, ադմինիստրացիայի և կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակներ, վերահսկիչ, կադրերի, իրավական հարցերի, հասարակական ինֆորմացիայի, կոնֆերանսների սպասարկման, ընդհանուր սպասարկման վարչություններ, վարչա–կառավարչական, միջհիմնարկային հարցերի, մարդու իրավունքների բաժիններ, ռեգիոնալ 4 տնտ. հանձնաժողովների քարտուղարություններ, ինֆորմացիայի կենտրոններ (60 երկրներում, ներառյալ՝ ՍՍՀՄ), ՄԱԿ–ի Ժնևի բաժանմունք: ՄԱԿ–ի ք–ում աշխատում է 12325 մարդ (1978): Գլխավոր քարտուղարներ են եղել Տրյուգվե Լին (1946-1953, Նորվեգիա), Դագ Համարշելդը (1953-61, Շվեդիա), Ու Տանը (1961-71, Բիրմա), Կուրտ Վալդհայմը (1971-ից, Ավստրիա):
ՄԱԿԻՆՑՅԱՆ Պողոս Մկրտչի (ապրիլ, 1884, Ներքին Ագուլիս – 1938), հայսովետական պետական, կուսակցական գործիչ, գրաքննադատ, թարգմանիչ, հրապարակախոս: ՍՄԿԿ անդամ 1917-ի փետրվարից: 1906-ին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1913-ին՝ Մոսկվայի համալսարանի պատմաբսնասիրական ֆակուլտետը: 1910-12-ին Մոսկվայում Վ. Տերյանի և ուրիշների հետ մեկտեղ կազմել ու խմբագրել է «Գարուն» ալմանախի երեք գրքերը: Այստեղ 1912-ին «Դիմագծեր» խորագրով տպագրել է Հ. Թումանյանի և Ա. Իսահակյանի մասին ուսումնասիրություններ, որոնք տալիս են այդ գրողների ստեղծագործության համակողմանի գնահատականը: Մ. համագործակցել է Մ. Գորկու և Վ. Տերյանի հետ՝ «Հայ գրականության ժողովածու»-ի (1916) հրատարակման գործում, գրել նրա առաջաբանը («Հայ գրականության ակնարկ»): Մասնակցել է «Հայաստանի պոեզիան» (1916) անթոլոգիայի կազմմանը (երկու ժողովածուի համար էլ կատարել է նյութերի ընտրություն, տողացի թարգմանություններ, ծանոթագրություններ): 1913-ին հրավիրվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ դասավանդելու գրականության պատմություն: Այնուհետև մանկավարժական աշխատանք է կատարել Երևանում, ծավալել կուսակցական գործունեություն, Հոկտեմբերյան հեղափոխության օրերին մտել Երևանի բանվորական սովետի մեջ: 1918-ին մեկնել է Մոսկվա, աշխատել ՌՍՖՍՀ ազգ. գործերի ժողկոմատում՝ հայկ. գործերի գծով, 1919-20-ին՝ ՌՍՖՍՀ լուսավորության ժողկոմատի ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ, 1920–21-ին՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի՝ ազգային փոքրամասնությունների մամուլի բյուրոյի վարիչ: 1921-ին Մ. տեղափոխվել է Սովետական Հայաստան, նշանակվել ներքին գործերի ժողկոմ, աշխատել նաև որպես Ժողկոմխորհի նախագահի տեղակալ: 1921-ի սեպտեմբերից եղել է Հայաստանի լուսավորության ժողկոմը: 1922-24-ին դիվանագիտական աշխատանք է կատարել Կ. Պոլսում, 1925-27-ին՝ Միլանում և Փարիզում: Կյանքի վերջին տարիներին եղել է ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան մասնաճյուղի գիտնական քարտուղարը: 1923-1925-ին կազմել և խմբագրել է Վ. Տերյանի չորսհատորյակը, գրել առաջաբանն ու ծանոթագրությունները, որոնք կարևոր աղբյուր են Տերյանի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրման համար: Արդյունավետ է Մ–ի՝ որպես տեքստաբանի ու թարգմանչի գործունեությունը: Հայերենի է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», Գ. Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» չափածո դրաման, Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ը, Ա. Պուշկինի «Բորիս Գոդունով»-ը, ռուսերենի՝ Հ. Թումանյանի «Գիքորը», Ա. Շիրվանզադեի «Քաոս»-ը, Գ. Մահարու «Մանկություն»-ը, Մ. Արմենի «Հեղնար աղբյուր»-ը և այլ գործեր: Մ. հեղինակ է գրական–հրապարակախոսական բազմաթիվ աշխատությունների:
ՄԱԿԼԵՆԱՆ Գորդոն (ծն. 1924, Գլազգո), Մեծ Բրիտանիայի բանվորական շարժման գործիչ: Ծնվել է բանվորական ընտանիքում: Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության (ՄԲԿԿ) անդամ՝ 1943-ից: Մասնակցել է երկրի երիտասարդական կոմունիստական և արհմիութենական շարժմանը: 1949-ից եղել է ՄԲԿԿ Գլազգոյի կազմակերպության, 1957-65-ին՝ ՄԲԿԿ շոտլանդական մարզային կազմակերպության ղեկավարներից: 1957-ից ՄԲԿԿ ԳԿ և ԳԿ քաղկոմիտեի անդամ: 1965–75-ին՝ կուսակցության ԳԿ քարտուղար (կազմակերպչական հարցերի գծով), ԳԿ կազմբաժնի վարիչ, ԳԿ երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների ենթակոմիտեի նախագահ: 1975-ի մարտից ՄԲԿԿ գլխավոր քարտուղարն է: Բրիտ. և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է:
ՄԱԿԼԵՐ (Macler) Ֆրեդերիկ (16.5.1869, Մանդոր – 13.7.1938, Մոնբելյար), ֆրանսիացի հայագետ: Աշակերտել է Օ. Կարիերին, որից սովորել է հայերեն, ասորերեն և եբրայերեն: Մ–ի հայագիտական գործունեությունն սկսվել է «Դանիելի անվավեր հայերեն հայտնություններ» (1888) աշխատությամբ: 1911-37-ին, փոխարինելով անվանի հայագետ Ա. Մեյեին, հայերեն է դասավանդել Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում: 1919-ին Շ. Դիլի, Ա. Մեյեի և Վ. Պերարի հետ հիմնադրել է «Հայագիտական ընկերությունը», իսկ 1920-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ արմենիեն» («Revue des etudes Armeniennes») հանդեսը, որը խմբագրել է Մ. (Ա. Մեյեի հետ) մինչև 1937-ը: 1909-ին այցելել է Հայաստան և իր տպավորությունները զետեղել «Հաշվետվություն Ռուսահայաստան և Թուրքահայաստան կատարած գիտական ուղևորության մասին» (1909) գրքում: Հայագիտությանը նվիրված մոտ 100 գործերում (հոդվածներ, մենագրություններ, ժողովածուներ) Մ. անդրադարձել է Հայաստանի աշխարհագրությանը, պատմությանը («Հայաստանի շուրջը», 1917), հայերի ծագումնաբանությանը, միջէթնիկական կապերին, մշակույթին (երաժշտություն, մանրանկարչություն, ճարտարապետություն) և այլ հարցերի: Թարգմանել ու ծանոթագրել է Ստեփանոս Տարոնացու (Պատմություն տիեզերական, 1917), Կեղծ Սեբեոսի և այլոց գործերը, թարգմանել ու կազմել է հայկ. ժող. հեքիաթների (Հայկական հեքիաթներ, 1915, Հայաստանի ժողովրդական հեքիաթները, լեգենդները և դյուցազնավեպերը, 1928) ու դիցաբանական զրույցների (Հայոց դիցերը, 1929), հայ նոր գրականության (Ժամանակակից հայ գրականությունը, Հավատք և կյանք, 1905) ժողովածուներ, ժամանակակից հայոց լեզվի քրեստոմատիա:
Երկ. Miniatures armeniennes, P., 1913; La musique en Агтёше, P., 1917; Mosaiq Orientale, P., 1917.
ՄԱԿԼԵՐ (գերմ. Makler), միջնորդ անձ կամ ֆիրմա, որը նսլաստում է առևտրական կամ բորսային գործարքների կնքմանը: Մասնագիտացված է որոշակի բնագավառում, միջնորդության և խորհրդի համար վարձատրվում է:
ՄԱԿԼՈՐԵՆ (Maclaurin) Կոլին (1698-1746), շոտլանդացի մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1719): Ի. Նյուտոնի աշակերտը: Մաթ. հետազոտությունները վերաբերում են անալիզին (շարքերի տեսություն, վերջավոր տարբերությունների հաշիվ) և բարձր կարգի հարթ կորերի տեսությանը: Աշխատանքներ ունի նաև մեխանիկայի բնագավառում (պտտվող ծանր հեղուկի հավասարակշռություն ևն):
ՄԱԿԼՈԻՐԱ (Maclura), թթազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ պտղաբեր կամ նարնջագույն Մ. (M. pomifera կամ Maurantiaca):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/179
Այս էջը սրբագրված չէ