Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/18

Այս էջը հաստատված է

18 ՂԱԶԱԽՍՏԱՆԻ
կաններ են: Մ․ թ․ ա․ Ill–II դդ․ Հարավային Ղազախստանում առաջանում է ուսունների ցեղային միավորումը։ VI–VII դդ․ Ղազախստանի հվ–արլ․ մասում ապրող ցեղերը Արևմտա–Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին։ Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջանում են վաղ ֆեոդալական տիպի քաղ․ կազմավորումներ․ Թյուրգեշական (VIII դ․) և Կարլուկական (VIII–X դդ․) խաքանությունները, օղուզների (IX–XI դդ․), կիմակների և ղփչաղների (VIII–XI դդ․) միավորումները։ Էթնիկական միաձուլմանը նպաստեց Կարախանյանների պետությունը (X–XII դդ․)։ XII դարի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժում կիդանները, որոնք ի վերջո խառնվում են տեղի թյուրքալեզու բնակչությանը։ XIII դ․ Մոնղոլիայից և Ալթայից Ղազախստան են թափանցում նայմաններն ու կերեիտները։ XV դդարի կեսին Ոսկե հորդայի արլ․ հատվածում առաջացան Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր։ XV դ․ վերջին – XVI դարի սկզբին կազմավորվեց ղազախ. ազգությունը՝ բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտ․ շահերի ընդհանրությամբ։
Մինչև ղազախ. հողերի Ռուսաստանին միացվելը (XIX դ․ 60-ական թվականներին) Ղ–ի հիմնական զբաղմունքը քոչվոր անասնապահությունն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ։ Ղ–ի տնտեսության և մշակույթի մեջ արմատական փոփոխությունից հետո, երբ ձևավորվեց սոցիալիստական ղազախ. ազգը, Ղազախստանը դարձավ զարգացած արդ․ և գյուղատնտ․ երկիր։ Փոխվեց Ղ–ի կենցաղն ու մշակույթը, նրանք անցան նստակեցության, վերացավ անգրագիտությունը։ Տես նաև Ղազախական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն։
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Մ․ Մ․ Կ ի ր ո վ ի ա ն վ․, հիմնվել է 1934-ին, Ալմա Աթայում։ Ունի մեխանիկա–մաթեմատիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրական, իրավաբանական, պատմության, փիլիսոփայության, բանասիրական, ժուռնալիստիկայի, բուհերի դասախոսների որակավորման բարձրացման (2), երեկոյան և հեռակա (6) ֆակուլտետներ, ասպիրանտուրա, 77 ամբիոն, 12 պրոբլեմային լաբորատորիա, գրադարան (850 հզ․ կտոր գիրք)։ 1977/78 ուս․ տարում համալսարանն ունեցել է շուրջ 15 հզ․ ուսանող, մոտ 1 հզ․ դասախոս և գիտական աշխատող։ Ղ․ հ․ հրատարակում է «Գիտական տեղեկագիր» (1938-ից) հանդեսը։ Իր գոյության ընթացքում համալսարանը տվել է 25 հզ․ մասնագետ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971):
ՂԱԶԱՆՉԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևմուտք: Ղ–ով է անցնում Լենինական–Ախալքալաք խճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Քար խարաբա» գյուղատեղին, հին եկեղեցի և գերեզմանոցներ։ Հիմնադրել են Բագրևանդի գավառի Իրից գյուղից եկածները, 1852-ին, Աշոցք բնակավայրի ավերակների տեղում։
ՂԱԶԱՆՉԻ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Խաչենագետի ձախ ափին, շրջկենտրոնից 31 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, փոստի բաժանմունք։ Ղ–ում պահպանվել է եկեղեցի (Ս․ Գևորգ, XII դ․), շրջակայքում՝ Տիգրանակերտի ավերակները (մ․ թ․ ա․ I դ․) և Նատարին բերդը (VI դ․)։
ՂԱԶԱՆՉՅԱՆ Երվանդ Խաչատուրի (ծն․ 2․6․1937, Երևան), հայ սովետական ռեժիսոր։ ՀՄՄՀ արվեստի վաստ․ գործիչ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ի դերասանական (1958) և ռեժիսորական (1966) ֆակուլտետները, Լենինգրադի ռեժիսորական բարձրագույն դասընթացները (1968, ղեկավար՝ Գ․ Ա․ Տովստոնոգով)։ 1968-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի ռեժիսոր, 1970-ից՝ Լենինականի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1977-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնի դիրեկտոր և գլխավոր ռեժիսոր, 1978-ից՝ Երևանի երաժշտական կոմեդիայի, 1980-ից՝ պատանի հանդիսատեսի թատրոնների գլխավոր ռեժիսոր։ Լավագույն բեմադրություններից են՝ Դոստոևսկու «Ապուշը» (1967), Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (1965), Ա․ Չխեիձեի «Կամուրջ» (1971), Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1974), Չարենցի «Երկիր Նաիրի» (1977, Ս․ Ղազարյանի հետ)։
ՂԱԶԱՆՉՅԱՆ Վռամ Խաչատուրի (15․8․1897, Կարս – 23․7․1941, Մոսկվա), Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարի ակտիվ մասնակից։ Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1917–19-ին կուսակցական ընդհատակյա աշխատանք է տարել Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններում, 1919–1920-ին՝ Կարսում, ուր եղել է ընդհատակյա կազմակերպության կազմակերպիչներից և Մայիսյան ապստամբության ղեկավարներից (Կարսի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ)։ Ապստամբության պարտությունից հետո՝ Ախալցխայի և Ախալքալաքի կուսկազմակերպությունների պատասխանատու կազմակերպիչ։ Քաղ․ աշխատող 11-րդ կարմիր բանակում և Հյուսիսային Կովկասում։ Արևելքի ժողովուրդների համագումարի (1920) պատգամավոր։ 11-րդ կարմիր բանակի կազմում, որպես ջոկատի հրամանատար, կռվել է Ղարաքիլիսայում (Կիրովական) սովետական կարգեր հաստատելու համար։ Քաղաքացիական կռիվների ժամանակ Լոռիում և Ղամարլուի (Արտաշատ) ճակատում կազմակերպել է կարմիր ապստամբ ջոկատներ։ 1921–33-ին սովետական և տնտ․ աշխատանք է տարել Հայաստանում, 1933-ից՝ Մոսկվայում։ Մասնակցել է 1939–40-ի սովետա–ֆիննական պատերազմին։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։
ՂԱԶԱՆՉՅԱՆ Տիրան Տիգրանի (15․7․1901, Թիֆլիս – 21․2․1967, Երևան), հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1952), պրոֆեսոր (1953), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1921), Մոսկվայի համալսարանը (1936), ապա մինչև կյանքի վերջն աշխատել Երևանի համալսարանում (ասիստենտ, գիտ․ քարտուղար, անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր)։ Ղ․ աոաջինը Հայաստանում ստեղծել է ֆիզիկա-քիմիական անալիզի լաբորատորիա։ Միջնադարյան մատենագրական նյութերի հիման վրա քննարկել ու համակարգել է Հայաստանում քիմիայի ծագման և զարգացման պատմությունը։ Հեղինակ է պատմա–բնափիլիսոփայության