–բնափիլիսոփայության հարցերին նվիրված ուսումնասիրությունների, ինչպես նաև «Ջրածին» (1953), «Թթվածին» (1954), «Նյութի ատոմամոլեկուլյար կառուցվածքի մասին» (1956), «Ջրի կյանքը» (1957), «Ալյումինիում» (1959), «Պղինձ» (1961), «Սիլիցիումի աշխարհում» (1969) գիտահանրամատչելի գրքույկների։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկ․ Էլեմենտների ուսմունքը հայ բնափիլիսոփայության մեջ, Ե․, 1946։ Սահակ Ծաղկարար, Ե․, 1956։ Очерки о истории химии в Армении, Е․, 1955․
ՂԱԶԱՎԱԹ (արաբ. ռազմերթ, ռազմարշավ), մինչիսլամական ժամանակաշրջանում՝ գերակայության և ավարի համար արաբական ցեղերի ռազմական գործողությունները միմյանց և հարևան երկրամասերի դեմ, իսլամի (տես Մահմեդականություն) առաջացումից հետո՝ հավատի տարածման համար մղվող «սրբազան պատերազմ» (ջիհադ)։ Մոհամմեդի օրոք Ղ–ի կամ «մաղազիների» հիմնական նպատակն էր բոլոր արաբներին համախմբել նորաստեղծ կրոնի դրոշի ներքո։ Խալիֆայության կազմավորումից հետո Ղ․ վերածվեց ուսմունքի, որն արդարացնում էր նվաճողական արշավանքները։ Միջին դարերում Ղ․ նպաստեց մահմեդական կրոնի հետագա տարածմանն ու ամրապնդմանը Ասիայում և Աֆրիկայում, նաև՝ օսմանյան սուլթանների զավթողական նվաճումների հաջողությանը։ Նոր և նորագույն ժամանակներում Ղ․ մի կողմից ծառայել է որպես ժող․ զանգվածներին հակագաղութային պայքարի հանող միջոց (XIX դ․ 20–60-ական թթ. Հյուսիսային Կովկասում, 1890-ական թթ․ Սուդանում, XX դարի սկզբից Լիբիայում, 1920-ական թթ․ Իրաքում, 1940-ական թթ․ Օմանում ևն), մյուս կողմից՝ ֆեոդալա–բռնապետական վարչակարգերում դարձել է զենք ժող․ և առաջին հերթին՝ ազգային–ազատագրական շարժումները (օրինակ, հայկ․ ազատագրական շարժումները Թուրքիայում ևն) ճնշելու համար։ Քաղաքացիական պատերազմի տարիներին Հյուսիսային Կովկասում մյուրիդականները (տես Մյուրիդականություն) և Միջին Ասիայում բասմաչները (տես Բասմաչություն) Ղ․ օգտագործեցին սովետական իշխանության դեմ պայքարում։
Գրկ. Климович Л. И., Ислам, 2 изд., доп․, M․, 1965․
ՂԱԶԱՐ Ա ԶԱՀԿԵՑԻ, Ճահկեցի (ծն․ թ․ անհտ․–1751), հայ կաթողիկոս 1738-ից։ Աջակցել է Արևմտյան Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը Երևանի և Նախիջևանի գավառներում բնակեցնելու գործին։ Պարսկ․ իշխանություններից հալածվել և 1748-ին աքսորվել է Մևանա կղզի։ 1749-ին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոսական գահին։ Կառուցել է Էջմիածնի վանքի վեհարանը և մի հյուրանոց։ Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի» (1734)՝ նվիրված հայկ․ դավանանքի պաշտպանությանը և «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս» (1744)։ Գրել է նաև տաղեր, որոնք մեծ մասամբ ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737)։
ՂԱԶԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ [մոտ 1550-ական թթ., Թոխաթ (Եվդոկիա) – 1610, Կամենից], հայ տաղասաց, գրիչ։ 1602-ին Թոխաթի կոտորածից ազատվել և հաստատվել է Եազլովցա քաղաքում, ապա՝ Կամենիցում։ Այստեղ մտերմացել է լեհահայ գաղութի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Կարապետ վարդապետի հետ, որին և նվիրել
է «Գովասանք Կարապետ արքեպիսկոպոսի ի Թոխաթցի Ղազար եպիսկոպոսէ ասացեալ» ներբողը։ Ղ․ Թ–ու մյուս 3 գործերը կապվում են ծննդավայրի հետ։ Դրանցից մեկում՝ «Գովասանք ի վերայ Թոխաթ քաղաքին» երկում, Թոխաթը համարվել է «փոքր Ստամբոլ»։ Մնացած 2-ը ողբ են («Ողբ ի վերայ կոտորածին Թոխաթի» և «Ողբ ի վերայ սովոյն Թոխաթի»), որոնք պահպանված են եղել բանասեր Շավարշ Սահակյանի մոտ և ոչնչացվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Ղ․ Թ․ ընդօրինակել է ձեռագրեր։
Գրկ․ Ակինյան Ն․, Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնտ․, 1921, էջ 205–216։ Խաչատրյան Պ․ Մ․, Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ–ԺԷ դդ․), Ե․, 1969։ Սահակյան Հ., Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (XVI–XVII դդ․), Ե․, 1975։
ՂԱԶԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի 2-րդ կեսի հայ տաղասաց։ Հայտնի է «Ծով աչք, ամ քանի նայիս խոլորով» («Տաղ սիրոյ և ուրախութեան») սիրերգով, որը դասվում է հայ միջնադարյան քնարերգության ընտիր էջերի շարքը։ Ղ․ Մ․ երգում է կնոջ գեղեցկությունը, կյանքի վայելքը։ Ձեռագրերը վկայում են, որ այդ տաղը միջնադարում տարածված է եղել և հաճախ հարստացվել է նոր տներով։ Գրել է նաև ուրիշ գործեր, որոնք, սակայն, մեզ չեն հասել։ Վերջերս հայտնաբերվել է Ղ․ Ս–ուն վերագրվող մի այլ բանաստեղծություն՝ «Նորին Ղազարու վասն սիրո ասացեալ»։
Երկ․ Կոստանյանց Կ․, Նոր ժող․, պրակ 2, Թ․, 1892, էջ 23–27, պրակ 3, Թ., 1896, էջ 53–56։ Մարգարիտներ հայ քնարերգության, հ․ 1, Ե․, 1971, էջ 211 – 16:
Գրկ. Սահակյան Հ․, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (XVI–XVII դդ․), Ե․, 1975։
ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ [մոտ 442, գ․ Փարպի (այժմ՝ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում) – VI դ․ սկիզբ], հայ պատմիչ։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465–470-ին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484–486-ին եղել է Սյունիքում։ 486-ին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղ․ Փ–ուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղ․ Փ․ բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին) Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղ․ Փ–ուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է Փարպիի ձորում՝ Լազրևան գյուղի հվ․ կողմում գտնվող ավերակ եկեղեցու մոտ (մի այլ տարբերակով՝ Մուշի Առաքելոց վանքում)։
«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»-ը վավերական աղբյուր է V դ․ 2-րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականության դեմ։ «Թուղթ»-ն ունի փոքրիկ առաջաբան, որը Գ․ Խալաթյանցի ենթադրությամբ գրել է Ղ․ Փ–ու աշակերտներից մեկը։
Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»-ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղ․ Փ․ հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով ու ճշտելով։ Ղ․ Փ․ իր պատմությունն սկսել է 387-ի իրադարձություններից (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից)՝ շարունակելով Փավստոս Բուզանդին։ Առաջին դրվագում մանրամասն շարադրված են Արշակ Գ–ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղ․ պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428)։ Այն ավարտվում է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվան (439, 440) հետ կապված դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին և շատ ընդհանրություններ ունի այդ երկի հետ։ Երրորդ դրվագը, որպես սկզբնաղբյուր, ամենաարժեքավորն է, որովհետև Ղ․ Փ․ իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460–480-ական թթ․ հայ—պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482–484-ի հակապարսկական ապստամբության պատմությունը։ Ղ․ Փ–ու հաղորդած տեղեկությունները անփոխարինելի աղբյուր են հայ ժողովրդի, ինչպես նաև վրաց ու աղվանից ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։
Ղ․ Փ–ու «Թուղթ»-ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի տգետ և նախանձոտ հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղ․ Փ․ հրաժարվում է աղանդավորների հետ կապերը խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գտնում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/19
Այս էջը հաստատված է