Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/192

Այս էջը սրբագրված չէ

նոտային հրատարակչությունը (1924): 1945-ից դասավանդում էր Ադրբեջանական կոնսերվատորիայում (1949-ից՝ պրոֆեսոր): Գրել է «Ադրբեջանի երաժշտական թատրոնի զարգացման ուղիները» (1931): Ադրբ. ՍՍՀ I–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ:Բ. Հովակիմյան ՄԱՄԵՍՏԻԱ, Մսիս, Մասիսա, Մոպսուեստիա, Մամիստրա, Մալմիստրա, Մոպսոս (հին հուն. Մոպսոս աստծո անունով), քաղաք Դաշտային Կիլիկիայում, Ադանայից մոտ 25 կմ հյուսիս–արևելք, Պիրամոս (Ջահան) գետի աջ ափին: Հելլենիստական դարաշրջանում եղել է բարգավաճ ու ինքնավար քաղաք: Հռոմի տիրապետության ժամանակ դարձել է կայսերական կարևոր հենակետ Արևելքում: Ժամանակավորապես (մ. թ. ա. 80–70-ական թթ.) Մ., Դաշտային Կիլիկիայով հանդերձ, անցել է Հայաստանին: Քրիստոնեության հաստատումից հետո Մ. եղել է ինքնավար արքեպիսկոպոսի աթոռանիստ: IV դ. վերջին և V դ. սկզբին Մ–ի արքեպիսկոպոսն էր հռչակավոր գիտնական Թեոդորոս Մոպսուեստացին, որի հետ նամակագրական սերտ կապերի մեջ էին Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին և ուրիշ հայ գործիչներ:
Հռոմ. կայսրության բաժանումից (IV դ. վերջ) հետո Մ. մնացել է Բյուզանդիայի տիրապետության ներքո: VII-X դդ. Մ. տիրել են մե՛րթ արաբները, մե՛րթ բյուզանդացիները: X-XI դդ. հայերը կազմել են Մ–ի բնակչության գերակշռող տարրը: XI դ. 1-ին կեսին Բյուզանդիան այն հանձնել էր հայ իշխան Աբլղարիբ Արծրունուն: Նույն դարի վերջին Մ. նվաճեցին խաչակիր ասպետները (այդ ժամանակ Մ–ի քաղաքապետն էր Ասպետ հայ իշխանը): XII դ. 1-ին կեսին հզորացած Ռուբինյանները հաղթեցին խաչակիրներին և ամբողջ Դաշտային Կիլիկիան, Մ–ով հանդերձ, միավորեցին Կիլիկյան Հայաստանին: Մ. դարձավ համանուն նահանգի կենտրոնը: 1152-ին բյուզանդական զորավար Անդրոնիկոսը պաշարեց Մ. և փորձեց զավթել այն: Սակայն Թորոս Բ Մեծ իշխանը ջախջախեց նրան և ազատագրեց Մ. (տես Մամեստիայի ճակատամարտ 1152): 1188-ին Լևոն Բ Մեծը Մ–ի հսկողությունը հանձնարարեց Չորտվանել Սասնեցու որդի Հեթումին՝ նրան կնության տալով իր եղբոր՝ Ռուբենի դստերը՝ Ալիծին:
ՄԱՄԵՍՏԻԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1152, տեղի է ունեցել Բյուզանդիայի և Կիլիկյան Հայաստանի զորաբանակների միջև, Մամեստիա քաղաքի մոտ: Կիլիկյան Հայաստանը նվաճելու և Արևելքում կայսրության դիրքերը ամրապնդելու ծրագրով Մանվել Կոմնենոս կայսրը 12-հազարանոց զորաբանակով և պատերազմ վարելու արտակարգ լիազորություններով այնտեղ ուղարկեց իր ազգական Անդրոնիկոս Կոմնենոսին՝ նախապես նրան նշանակելով Կիլիկիայի դուկ: Խոստումներով, ահաբեկումներով Անդրոնիկոսին հաջողվեց իր կողմը գրավել նաև Արևմտյան Կիլիկիայի անջատամետ որոշ հայ իշխանների՝ Պապեռոնի տեր Սմբատ Հեթումյանին, Լամբրոնի տեր Օշին Հեթումյանին (Ներսես Լամբրոնացու հայրը), Բարձրբերդի տեր Վասիլ Նաթանայելյանին և Պռականի տեր Վասիլին: Պաշարելով Մամեստիան և մերժելով Մեծ իշխան Թորոս Բ–ի հաշտության առաջարկը՝ Անդրոնիկոսը հայտարարեց, որ խորտակելու է հայկական իշխանությունը և Թորոսին իր հոր՝ Լևոն Ա–ի նման, շղթայակապ տանելու է Կ. Պոլիս: Ըստ բյուզանդական պատմիչ Նիկիտաս Քոնիատի և հայ պատմիչ Գրիգոր Երեցի, հայկ. զորաբանակը, Թորոս Բ-ի, նրա եղբայրներ Ստեփանեի ու Մլեհի հրամանատարությամբ, անձրևային մի գիշեր դուրս գալով պաշարված քաղաքից, պարտության մատնեց թշնամուն: Լքելով իր բանակը՝ Անդրոնիկոսը ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Նիկիտաս Քոնիաթը վկայում է, որ հայ զորականները բյուզանդացիներին գերազանցում էին թե՛ իրենց քաջությամբ, թե՛ հմուտ մարտավարությամբ: Գերված բյուզանդական հրամանատարներին ու զինվորներին ազատելու համար կայսրությունը վճարեց մեծ փրկագին, որը, ի զարմանս բյուզանդացիների, Թորոս Բ բաժանեց հայ զինվորներին: Բյուզանդացիների կողմն անցած հայ իշխաններից Սմբատ Հեթումյանը զոհվեց մարտում, մնացածներն անձնատուր եղան Թորոս Բ–ին:
Մ. ճ. վճռորոշ նշանակություն ունեցավ Կիլիկյան Հայաստանի անկախությունը պահպանելու գործում:
Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952.Մ. Կատվալյան ՄԱՄՋԱՐԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում: Զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում է ութամյա դպրոց: Մ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Արշակ Սարգսի (18(30). 12.1872, Թիֆլիս – 2.22.1937, Թբիլիսի), հայ սովետական դերասան: ՀՍՍՀ վաստակավոր արտիստ (1928): Սովորել է Լազարյան ճեմարանում: 1886-87-ին Մոսկվայում մասնակցել է Պ. Ադամյանի և Ս. Սաֆրազյանի ներկայացումներին: 1890-ին ընդունվել է Թիֆլիսի հայկ. թատրոն: Շուրջ տաս տարի խաղացել է նաև Ի. Ե. Փիթոևի ռուս. թատրոնում: Եղել է Երևանի առաջին պետթատրոնի հիմնադիրներից (1922): 1928-ից աշխատել է Թբիլիսիի հայկ. թատրոնում: Մ. կատակերգակ դերասան էր: Նրա դերակատարումներն աչքի են ընկել վարակիչ հումորով և կերպարի գունագեղությամբ: Դերերից են Կակուլի, Գիժ Մոզի (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Մինթոև (Շիրվանգադեի «Մորգանի խնամին»), Շմագա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Լուկա (Գորկու «Հատակում»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Սոլոմոն (Ա. Դյումա հոր «Քին»):Բ. Հովակիմյան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հովհաննես Լևոնի (20.2. 1907, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական) – 30.10.1970, Երևան), հայ սովետական գրականագետ: ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1965), բան. գիտ. դ-ր, պրոֆեսոր (1969): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1932-ին ավարտել է Երևանի համալսարանը, որտեղ և դասախոսել է երկար տարիներ: 1941-48-ին «Սովետական Հայաստան» թերթի խմբագիրն էր, 1948-51-ին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի, 1951-1953-ին՝ գրականության և արվեստի բաժնի վարիչը: 1953-54-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստ-ի դիրեկտորը, 1957-62-ին՝ Երևանի համալսարանի ռոմանա–գերմանական լեզուների ու գրականության ֆակուլտետի դեկանը: Գրել է «Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն» (հեղինակակից՝ Ս. Հակոբյան, 1934-36), «Արևմտյան Եվրոպայի վերածնության դարաշրջանի գրականության պատմություն» (պրակ 1-2, 1939-40), «Սովետական գրականության բոլշևիկյան պարտիականության համար» (1949), «Արտասահմանյան գրականության պատմություն» (1957), «Մարդը և նրա կերպարը գրականության մեջ» (1966) և այլ ուսումնասիրություններ:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Մուշեղ Մանուկի (ծն. 15.9. 1904, գ. Խաթս (Արևմտյան Հայաստանի Մշո գավառում)), ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀՍՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1948-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստ-ը: 1945-52-ին եղել է նույն ինստիտուտի դահուկային սպորտի, 1952-70-ին՝ սպորտային խաղերի ամբիոնի վարիչ, 1970-ից՝ ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ: Հեղինակ է գիտամեթոդական բազմաթիվ ձեռնարկների, որոնք վերաբերում են հայկ. ժող., դպրոցական, արտադպրոցական, սպորտային և շարժական խաղերին, դպրոցում ֆիզիկական դաստիարակության հարցերին: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Նիկողայոս Հովհաննեսի (15.11.1860, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ) – 19.5.1937, Կիրովաբադ), հայ գրող: 1888-ին ավարտել է Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և շուրջ