Մամուրյան, Ե., 1961: Կարինյան Ա. Բ., Մ. Մամուրյանը մշակույթի պատմության մասին, Ե., 1973:
ՄԱՅԱ, հնդկացի ժողովուրդ Մեքսիկայում (Յուկատան թերակղզի, 340 հզ., 1979) և Բելիզում (13 հզ.): Լեզուն պատկանում է մայա–կիչե լեզվաընտանիքին (տես Մայա–սոկե լեզուներ): Որոշ մասը գիտի նան իսպաներեն: Կրոնը ձևականորեն կաթոլիկությունն է, բայց իրականում պահպանվում են մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ: Այժմյան Մ–ների հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Մ. հվ–արլ. Մեքսիկայում, Հոնդուրասում և Գվատեմալայում եղած՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողներն են: Հնագույն Մ–ները մշակել են եգիպտացորեն, լոբի, դդում, լոլիկ, արմատապտուղներ, բամբակ, պահել՝ հնդկահավեր և շներ (միսն օգտագործել են սննդի համար), զբաղվել են նաև որսորդությամբ, ձկնորսությամբ և մեղվաբուծությամբ: Մ. թ. I հազարամյակում Մ–ները կառուցել են քարակերտ շինություններով քաղաքներ (հայտնի է 100-ից ավելի քաղաք), որոնցից խոշորներն էին Տիկալը, Կոպանը, Չիչեն–Իցան, Ուշմալը: IX դ. դրանց մեծ մասը կործանվել է տոլտեկների և հնդկացի այլ ցեղերի ներխուժման հետևանքով: X դ. Յուկատանում առաջացել է նոր՝ մայատոլտեկյան պետություն, որը հետագայում տրոհվել է քաղաք–պետությունների: Հասարակության տիրապետող խավը եղել են զինվորական ավագանին ու քրմերը, զարգացել է ստրկությունը: Մ–ները պաշտել են հատկապես անձրևի և քամու աստվածությունը: Նրանք ստեղծել են իրենց նշանագրերը (տես Մայա գիր), գիտելիքներ են ունեցել մաթեմատիկայի, բժշկության, աստղագիտության բնագավառներում, թողել ճարտ. հոյակերտ կոթողներ (բուրգեր, տաճարներ ևն): Մ–ների քաջարի դիմադրության հետևանքով Յուկատանի նվաճումը (1527-ից) իսպանացիների կողմից տևական է եղել:
ՄԱՅԱ ԳԻՐ, ժամանակակից Մեքսիկայի (Յուկատան թերակղզի), Գվատեմալայի և Հոնդուրասի տերիտորիայում բնակված հնդկացի մայա ցեղերի գիրը, որ հայտնի է մ. թ. առաջին դարերից մեզ հասած գրավոր հուշարձաններով: Գործածվել է մինչև XVI դ.: Պահպանվել են 3 մեծ ձեռագրեր և բազմաթիվ արձանագրություններ՝ քարի ու խեցեղենի վրա: Մ. գ–ի բնույթը երկար ժամանակ մասնագետների վեճերի առարկա է եղել: Սովետական լեզվաբան Յու. Կնոռոզովը, շարունակելով Լ. դը Ռոնիի, Ս. Թոմասի ու Բ. Ուորֆի ուսումնասիրությունները, ապացուցել է, որ Մ. գ. բաղկացած է եղել գաղափարագրերից և հնչյունագրերից, ինչպես նաև դետերմինատիվներից:
ՄԱՅԱԿՈՎՍԿԻ Վլադիմիր Վլադիմիրովիչ (7(19).7.1893, գ. Բաղդադի (այժմ՝ քտա Մայակովսկի, Վրաց. ՍՍՀ–ում) - 14.4. 1930, Մոսկվա), ռուս սովետական բանաստեղծ: Ծնվել է անտառապետի ընտանիքում (ծնողները և քույրերը երկար տարիներ ապրել են Հայաստանում, հայրը եղել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) անտառատնտեսության անտառապետի օգնական, իսկ 1889-ից՝ անտառապետ Վրաստանում): Մ. սովորել է Քութայիսի գիմնազիայում: Հոր մահից հետո, 1906-ին, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Մ. ուսումը շարունակել է դասական գիմնազիայում: Շփվել է ուսանող-բոլշևիկների հետ, ընդունվել կուսակցության շարքերը, կոոպտացիոն կարգով մտել է ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի կազմի մեջ (1908): 1908-09-ին Մ. երեք անգամ ձերբակալվել է: 1909-ին Բուտիրյան բանտում գրել է իր առաջին բանաստեղծությունները: 1911-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը: Այդ շրջանում հրապուրվել է կուբո ֆուտուրիստների (տես Ֆուտուրիզմ) տեսությամբ ու գործնականով, «Պուշկինին, Դոստոևսկուն, Տոլստոյին արդիականության շոգենավից դուրս նետելու» նիհիլիստական կոչերով: Ֆուտուրիստների «Ապտակ հասարակական ճաշակին» (1912) ալմանախում առաջին անգամ տպագրվել են Մ–ու «Գիշեր» և «Առավոտ» (1912) բանաստեղծությունները: 1913-ին լույս է տեսել «Ե'ս» առաջին գրքույկը: Թեև ֆուտուրիստների հետ համատեղ ելույթները, նրանց հետ շփումը իրենց նկատելի կնիքն էին դրել Մ–ու վաղ շրջանի ստեղծագործության վրա, սակայն այդ բուրժուա–դեկադենտական գրական հոսանքի շրջանակները նեղ էին բանաստեղծի համար: Դեռևս հեղափոխությունից առաջ նա ստեղծել էր այնպիսի գործեր, որոնք արտահայտում էին սոցիալական սուր խնդիրներ, բողոք պատերազմի և կապիտալիստական աշխարհի դեմ: Նա նախազգում էր հեղափոխությունը, երազում ներդաշնակ մարդու մասին («Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն», 1914, «Ձեզ», 1915, բանաստեղծությունները, «Վլադիմիր Մայակովսկի» ողբերգությունը, բեմադրվել է 1913-ին, հրտ. 1914, «Վարտիքավոր ամպը», 1915, «Պատերազմն ու աշխարհը», 1917, «Մարդը», 1916-17, պոեմները ևն):
1914–19-ին Մ. ապրել է Պետրոգրադում, մտերմացել Մ. Գորկու հետ, որը հովանավորել է երիտասարդ բանաստեղծին, նկատելի ազդեցություն գործել նրա տաղանդի ձևավորման ու զարգացման վրա: Խնդությամբ դիմավորելով 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ Մ. առաջին իսկ օրերից ծավալում է ստեղծագործական եռուն գործունեություն: 1918-ին գրում է «Ներբող հեղափոխությանը», «Ձախ մարշ»-ը, «Միստերիա բուֆ»-ը՝ առաջին սովետական պիեսը, որը, իր իսկ բնութագրումով, «…մեր դարաշրջանի հերոսական, էպիկական և երգիծական պատկերն է»: 1919-ին, վերադառնալով Մոսկվա, աշխատել է Ռուսաստանի հեռագրական գործակալությունում՝ ՌՈՍՏԱ–ում: Երեք տարում նկարել է հազարից ավելի պլակատ և գրել կրկնակի ավելի բանաստեղծական տեքստ՝ պլակատների համար: Սովետական գրականության նշանավոր ստեղծագործությունը դարձավ «Վլադիմիր Իլյիչ Լենին» (1924) պոեմը, որը պատկերում է հեղափոխական պայքարի պատմության կարևորագույն իրադարձությունները և Լենինի կյանքի հիմնական ուղենիշները: Պոեմը տոգորված է առաջնորդի, կուսակցության և ժողովրդի միասնության գաղափարով: «Լա'վ է» (1927) պոեմում Մ. ցույց է տվել սովետական իշխանության առաջին տարիներին կատարված փոփոխությունները: Էպոսն ու քնարերգությունը, հերոսականությունն ու սատիրան պոեմում կազմում են գեղարվեստական ամբողջություն: Ա. Լունաչարսկու բնորոշմամբ՝ պոեմը «Հոկտեմբերյան հեղափոխությունն է՝ բրոնզաձույլ»:
1917-ական թթ. եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Կուբայում, Մեքսիկայում, ԱՄՆ–ում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում: Բարձր գնահատելով արտասահմանյան տեխնիկայի նվաճումները, մշակույթն ու արվեստը՝ Մ. միևնույն ժամանակ խարազանել է կապիտալիստական աշխարհի արատներն ու հակասությունները («Փարիզ», 1924-25, «Վերսալ», «Բլեք էնդ ուայթ», «Բրոդվեյ», «Բրուկլինի կամուրջը», բանաստեղծություններ, «Ամերիկայի իմ հայտնագործումը», ակնարկ ևն): Հայրենասիրական մոտիվները հատկապես հնչեղ են «Ընկեր Նետտեին, շոգենավին և մարդուն» (1926), «Բանաստեղծություն սովետական անձնագրի մասին» (1929) և այլ գործերում: Մ–ու ստեղծագործության մեջ նշանակաւի տեղ է գրավում երգիծանքը («Կաշառակերները» (1926), «Երկչոտը» (1928), «Պոմպադուրը» (1928), «Կեղծապաշտը», «Անպետքության մասին», «Չորսհարկանի խալտուրա» (1926)): Մի շարք բանաստեղծություններում («Ժողովամոլները» (1922), որն արժանացել է Վ. Ի. Լենինի դրական գնահատանքին ևն) և կատակերգություններում («Փայտոջիլ» (1928), «Բաղնիք» (1929)) Մ. ծաղրել է բյուրոկրատիզմն ու քաղքենիությունը: Մ. գլխավորել է «ԼԵՖ» գրական խմբակը, խմբագրել «ԼԵՖ» («ЛЕФ», 1923-1925) և «Նռվի ԼԵՖ» («Новый ЛЕФ»,1927-28) ամսագրերը: Մ–ի բանաստեղծական կտակը դարձավ «Ամբողջ ձայնով» (1930)՝ հնգամյակի մասին ծրագրված, բայց չգրված պոեմի նախերգանքը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/199
Այս էջը սրբագրված չէ