անցել Բաքվի հայկ. թատրոն, ուր, արժանանալով Սիրանույշի հավանությանը, ընդմիշտ նվիրվել ազգային բեմին: Հայկ. թատերախմբերի հետ հանդես է եկել Կովկասի, Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի, ինչպես և Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներում: Մ–ի հոգևոր հարուստ տվյալներին ու բեմական հրաշալի արտաքինին գումարվել է ռուս թատրոնից փոխառած ռեալիստական խաղաոճը և բեմական բարձր կուլտուրան: Մ–ի կերտած բոլոր կերպարներին՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Կորդելիա (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա»), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Նորա (Իբսենի «Նորա») ևն, բնորոշ է հուզականությունը, անկեղծությունը, արտահայտչակերպերի հղկվածությունը: Մ–ի ստեղծագործության հիմքում սիրո, կնոջ ազատության, մարդկային արժանապատվության թեման էր (Զեյնաբ (Յուժին–Սումբատովի «Դավաճանություն»), Կլավդիա (Նեմիրովիչ–Դանչենկոյի «Կյանքի գինը»), Մոննա Վաննա (Մետերլինկի «Մոննա Վաննա»), Միրա Էֆրոս (Գորդինի «Միրա Էֆրոս»), Եվգինե, Մարգարիտ (Շիրվանզադեի «Եվգինե», «Պատվի համար»), Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մարի Ստյուարտ (Շիլլերի «Մարի Ստյուարտ»), Մագդա (Զուդերմանի «Հայրենական տուն»)): Խաղացել է 101 դեր, որոնցից շատերը, այդ թվում՝ Լեդի Մակբեթը (Շեքսպիրի «Մակբեթ»), Ամալյան, Լուիզան (Շիլլերի «Ավազակներ», «Սեր և խարդավանք»), Նաստասյա Ֆիլիպովնան («Ապուշը», ըստ Դոստոևսկու), Նաստյան (Գորկու «Հատակում»), Ֆրու Ալվինգը (Իբսենի «Ուրվականներ»), կրելով դերասանուհու ստեղծած կերպարների ազատատենչ գաղափարները, յուրովի լիցք են հաղորդել դարասկզբի հեղափոխական ոգով տրամադրված հանդիսականին: Հավասարապես տիրապետել է հայերենին և ռուսերենին, ասմունքել այդ լեզուներով (երկացանկում՝ Թումանյանի, Իսահակյանի, Նեկրասովի, Պուշկինի, Գորկու, Հայնեի և այլոց երկերը): Իր արվեստի հուզական խորությամբ, վարպետությամբ և գաղափարական հագեցվածությամբ Մ. դարձել է ժամանակի հայ թատրոնի նշանակալի անհատականություն՝ Սիրանույշից և Հ. Աբելյանից հետո: Մ. Թիֆլիսի Հայ պետական դրամայի (Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն) հիմնադիրներից էր, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը:
ՄԱՅՐԱՎԱՆՔ, միջնադարյան ճարտարապետական հուշարձան ՀՍՍՀ Հրազդանի շրջանի Սոլակ գյուղի մոտ: Հիմնադրել է (VII դ.) Հովհանն Մայրավանեցին (Մայրագոմեցի): Մ–ի Ս. Աստվածածին եկեղեցին (XI-XII դդ.) մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով երկհարկ ավանդատներով: Տեղական գորշավուն սրբատաշ քարով շինված եկեղեցին համաչափություններով նման է կենտրոնագմբեթ հուշարձաններին (արտաքին չափերն են 7,16 մ X 8,40 մ): Արլ. ճակատը մշակված է եռանկյունաձև զույգ խորշով: Միակ՝ արմ. դուռն ունի կիսասյուներով զարդարված կրկնակի կամարակապ շքամուտք: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գլանաձև թմբուկով գմբեթն իրականացված է առագաստների միջոցով:
ՄԱՅՐԱՏԵՂԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, մայրատեղային բնակություն, մայրիշխանական պայմաններում տարածված ամուսնական բնակության ձև, որի դեպքում ամուսինը փոխադրվում է բնակվելու կնոջ համայնքում: Մ. ա. ամուսնական զույգի համատեղ բնակության աոաջին ձևն է: Մ. ա. հանգեցրել է տոհմային համայնքի վերափոխմանը մոր գծով ընտանեկան համայնքի և նպաստել տղամարդու սեփականության առաջացմանը, որը Մ. ա–ից հայրատեղային ամուսնության անցնելու համար կարևոր գործոն էր (տես նաև Մայրիշխանություն):
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ, 1. պետության գլխավոր քաղաքը, վարչաքաղաքական, հաճախ նաև երկրի տնտեսական կենտրոնը: Սովորաբար պետ. իշխանության և կառավարման բարձրագույն մարմինները գտնվում են Մ–ում: Որպես կանոն, Մ. ինքնուրույն վարչական կենտրոն է՝ կառավարման հատուկ ռեժիմով: Հևում հայերը Մ–ի համար օգտագործել են քաղաքամայր, նախագահ–քաղաք անվանումները: Հասարակական–քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանը ունեցել է բազմաթիվ Մ–ներ (Արմավիր, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի ևն), որի համար էլ անվանվել է «թափառող մայրաքաղաքներով տերություն» (Է. Ռեկյու): ՀՍՍՀ Մ. Երևանն է (1920-ից): 2. Եպիսկոպոսապետի, մետրոպոլիտի, առաջնորդի, վանահոր նստավայր:
ՄԱՅՐԻ (Cedrus), սոճազգիների ընտանիքի մշտադալար փշատերև ծառերի ցեղ: Բարձրությունը 25-50 մ է, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև: Ասեղնատերևները 3-4 կողանի են, կոշտ, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն, հավասարաչափ ծածկված հերձանցքներով: Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական, պարուրաձև դասավորված: Միատուն են, ծաղկում են աշնանը: Կոները մեկական են, տակառաձև կամ երկարավուն ձվաձև: Հայտնի է Մ–ու 4 տեսակ՝ տարածված Միջերկրածովային երկրներում և Հիմալայներում: ՍՍՀՄ–ում՝ Ղրիմում, Անդրկովկասում, Միջին Ասիայում որպես դեկորատիվ բույսեր մշակվում են ատլասյան Մ. և հիմալայան Մ.: Վերջինս աճեցվում է նաև ՀՍՍՀ Գուգարքի, Ստեփանավանի, Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում: Հին Հայաստանում հարգի է եղել փյունիկյան Մ.: Նրանից պատրաստել են ոազմակառքեր, նիզակակոթեր, ընտիր զարդատուփեր: Ըստ ավանդության Մ–ից է պատրաստվել Նոյի տապանը:
ՄԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, մատրիարխատ (լատ.mater — մայր և հուն. άρχή — իշխանություն, սկիզբ), տոհմական կարգերի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/206
Այս էջը սրբագրված չէ