Հին Հայաստանի պատմության ամենատարբեր հարցերի ուսումնասիրության բնագավառում: «Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (1941, ռուս.) աշխատության մեջ Մ. բացահայտել է հայ գրերի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ և հանգել այն եզրակացության, որ մաշտոցյան գրերը ստեղծվել են 392-393-ի ընթացքում: Մեծ արժեք են ներկայացնում Մ–ի աշխատությունները («Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ» (1946), «Գառնիի հունարեն արձանագրությունը և Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը» (1946))՝ նվիրված Հայաստանում հայտնաբերված հուն․ վիմագիր արձանագրությունների վերծանմանն ու ուսումնասիրությանը:
Մ. սովետահայ պատմական գիտության հիմնադիրներից է: Նրա առաջին հետազոտություններն այս բնագավառում նվիրված էին շինականների դրության, արքունի հարկերի, հողատիրության ձևերի, առևտրի և քաղաքների ուսումնասիրությանը: «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (1930, ռուս.) մենագրության մեջ գիտականորեն ուսումնասիրել է Հայաստանի քաղաքների պատմությունը, խաղացած դերը համաշխարհային առևտրի մեջ, նրանց առաջացման, զարգացման ու անկման հարցերը: Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերություններին նվիրված ուսումնասիրություններում հայթայթված տվյալները հիմք հանդիսացան Մ–ի «Ֆեոդալիզմը Հին Հայաստանում» (1934) մենագրության համար, ուր լուսաբանված են Հայաստանում ֆեոդալիզմի ծագման, զարգացման, կազմալուծման ու անկման խնդիրները, վերլուծված են հողատիրության ինստ-ները, ավատական աստիճանակարգությունը, նախարարությունների ներքին կառուցվածքը, շինականների իրավական ու տնտ. դրությունը ևն: Մ. այստեղ, ինչպես նաև այլ աշխատություններում, փորձել է ապացուցել, թե Հայաստանը ստրկատիրական հասարակական–տնտեսական ֆորմացիա չի ապրել, տոհմատիրական կարգերի քայքայումից անմիջապես հետո տիրապետել են ֆեոդալական հարաբերությունները: «Տիգրան Բ և Հռոմը» (1940) գործում փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա Մ. առաջին անգամ վեր է հանել Տիգրան Բ–ի ժամանակաշրջանի գիտական–քննական պատմությունը: Վերագնահատելով Տիգրան Բ–ին և նրա ժամանակաշրջանին նվիրված բոլոր սկզբնաղբյուրներն ու առկա գրականությունը՝ Մ. ժխտեց բուրժո. պատմագրության (Մոմզեն, Ռեյնաք, Ֆեռերո) այն տեսակետը, որի համաձայն, Տիգրան Բ Մեծի պայքարը Հռոմեական Հանրապետության դեմ ոչ այլ ինչ էր, եթե ոչ «բարբարոս Արևելքի» պայքարը «քաղաքակիրթ Արևմուտքի» դեմ: Մ. ցույց տվեց այս տեսակետների հակագիտական ու միտումնավոր բնույթը, բացահայտեց Հռոմի զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, համոզիչ փաստերով ապացուցեց Տիգրան Բ–ի մասին հռոմեական սկզբնաղբյուրներում պահպանված վկայությունների գունազարդված, միակողմանի բնույթը: Մ. վեր հանեց նաև հռոմեական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մինչ այդ չլուսաբանված դրվագները: 1940-ական թվականներից Մ. ձեռնարկեց «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը, ուր քննաբար լուսաբանվելու էր հայ ժողովրդի՝ մ. թ. ա. VI դ. – մ.թ. XVI դ. ամբողջական պատմությունը: Աշխատության 1-ին հատորը (1945) ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև Արշակունյաց հարստության հաստատումը (66), 2-րդ հատորի 1-ին մասը (1957) նվիրված է Արշակունյաց հարստության ժամանակաշրջանին (66-428), իսկ 2-րդ մասը, որն ընդգրկելու էր մարզպանության, Արաբական խալիֆայության և Բագրատունյաց հարստության պատմաշրջանները, մնացել է անավարտ: 3-րդ հ. (1952) նվիրված է սելջուկյան, Զաքարյանների իշխանապետության, մոնղ. ու թուրքմենական ցեղերի տիրապետության ժամանակաշրջաններին: Այս աշխատությամբ Մ. փորձել է ընդհանրացնել և հանրագումարի բերել նաև իր նախորդ աշխատություններում շոշափած խնդիրները: Ուշադրությունն առավելապես կենտրոնացնելով Հայաստանի քաղ. պատմության թերի կամ բոլորովին չլուսաբանված հարցերի ու ժամանակաշրջանների վրա՝ նա մասնակիորեն է անդրադարձել երկրի սոցիալ-տնտեսական հարաբերություններին, օտար տիրապետությունների դեմ հայ ժողովրդի ազատագրական, ինչպես նաև դասակարգային ու ներդասակարգային պայքարի ու մշակույթի պատմության հարցերին: Մ–ի սույն աշխատությունը կարևոր դեր խաղաց Հայաստանի հին և միջնադարյան քննական պատմությունն ստեղծելու գործում: Դա առաջին փորձն էր պատմության մատերիալիստական ըմբռնման դիրքերից լուսաբանելու, գիտական ամուր հիմքերի վրա դնելու նշված ժամանակաշրջանների պատմության ուսումնասիրությունը: Մ–ի աշխատություններից շատերը գիտական կարևոր ավանդ են ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման ու լուսաբանման գործում:
Երկ. Яков Амазаспович Манандян, Е., 1959 (Материалы к библиографии ученых СССР), Երկ., հ. 1-3, Ե., 1977-78:
Գրկ. Բաբայան Լ. Հ., Հակոբյան Վ. Ա., Հակոբ Մանանդյան, Ե., 1974:
ՄԱՆԱՆԵԽ, կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի Brassica ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսեր: ՍՍՀՄ–ում մշակվում է հիմնականում 2 տեսակ՝ կապտամոխրագույն Մ. (B. juncea) և սպիտակ Մ. (Sinapis alba): Կապտամոխրագույն Մ–ի ցողունը հիմնականում մերկ է, ներքևի տերևները խոշոր են, քնարանման, ամբողջական կամ խիստ կտրտված, իսկ վերինները՝ մանր, նշտարաձև, ամբողջական: Պտուղը պատիճ է՝ 16-20 սերմով: 1000 սերմի կշիռը 2,0-2,5 գ է: Պարունակում է 35-47% բուսական և 0,5-1,7% եթերային յուղ: Սպիտակ Մ–ի ցողունը ծածկված է կոպիտ մազմզուկներով, ներքևի տերևներն ունեն երկար, իսկ վերինները՝ կարճ կոթուն: Պատիճը գլանաձև է՝ 4-7 սերմով: 1000 սերմի կշիռը 4,7 գ է: Պարունակում է 30-40% բուսական յուղ: ՍՍՀՄ–ում Մ. մշակվում է Վոլգոգրադի, Սարատովի, Ռոստովի մարզերում, Մարիական և Ուդմուրտական ԻՍՍՀ–ներում: Տարածված են կապտամոխրագույն Մ–ի ժոլտոսեմեննայա և սպիտակ Մ–ի ՎՆԻԻՄԿ–162 սորտերը: Սերմի բերքատվությունը 12-15 ց/հա է (առավելագույնը՝ 25-27 ց/հա), կանաչ զանգվածինը՝ 200-250 ց/հա: Բերքը հավաքում են լրիվ հասունացման շրջանում, վերասարքավորված կոմբայնով: Մ–ի բուսական յուղը օգտագործվում է հացաթխման, հրուշակեղենի արդյունաբերության, իսկ եթերային յուղը՝ մանանեխային սպիրտի ձևով, բժշկության մեջ: Մ–ի քուսպի փոշուց պատրաստում են ծեփուկ և սեղանի Մ:
ՄԱՆԱՍ, հայ նկարիչների ընտանիք: Ապրել ու ստեղծագործել են Կ. Պոլսում, XVII դ. վերջից մինչև 1920-ական թթ.: Եղել են սուլթանների պալատական նկարիչներ, վարել նաև դիվանագիտական պաշտոններ: Մ–ները թուրք. արվեստում առաջինն են, որ ստեղծել են դիմանկարներ, երփնագրել կտավի վրա, սկզբնավորել հաստոցային նկարչությունը: Նրանց դիմանկարները կրել են եվրոպական դասական դիմանկարչության ուժեղ ազդեցությունը՝ զուգորդված տեղական գեղագիտական ըմբռնումներին: Բնորոշվում են ոչ միայն վավերականությամբ, այլև դեկորատիվ տարրերի նրբագեղ վերարտադրումով, միջավայրի ու տարածության զգացողությամբ: Նշանակալից է Մ–ների ընտանիքի դերը հայ նոր կերպարվեստի ձևավորման շրջանում: Ավագը՝ Բարսեղը (XVII դ. վերջ – XVIII դ. սկիզբ), եղել է Ահմեդ Գ–ի պալատական նկարիչը: Կատարել է մանրանկարչական դիմանկարներ: Որդին՝ Ռաֆայելը (XVIII դ. 1-ին կես), գեղարվեստական կրթություն է ստացել Իտալիայում, հայտնի է եղել որպես խոշոր գեղանկարիչ և ճարտարապետ: Հայտնի են նրա «Երկու երիտասարդ», «Արտեմիս», «Աստղիկ աստվածուհին» նկարները: Սրբանկարներ է կատարել Կ. Պոլսի հայկ. եկեղեցիների համար: Պալատական գեղանկարիչներ էին նաև որդիները՝ Մանասը և Զենոբը (XVIII դ. 2-րդ կես): Ռաֆայել Մ–ի թոռը՝ Զենոբը (XVIII դ. վերջ – XIX դ. սկիզբ), նաև դիվանագետ էր ու թարգմանիչ:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/213
Այս էջը հաստատված է