Վերջինիս որդիները ստեղծագործել են XIX դ.: Ալեքսանդրը 1893-ին ավարտել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիան: Գասպարը 32 տարի Թուրքիայի դեսպանատան աոաջին քարտուղարն էր Վիեննայում, Մաքսուդը գեղարվեստական կրթություն է ստացել Իտալիայում, Ռուբենը Փարիզում Թուրքիայի դեսպանատան քարտուղարն էր, իսկ 1869-ից հյուպատոս՝ Միլանում: Նա մանրանկար–դիմանկարների հեղինակ է («Ֆաթիմայի դիմանկարը»): Ծոռը՝ Սեպուհը (1816-1889), 1858-ին դեսպանատան 1-ին քարտուղար էր Շվեդիայում, ապա՝ 30 տարի Փարիզում: Նրա նկարներից հայտնի են Աբդուլ Ազիզ և Աբդուլ Մեջիդ սուլթանների դիմանկարները, որոնք ունեն «Մանաս» և «Սեպուհ Մանաս» ստորագրությունները: Տոհմի շնորհալի նկարիչներից էր նաև Ժոզեֆ Մկրտչի Մ. (1835-1916), որը նույնպես վարել է դիվանագիտական պաշտոններ: Նրա գործերից են Վիկտորիա թագուհու և Դելի Ֆուատ փաշայի դիմանկարները: Մ–ների ստեղծագործությունները պահպանվում են Կ. Պոլսի թանգարաններում:
Գրկ. Ստեփանյան Գ., Նկարիչ Մանասները, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1963, №12: Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVII–XVIII դարերում, Ե., 1974: Sakisian A., Les Manasses une dynastie des peintres aux XVIII et XIX siecles, «Pages d'Aft Armenien», 1940, p. 97-101.
ՄԱՆԱՍ Էդգար (12.4.1875, Կ. Պոլիս — 1964, Կ. Պոլիս), հայ կոմպոզիտոր: Երաժշտական կրթությունը ստացել է Պադուայում (Իտալիա): 1905-ին Կ. Պոլսում ստանձնել է «Gallia» երգչախմբի ղեկավարությունը, տվել համերգներ՝ արժանանալով ֆրանս. կառավարության «Officier d’academie» տիտղոսին: Ղեկավարել է «Քնար», «Արվեստասեր» միությունների երգչախմբերը, նվագախմբերը: 1923-ից դասավանդել է Կ. Պոլսի կոնսերվատորիայում (աշակերտներից են Արա Պարթևյանը, Գոհարիկ Ղազարոսյանը): Ստեղծագործել սկսել է պատանեկությունից: Լավագույն գործերից են՝ լարային կվարտետը, դաշնամուրային «Իշխանաց կղզիները», «Փոքրիկ սյուիտը», պրելյուդներն ու ֆուգաները, նվագախմբային՝ «Արևելյան ռապսոդիա», «Սիմֆոնիկ ալեգրո» երկերը, հեղինակել է նաև երգեր ու խմբերգեր: Մասնավորապես արժեքավոր է ու առավել ազգային բազմաձայն Պատարագը (1910-12, վերջին խմբ. 1948-ին, աոաջին կատարումը՝ 1961, Կ. Պոլիս):
«ՄԱՆԱՍ», կիրգիզ ժողովրդի էպոսը: Ունի կես միլիոնից ավելի չափածո տող: Աոաջինը 1856-ին գրառել է (մի հատված) ղազախ ազգագրագետ Չ. Վալիխանովը, իսկ 1862-ին և 1869-ին՝ ռուս գիտնական ակադեմիկոս Վ. Ռադլովը (առանձին դրվագներ): «Մ.» ամբողջությամբ գրառվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: Կիրգ. ՍՍՀ ԳԱ ֆոնդերում հավաքված է 18 տարբերակ: Էպոսի ստեղծման ժամանակի հարցում դեռևս միասնական կարծիք չկա: Հիմնական բովանդակությունը Մանասի քաջագործություններն են:
ՄԱՆԱՍԵՐՅԱՆ Նորայր Մարգարի (ծն. 28.12.1927, գ. Աղջաղշլաղ (այժմ՝ Գետազատ, ՀՍՍՀ Արտաշատի շրջանում)), հայ սովետական տնտեսագետ: Տնտեսագիտական գիտ. դ-ր (1971): ՍՄԿԿ անդամ 1966-ից: 1953-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1956-ից՝ ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտական ինստ-ի գիտաշխատող, 1973-ից՝ ագրարային պրոբլեմների բաժնի վարիչ: Գիտական աշխատությունները վերաբերում են հողային հարաբերությունների և գյուղատնտեսության վերարտադրության պրոբլեմներին:
Երկ. Աշխօրից դեպի դրամական վարձատրություն, Ե., 1960: Գյուղատնտեսության ինտենսիվացման տնտեսական նշանակությունը, Ե., 1967: Հողի գնահատման տնտեսական պրոբլեմները Հայկական ՍՍՀ–ում, Ե., 1979 (հեղինակակից՝ Լ. Ի. Ադամյան): Дифференциальная рента и рентабельность колхозов, Е., 1967.
ՄԱՆԱՍԻ ԴԱՄԲԱՐԱՆ, XIV դարի ճարտարապետական հուշարձան Կիրգիգիայում (Տալաս գետի վերին հոսանքի կողմերում): Կառուցվել է որպես Աբուկ Էմիրի աղջկա՝ Կյանիզյակ խաթունի դամբարան, սակայն, ըստ լեգենդի Մանաս դյուցազնի դամբարանն է: Մ. դ. Միջին Ասիայում տարածում գտած աղյուսաշեն, գմբեթավոր դամբարանի տիպարն է: Հատակագծում ուղղանկյուն է, գմբեթի վրանանման կողավոր ծածկով (վերականգնվել է 1969-1970-ին): Գլխավոր ճակատը շքամուտքի տեսքով է, ներս ընկած սլաքաձև խորշով՝ երեսապատված նրբագեղ զարդանախշերով և արձանագրություններով փորագրված թրծակավե սալիկներով:
Գրկ. Помаскин Б. В., Гумбез Манаса, Фрунзе, 1972.
ՄԱՆԱՍՅԱՆ Ալեքսանդր Հովհաննեսի (ծն. 20.11.1910, Երևան), հայ սովետական անասնաբույժ: Անասնաբուժական գիտ. դ-ր (1954), պրոֆեսոր (1955), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ը (1935): 1946-ից նույն ինստիտուտի ծննդագիտության, գինեկոլոգիայի և արհեստական սերմնավորման ամբիոնի վարիչն է: Գիտական աշխատանքները վերաբերում են տարբեր կենդանիների հղիության, դրա վրա ազդող ներօրգանիզմային գործոնների, անպտղության հիմնական պատճառների (մետրիտ, ձվարանների կիստա, կայուն դեղին մարմին ևն), սպերմայի մանրէային աղտոտվածության, կաթնագեղձի հիվանդությունների, գաղտնի ընթացող մաստիտների և այլ հարցերի ուսումնասիրություններին: Առաջարկել է գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների բուժման մեթոդներ (ռեֆլեկտոր, ֆիզիոթերապևտիկ, էլեկտրաֆորեզ ևն) և միջոցներ (բազմանյութ խծուծ, պոլիմերոլ ևն): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
Երկ. Մաստիտների պրոֆիլակտիկան և բուժումը, Ե., 1959: Անասնաբուժական գինեկոլոգիայի հիմունքները, Ե., 1966:
ՄԱՆԱՍՅԱՆ Իսահակ Մարկոսի (ծն. 1917, գ. Խերխան (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում)), Սովետական Միության հերոս (7.4.1940): ՍՄԿԿ անդամ 1939-ից: Ավարտել է Գորկու Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմաքաղաքական ուսումնարանը (1942), Թբիլիսիի «Վիստրել» դասընթացները (1944): Որպես գնդացրային դասակի, ապա վաշտի հրամանատար, 1939-40-ին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի, Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, սովետա–ֆիննական պատերազմին: Հերոսի կոչմանն արժանացել է սովետա–ֆիննական ռազմաճակատում իր վաշտով Կիրկ բարձունքը գրավելու և պահելու համար: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է թիկունքում: Զորացրվելուց (1946) հետո աշխատանքի է անցել Բաքվում:
ՄԱՆԱՍՅԱՆ Սամվել Մեսրոպի (1.1.1907, գ. Կեմ, Վանի նահանգ – 20.4.1979, Երևան), հայ սովետական քանդակագործ: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Սովորել է Լենինգրադի գեղարվեստա–տեխնիկական բարձրագույն ինստ-ում (1929-33): 1941-1944-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ստեղծագործել է հիմնականում մոնումենտալ քանդակագործության բնագավառում, կերտել Գ. Աթարբեկյանի (բազալտ, 1961, Արարատի շրջանի Նորաշեն գյուղ), Վ. Ի. Լենինի (բազալտ, 1966, Երևան) և հեղափոխական այլ գործիչների հուշարձաններ: Գործերից են նաև «Մայր հայրենիք» (բազալտ, 1945), «Գարուն» (կավ, 1971) քանդակները, բանվոր Ս. Մանուկյանի (բրոնզ, 1952), Յա. Սվերդլովի (բազալտ, 1960) դիմաքանդակները (երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ): Մ. 1918-ի Սարդարապատի ճակատամարտին նվիրված մոնումենտալ հուշահամալիրի հեղինակներից է:
ՄԱՆԱՎԱԶՅԱՆՆԵՐ, Մանավազեանք, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում: Մ–ի ժառանգական կալվածքն էր Հարք գավառը՝ Մանավազակերտ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/214
Այս էջը սրբագրված չէ