ու միստիկական հուզավառությունը, գունային ու լուսաստվերային հակադրությունները, դիրքերի ու մոտիվների ընդգծված արտահայտչականությունը, ֆիգուրների համամասնությունների ձգվածությունը, վիրտուոզ, ինքնաբավ գծանկարը: Մաներիստական դիմանկարում (Բրոնզինո և ուրիշներ), որը այդ ժանրի զարգացման նոր ուղիներ է հայտնաբերել, կերպարների ազնվականական ներփակվածությունը զուգորդվել է բնորդի նկատմամբ արվեստագետի սուբյեկտիվ–հուզական վերաբերմունքին: 1540-ական թթ, պալատական արվեստում Մ. դարձել է իշխող ուղղություն, այդ շրջանի գեղանկարչությունը աչքի է ընկնում սառը, «ակադեմիական» պաշտոնականությամբ (Ջ. Վազարի, Ջ. Պ. Լոմացցո): Մ–ի քանդակագործությանը (Բ. Ամմանատի, Բ. Չելլինի) բնորոշ են մարմնաձևերի ոճավորումը, ծավալների մանրատվածությունը, ինչպես և բացարձակ կլոր քանդակի պրոբլեմների համարձակ լուծումը: Մ–ի ճարտ–յան մեջ (Բ. Ամմանատի, Ջ. Վազարի, Պ. Լիգորիո, Ջուլիո Ռոմանո) կերպարի հումանիստական պարզությունը իր տեղը զիջել է թատերական էֆեկտներին, հարդարանքի պաճուճավորմանը: Մ–ի իտալ. վարպետների գործունեությունը երկրի սահմաններից դուրս նպաստել է այդ ուղղության համաեվրոպական դառնալուն: Բոլոնիայի դպրոցի ակադեմիստների և Կարավաջոյի հանդես գալով Մ. անկում է ապրել՝ իր տեղը զիջելով բարոկկոյին: Ժամանակակից արևմտյան արվեստաբանության մեջ «Մ.» անհիմն կերպով տարածվում է նաև իրենց ուրույն ճանապարհով ընթացած կամ մասամբ ազդված վարպետների (Տինտորետտո, Էլ Գրեկո, Լ. Լոտտո, Պ. Բրեյգել Ավագ) վրա:
Գրկ. Виппер Б. Р., Борьба течений в итальянском искусстве XVI века..., М., 1956.
ՄԱՆԵՐՀԱՅՄ (Mannerheim) Կարլ Գուստավ Էմիլ (1867-1951), բարոն, ֆիննական պետական և ռազմական գործիչ, մարշալ (1933): Մինչև 1917-ը ծառայել է ռուս. բանակում: 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է միավորման հրամանատար: 1918-19-ին Ֆինլանդիայի ռեգենտն էր, 1939-ից՝ ֆին. բանակի գլխավոր հրամանատարը, Պետական պաշտպանության խորհրդի նախագահը (1931-ից): 1939-40-ին, սովետա–ֆինլանդական պատերազմի ժամանակ, և 1941–44-ին, որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից, ղեկավարել է ֆին. բանակի գործողությունները: 1944-ին հարկադրված որոշում է ընդունել՝ երկիրը դուրս բերել Բեռլինի ագրեսիվ պակտից և պատերազմից՝ սովետական կառավարության առաջադրած պայմաններով: 1944-ի օգոստոսից Ֆինլանդիայի պրեզիդենտն էր, 1946-ի մարտին, դեմոկրատական ուժերի ճնշման տակ, հեռացել է պաշտոնից:
«ՄԱՆԵՐՀԱՅՄԻ ԳԻԾ», նախկին ֆիննական սահմանային ամրությունների համակարգ Կարելյան պարանոցում: «Մ. գ.» է կոչվել ֆին. մարշալ Կ. Մաներհայմի անունով: Կառուցվել է 1927-39-ին: Շինարարությունն ավարտվել է բելգ. գեն. Բադուի (մասնակցել է «Մաժինոյի գծի» կառուցմանը) ղեկավարությամբ: «Մ. գ.» ճակատի գծով ուներ 135 կմ լայնություն և 95 կմ խորություն: Սովետա–ֆինլանդական պատերազմի (1939-40) ժամանակ սովետական զորքերը ճեղքեցին «Մ. գ.»: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ժամանակ ֆին. զորքերը մասամբ վերականգնեցին «Մ. գ.»-ի ամրությունները, սակայն 1944-ին սովետական զորքերը երկրորդ անգամ ճեղքեցին այն (վիբորգյան ուղղությամբ) և այնուհետև, հիմնովին ոչնչացրին նրա պաշտպանական կառույցները:
Գրկ. Карбышев Д. М., Линия Маннергейма, в его кн.: Избр. научные труды,, М., 1962.
ՄԱՆԶԵԼԵՐ, գյուղ Տրապիզոնի վիլայեթում, Տրապիզոն քաղաքից մոտ 12 կմ հեռավորության վրա: 1915-ին ուներ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի և դպրոց: 1895-ի հայկական կոտորածների ժամանակ գյուղը հիմնովին թալանվել է, տների մեծ մասը հրկիզվել: Բնակիչների որոշ մասը ստիպված հեռացել է Ռուսաստան (Սուխումի, Սոչի): Մնացած բնակչությունը 1915-ին բռնի տեղահանվել և բնաջնջվել է:
«ՄԱՆԶՈՒՄԵԻ ԷՖՔՅԱՐ» (բառացի՝ «Կարծիքների շարք»), հայատառ թուրքերեն և հայերեն օրաթերթ, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1866-1917-ին (երկու շրջանով), Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Կ. Փանոսյան, Մ. Գոչունյան (Քասիմ) և ուրիշներ: Սկզբում ունեցել է չափավոր ուղղություն: Այնուհետև, ռուս–թուրքական պատերազմի տարիներին, ընդունել է համարձակ դիրքորոշում, քննադատել թուրք. կառավարության ազգային քաղաքականությունը, պաշտպանել հայ ժողովրդի դատը: Լուսաբանել է գավառների տնտ., քաղ. և մշակութային կյանքը, ներկայացրել թուրք պաշտոնյաների կեղեքումներն ու հարստահարումները: 1880-ական թթ. գրաքննության խստացման հետևանքով թերթը կրկին չափավոր դիրք է գրավել: Երկրորդ շրջանում (1896-ից), պահպանելով անվանումը, թերթը հիմնականում լույս է տեսել հայերեն, վերածվել գլխավորապես գրական–մշակութային պարբերականի: Այս շրջանում աշխատակցել են Թեոդիկը, Ա. Անտոնյանը, Ե. Թոլայանը և ուրիշներ: «Մ. է.»-ում տպագրվել են վեպեր, վիպակներ, պատմվածքներ, չափածո գործեր, բանասիրական հոդվածներ:
ՄԱՆԹԱՇ (ստորին հոսանքում՝ Քառանգու), գետ Հայկական ՍՍՀ Արթիկի և Ախուրյանի շրջանում, Ախուրյանի ձախ վտակը: Երկարությունը 55 կմ է, ավազանը՝ 1020 կմ²: Սկիզբ է առնում Արագած լեռնազանգվածի արմ. մասից, 3150 մ բարձրությունից: Վերին մասում հոսում է տրոգային հովտով, ապա խոր, V-անման ձորով դեպի հս–արմ. ու արմ.: Գետք գյուղի մոտ թափվում է Ախուրյանի մեջ: Ունի խառը սնում: Հորդանում է մայիս–հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,27 մ³/վրկ է, հոսքը՝ 40 մլն մ³: Գետի վրա (վերին հոսանքում) կառուցվել է Մ–ի ջրամբարը:
ՄԱՆԹԱՇԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից մոտ 14 կմ հեռավորության վրա, Արագածի հս–արմ լանջին: Շահագործման է հանձնվել 1967-ին: Երկարությունը 2.8 կմ է, խորությունը՝ 25 մ: Պատնեշը հողային է, ունի 29 մ բարձրություն, 400 մ երկարություն, կատարային մասում՝ 4,5 մ լայնություն: Ոռոգում է 3780 հա հողատարածություն: Սնումը խառն է: Ընդհանուր ծավալը 8,2 մլն մ³ է, օգտակարը՝ 7.9 մլն մ³, հայելու մակերեսը՝ 76,4 հա: Տարեկան բաց է թողնում 25 մլն մ³ ջուր, որից 12 մլն մ³ օգտագործվում է ոռոգման, իսկ 13 մլն մ³՝ Արթիկ քաղաքի և շրջանի բնակավայրերի ջրամատակարարման համար:
ՄԱՆԹԱՇՅԱՆ Ադոլֆ Հայրապետի (ծն. 16. 3.1932, Երևան), հայ սովետական քիմիկոս: Քիմ. գիտ. դոկտոր (1974), պրոֆեսոր (1976): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ. (1956): 1962-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ քիմ. ֆիզիկայի լաբորատորիայում (1975-ից՝ ինստ.) որպես գիտնական քարտուղար, 1975-77-ին՝ դիրեկտորի տեղակալ գիտության գծով և 1977-ից՝ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ: Գիտ. աշխատանքները նվիրված են շղթայական ռեակցիաների, մասնավորապես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմների ուսումնասիրությանը: Մ. մշակել է (Ա. Նալբանդյանի հետ) ռադիկալների սառեցման կինետիկ մեթոդ, ածխաջրածինների գազաֆազային օքսիդացման պրոցեսներում հայտնաբերել գլխավոր ակտիվ կենտրոնները՝ ալկիլ, պերօքսիդային և ալկօքսի ռադիկալները: Ածխաջրածինների օքսիդացման և սառը բոցերի նրա հետազոտությունները կարևոր են այլասեռված շղթայական ռեակցիաների տեսության զարգացման համար: Արժանացել է (Ա. Նալբանդյանի հետ) ՀՍՍՀ պետական մրցանակի (1976):
Երկ. Элементарные процессы в медленных газофазных реакциях, Е.,1975 (հեղինակակից՝ Налбандян А. Б.).
ՄԱՆԹԱՇՅԱՆՆԵՐ, Մանթաշևներ, Մանթաշովներ, խոշոր նավթարդյունաբերողներ Անդրկովկասում, XIX դ. վերջին և XX դ. սկզբին: Թավրիզցի, ապա թիֆլիսաբնակ հայ առևտրական Հովհաննեսի որդի Ալեքսանդրը (1849-1911) հոր մահից (1878) հետո Բաքվում զբաղվել է նավթարդյունաբերությամբ: Դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկ»-ի (մասնաճյուղեր է ունեցել Բաքվում և Բաթումում) գլխավոր բաժնետերը, 1899-ին՝ հիմնել «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը (կապիտալը 1899-ին՝ 22 մլն, 1914-ին՝ 30 մլն ռ.): Ռուս. կառավարության հովանավորությամբ օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրա–ֆինանսական գործարքներ և դարձել Ռուսաստանի մեծահարուստներից մեկը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/221
Այս էջը սրբագրված չէ