և վարժարան։ Ղ–ի հայերը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ՂԱԶԻԿՅԱՆ Արսեն [8․10․1870, Պարտիզակ – 9․6․1932, Պադուա (Իտալիա)], հայ մատենագետ, թարգմանիչ, բանասեր, մանկավարժ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1888-ին հաստատվել է Վենետիկի Ս․ Ղազար կղզում, շարունակել ուսումնառությունը։ 1895-ին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, սկսել գրական թարգմանական և մանկավարժական գործունեությունը։ Նախապես գրել է գրաբար, ապա անցել աշխարհաբարի՝ դառնալով վերջինիս հետևողական պաշտպանը։ Թարգմանել է եվրոպական դասական և իր ժամանակի բանաստեղծների շատ երկեր, այդ թվում՝ Հոմերոսի «Իլիական»-ը (1911) և «Ոդիսական»-ը (1924), Վիրգիլիոսի «Էնեական»-ը (1910) և «Մշակականք»-ը (1923), Սոֆոկլեսի «Իդիպոս թագավորը» (1927), Հորացիոսի «Արվեստ քերթողական»-ը (1923), «Ռոլանդի երգը» (1925) ֆրանս․ և «Նիբելունգների երգը» (1925) գերմ․ դյուցազնավեպերը ևն։ Աշխատակցել է Մխիթարյան պարբերականներին («Բազմավեպ», «Մխիթար», «Գեղունի», եղել է նաև վերջինիս խմբագիրը), հրատարակել բանաստեղծություններ, թարգմանություններ, գրականագիտական ու լեզվաբանական հոդվածներ։ Ղ․ զարգացման նոր աստիճանի է հասցրել արևմտահայ բանաստեղծական լեզուն։ Հայերենի անաղարտության ջատագով լինելու համար ստացել է «պահապան հրեշտակ հայ լեզվի» մականունը։ Հայերեն է դասավանդել Մխիթարյանների մի շարք դպրոցներում, գլխավորապես Վենետիկում (Մուրատ–Ռափայելյան վարժարան) և Կ․ Պոլսում։ Միաբանության հանձնարարությամբ 1898-ից զբաղվել է Գ․ Զարբհանալյանի «Հայկական մատենագիտության» խմբագրման ու լրացման գործով, որը վերածվել է ինքնուրույն մատենագիտության ստեղծման։ Աշխատանքը տևել է 14 տարի, հրապարակել է մաս առ մաս 1909–1914 թթ․՝ «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի» վերնագրով։ Ընդգրկում է հայ տպագիր գիրքը 1512-ից մինչև 1905-ը։ Կազմված է հեղինակների ազգանունների (հին հեղինակների անունների) և մասամբ վերնագրերի այբբենական կարգով։ Նյութերի ընդգրկման համեմատական լրիվությամբ, տեղեկատվության ճշգրտությամբ և բազմակողմանիությամբ Ղ–ի աշխատությունը մեծարժեք ներդրում է հայ տպագիր գրքի մատենագիտության ասպարեզում։ Ըստ Ղ–ի ծրագրի՝ մատենագիտությունը պետք է ընդգրկեր նաև այլալեզու հայագիտական գրականությունը և ամբողջ հայ պարբերական մամուլը։ Մեծ եղեռնի օրերին Պարտիզակում կորել է ձեռագրերի շարունակությունը, և հրատարակությունն ընդհատվել է Ն տառի սահմանում (Նուրիխան տերմինով)։
Գրկ․ Փեչիկյան Հ․ Ե․, Հ․ Արսեն Վ․ Ղ․ Ղազիկյան [մահախոսական], «Բազմավեպ», 1932, № 6–7։ Ճանաշյան Մ․, Հետադարձ ակնարկ Հայր Արսեն Ղազիկյանի կատարած դերին հայերենի զարգացման մեջ, «Բազմավեպ», 1970, № 11 –12։ Նույնի, Հ․ Արսեն Ղազիկյան և իր թարգմանությունները, Վնտ․, 1979։ Իշխանյան Ռ․, Հայ մատենագրության պատմություն, պրակ 2, Ե․, 1968։
ՂԱԶ–ՂԱԶ, տղամարդկանց հայկական ժողովրդական խմբապար։ Նմանողական շարժումներով տոտեմական թռչնապար է։ Տարածված է Հայաստանի, հատկապես դաշտավայրային շրջաններում։ Պարն ունի գլուխ՝ մայր, և պոչ՝ թոփալ ղազ։ Բոլոր պարողներն ունեն դալար ճիպոտներ (մտրակներ)։ «Մայրը» պարելու ընթացքում աստիճանաբար հանում է շորերը (ներկայացնում է շարժումներով), մյուսները կրկնում են։ Ուշացողներին մտրակում են։ Պարաքայլը ոտք փոխելն է։ Պարեղանակը մեկն է և անընդհատ կրկնվում է տարբեր վարիացիաներով։ Ամեն շրջան ունի իր տարբերակը և անոնը (Զոփի, Յալլի, Կյազկյազ ևն)։
ՂԱԶ-ՄԱՂԱՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառում։ 1914-ին ուներ մոտ 1200 (150 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և անասնապահությամբ։ Կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները զոհվել են հայրենի գյուղում, 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ՂԱԶՎԻՆ, քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում, Թեհրան օստանում։ 118 հզ․ բն․ (1975)։ Երկաթուղային կայարան է, ավտոճանապարհների հանգույց, առևտրական և գորգագործության կենտրոն։ Կան սննդարդյունաբերության և տեքստիլ ձեռնարկություններ։ Ղ․ հայտնի է Սասանյանների ժամանակներից։ XVI դ․ դարձել է Սեֆյանների պետության մայրաքաղաքը։ Եղել է մանրանկարչության կենտրոն (XVI–XVII դդ․), պահպանված են մզկիթներ (XII դ․)։
ՂԱԼԱՄԵԼԻՔ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա (Ֆերեյդան) գավառի Վարզաղ գավառակում։ Ղ–ում հայերը հաստատվել են 1887-ին (եկել են Փերիայի այլ գյուղերից)։ 1970-ին գյուղն ուներ 20 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ում կա եկեղեցի (Ս․ Եղիշե), դպրոց։ Դպրոցական շենք չունենալու պատճառով դասերն անցկացվում են մասնավոր տներում։
ՂԱԼԱՉԱ (1978-ից՝ Բերդավան), գյուղ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևելք։ Պտղախաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ ու անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ Ղ–ում գործում է Հայկոոպի արդ․ միավորման Նոյեմբերյանի սնունդ կոմբինատը, Լալվար սովխոզ–գործարանի Ղալաչայի գինու կետը, «Հայգյուղտեխնիկա»-ի շրջանային բաժանմունքը և Նոյեմբերյանի ավտոտրանսպորտի ձեռնարկությունը։ Ղ–ում և շրջակայքում պահպանվել են Ղալինջաքար կիսավեր ամրոցը (X– XI դդ․), եկեղեցիներ (XIII–XIV և XVIII դդ․), գերեզմանոց խաչքարերով (X–XIV դդ․)։ Ղ–ում են ծնվել հայ սովետական գենետիկ սելեկցիոներ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Վ․ Գուլքանյանը, գյուղատնտես Ա․ Աղինյանը, բառարանագիր և պատմաբան Հ․ Դաղբաշյանը և սոցիալիստական աշխատանքի հերոս, մանկավարժ Ս․ Դաղբաշյանը։
ՂԱԼԻՄ, հարսնացուի հատուցագինը (փող, անասուններ, որևէ այլ գույք, անձնական աշխատանք), որ տալիս են փեսացուն, նրա ազգականները կամ խնամիները՝ հարսնացուի ազգականներին կամ խնամիներին։ Ղ․ որպես սովորութային մնացուկ պահպանվում է Արևելքի մի շարք երկրներում։ ՀՍՍՀ քրեական օրենսգրքով (հոդված 122) պատասխանատվություն է նախատեսվում ինչպես Ղ․ տալու, այնպես և ընդունելու համար՝ տուգանք մինչև 500 ռուբլի՝ հատուցագնի բռնագրավումով։
ՂԱԼՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։ 1914-ին ուներ 800 (100 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Սարգիս) և վարժարան։ Բնակիչները զոհվել են հայրենի գյուղում, 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ՂԱԼՈԻՄՅԱՆ Վլադիմիր Բագրատի (ծն․ 16․1․1932, գ․ Սևքար, ՀՍՍՀ Իջևանի շրջան), սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1955-ին ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի ագրոնոմիական ֆակուլտետը։ Աշխատել է Իջևանի շրջանի ՄՏ կայանում, Սևքարի կոլտնտեսությունում, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հացամթերումների վարչությունում որպես գյուղատնտես։ 1961–62-ին եղել է ՀՍՍՀ մթերումների մինիստրության բուսաբուծական մթերքների գնումների վերահսկողության տեսչության, 1962–64-ին՝ ՀՍՍՀ գյուղատնտ․ մթերքների արտադրության ու մթերումների մինիստրության վարչության պետ։ 1964-ին ընտրվել է Իջևանի շրջանի կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների արտադրական վարչության կուսկոմիտեի քարտուղար, 1965–70-ին՝ ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1970–72-ին եղել է ՀԿԿ ԿԿ–ի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-ից ՀԿԿ ԿԿ–ի քարտուղար է։ ՀԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու է 1966-ից,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/23
Այս էջը հաստատված է
ՂԱԼՈՒՄՅԱՆ 23