շնորհալի տրավեստի–դերասանուհի Մ. Թամրազյանը, Գ. Ստամբոլցյանը, Մ. Սիմոնյանը, Ն. Դալլաքյանը, Զ. Տեր–Կարապետյանը, Ն. Չալիկյանը, Խ. Նազարեթյանը, Ի. Մկրտչյանը և ուրիշներ:
Գրկ. Ավագյան Խ., Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1929-1970, Ե., 1973: Шпет Л., Советский театр для детей. Страницы истории, М. 1971.
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ, երեխաների ակտիվ գործունեության տեսակ, որը սովորաբար շրջապատող աշխարհի, մեծերի գործողությունների և փոխհարաբերությունների ընդօրինակում է: Մ. խ. իրենց ծագումով, բնույթով և բովանդակությամբ սոցիալական են, կրում են ազգային, ժող. բնույթ և փոխանցվում սերնդե սերունդ: Դրանցում ձևավորվում և դրսևորվում է աշխարհը ճանաչելու, նրա վրա ներգործելու երեխայի պահանջը, զարգանում են նրա կամային, ֆիզիկական հատկությունները:
Մանկավարժության մեջ տարբերում են մանիպուլացված (մինչև 3 տարեկանների), սյուժետային (դերային, թատերականացված, բեմականացված), շարժական և դիդակտիկ Մ. խ.: Մսուրային տարիքի երեխաներին խաղի ընթացքում սովորեցնում են առարկաներով գործողություններ կատարել, ծանոթացնում են դրանց ձևին, գույնին, նշանակությանը ևն: Նախադպրոցականների սյուժետային խաղերի համար հաճախ փոքրածավալ թեմաներ են ընտրվում գեղարվեստական գրքերից, ռադիո- և հեռուստատեսային հաղորդումներից, մանկական ու ժող. հեքիաթներից: Խաղն սկսվում է դերերի բաշխումով: Երեխաներին տրվում է կենդանու, մեքենայի, ծառի և այլ իրի դեր, խաղի մեջ են մտնում նաև կենցաղային առարկաներ, խաղալիքներ, գործիքներ: Խաղային իրադրությունը նպաստում է երեխաների գիտելիքների, մտածողության ու երևակայության զարգացմանը: Թատերականացված խաղերում երեխաները սովորաբար դերերը բաշխում են խաղալիքների միջև և գործում նրանց փոխարեն:
Բեմականացված խաղերում նախադպրոցական և դպրոցական ցածր աարիքի երեխաները թատերականացված ձևով վերարտադրում են գրական ստեղծագործությունների բովանդակությունը: Երեխաներին դերի հետ միասին տրվում են խաղալիքներ, օգտագործվում է նաև տիկնիկային թատրոնը: Մի շարք խաղեր ունեն կանոններ: 4-5 տարեկանները, խաղալով, մրցում են վազքում, թռիչքում ևն ձևերում: 5-6 տարեկանների մոտ շարժուն խաղերը ստանում են մարզական բնույթ (տես Ֆիզիկական դաստիարակություն, Սպորտային խաղեր):
Երեխաների, մանավանդ նախադպրոցականների մտավոր դաստիարակության գործուն միջոցներից են դիդակտիկ խաղերը, որոնց նպատակն է նոր գիտելիքներ հաղորդել առարկաների, նրանց դասակարգման, նշանակության, հատկությունների, աշխատանքի տեսակների, բնության երևույթների ևնի մասին: Լայն տարածում ունեն առանց խաղալիքի, բանավոր Մ. խ.՝ հանելուկները, վանկախաղերը ևն:
Հաճախ դիդակտիկ Մ. խ. կրում են ճանաչողական–մարզական խաղ–վարժությունների և խաղ–մրցույթների բնույթ:
Համամիութենական են «Կաշվե գնդակ» և «Ոսկե տափօղակ» մրցանակային խաղերը, դպրոցականների սպարտակիադաները, ռադիո- և հեռուստավիկտորինաները ևն: Տես նաև Խաղալիք:
ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հիվանդությունների խումբ, որոնք հանդիպում են առավելապես կամ բացառապես մանկական տարիքում և պայմանավորված են երեխայի օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Ըստ ծագման և կլինիկական արտահայտության տարբերում են աճման ու զարգացման հիվանդություններ, մանկան օրգանիզմի ու արտաքին պայմանների կապի խախտման հիվանդություններ, մանկական վարակիչ հիվանդություններ: Աճման ու զարգացման որոշ հիվանդություններ (էմբրիոֆետոպաթիաներ) սկսվում են դեռևս ներարգանդային կյանքում՝ զանազան բացասական ազդեցություններից (վիրուսային հիվանդություններ, քրոմոսոմային շեղումներ, իոնացնող ճառագայթներ ևն): Որոշ հիվանդությունների առաջացման մեխանիզմում դեր են խաղում ժառանգական գործոնները (հայտնի են հարյուրից ավելի ժառանգական հիվանդություններ ու ախտանշախմբեր, որոնք արձանագրվում են միայն մանուկների մոտ): Այդ հիվանդությունների ժամանակին հայտնաբերման և արդյունավետ բուժման նպատակով ՍՍՀՄ խոշոր քաղաքներում կազմակերպվում են բժշկա–գենետիկական կոնսուլտացիաներ: Աճման ու զարգացման հիվանդություններից են նաև ռախիտը, թերսնուցումները (հիպոտրոֆիաներ), մարսողական օրգանների անկանոնությունները, բնածին արատները ևն: Մանկան օրգանիզմի ու արտաքին միջավայրի կապի խախտման հիվանդությունները (ծննդաբերական վնասվածքներ, հիպօքսիաներ, հեմոլիտիկ հիվանդություններ, էքսուդատիվ դիաթեզ, թոքերի բորբոքումներ, մարսողության սուր խանգարումներ ևն) հիմնականում պայմանավորված են հոմեոստազն ապահովող ֆիզիոլոգիական մեխանիզմների թերզարգացմամբ: Մանկական վարակիչ հիվանդություններն ունեն յուրահատուկ հարուցիչներ, վարակվում են օդա–կաթիլային, շփման, սննդային և այլ ճանապարհներով: Առավել տարածված են օդա–կաթիլային (կարմրուկ, գրիպ, կապույտ հազ, խոզուկ, ջրծաղիկ, քութեշ) և աղիքային (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ) վարակիչ հիվանդությունները:
Մ. հ. ուսումնասիրում են մանկաբուժությունը, ինչպես նաև հարակից մի շարք գիտություններ (մանկաբարձություն, մանկական վիրաբուժություն, ֆիզիոլոգիա, ախտաբանական ֆիզիոլոգիա, կլինիկական կենսաքիմիա և կլինիկական մորֆոլոգիա):
Կանխարգելումը. պտղի նախածննդյան պահպանություն, ծննդաբերական վնասվածքների կանխում, նորածինների խնամք, սննդի ռեժիմի կարգավորում, պայքար վարակիչ հիվանդությունների դեմ (տուբերկուլոզի, ծաղկի, դիֆթերիայի, կարմրուկի կանխարգելիչ պատվասաումներ), երեխայի բնականոն ֆիզիկական զարգացման ապահովում (ֆիզկուլտուրա, սպորտ, օրգանիզմի կոփում վաղ մանկական տարիքից):
Գրկ. Աստվածատրյան Վ. Ա., Մանկական հիվանդություններ, Ե., 1975: Նույնի, Առողջ մանուկ, Ե., 1979: Իբոյան Ս. Ռ., Մինչև մեկ տարեկան երեխաների թոքերի բորբոքումները, Ե., 1976: Նույնի, Առողջ երեխաների սնուցում, Ե., 1976: Սփոք Բ., Երեխան և նրա խնամքը, Ե., 1977:
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆ, երեխաների մահացության թիվը կյանքի առաջին տարում: Բնակչության բնական աճի վիճակագրական ցուցանիշ է. արտահայտվում է մահացած երեխաների թվով (100 կամ 1000 ողջ ծնվածներից): Մ. մ. հիմնականում կախված է սոցիալ–տնտեսական պատճառներից: Մ. մ–յան ը նպաստող գործոններն են՝ վաղաժամ ծննդաբերությունը (անհաս երեխաների մահացությունը 15-20 անգամ ավելի է), նորածինների կրած հիվանդությունները, մոր տարիքը, առողջական վիճակը հղիության և ծննդաբերության ժամանակ, ընտանիքի սանիտարական կուլտուրայի, կանանց և երեխաներին սպասարկող բժշկ. ծառայության ցածր մակարդակը: ՍՍՀՄ–ում Մ. մ. խիստ նվազել է մայրության և մանկության պահպանության և պտղի նախածննղյան պահպանության համակարգերի միջոցառումների շնորհիվ: ՍՍՀՄ–ում ողջ ծնված է համարվում այն երեխան, որը թեկուզ մեկ անգամ շնչել է: Կապիտալիստական որոշ երկրներում երեխաների մահը՝ մինչև ծննդի գրանցումը, համարում են մեռածածնություն, որի պատճառով էլ Մ. մ–յան ցուցանիշն այդ երկրներում չի համապատասխանում իրականությանը:
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ, պարբերական հրատարակություններ՝ նախադպրոցական, կրտսեր, միջին ու բարձր տարիքի դպրոցական երեխաների համար: Ռուսաստանում առաջին մանկական ամսագիրը հիմնել է Ն. Ի. Նովիկովը՝ «Դետսկոյե չտենիե դլյա սերդցա ի ռազումա» («Детское чтение для сердца и разума», 1785-1809): Այդ տարիներից մինչև 1917-ի հոկտեմբերը Ռուսաստանում լույս է տեսել ավելի քան 100 մանկապատանեկան ամսագիր: Դրանցից էին «Նովայա բիբլիոտեկա դլյա վոսպիտանիյա» («Новая библиотека для воспитания», 1848-49), «Պոդսնեժնիկ» («Подснежник», 1858-62), «Ռոդնիկ» («Родник», 1882-1917), «Զոլոտոյե դետսավո» («Золотое детство», 1907-1917), «Մայակ» («Маяк», 1909-18) են: Սովետական առաջին մանկական ամսագիրը՝ «Սեվերնոյե սիյանիե»-ն («Северное сияние», 1919-20), հիմնադրել է Մ. Գորկին: Պիոներական կազմակերպություն ստեղծվելուց հետո լույս տեսան «Բարաբան» («Барабан», 1923-26), «Պիոներ» («Пионер», 1924-ից), «Չիժ» («Чиж», 1930-41) և այլ ամսագրեր: Մեծ մասսայականություն են վայելում «Պիոներսկայա պրավդա» («Пионерская правда»,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/230
Այս էջը սրբագրված չէ