Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/233

Այս էջը սրբագրված չէ

են ընկալման, հիշողության, մտածողության, խոսքի, գիտակցության, ինքնագիտակցության և անձի որակների վրա գործունեության տարբեր ձևերի ազդեցությունը (Բ. Գ. Անանև, Ա. Ա. Սմիռնով, Պ. Յա. Գալպերին, Դ. Բ. Էլկոնին, Ա. Վ. Զապորոժեց, Ն. Ա. Մենչինսկայա, Լ. Ի. Բոժովիչ և ուրիշներ): Խիստ հետաքրքրական են մտավոր գործողությունների փուլային ձևավորման վերաբերյալ Պ. Յա. Գալպերինի պատկերացումները: Սովետական մի խումբ հոգեբաններ (Վ. Վ. Դավիդով, Լ. Վ. Զանկով, Ա. Վ. Զապորոժեց, Դ. Բ. Էլկոնին) պարզեցին, որ նախադպրոցականների ու կրտսեր դպրոցականների հոգեֆիզիոլոգիական հնարավորությունները շատ ավելին են, քան ենթադրվում էր մինչև վերջերս: Այս հետևությունը հիմք ծառայեց դպրոցական ծրագրերը իմացական բովանդակությամբ հարստացնելու և տարրական դասարանների ուսուցիչներին ավելի բարձր պահանջներ առաջադրելու համար:
Ներկայումս ուշադրության կենտրոնում են ներհոգեկան հակասությունների, զարգացման շարժիչ ուժերի, օնտոգենեզի գերզգայուն փուլերի, աքսելերացիայի պատճառների ու դրսևորումների հարցերը: Սակայն երեխայի հոգեկան զարգացման շատ կողմեր դեռևս բավարար չափով լուսաբանված չեն:
Երեխայի հոգեբանության բնագավառում որոշ հետազոտություններ կատարվել են նաև Հայաստանում (Գ. Էդիլյան, Մ. Մազմանյան, Ե. Ալեքսանդրյան, Մ. Երիցյան և ուրիշներ): Տես նաև Տարիքային հոգեբանություն:
Գրկ. Տարիքային և մանկավարժական հոգեբանություն, Ե., 1977: Выготский Л. С., Развитие высших психических функций, М., 1960; Эльконин Д. Б., Детская психология (развитие ребенка от рождения до семи лет), М., 1960; Божович Л. И., Личность и ее формирование в детском возрасте, М., 1968; Пиаже Ж., Избр. психологические труды, пер. с франц., (М., 1969); Брунер Дж., Психология познания, М., 1977; Принцип развития в психологии (сб.), М., 1978; Бауэр Т., Психическое развитие младенца, М., 1979.Ա. Նալչաջյան ՄԱՆԿԱ–ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՍՍՀՄ–ում, արտադպրոցական հատուկ մարզական հիմնարկներ, որոնց գլխավոր նպատակը բարձրորակ պատանի մարզիկներ պատրաստելն ու նրանց ֆիզիկական դաստիարակությունն է, ինչպես և հասարակական ֆիզկուլտուրային ակտիվի ստեղծումը դպրոցներում և պիոներական կազմակերպություններում տարվող մասսայական մարզական աշխատանքի համար: Կան կոմպլեքսային (սպորտի մի քանի ձևեր) և մասնագիտացված (սպորտի մի ձև) Մ. մ. դ.: Ստեղծվում են միութենական հանրապետությունների լուսավորության մինիստրությունների, ՍՍՀՄ հաղորդակցության ճանապարհների մինիստրության, կամավոր մարզական ընկերությունների և գերատեսչությունների համակարգում: Լինում են շրջանային, քաղաքային, մարզային, հանրապետական և կենտրոնական: Դպրոցներն ընդունվում են համապատասխան ֆիզիկական պատրաստություն ունեցող 8-14 տարեկան ընտրովի երեխաներն ու պատանիները՝ հանրակրթական դպրոցների երաշխավորությամբ: Մ. մ. դ–ում, որպես կանոն, կազմակերպվում են նախապատրաստական, պատանեկան 2-րդ և 1-ին ու մեծահասակների 2-րդ և 1-ին սպորտային կարգերի, սպորտի վարպետության թեկնածուների, սպորտի վարպետների ծրագրերով խմբեր: Ուս. ժամկետը 1-2 տարի է: Յուրաքանչյուր տարվա համար սահմանված են ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստության ու սովորողների սպորտային նվաճումների մակարդակին համապատասխան նորմաներ:
1979-ին ՍՍՀՄ–ում կար մոտ 5948 (2.032341 սովորող), ՀՍՍՀ–ում՝ 116 (48815) Մ. մ. դ., այդ թվում՝ 80-ը՝ ժողկրթության, 29-ը՝ կամավոր սպորտընկերությունների, 7-ը՝ սպորտկոմիտեի համակարգում:
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության հիմնարկ: Գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում: Ժողկրթության համակարգի առաջին օղակն է (տես Նախադպրոցական հիմնարկներ): Մ–ի տիպի մանկական անդրանիկ հիմնարկությունը՝ փոքրերի դպրոցը, կազմակերպել է Ռ. Օուենը 1802-ին, Նյու Լանարկում (Շոտլանդիա): Նախադպրոցական հիմնարկը «Մ.» է անվանել Ֆ. Ֆրեբելը (Գերմանիա) 1837-ին: Ռուսաստանում առաջին Մ–ները բացվել են XIX դ. 60-ական թթ.:
Մ–ների լայն ցանց է ստեղծվել սովետական իշխանության տարիներին: 1979-ին ՍՍՀՄ–ում կար 32 հզ. 600 (2 մլն 442 հզ. երեխա), ՀՍՍՀ–ում՝ 1061 (130 հզ. երեխա): Մ–ներ են բաց անում ժող. դեպուտատների տեղական սովետները, ձեռնարկությունները, գերատեսչությունները, կոլտնտեսությունները: Նախադպրոցական բոլոր հիմնարկների աշխատանքը ղեկավարում են լուսավորության մինիստրություններն ու դրանց տեղական մարմինները: Մ–ների դաստիարակչական աշխատանքի բովանդակությունը որոշվում է Մ–ի երեխաների դաստիարակության վերաբերյալ պետ. ծրագրով: Մ–ում իրականացվում է ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն՝ ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից: Խմբերը կազմվում են տարիքային սկզբունքով, յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 20-25 երեխա, կրտսերների խմբում՝ 4-ամյա, միջին՝ 5-ամյա, մեծերի՝ 6-ամյա, նախադպրոցականների՝ 7-ամյա: Գոյություն ունեն նաև գիշերօթիկ Մ–ներ: Մ–ի ռեժիմում շատ ժամանակ է հատկացվում բազմազան, հատկապես՝ դիդակտիկական խաղերին, որոնք նպաստում են խոսքի և լսողության, հաշվելու, գույների իմացության և այլ կարողությունների զարգացմանը (տես Մանկական խաղեր): Պարապմունքների ընթացքում երեխաները ծանոթանում են բնության երևույթներին և հասարակական կյանքին, սովորում նկարել, կառուցել, երգել են, տիրապետում տարրական գիտելիքների: Մ. երեխաներին նախապատրաստում է դպրոցի համար: Նախադպրոցական հիմնարկի աշխատողների համար բաց են թողնվում զննական պիտույքներ, նկարներ, ալբոմներ, կինոնկարներ, մեթոդական գրականություն, տեղեկատուներ ևն: Մ–ի երեխաների դաստիարակության հարցը լայնորեն լուսաբանում է «Նախադպրոցական դաստիարակություն» («Дошкольное воспитание») հանդեսը:
Սոցիալիստական մյուս երկրներում նախադպրոցական հիմնարկները նույնպես մտնում են ժողկրթության համակարգի մեջ և պահվում պետության միջոցներով: Կապիտալիստական երկրներում Մ–ները պահվում են գլխավորապես մասնավոր, ինչպես նաև եկեղեցական և հասարակական կազմակերպությունների միջոցներով:
ՄԱՆԿԱՍԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսեի գավառում: 1909-ին ուներ 60 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ՄԱՆԿԱՎԱՐԺ, հանրակրթական դպրոցի ուսուցիչ, պրոֆտեխնիկական, հատուկ միջնակարգ կամ բարձրագույն ուսումնական հաստատության դասատու, նախադպրոցական հիմնարկի, գիշերօթիկ դպրոցի, մանկատան, դաստիարակչական գաղութի դաստիարակ, արտադպրոցական հիմնարկի և այլ աշխատող, ինչպես նաև մանկավարժության, որպես գիտության, պրոբլեմներ մշակող գիտական աշխատող:
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտական ՀՍՍՀ, կազմակերպվել է 1932-ին, սկզբնապես կոչվել ՀԽՍՀ լուսժողկոմատի մանկավարժության և մանկաբանության գիտահետազոտական ինստ.: 1936-ին լուծարքի է ենթարկվել: 1939-ին նորից բացվել է և կոչվել Դպրոցների գիտահետազոտական ինստ., 1962-ին վերանվանվել Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստ.: Զբաղվում է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցերով, հետազոտում է կրթության բովանդակության, ուսուցմանն դաստիարակության ձևերի, մեթոդների ու միջոցների կատարելագործման, ինչպես նաև ժող. կրթության զարգացման հեռանկարներին վերաբերող խնդիրները: Հանձնարարականներ է պատրաստում հայրենական և արտասահմանյան մանկավարժական գիտության նվաճումները պրակտիկայում օգտագործելու վերաբերյալ, ուսումնասիրում և տարածում է մանկավարժական առաջավոր փորձը, կոորդինացնում է մանկավարժական գիտության գծով տարվող գիտահետազոտական աշխատանքը, կազմակերպում է մանկավարժական ընթերցումներ, գիտական համաժողովներ, սերտ կապ է պահպանում ՍՍՀՄ ՄԳԱ–ի և եղբայրական հանրապետությունների համապատասխան ինստ-ների հետ: Ունի 14 սեկտոր ու բաժին, շուրջ 75 գիտաշխատող (1980):Ս. Խուդոյան «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԹԵՐԹ», ամսագիր: Լույս է տեսել 1878-79-ին, Թիֆլիսում: Խմբագիր–արտոնատեր՝ Հ. Տեր–Հովհաննիսյան: