Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/238

Այս էջը սրբագրված չէ

պատերազմի ժամանակ թատրոնի շենքը ավերվել է: 1945-56-ին ներկայացումներ են տրվել ժամանակավոր շենքերում: Բեմադրվել են պացիֆիստական պիեսներ, ինչպես և համաշխարհային դրամատուրգիայի (այդ թվում՝ Բ. Բրեխտի) լավագույն գործերը: 1956-ին թատրոն է հրավիրվել ռեժիսոր Է. Պիսկատորը: Թատրոնի նոր շենքը բացվել է 1957-ին՝ Շիլլերի «Ավազակներ»-ի ներկայացումով (ռեժ.՝ Է. Պիսկատոր): Լավագույն դրամատիկական գործի համար սահմանվել է շիլլերյան մրցանակ (1959-ին շնորհվել է շվեյց. թատերագիր Ֆ. Դյուրենմաթին): Սակայն խաղացանկում գերակշռում են դետեկտիվ դրամաները, վոդևիլները, կատակերգությունները, հոռետեսական պիեսները:
ՄԱՆՁՈՆԻ (Manzoni) Ալեքսանդրո (1785-1873), իտալացի գրող: Վաղ շրջանի ստեղծագործություններում Մ. հավատարիմ է մնացել Լուսավորականության ավանդույթներին: 1820-ական թթ. անցել է ռոմանտիզմի դիրքերը: Նրա «1821 թվականի մարտը» և «Մայիսի 5-ը» (1821) ներբողները, հայրենասիրությամբ, ազատասիրությամբ տոգորված «Կոմս Կարմանյոլա» (1820) և «Ադելգիզ» (1822) պատմական ողբերգությունները արձագանքն են ռիսորջիմենտոյի գաղափարների: Մ–ի լավագույն գործը «Նշանվածներս» (1827, հայ. հրտ. 1927, 2 հրտ. 1965) վեպն է, որը նշանակալի տեղ է գրավում XIX-XX դդ. իտալ. ռեալիստական արձակում: 1827-ից Մ. հանդես է եկել միայն լեզվի ու գրականության մասին տեսական հոդվածներով:
Երկ. Խոսեցեալք, հ. 1-2, Վետ., 1875:
ՄԱՆՅԱԿ, վզնոց, կանացի պարանոցի զարդ: Առաջին Մ–ները ի հայտ են եկել դեռես քարի դարում և պատրաստված են եղել մանր սերդոլիկե ուլունքներից, փոքրիկ խխունջներից ու վայրի կենդանիների ատամներից: Նման Մ–ներ կրել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Մետաղի գործածության հետ Մ–ներն ստանում են բազմազան ձևեր, որոնցից ամենատարածվածը բրոնզե հաստ՝ ոլորված կամ հարթ, վզին հանգուցելու համար ծայրերը դեպի դուրս ծռած լարից Մ–ներն էին: Գործածվել են նաև թելի վրա շարված ագատե, սերդոլիկե, ոսկրե, բրոնզե, կապարե ուլունքներից Մ–ներ՝ մեկընդմեջ անցկացնելով բրոնզե փոքրիկ խողովակներ կամ կախելով բրոնզե ու կապարե կախիկներ: Ենթադրվում է, որ Մ. ունեցել է մոգական նշանակություն: Հետագայում Մ–ները պատրաստել են հիմնականում ոսկուց և արծաթից՝ ձուլման, դրվագման, փորագրման, մանրարուրք և այլ եղանակներով: Մ–ներն ունեին տերևի, տզրուկի, գարու հատիկի, գնդի և այլ ձևի կախիկների շարան, հաճախ զարդարվում էին ուլունքներով և թանկարժեք քարերով: XIX դ. Հայաստանում թանկարժեք Մ–ներ պատրաստել են Կարինում, Վանում, Արծկեում, Մուշում, Ալեքսանդրապոլում և այլուր: Այժմ Մ. գործածվում է հազվադեպ:
Գրկ. Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941: Ղաֆադարյան Կ. Գ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Ե., 1952: Мартиросян А. А., Армения в эпоху бронзы и раннего железа, Е., 1964.Ն. Ավագյան ՄԱՆՅԱՆԻ (Magnani) Աննա (1908-1973), իտալացի դերասանուհի: Կինոյում նկարահանվել է 1934-ից: Նրա առաջին հաջողությունը «Թերեզա–Ուրբաթ» (1941, ռեժ. Վ. դե Սիկա) ֆիլմի գլխավոր հերոսուհու դերն է: Նեոռեալիզմի ամենաաչքի ընկնող դերասանուհիներից է: Խաղացել է նեոռեալիստ ռեժիսորների մի շարք ֆիլմերում (Ռոսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք», 1945, Լ. Ձամպայի «Դեպուտատ Անջելինան», 1947, Կամերինիի «Երազանքներ ճանապարհին», 1948, Լ. Վիսկոնտիի «Ամենագեղեցիկը», 1951 ևն): 1950-ական թթ. կեսին նկարահանվել է Հոլիվուդում («Դաջված վարդը», 1955 ևն): Վերադառնալով Իտալիա՝ խաղացել է «Միանձնուհի Լետիցիան» (1957), «Դժոխք քաղաքի մեջ» (1959) ֆիլմերում: Մ–ի ամենանշանավոր աշխատանքը «Մամա Ռոմա» (1961, ռեժ. Պազոլինի) կինոնկարի գլխավոր հերոսուհու դերակատարումն է: Թատրոնում խաղացել է Ջ. Վերգայի «Էգ գայլ» ներկայացման գլխավոր դերը (հյուրախաղեր ՍՍՀՄ–ում՝ 1965): 1970-ից նկարահանվել է գլխավորապես հեռուստաֆիլմերում:
ՄԱՆՅՈԻՇԻՍ Իոսիֆ Անտոնովիչ (ծն. 12(25).12.1910), սովետական պետական և կուսակցական գործիչ: Տնտեսագիտության դ-ր (1970): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1938-1941-ին որպես ինժեներ աշխատել է Կիևում, Բերդիչեում, Լենինգրադում: 1941-1944-ին ծառայել է բանակում, մասնակցել՝ Հայրենական մեծ պատերազմին: 1944-50-ին աշխատել է Վիլնյուսի, ապա՝ Կաունասի քաղգործկոմներում: 1954-ին եղել է Լիտվական ՍՍՀ շինարարության, 1954-55-ին՝ քաղաքային և գյուղական շինարարության մինիստր, 1955-1965-ին՝ ԼԿԿ ԿԿ քարտուղար, 1967-ի ապրիլից՝ ԼՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ: ՍՄԿԿ XXIV-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու: ՍՍՀՄ VI-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի և չորս այլ շքանշաններով:
ՄԱՆՆԵՍՄԱՆ (Mannesmann), Մաքս (1857-1915) և Ռեյնհարդ (1856-1922) եղբայրներ, գերմանացի ինժեներներ և ձեռնարկատերեր, անկար խողովակների արտադրության եղանակի գյուտարարներ: 1855-ին հայտնագործել են կարիչ գրտնակով, իսկ 1891-ին՝ նախագծել անկար խողովակների պատրաստման սղոցավոր հաստոնը: 1890-ին, օգտագործելով իրենց արտոնագրերը, կազմակերպել են խողովակագլոցման արտադրության մեջ խոշորագույն «Մաննեսմանռյորեն վերկե» մետալուրգիական կոնցեռնը: Գյուտեր են արել նան տեխնիկայի այլ բնագավառներում (օրինակ, պողպատի ցեմենտում, խարտոցների արտադրություն):
ՄԱՆՆԻԽԻ ՌԵԱԿՑԻԱ, ամինամեթիլացում, ջրածնի շարժուն ատոմ պարունակող օրգանական միացություններում այդ ջրածինը ամինամեթիլ խմբով՝ տեղակալելու ռեակցիա: Իրականացվում է օրգանական միացության, մրջնալդեհիդի և ամոնիակի կամ ամինների փոխազդեցությամբ՝ Մ. ռ. կիրառվում է օրգանական սինթեզում և օգտագործվում դեղանյութերի արդյունաբերության մեջ: Ռեակցիան հայտնաբերել է գերմ. քիմիկոս Ք. Մաննիխը (С. Mannich, 1917):
ՄԱՆՆՈԶ, միաշաքար, գլյուկոզի իզոմեր: Մոլ. զանգվածը՝ 180,16: Լավ լուծվում է ջրում, հալ. ջերմաստիճանը՝ 132°C: Չի լուծվում եթերում և օրգանական այլ լուծիչներում: Մտնում է բուսական, կենդանական և բակտերային բազմաթիվ բազմաշաքարների բաղադրության մեջ: Հայտնի է և ձևով: Բնության մեջ հանդիպում է ձևը: Ազատ վիճակում պարունակվում է ցիտրուսային բույսերի պտուղներում, քարընկույզի կեղևում, գարու, ցորենի հատիկներում ևն: Մ. օքսիդանալիս առաջացնում է մաննոնաթթու և մաննոնաշաքարաթթու, վերականգնվելիս վերածվում է մաննիտի:
ՄԱՆՈԼՈՎ Էմանուիլ (1860-1902), բուլղարացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: 1881-83-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1886-ից աշխատել է Բուլղարիայում: Բուլղ. կոմպոզիտորական