մեջ: Ջրային Մ. ուսումնասիրում է քաղցրահամ և աղի ջրերի միկրոֆլորայի քանակական ու որակական բաղադրությունը, միկրոօրգանիզմների դերը ջրամբարներում ընթացողկենսաքիմիական պրոցեսներում, կատարելագործում կանգնած ջրերի մաքրման մանրէաբանական մեթոդները: Երկրաբանական Մ. հետազոտում է միկրոօրգանիզմների դերը բնության մեջ նյութերի շրջապտույտում, օգտակար հանածոների առաջացման և քայքայման պրոցեսներում, մշակում հանքից մետաղների ստացման մեթոդներ: Տեխնիկական կամ արդյունաբերական Մ., մշակում է մանրէների կենսագործունեության, տարբեր նյութերի ստացման և արդյունաբերության ու ժողտնտեսության աոանձին ճյուղերում դրանց օգտագործման ուղիներ և մեթոդներ (տես Մանրէաբանական արդյունաբերություն): Լայն տարածում է գտնում դեղագործական և քի. միացությունների արտադրության ինտենսիվացման համար միկրոօրգանիզմների և դրանց ֆերմենտների կիրառումը: Այս ուղղությունը հաջողությամբ զարգանում է իմոբիլացված բջիջների և միկրոօրգանիզմների կիրառման շնորհիվ: Մ. առավել կարևոր նշանակություն է ստանում կենսաէներգետիկայի, արտաքին միջավայրի պահպանման, օրգանիզմների կենսագործունեության և ժառանգականության պրոցեսների կարգավորման պրոբլեմների լուծման գործում: Այդ կապակցությամբ ինտենսիվորեն զարգանում են մանրէների կենսաքիմիական, գենետիկան և կենսատեխնոլոգիան, որոնք առանձին գիտությունների նշանակություն են ստանում: ՀՍՍՀ–ում մանրէաբանական հետազոտություններ են կատարվում ՀՍՍՀ ԳԱ մանրէաբանության ինստ-ում, գենետիկայի Համամիութենական ԳՀԻ-ի հայկ. մասնաճյուղում, տարբեր հիմնարկների ու ուսումնական հաստատությունների լաբորատորիաներում ու ամբիոններում: Հայ մանրէաբանները արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել բժշկ. (Ա. Իսահակյան, Ա. Ալեքսանյան), անասնաբուժական (Գ. Շաքարյան, Վ. Հայրապետյան), գյուղատնտ. (Հ. Փանոսյան, Ա. Պետրոսյան, Ռ. Ղալաչյան, Փ. Սարուխանյան), ջրային (Մ. Ղամբարյան), տեխ. և արդ. (Լ. Երզնկյան, Բ. Ավագյան, Մ. Հովհաննիսյան) Մ–յան բնագավառներում: Մանրէաբանական կարևորագույն ամսագրերից են «Միկրոբիոլոգիա»-ն («Микробиология», 1932-ից), «Journal of Bacteriology» (Baltimore, 1916-ից), «Annales de I' Institut Pasteur» (Paris, 1887-ից) ևն:
Գրկ. Работнова И. Л., Общая микробиология, М., 1966; Шлегель Г., Общая микробиология, пер. с нем., М., 1972.
ՄԱՆՐԷԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, գյուղատնտեսական բույսերի համար օգտակար մանրէներ պարունակող պատրաստուկներ: Մ. պ. խթանում են հողի կենսաքիմիական պրոցեսները և բարելավում բույսերի արմատային սննդառությունը: ՍՍՀՄ–ում կիրառվում են նիտրազինը, ռիզոտորֆինը, ազոտաբակտերինը և ֆոսֆորաբակտերինը:
Նիտրազինն օգտագործվում է բակլազգի բույսերի պարարտացման համար: Պատրաստվում է այդ ընտանիքի յուրաքանչյուր տեսակին բնորոշ պալարամանրէների ակտիվ ռասայից՝ դրանք բազմացնելով վարակազերծված և օրգանական նյութերով հարուստ միջավայրում: Ստացվել է 1896-ին, Գերմանիայում: Ըստ ՍՍՀՄ–ում գործող ստանդարտի նիտրազինի 1 գ–ում սոյայի, լուպինի, գետնանուշի համար պետք է պարունակվի պալարամանրէների առնվազն 70 մլն բջիջ, իսկ մնացած բակլազգի բույսերի համար՝ 300 մլն: Մանրէները թափանցում են մազարմատների մեջ, գոյացնում պալարիկներ, ապա բազմանալով դրանց հյուսվածքներում, կապում են մթնոլորտի ազոտը, որի զգալի մասը յուրացվում է բույսի կողմից: Նիտրազինն ավելի արդյունավետ է, երբ կիրառվում է օրգ. և հանքային պարարտանյութերի հետ:
Ռիզոտորֆինը օգտագործվում է բակլազգի բույսերի սերմերը պալարամանրէներով վարակելու համար: Ստանում են տորֆի մանրուքը (որպես լցանյութ) ճառագայթներով վարակազերծելու և այդ սննդարար միջավայրում պալարամանրէների մաքուր կուլտուրայի ցանքի միջոցով:
Ֆոսֆորաբակտերինը սպիտակ, բաց մոխրագույն կամ դեղնավուն փոշի է: Սրա յուրաքանչյուր գ պարունակում է 8,5-16 մլրդ մանրէների սպորներ, որոնք ունակ են ֆոսֆորօրգանական միացությունները մատչելի դարձնել բույսերի համար: Առավել արդյունավետ է կիրառել օրգ. և հանքային պարարտանյութերի հետ: Սովորաբար Մ. պ. օգտագործում են սերմերի կամ տնկանյութերի հետ:
ՄԱՆՐԷՆԵՐ, միկրոբներ, միկրոօրգանիզմների, բակտերիաների, ճառագայթասնկերի, խմորասնկերի, միկրոսկոպիական սնկերի ևնի հավաքական անվանումը: Երբեմն Մ. են անվանում նաև բոլոր միկրոօրգանիզմներին:
ՄԱՆՐԷՆԵՐԻ ԳԱՂՈՒԹՆԵՐ, միկրոօրգանիզմների որեէ տեսակի (բակտերիաներ, խմորասնկեր) անզեն աչքով տեսանելի կուտակումները սննդամիջավայրում (հատկապես պինդ): Գաղութների ձևը, գունավորումը պայմանավորված են տվյալ միկրոօրգանիզմի մորֆոֆիզիոլոզիական առանձնահատկություններով, արտաքին միջավայրի պայմաններով, սննդամիջավայրի բաղադրությամբ (մսապեպտոնային ագար ևն): Նշված հատկանիշներն օգտագործվում են միկրոօրգանիզմների տեսակի նկարագրման և դասակարգման համար: Բնական պայմաններում Մ. գ. կարող են առաջանալ սննդանյութերի մակերեսին, հողում, ջրամբարների տիղմում ևն: Մանրէաբանության պրակտիկայում Մ. գ. կիրառվում են մաքուր կուլտուրաներ ստանալու համար:
ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, մանրէների դիմացկունությունը արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ: Մանրէների սպոր առաջացնող ձևերն ավելի կայուն են, քան վեգետատիվ ձևերը: Տիֆի, խոլերայի, բակտերիային դիզենտերիայի հարուցիչները գոյություն ունեն միայն վեգետատիվ ձևով և զանազան պայմաններում (բարձր և ցածր ջերմաստիճան, արևի ճառագայթներ ևն) կենսունակությունը պահպանում են վրկ–ից մինչև մի քանի ամիս: Բոտուլիզմի հարուցիչների սպորավոր ձևերն արտաքին միջավայրի պայմաններում իրենց կայունությունը պահպանում են ինչպես ախտահանիչ նյութերի, այնպես և ֆիզիկական գործոնների նկատմամբ: Ախտածին մանրէներն ունեն տարբեր կայունություն անտիբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների նկատմամբ, որը կարևոր է գործնական բժշկության մեջ: Ախտածին առանձին տեսակի Մ. կ–յանը մեծ ուշադրություն է դարձվում գործնական համաճարակագիտության մեջ, քանի որ արտաքին միջավայրում դրանց գոյություն պահպանումով է պայմանավորված վարակիչ հիվանդության օջախի գոյացումն ու հետագա տարածումը:
ՄԱՆՐԷՆԵՐԻ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, միկրոօրգանիզմների մորֆոլոգիական, ֆիզիոլոգիա–կենսաքիմիական և այլ հատկությունների փոփոխությունը աճման և զարգացման պրոցեսներում: Կենդանական աշխարհի հիմնական հատկանիշներից մեկն է, որոշվում է ժառանգական գործոններով՝ արտաքին միջավայրի ազդեցության տակ: Նպատակադրված ներգործելով (ֆիզիկական, քիմ., կենսբ. և այլն մեթոդներով) ժառանգական գործոնների վրա, փոխում են մանրէների ախտածին հատկությունները և փոփոխված մանրէներն օգտագործում զանազան վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Այժմ գոյություն ունեն բազմաթիվ կենդանի (ավիրուլենտ) պատվաստանյութեր (հակածաղկային, հակակարմրուկային), որոնց մեծ մասն օժտված է համաճարակաբանական բարձր արդյունավետության: Մ. փ. լայնորեն կիրառվում է նաև գյուղատնտ. կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու նպատակով, անտիբիոտիկների արտադրության մեջ:
ՄԱՆՐՈՒՍՈՒՄ, հայկական միջնադարյան երաժշտա–ծիսական մատյան՝ բազմադրվագ զարդոլորուն երգեցողությունների ժողովածու, որի մի հատվածն ունեցել է ուսուցողական նշանակություն ևս: Մ. կոչվել է նաև խազգիրք, նրանում խազերի հոծության պատճառով:
ՄԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառում: 1909-ին ուներ 60 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահութամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի և դպրոց: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում:
ՄԱՆՑ, Մածանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպեր գավառում: 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ: Գյուղում կար դպրոց և եկեղեցի: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնակչությունը տեղահանվել է և Բայբուրդի մոտերքում ոչնչացվել:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/251
Այս էջը սրբագրված չէ