մասնատումը պարզագույն գործողությունների, հմուտ բանվորների պատրաստումը, աշխատանքի գործիքների մասնագիտացումն ու կատարելագործումը պայմաններ ստեղծեցին մեքենաների կիրառման համար, բարձրացավ աշխատանքի արտադրողականությունը, արտադրության միջոցները կենտրոնացան կապիտալիստների ձեռքում, առաջացան արդյունաբերության նոր ճյուղեր, ընդլայնվեց ներքին շուկան ևն: Մյուս կողմից, չնայած աշխատուժն արդեն վերածվել էր ապրանքի, բայց մանուֆակտուրային բանվորների ամբողջությունը դեռևս հասարակական դասակարգ՝ պրոլետարիատ, չէր դարձել: Բանվորները պահպանում էին կապը տնայնագործական արտադրության ու հողի հետ, նրանց կազմը սոցիալապես միասեռ չէր: Եվ քանի որ Մ–ի բազան արհեստավորական տեխնիկան ու ձեռքի աշխատանքն էր, ուստի այն վճռական առավելություններ չուներ մանր արտադրության նկատմամբ: «Դրա հետ միասին մանուֆակտուրան ի վիճակի չէր ո՛չ ընդգրկելու հասարակական արտադրությունը նրա ամբողջ ծավալով, ո՛չ էլ այն հեղաշրջելու բուն հիմքից… Նրա սեփական տեխնիկական նեղ բազիսը զարգացման մի որոշ աստիճանում հակասության մեջ մտավ արտադրության հենց իր ստեղծած պահանջների հետ» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, էջ 389), և հասունացավ մեքենայական արտադրությանն անցնելու անհրաժեշտությունը (տես Արդյունաբերական հեղաշրջում):
Ռուսաստանում Մ–ներն առաջացել են XVII դ. երկրորդ կեսին, լայն տարածում ստացել XVIII դ.-XIX դ. 1-ին կեսին: Դրանց առանձնահատկություններն էին՝ ձևավորումը ֆեոդալական–ճորտատիրական հարաբերությունների տիրապետության պայմաններում, սերտ կապը գյուղացիական արտադրության հետ, սկզբում բազմաթիվ Մ–ների (պետ., մասնավոր, պոսեսիոն, վոտչինային) գոյությունը, որոնցում կիրառվում էր ոչ թե վարձու, այլ ճորտային աշխատանքը, հետագայում՝ կապիտալիստական Մ–ների թվի աճը: Ճորտատիրական իրավունքի վերացումից (1861) հետո Մ–ներում հարկադիր աշխատանքի կիրառումն արգելվեց, դրանց մեծ մասը վերաճեց ֆաբրիկաների, իսկ մնացածները սկսեցին երկրորդական դեր խաղալ:
Արևելյան Հայաստանում XIX դ. վերջին, XIX դ. սկզբին գործող արդյունաբերական ձեռնարկությունները հիշատակվում են որպես «գործարաններ ու ֆաբրիկաներ», բայց դրանք փոքր Մ–ներ էին միայն, կամ, ավելի հաճախ, բնակարաններին կից կառուցված արհեստանոցներ: Երևանում, Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետում, Նախիջևանում, Շուշիում և այլուր կար կաշվի՝ 40, օճառի՝ 10, ներկման՝ 4, օղեգործական՝ 13, բրուտագործական և աղյուսի՝ 11-ական, կրի 9 ձեռնարկություն ևն: Դրանցից յուրաքանչյուրի արտադրության միջին տարեկան ծավալը չէր գերազանցում 700 ռուբլուց, օրավարձը չնչին էր. 1850-ական թթ.՝ 20-25, իսկ 60-ական թթ.՝ 30-50 կոպ.: Արևելյան Հայաստանում մանուֆակտուրային արտադրությունը տիրապետող է դարձել 1860-ական թթ.: Մանուֆակտուրային տիպի ձեռնարկություններ կային աղի, պղնձի, արծաթի, ոսկու, անագի հանքաքարի արդյունահանման ու մշակման գործում՝ Կողբում, Ալավերդիում, Շամլուղում, Ախթալայում, Ագարակում, Հալիձորում ևն: Դրանց արտադրության տեխնիկան խիստ պարզունակ էր, սկզբում կիրառվում էր հարկադիր, հետագայում՝ ազատ վարձու աշխատանք: Առևտրական երկրագործության զարգացման շնորհիվ XIX դ. սկսեց կիրառվել գյուղատնտ. մթերքների տեխ. մշակումը, որի հիման վրա գյուղական Մ–ներ առաջացան գինու և սպիրտի արտադրության, բամբակի և յուղատու բույսերի մշակման գործում: Դարի վերջում դրանք վերաճեցին կապիտալիստական ֆաբրիկաների ու գործարանների:
Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի հայաշատ քաղաքներում Մ–ների ստեղծման առաջին քայլերը կատարվել են XIX դ. 1-ին քառորդում, իսկ դարի կեսերին մանուֆակտուրային տիպի ձեռնարկություններ կային արդեն մետաղագործության, ջուլհակության, կաշեգործության, մետաքսագործության, գինեգործության և այլ բնագավառներում: Հատկապես հայտնի էին Սվազի, Եվդոկիայի, Ամասիայի, ինչպես և Ուրֆայի արդյունագործական, Ուրֆայի, Դիարբեքիրի, Բրուսայի բամբակագործական և մետաքսագործական, Եվդոկիայի, Երզնկայի պղնձագործական, Վանի արծաթագործական ու ոսկերչական Մ–ները: Դրանց մի մասը հումքը ստանում էր Եվրոպայից, իսկ պատրաստի արտադրանքը վաճառքի էր հանում անգլ., ֆրանս. շուկաներում: Արհեստանոցներում գործադրվում էր վարձու աշխատանքը, աշխատողների թիվն անընդհատ ավելանում էր, արտադրության տեխնիկան՝ կատարելագործվում: Սակայն Արևմտյան Հայաստանում իշխողը ֆեոդալական հետամնաց արտադրաեղանակն էր: Բացի այդ, բուրժուազիան և պրոլետարիատը որպես դասակարգ դեռևս ձևավորված չէին, իսկ եվրոպական գործարանային ապրանքների մրցակցությունը, կյանքի ու գույքի անապահով պայմանները, թուրք. ֆեոդալական բռնակալական կամայականություններն արգելակում էին մանուֆակտուրային արտադրության զարգացումը:
Գրկ. Մարքս Կ․,Կապիտալ, հ, 1, Ե., 1954: Լենին Վ. Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3: Թումաևյան Հ. Ե., Հայաստանի տնտեսական զարգացման պատմություն, Ե., 1960: Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1--2, Ե.,1964–67: Егиазаров С., Исследования по истории учреждений в Закавказье, ч. 1–2, Казань, 1889-91.
ՄԱՇ (Vigna sinesis savi), բակլազգիների ընտանիքի միամյա բույս: Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն կամ կիսականգուն՝ 30-150 սմ բարձրությամբ, տերևները եռմասնյա են, հերթադիր, ծաղկաբույլը՝ ողկույզ, պտուղը ունդ է՝ դեղին կամ մուգ դեղին: Սերմերը՝ ձվաձև, երիկամաձև, սպիտակ, վարդագույն, շագանակագույն: 1000 սերմի կշիռը 300 գ է: Ջերմասեր և խոնավասեր բույս է: Օգտագործվում է որպես պարեն, կեր, ինչպես նաև կանաչ պարարտացման համար: Ունի աֆրիկական ծագում: Մշակվում է ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Կուբայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլն, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում: ՀՍՍՀ–ում մշակվում է Արարատյան դաշտում, Մեղրու, Եղեգնաձորի, Ղափանի շրջաններում:
ՄԱՇԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, նյութերի, մեքենաների դետալների և այլ շինվածքների դիմադրությունը շփումից մաշվելու նկատմամբ: Գնահատվում է շահագործման դեպքում կամ ստենդի վրա փորձարկումներ կատարելիս՝ նյութերի կամ շինվածքների մինչև մաշվելը աշխատելու տևողությամբ: Շինվածքների Մ–յան բարձրացմանը նպաստում են դրանց կոնստրուկտիվ կատարելագործումը (Մ–յան կոմպենսացում, դրա հավասարաչափ բաշխում մակերևույթով ևն), դետալների շփումը փոքրացնող պայմանների ստեղծումը (յուղում, քսուքանյութերի հատկությունների բարելավում, հղկանյութային ներգործությունից պաշտպանություն ևն):
ՄԱՇԵՐՈՎ Պյոտր Միրոնովիչ (13(26).2. 1918, գ. Շիրկի (այժմ՝ Վիտեբսկի մարզի Սենենսկի շրջանում) — 4.10.1980, ք. Մինսկ), սովետական պետական և կուսակցական գործիչ, Սովետական Միության հերոս (1944), սոցիալիստական աշխատանքի հերոս (1978): ՍՄԿԿ անդամ 1941-ից: Հայրենական մեծ պատերազմի (1941-45) սկզբից ղեկավարեմ է ԲՍՍՀ Ռոսոնի շրջանի կոմերիտական ընդհատակյա կազմակերպությունը, եղել է այդ շրջանի պարտիզանական շարժման ղեկավարներից: 1943-46-ին՝ Բելոռուսիայի ԼԿԵՄ Վիլեյկայի, Մոլոդեչնոյի մարզկոմների առաջին քարտուղար, 1946-54-ին՝ Բելոռուսիայի ԼԿԵՄ ԿԿ քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար: 1955-59-ին՝ Բելոռուսիայի կոմկուսի Բրեստի մարզկոմի առաջին քարտուղար, 1959-62-ին՝ Բելոռուսիայի կոմկուսի ԿԿ քարտուղար, 1962-65-ին՝ երկրորդ քարտուղար, 1965-ի մարտից՝ առաջին քարտուղար: ՍՄԿԿ XIX-XXV համագումարների պատգամավոր էր, XXII համագումարում ընտրվել էր ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, ՍՄԿԿ ԿԿ Հոկտեմբերյան (1963) պլենումում, XXIII-XXV համագումարներում՝ անդամ: 1966-ի ապրիլից ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու էր: ՍՍՀՄ III-V և VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Մ. 1966-ից ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ է: Պարգևատրվել է Լենինի 7 շքանշաններով:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/258
Այս էջը սրբագրված չէ